Sunday, April 14, 2013

Սովորում ենք՝ քննարկելով #2

Մետ մեկ ամիս առաջ մեկնարկեց Երիտասարդ Լրագրողների Առցանց Ակումբի նոր ծրագիրը՝ «Սովորում ենք՝ քննարկելով»: Առաջին գրառման մեջ անդրադարձանք այն բանին, թե ինչ կարևոր կետերի ու թեկուզև մանրուքների պիտի լրագրողները ուշադրություն դարձնեն հաշմանդամների մասին գրելիս: Մեկնաբանություններում մտքերի «առևտուր» արեցինք ու ամփոփեցինք մեր իմացածն ու չիմացածը:

Այժմ սկսում ենք մեր երկրորդ քննարկումը՝ այս անգամ ուղղելով այն դեպի մեկ այլ հարթակ: Քննարկման թեմային կարող եք ծանոթանալ մի փոքր ուշ, իսկ մինչև այդ հիշեցնենք՝
«Սովորում ենք՝ քննարկելով» նախագծի ընթացքում մենք պարբերաբար կհրապարակենք լրագրողական էթիկայի խախտումներով հոդվածների, պատմությունների, ռադիոնյութերի կամ հեռուստառեպորտաժների օրինակներ, իսկ դուք կփորձեք նկատել էթիկայի խախտումներն ու հայտնել այդ մասին մեկնաբանություններում(մենք նույնպես կմասնակցենք քննարկմանը): Իսկ շատերի կողմից սիրված «կարծիքների բախում»-ից խուսափելու համար առաջարկում ենք հետևել ներքոհիշյալ կանոնիկներին՝
  • խուսափեք որևէ մեկին, այդ թվում՝ մեկդ մյուսին կամ հոդվածի հեղինակին վիրավորական խոսքեր ասելուց. հիշեք՝ մեր նպատակը սովորելն է :)
  • աշխատեք գրել հայատառ, որպեսզի ձեր կարծիքը ավելի լուրջ և ծանրակշիռ դեր ունենա
  • մի փորձեք երևալ ավելի խելացի, քան՝ կաք, և խոսել այն բաներից, որոնցից գաղափար չունեք
  • և մի գրեք Anonimous-ի ներքո, որպեսզի հասկանանք, որ մարդ եք :)

Վերհիշեցինք կանոնները, իսկ հիմա՝ սկսենք: Հիշեք՝ ինչքան շատ քննարկում, այնքան շատ գիտելիք լրագրության ոլորտում:
Պատմում է լրագրող, մեդիա փորձագետ Մեսրոպ Հարությունյանը:

«2011 թվականին Հայաստանի լրատվամիջոցներում ամենից շատ քննարկվող թեմաներից մեկը մանկապղծության մեջ մեղադրվող, Ախթալայի լեռնահարստացուցիչ ֆաբրիկայի սեփականատեր, մեծահարուստ Սերոբ Տեր-Պողոսյանի դատավարությունն էր:
Երբ դատաքննությունը նոր-նոր սկսվում էր, դատարանը որոշեց նիստերն անցկացնել դռնփակ: Դատարանի նման որոշումը սկզբնական շրջանում որոշ դժգոհություններ առաջացրեց լրատվամիջոցների մի քանի ներկայացուցիչների շրջանում: Դժգոհողները կարծում էին, որ գործն այնպիսի հասարակական հնչեղություն ունի, որ չի կարելի այն դռնփակ անցկացնել, և որ հասարակությունը պետք է իմանա, թե ինչ է կատարվել իրականում:

Համարյա նույն ժամանակաշրջանում Երևանում մի այլ դատավարություն էլ էր ընթանում, այս անգամ կապված թրաֆիքինգի մեղադրանքի հետ. մեղադրյալ կինը սեռական շահագործման էր ենթարկել անչափահասի՝ ստիպելով վերջինիս զբաղվելու մարմնավաճառությամբ: Ընդ որում, այս դատավարությունը, որ նույնպես արտառոց էր, այնքան հասարակական ուշադրության չարժանացավ, որքան հիշատակված առաջինը: Քիչ լրատվամիջոցներ էին այն լուսաբանում և լուսաբանում էին ոչ պարբերաբար:
Սակայն այս դատավարության լուսաբանումներից մեկում, այն էլ հեռուստատեսությամբ , հնչեց թրաֆիքինգի զոհ այդ անչափահաս աղջկա անունը, ազգանունը, բնակության հասցեն: Մի խոսքով տվյալներ, որոնցով հանգիստ կարելի էր նույնականացնել զոհին: Տուժածի փաստաբանը բողոքեց հեռուստաընկերության ղեկավարությանը: Սակայն, դա այլևս ոչինչ չէր կարող փոխել»:

Ծանոթացա՞ք պատմությանը, նկատեցի՞ք, որ համեմատված էին երկու նմանատիպ իրավիճակներ թրաֆիքինգի հետ կապված, տեսա՞ք խախտումներ, ունե՞ք կարծիք...Ուրեմն սկսենք քննարկումը: Որպեսզի թեմայից չշեղվեք, մենք ձեզ կօգնենք՝ տալով մի քանի հարց, որոնց միջոցով ավելի կանոնակարգված կարծիք կհայտնեք:
Փորձեք ձեր մեկնաբանությունում ներառել այս հարցերի պատասխանները՝
   1. Առաջին դեպքում դատարանն ինչքանո՞վ ճիշտ վարվեց՝ անցկացնելով դռնփակ դատավարություն ու լրատվամիջոցներին ու հասարակությանը անտեղյակ թողնելով իրադարձությանը: Ի՞նչ նպատակ ուներ դա:
   2. Երկրորդ դեպքում հեռուստաընկերության հնչեցրած տեղեկություններն ինչքանո՞վ էին արդարացված:
   3. Որպես լրագրող ի՞նչ կանեիր դու վերոհիշյալ երկու իրավիճակներում:

©  Մեսրոպ Հարությունյանի հոդվածը վերցված է «Ինտերնյուս» ՀԿ-ի «Լրագրողական էթիկա» գրքից:

Rate this posting:
{[['', '']]}
{["Useless", "Boring", "Need more details", "Perfect"]}

Tuesday, April 9, 2013

Կարդացի և... հաղթեցի

«Կարդացի և...» ստեղծագործական շարադրությունների մրցույթի հաղթողներն արդեն հայտնի են:
Ապրիլի 7-ին տեղի ունեցած մրցանակաբաշխության ժամանակ Երիտասարդ լրագրողների առցանց ակումբը և «Զարթոնք 89» ՀԿ-ն ներկայացրին հաղթողներին: Սակայն մինչև բուն մրցանակաբաշխությունը, շորթ լիսթում ընդգրկված մասնակիցները ներկայացան, ինչպես նաև տեղում կազմակերպվեց փոքրիկ  խաղ-մրցույթ, որի հաղթողը ՝ Անի Ամսեյանը, արժանացավ անակնկալ մրցանակի:
Հատուկ մրցանակի արժանացավ մրցույթի ամենաշատ դիտված նյութը՝  Մերի Փիրուզյանի «Գիրքը, որը սովորեցրեց ինձ ապրել » ստեղծագործությունը, որն ուներ 1566 դիտում:
Երրորդ հորիզոնականը զբաղեցրեց Արմինե Գրիգորյանի «Թիմ Թալեր կամ Վաճառված Ծիծաղ» շարադրությունը, իսկ երկրորդ տեղում էր Սոնա Արսենյանը՝ իր «Կարդացի և... կարդում եմ » ստեղծագործությամբ:
Գլխավոր մրցանակին՝ էլեկտրոնային գրքին արժանացավ Թաթուլ Ղազարյանի «Եթե հանդիպեի իմ սիրելի հերոսին» ստեղծագործությունը:
Հաղթողը նշեց, որ շատ ուրախ է իր հաղթանակի համար  և որպես շարադրության լրացում ներկաներին  ցույց տվեց  իր ձեռքի աշխատանքները, որոնք  պատրաստել էր գիրքը կարդալուց անմիջապես հետո` տպավորության տակ:
Բոլոր մասնակիցները արժանացան անակնկալ նվերների, որոնք տրամադրել էին  «Զարթոնք 89» ՀԿ-ն և  «Նոյյան Տապան»  լրատվական կենտրոնը:
Ստորև ներկայացնում ենք նկարներ միջոցառումից:

Rate this posting:
{[['', '']]}
{["Useless", "Boring", "Need more details", "Perfect"]}