Saturday, February 23, 2013

Լաուրա Նալբանդյան: Գիրքը, որը սովորեցրեց ինձ ապրել



Գիրք…   Ի՞նչ   է   գիրքը:   Գիրքը    մարդու     խորհրդատուն   է, ընկերը    բարեկամը:    Այն    իմաստության    շտեմարան   է,  որտեղ յուրաքանչյուր   ոք   կարող   է   գտնել     իրեն    հուզող    հարցի   պատասխանը:

Մարդը     գրքի    հետ   մտերմանում  է    մանուկ   հասակից,   շատերը`  մանկապարտեզից:   Տարիների   ընթացքում   այդ   մտերմությունը      դառնում    է   բարեկամություն:
Այդպես    եղավ    և  ինձ   հետ:
Երեք    տարեկան   էի,   երբ   մանկապարտեզ   գնացի: Այնտեղ   ես    շատ   բանաստեղծություններ   և   հեքիաթներ   սովորեցի:  Մեր  խմբի    բոլոր    երեխաների       հետ    սրտանց     ցանկանում   էի  ընկերություն    անել:    Նրանք    ինձ    չէին    հասկանում,    հաճախ    փոխում   էին   իրենց    վերաբերմունքը   օրվա    մեջ    մի  քանի    անգամ:     Ես   դրանից    շատ   էի    վիրավորվում   և    նեղանում   նրանցից:
Իմ   ժամանակը  եկավ, և  ես    դպրոց    գնացի:
Սովորեցի    մեսրոպյան   լուսապայծառ     տառերը   և   գրքերի    հետ   իմ    բարեկամությունը   ավելի    ջերմացավ:   Սկսեցի    շատ   գրքեր    կարդալ:   Ինչքան   շատ  էի  կարդում,  այնքան  հասկանում   էի,   որ   իմացածս   շատ       քիչ   է,  ուստի     պետք   է   կարդալ,   անդադար  կարդալ   ու   ձգտել  ավելիին:
Այսպես   գիրքը    դարձավ     իմ   անբաժան   ընկերը  և     մնում   է    մինչև   այսօր:   Հիմա   ես  առաջվա  նման    շատ   չեմ   նեղանում  իմ   ընկերներից:    Հասկանում  եմ,  որ   մարդը   սխալական   է,   ամենակարևորը   ներել   իմանալն   է:   Այդպես   մտածել    ինձ  սովորեցրեց   Աստվածաշունչը,   որին   ես  ծանոթացա   չորրորդ    դասարանում:   Իսկ   հինգերորդ    դասարանում,  երբ   սկսեցի   անցնել  <<Հայոց եկեղեցու    պատմություն>>   առարկան,   իմ    գիտելիքներն   այդ    իմաստուն  գրքի  մասին   բավականին    խորացան:
Ես   ծանոթացա   աշխարհի     ստեղծման   առասպելին,  իմացա   Հիսուսի    ծննդյան,   նրա    քարոզների   և     հրաշագործությունների  մասին:
Հիսուսը  մարդկանց    մեջ    ապրեց     երեսուներեք  տարի  և   դարձավ      բարության   և   մարդասիրության   օրինակ:   Ինձ    համար    նա   դարձավ   չափանիշ, և   ես   սկսեցի     ներողամիտ    լինել   իմ   ընկերների    հանդեպ:
Այսպես      Աստվածաշունչը   ինձ    սովորեցրեց   ապրել:

Իհարկե,    ես   դեռ   շատ   քիչ    գիտելիքներ   ունեմ,   որ   կարողանամ   լուրջ    դատողություններ     անել,    բայց   մեծերից   լսել  եմ,  որ    Աստվածաշունչը    իր   մեջ   պարունակում   է      բոլոր    հարցերի   պատասխանները:

Rate this posting:
{[['', '']]}
{["Useless", "Boring", "Need more details", "Perfect"]}

Sunday, February 17, 2013

Կարդացի և... մեկնաբանեցի

Կարդացի և... և վերջ: Մրցույթի վերջնաժամկետն էլ անցավ:
Մի քանի բառ ավելի, մի քանի բառ պակաս, մի օր ուշ, մի օր շուտ ուղարկված. բոլոր ստեղծագործությունները տեղադրվեցին բլոգում:
(Չեն տեղադրվել միայն անանուն ստեղծագործությունները, որոնք սակայն անպայման կտեղադրվեն բլոգում՝ հեղինակի տվյալները ճշտելուց հետո:)
Թվով մոտ 130 ստեղծագործություն՝ ուղարկված Երևանից, ՀՀ տարբեր մարզերից, ինչպես նաև Արցախից, սպասում են քննարկումների, քննադատությունների և հաղթանակի հույս փայփայում:
Ի դեպ, բլոգում տեղադրված շարադրությունները խմբագրված չեն:
Հիշեցնենք, որ հաղթողներին (1-ին՝ էլեկտրոնային գիրք, 2-րդ և 3-րդ մրցանակներ) որոշելու են պրոֆեսսիոնալ ժյուրին և Երիտասարդ Լրագրողների Առցանց Ակումբի անդամները, իսկ առավելագույն դիտումների և մեկնաբանությունների արժանացած նյութը խրախուսական մրցանակ է ստանալու:
Ավելացնենք, որ նույն IP-ից կամ անանուն (anonymous) մեկնաբանությունները հաշվի չեն առնվելու:

Rate this posting:
{[['', '']]}
{["Useless", "Boring", "Need more details", "Perfect"]}

Աստղիկ Առաքելյան: Գիրքը, որը սովորեցրեց ինձ ապրել


«Ես ծաղրածու եմ,ծաղրածու', որ ակնթարթների հավաքածու է կազմում…»:
  Կարելի է շատ բաների կողքով ուղղակի անցնել,և չնկատել:Իսկ ծաղրածուն տեսնում է ամեն ինչ:Նա հասարակ իրավիճակներում (ասենք կողպեքով դուռը բացելը) տեսնում է ինչ-որ առեղծվածային բան,որն էլ կարող է դարձնել մնջախաղ կամ ներկայացման որևէ հատված: Առհասարակ ամեն ինչ այլ է ծաղրածուի աչքերով…
Ինձ շատ է դուր գալիս Հայնրիխ Բյոլի «Ծաղրածուի աչքերով» վեպը: Այն պատմում է մի հասարակ մարդու,մի ծաղրածուի մասին,որն ապրում էր ֆաշիզմի նողկալի աշխարհում,և այնտեղ էլ անցնում էր իր պատանեկությունը:
Մի աշխարհ,որտեղ չկար սեր, հարգանք,ազնվություն, որտեղ չէր գնահատվում անհատը: Իսկ կրոնական աշխարհը հիմնված էր միայն շահի ու կեղծիքի վրա,և խախտվում էին արդեն ընտանիքի հիմքերը:Այնպիսի մի աշխարհ,որին զոհ էին գնում անմեղ մարդիկ,և որին զոհ գնաց նաև ծաղրածուի անմեղ քույրը…Այս ամենը ընդամենը շատ չնչին մասն է այդ նողալի աշխարհի,և գուցե մենք չենք էլ պատկերացնում կատարվածի լրջությունը,շատ հաճախ էլ պատմության դասերին ասում ենք թվեր` չհասկանալով դրանց իմաստը, չպատկերացնելով` ինչ է նշանակում 50 մլն. մարդու կյանք…

Rate this posting:
{[['', '']]}
{["Useless", "Boring", "Need more details", "Perfect"]}

Արմինե Գրիգորյան: Թիմ Թալեր կամ վաճառված ծիծաղ


…Փոքրիկ քաղաքում նեղ նրբանցքներ են: Այստեղ է ապրել այդ փոքրիկ տղան: Քանի~ անգամ է տխուր թափառել` երազելով ընտանիքի, սիրո և ջերմության մասին: Քանի~ անգամ է թափառել այստեղ` թաքցնելով արցունքները, թաքցնելով հիասթափությունը… Հենց այստեղ է վաստակել իր առաջին թղթադրամները, և հենց այստեղ է վաճառել իր ծիծաղը…
  Կուզեի փակել աչքերս ու հայտնվել այնտեղ` այն նեղ նրբանցքում, որտեղ նա առաջին անգամ հասկացավ, որ առանց ծիծաղ` այս կյանքը գորշ է: Կուզեի խոսել նրա հետ ու պատմել այն ամենը, ինչ կատարվել է հոգումս` նրա պատմությունը կարդալիս:
<<Սիրելի Թիմ, ես գրեթե քո տարիքին եմ.. Գուցե չեմ տեսել այնպիսի դժվարություններ իմ կյանքում, ինչպիսին որ դու ես ապրել: Բայց զգացել եմ այն, ինչ զգացել ես դու. Կորուստ… Կյանքում կորուստները շատ են լինում. Մեկը կորցնում է ծնող, մյուսը` փող, մեկ ուրիշը` սեր: Բայց իմ և քո կորուստը երևի ավելի մեծ է. մենք կորցրել ենք ծիծաղ: Դու վաճառեցիր այն` փոխարենը ստանալով գրազը շահելու կարողություն, իսկ ես… ես ինքս էլ չգիտեմ, թե ուր է կորել իմ ծիծաղը, այն վաղուց չկա… Գուցե նրանից է, որ վաղուց չկա իմ կյանքում ուրախություն, որ վաղուց մարել է իմ մեջ ապրելու ցանկությունը: Ուղղակի սկսեցի ճանաչել կյանքը, ուղղակի տեսա այն գորշ գույները, որոնք թաքնված են կյանքի խորքերում: Ուղղակի հիասթափությունը այնքան մեծ է, որ այլևս ուժ չունեմ ծիծաղելու, նույնիսկ` ժպտալու…
  Ես գիտեմ, որ կյանքում միշտ էլ սևից հետո գալիս է սպիտակը, որ խավարին միշտ էլ հետևում է լույսը, բայց… երբ պատռվում են մարդկանց դիմակները, երբ բարության փոխարեն ես կեղծավորություն եմ տեսնում, ինձ թվում է, թե այս ամբողջ կյանքը ընդամենը մի մեծ ներկայացում է: Ինձ թվում է, թե այս կյանքը մի մեծ օձ է, որ գալարվելով հիպնոսացնում ու խաբում է մարդկանց իր գեղեցկությամբ… Հուսահատությունը գրկում է ինձ ու… ծիծաղ չկա:

Rate this posting:
{[['', '']]}
{["Useless", "Boring", "Need more details", "Perfect"]}

Ալմաստ Մովսիսյան: Գիրքը, որը սովորեցրեց ինձ ապրել


Բոլոր չարիքները մարդու միտքն են մտնում տգիտությունից` կույրը զրկվում է արեգակի ճառագայթներից: Տգետ չլինելու համար պետք է ընդամենը գիրք կարդալ:
ՙԳիրքը՚` դա մտքի բարձրաբերձ ելևէջների, հոգու զմայլելի, աստվածային  ու չնաշխարհիկ թևակոխումների լիակատարությունն ու ամբողջությունն է: Այն մարդկության լավագույն ստեղծագործություններից է:
Դրա միջոցով է, որ մեզ է հասել դարեր ու դարեր փոխանցված գիտելիքները:Եթե չլիներ գիրքը, ամեն դարաշրջան նոր Նյուտոն, Շեքսպիր և Էնշտեյն պետք է ունենար: Գրքերի այնքան մեծ բազմազանություն կա, որ չես էլկողմնորոշվում, թե որը կարդալ: Շատերը երազում են այնքան ժամանակ ունենալ , որ աշխարհի բոլոր գրքերը  կարդան: Ամեն դեպքում, անկախ նրանից, թե որքան զբաղված ես լինում միշտ էլ ժամանակ պետք է գտնես գիրք կարդալու համար:Գիրքը գիտելիք է տալիս և սովորեցնում է ապրել կյանքում, այն զարգացնում է մարդու մտածելակերպը, երևակայությունը, ընդլայնում է նրա աշխարհայացքը: Մարդու համար գիրք կարդալը, դա ժամանակը լավագույն ձևով օգտագործելու հնարավորությունն է:
Այն մարդիկ, ովքեր պարապ են և օրվա ընթացքում անելիք առանձնապես չունեն, կարող են փոխել իրենց կյանքը միայն գիրք կարդալով: Չի կարող մարդն անընդհատ կարդալ-կարդալ և նրա մոտ ոչինչ չփոխվի:Իսկ եթե չի փոխվում, ուրեմն նա անխելք է և չունի համապատասխան գիտելիքներ, հասկանալու համար տվյալ գրքի իմաստը: Որպեսզի հասկանա այդ գրքի իմաստը, նախ պետք է իմանա, թե ինչի համար է այն կարդում: Եթե մարդ ուզում է ուղղակի հաճելի ժամանակ անցկացնել ու հանգստանալ, պետք է կարդա գեղարվեստական գրքեր, եթե ուզում է նորանոր բարձունքների հասնի մասնագիտության մեջ, ապա պետք է կարդա մասնագիտական գրքեր: Մարդիկ կան, ովքեր էլեկտրոնային գրքեր են կարդում, իսկ ոմանք էլ` թղթե գրքեր: Էլեկտրոնային գիրքն իհարկե չունի թղթի հոտը, որն ունեն սովորական գրքերը: Դրանք չես կարող շոշափել, թերթել և էջանիշ դնել: Բայց էլեկտրոնային գիրքը ունի մի շարք առավելություններ` հնարավոր է վայրկյաններում գտնել ինչ-որ գիրք աշխարհի մյուս ծայրում, մեկ համակարգչում հազարավոր գրքեր պահել և այլն: Իմ կարծիքով դա այդքան էլ էական չի` կարևորը բովանդակությունն է:

Rate this posting:
{[['', '']]}
{["Useless", "Boring", "Need more details", "Perfect"]}

Լիլիթ Գևորգյան: Գիրքը, որը սովորեցրեց ինձ ապրել


Բարև ես Լիլիթ Գևորգյանն եմ, սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում: Մեյլս բացեցի, կարդացի և որոշեցի մասնակցել մրցույթին: Ուզում եմ խոսենք իմ ամենասիրած գրքերից մեկի մասին` «Նոթեր Շելոկ Հոլմս մասին»/ Ա. Կոնան Դոյլ, որը սովորեցրեց ինձ ապրել: Մի քանի բառով ներկայացնեմ հա, (դե միգուցե գիրքը չեն կարդացել, որ մարդկանց համար ինչ որ անհասկանալի բաներ չմնան էլի, չասեն էլի` ինչ կապ ունի էս աղջկա գրածը գրքի հետ): Շելոկ Հոլմսը  ՄԻ ԲԱՐԻ ԽՈՐԱՄԱՆԿ ՄԱՐԴ ԷՐ, ով իր էությամ կարողանում էր շուտ կողմորոշվել և կյանքի ցանկացած փորձությունները հաղթահարում էր (ոչ միայն իր խնդիրներ այլ տասնյակավոր անհատների) այնպես, որ պարզապես զարմանալ կարելի է: Դե պատկերացրեք, մարդ ինչպիսի խելացի ու միաժամանկ խորմանկ պիտի լինի, որ նրա մասին խոսան ամբողջ աշխարհով մեկ: Այո նա չէր սիրում սխալներ թույլ տալ, նա հենց այն մարդու հատկանիշներն ուներ որով պիտի ապրեն բոլորը:  Էս գիրքը կարդալով ես հասկացա, որ պետք է սովորեմ հենց այ այսպես ապել ինչպես խուզարկուն էր: Գիրքը սովորցրեց ինձ ոչ միայն ապրել` այլ ճիշտ ապրել: 
Այն մտքերը, որոնք հիմա պիտի շարադրեմ անմիաջապես կապ ունեն գրքի բովանդկանության հետ, որը ես հասկանում և արտաբերում եմ իմ մոտեցումով: 


Ապրել նշանակում է այնպես ապրել, որ մյուս օրը արթնանաս ու չասես` «Վայ ինչի էս քայլը ես արեցի, պիտի էդպես չանեի, բայց ինչ հիմարն եմ ես»: Շելոկ Հոլմսը գրեթե երբեք չէր փոշմանում իր կատարածների համար, ինչպես ես եմ կամ դու:
''Ապրել'' հասկացողության մեջ մտնում է նաև` ճիշտ ապրելու սկզբունքը: Ճիշտը` ամեն կերպ փորձել սխալներ թույլ չտալն է, փոխարենը շրջանցել դրանց ու հասնել մի այնպիսի գագաթի, որ ասես սխալ չի էլ եղել, այլ ընդհակառակը սխալ-ին դու համառորեն վրաերթի ես ընթարկել քո կյանքի մեքենայով (կյանքի մեքենան էլ հենց քո միտքն է` ուղեղը) և դրա մասին տեղեկանալով էն էն էն պուճուրիկ, չնչին մի ամբողջ ոչնչություն պարունակող սխալիկները, վախեցել են անգամ քո մտքի ստվերից, որովհետև չեն ցանկանա` սատկել, հենց այդ ժամանակ էլ կանցնեն մեկ այլ ուրիշին սպառնալ`ում կյանքի մեքենան անզոր է այդ քայլը անելու, ու քանի քանիսնե՞րն են անզոր, էխ Աստված նույնիսկ դու չես իմանա: Հա, հա թույլերը կկործանվեն իսկ դու, քո խորամանկության շնորհիվ կհասնես ավելի բարձրագույն, լավ արդյունքի`որ ոչ միայն դու չէիր սպասում այլ բոլորը կմնան ապշած:
Հենց այնպես չէ ասված` ապրել բառը, եթե ճիշտ չապրես ինչպես ես էի նկարագրում  հենց նոր բառերի միջոցով կամ չունենաս մի լուրջ նպատակ, որի շնորհիվ ինքդ էլ կհասկանաս, որ հենց այնպես չես ապրում:

Rate this posting:
{[['', '']]}
{["Useless", "Boring", "Need more details", "Perfect"]}

Ալվարդ Համազասպյան: Գիրքը, որը սովորեցրեց ինձ ապրել


Գիրքը իմ կարծիքով  միշտ եղել է և կմնա մարդու ամենալավ խորհրդատուն, ուղեկիցն ու սրտամոտ բարեկամը: Ինչքան էլ մարդկային միտքը հրաշքներ գործի, ոչ մի այլ միջոց չի կարող մարդու կյանքում անել այն, ինչ կարող է անել գիրքը: Մեր գրողների  յուրաքանչյուր գրքի մեջ կա հայ մարդու հոգեբանությունը: Ամեն գրող կյանքի մի մասնիկն է պատկերում և կյանք է տալիս դրանց բազում ու հակասական կերպարներով: Գրքերի կախարդական աշխարհը  մտնելիս մենք դառնում ենք ունկնդիրները Մ. Մաշտոցի, Եղիշեի, Խորենացու, Նարեկացու, Հյուգոյի, Բալզակի, Շեքսպիրի և շատ այլ տաղանդների: Այս աշխարհը սահմաններ ու սահմանափակումներ չունի: Այն իմաստնացնում է մարդ էակին, զարգացնում նրա մտահորիզոնը, նրան տանում անցյալի հեռուները, հետո բերում մոտեցնում մեր ժամանակներին, կամ էլ տանում դեպի սպասվող, հանելուկային ու առեխծվածային ապագան:
Գրքերը խոսուն վկաներ են մեր անցյալի, միաժամանակ մեր ներկան են կողմնորոշում և իրենց լույսով մեր ապագան լուսավորում: Այս աշխարհը միշտ սիրում է նոր շունչ ու հոգի ստանալ, լրացվել նորովի: Այս աշխարհը մի դարբնոց է, որ իմաստանանում է մարդը, հղկվում, զգում ուրիշի զգացածը և ապրում որպես լիարժեք մարդ:
Գրքերի հետ իմ առաջին հանդիպումը կայացել է տարիներ առաջ, երբ մայրս ամեն երեկո հեքիաթ էր կարդում ինձ համար ու ես քնում էի շատ հաճախ երազում շարունակելով իմ հեքիաթը:
Տարիներն անցան, ու ես ինքս սկսեցի երկխոսության մեջ մտնել իմ կարդացած գրական ստեղծագործությունների հերոսների հետ: Ես մեծանում էի, լրջանում էին նաև իմ գրքերը: Մի օր ել ձեռքս ընկավ Վ. Տերյանի գրքույկը, սակայն կարդացի, կարդացի ու այնքան էլ չհասկացա: Ու եկավ ժամանակը, նորից անդրադարձա այդ քնքուշ ու զգայուն բանաստեղծին, և նրա թախծոտ տողերն արցունք քամեցին նաև իմ աչքերից:
Այս ամենին եկավ լրացնելու Վարդան Մամիկոնյանի, Պապ թագավորի, Աշոտ երկաթի ու Գևորգ Մարզպետունու քաջագործությունները: Նրանց հետ ես էլ էի կռվում իմ երկրի ազատության համար ու ավելի էր իմաստավորվում իմ հայ լինելը:
Ինձ հետ էին իմ ընկերները՝ հարազատ դարձած գրքերը:
Հոգիս խռովվում էր խմբապետ Շավարշի հետ, հողմաղացիների հետ կռիվ տալիս՝ որպես Դոն Կիխորի զինակից, իսկ ավելի ուշ փորձում էի հասկանալ Անուշի ու Սարոյի ողբեգրական սիրո կամ փոքրիկ Մարոյի մահվան պատճառները:

Rate this posting:
{[['', '']]}
{["Useless", "Boring", "Need more details", "Perfect"]}

Անահիտ Գարգցյան: Գիրքը, որը սովորեցրեց ինձ ապրել


Կեսգիշեր էր:
Հոգնած, ծանրացած կոպերս հուշում էին քնելու մասին, բայց կարդում էի .և թերթեցի գրքի վերջին էջերը,այն գրքի, որ երկու շաբաթ շարունակ իմ զգացմունքների, իմ տխրության և ուրախության, իմ մտքի և հոգու հետ պայքարում էր, ստիպում ինձ տխրել  և ուրախանալ, հուզվել ու բարկանալ, ամաչել և հպարտանալ:
Կարդացի և...վերջ ի վերջո ուժերի գերագույն լարումով ավարտեցի:
Ավարտեցի մեր նախնիների դառը պատմության էջերից մեկի ընթերցումը և աչքիս առաջ եկավ Մխիթար Սպարապետի վեհանձն պատկերը, բայց այն հանկարծ փոխվեց, դարձավ մի գլխատված, անկենդան մարմին, որի գլխավերևում կանգնած էր դավաճանը՝  իր սուրը ձեռքին, բթացած հայացքով, արնակալած աչքերով, որոնք ողողված էին դառն արցունքով: Բայց արդյո՞ք իր սև գործի հաղթական ավարտի, թե ամոթի, դավաճանությա՞ն, կորստի ցավի՞ արտասուք էր:
Կոկորդս սեղմվում էր. ականջներիս մեջ լսվում էին Մխիթարի հուժկու ձայնը, ձիերի սմբակների դոփյունը, բարուրում խեղդվող մանկան ծանր հևքը, ցավից խելագարված հպարտ, հայրենասեր մոր սրտի ցավագին բաբախյունը, կարծես զգում էի վառոդի հեղձուցիչ ծուխը, որը պարուրել էր դավադիրների ձեռքով հանձնված բերդը և թաքցնում էր տառապած հայրենիքիս վիշտը: Աչքերս մշուշվել էին, և արցունքները թերևս միակ բանն էին, որ կարող էին թեթևացնել ծանրացած սրտիս սուր ցավը, սանձել փոթորկված հոգուս ալեկոծումը:
Ես շատ եմ սիրում քեզ, իմ տառապած հայրենիք, ոչ մի երկիր չունի քո ցավագին պատմությունը,ոչ մի երկիր չի անցել այն քարքարոտ,դժվարին ճանապարհով,որով անցել ես բաց ճակատով՝ հաղթանակած,վաստակած:Որքա՜ն մեծ դժվարություններով է հայ ժողովուրդը պահել իր հողը,որքա՜ն հերոսներ են ընկել հանուն հայրենիքի ազատության և վաղվա օրվան:
Ինչպիսի՜ վեհանձն ու առնական քաջեր է ծնել հայ մայրը՝Վասակ,Սամվել,Վարդան,Սմբատ,Դավիթ-Բեկ,Տեր-Ավետիս, Փարսադան, Թորոս,Աբրահամ սպարապետ,Ավան Երփարյան,Եսաի Հասան Ջալալյան,Մխիթար,ովքեր իրենց կյանքը զոհել են հանուն հայրենի հողի:
Այո՛,վախկոտ թշնամին,տեսնելով հայ քաջասիրտ այրերին,միշտ դիմել է նենգ,խարդախ քայլերի:

Rate this posting:
{[['', '']]}
{["Useless", "Boring", "Need more details", "Perfect"]}

Սոնա Մանուկյան: Գիրքը, որը սովորեցրեց ինձ ապրել


Դեռ մանկուց ինձ հրապուրել է գրքերի աշխարհը: Սիրում եմ կարդալ տարբեր գրքեր, իսկ երբ
կարդում եմ, մոռանում եմ աշխարհը, ինքս ինձ և ապրում եմ հերոսների կյանքով` ամբողջ հոգով զգալով նրանց բերկրանքն ու տառապանքը: Եթե պատահում է այնպես, որ որևէ օր չեմ  հասցնում գիրք կարդալ, հոգևոր քաղց եմ զգում: Հատկապես ինձ հոգեհարազատ են բանաստեղծությունները, թեկուզ չեմ ձանձրանում դասականների գործերից` Րաֆֆի, Տոլստոյ, Դումբաձե… Իսկ հիմա, երբ խոսք է գնում պոեզիայի մասին, ես հիշում եմ Տերյանին, ու շուրջս լըց-
վում է մշուշով, քնքշությամբ ու թախիծով: Իսկ երբ աշուն է գալիս ու քամու թևին պարում են
դեղնած տերևները, թվում է, թե աշնանային փողոցներով ինձ հետ քայլում է նա` <<կախարդ>> բանաստեղծը, սիրո, քնքշության ու տխրության զգացմունքները ողողում են հոգիս: Երբ ես հուզված եմ  լինում կամ զայրացած, կարդում եմ Տերյանի բանաստեղծությունները, և զգում եմ, թե ինչպես են նահանջում բոլոր ինձ հուզող խոհերը, և ես ապրում եմ Տերյանով, նրա լուսավոր կարոտով և թախիծով:
Գրականությունն իմ տարերքն է, այն անսպառ գանձարանը, որով հարուստ եմ ես, իսկ պոե-
զիան, հատկապես Տերյանը, ներշնչանքի աղբյուր են ինձ համար:
Եվ հաճախ, շատ հաճախ գրադարան եմ գնում, որովհետև էլ որտեղ կարող եմ այնքան հետաքըրքիր ու բացառիկ գրքեր գտնել, եթե ոչ այստեղ: Երբ գրադարանում եմ լինում, մի տեսակ երկյուղածություն է համակում ինձ: Կարգով շարված գրքերի մեջ շատ են ծանոթները, սակայն առավել շատ են անծանոթները: Երբ վերցնում եմ ծանոթ գրքերը, մի պահ ինձ թվում է, թե առընչվում եմ նրանց հերոսներին, իսկ երբ թերթում եմ, թվում է` զրուցում եմ նրանց հետ այնպես, ինչպես հին բարեկամների հետ կզրուցեի; Հետո ընտրում եմ գրքեր, որոնք չեմ կարդացել: Թերթում եմ` մտածելով, որ այս գրքերն էլ կարդալուց հետո կդառնան իմ մտերիմները, որոնց կկարոտեմ հաճախ: Երբ դուրս եմ գալիս գրադարանից, ինձ զգում եմ հոգով վեհացած և անչափ հարուստ, որովհետև ինձ հետ տուն եմ տանում աշխարհներ, նոր մարդիկ:

Rate this posting:
{[['', '']]}
{["Useless", "Boring", "Need more details", "Perfect"]}

Աստղիկ Առաքելյան: Ո՞ր գրքում կցանկանայի ապրել


Սիրու՞մ եմ մարդկանց:Իսկ ինչ հարց է այս:Սիրե՞լ,չսիրե՞լ,իսկ գուցե ատե՞լ:Գուցե մտածել` նրանք անարժան են…
Եթե ինձ հարցնեք,թե ով է մարդը,ես միայն կասեմ,որ ընդհամենը մեկն է նրանցից,որ գերին են այս նյութական աշխարհի:Կեղծավոր,անզգամ,անսուրբ ու տհաճ, ընդհամենը դարձած այն աղբի գերին,որը կոչվում է նյութական աշխարհ:
Գուցե երբ փորփրես մտքիդ անկյուններն ու օգտագործես քեզ տրված ուղեղն այս կեղծ աշխարհում,գուցե հասկանաս` դրանից այն կողմ այլ աշխարհ էլ կա,որը չես տեսնում, և որի մասին ընդհամենը լսել կամ գուցե կարդացել ես:Իսկ ես գիտեմ դա,ես արդեն վաղուց շատ լավ ծանոթ եմ այդ խորհրդավոր աշխարհին:Գուցե ես արդեն առանց հասկանալու հենց այդ աշխարհում է,որ բնակվում եմ:Իմ մտքերում, երևակայության մեջ,որտեղ միայն ես  ու ես եմ ապրում,որտեղ ուրիշներն երբեք չեն եղել,որտեղ ես ինքս եմ ինձ համար սարքել և' մարդկային կյանք,և' արդարությում,և' թե անզորին տրվող զորություն…
Ով մարդ արարած,ինչ անզոր ես դու,հենց քո սեփական ցանկության համար կլքես թե' կյանք,թե' հավերժական քեզ սիրով սպասող ու ատող մարդուն:Ու գուցե նեղվես,երբ քեզ մեկն ասի,թե դու անբախտ ես:Իսկ,ի՞նչ է,դու դեռ ավելիի՞ն ես սպասում…
Բայց անբա՞խտ է մարդն,անբա՞խտ է իրոք:Չէ որ հենց ինքն է ստեղծում իր իսկ կյանքն ու փոխում ճակատագիրը,հենց ինքն իր կյանքը դարձնում ահավոր դաժան, դաժան մի խաղ,որի կանոններն հենց ինքն է վճռում և հենց ինքն էլ խախտում, դարձնում այն կեղծ ու ահավոր չար խաղ…

Rate this posting:
{[['', '']]}
{["Useless", "Boring", "Need more details", "Perfect"]}

Օֆելյա Բաղդասարյան: Եթե հանդիպեի իմ սիրելի հերոսին


«Տունը, որտեղ գիրք չկա, նման է  հոգուց  զրկված մարմնի »,- այսպես է արտահայտել Ցիցերոնն իր սերը գրքերի նկատմամբ :Անշուշտ  գրքերն են ,որ թեվեր են տալիս մեր հոգիներին ու օգնում մտքով  սլանալ դեպի անսահման գիտելիքների աշխարհ :
    Հաճախ հոգնում ես առօրեական հոգսերից, ձանձրանում  կյանքիդ միօրինակությունից եվ երազում կտրվել աշխարհից :Այդ ժամանակ  է, որ քեզ օգնության է  հասնում  քո անկեղծ, անխոս ու իմաստուն ընկերը՝  գիրքը :Գիրքը մարդու ընկերն է , որին պետք է կարողանալ   ընտրել , իսկ ընկերոջ հանդեպ ամենավատ  վերաբերմունքը  դա չկարդալն է :Ով գիրք սիրում  է, նա երբեք նվիրված  բարեկամի , փրկարար խորհրդատուի , ուրախ ընկերոջ , իսկական  մխիթարողի կարիք չի զգա::
  Կարդալով , մտորելով մարդ կարող է անմեղորեն ուրախացնել իրեն եվ հաճույք ստանալ ժամանակից, ճակատագրի բոլոր պատահակություններից:
  Ամեն անգամ նոր գիրք ընթերցելիս   տեղափոխվում ես մի նոր աշխարհ , ուր մտնելով  սկսում ես ապրել հերոսների  պես, մտահոգվել, ուրախանալ  , գուցե նաեվ ազատություն տալ զգացմունքներիդ  ու արտասվել:Այդ զգացողությունները կարող են  մեջդ արթնանալ այն ժամանակ , որ հասկանաս հեղինակի ասելիքն  ու նոր դաս քաղես  դրանից:
  Հաճախ հեղինակը կերտում է  այնպիսի կատարյալ հերոս ,որին ուզում ես նմանվել , խլել նրա բնավորության գծերը , կամ այլեվս չկրկնել նրա սխալ արարքները :Գուցե նաեվ  դեմ առ դեմ հանդիպել ու ասել, թե ինչ ես զգացել ,երբ  կարդացել ես նրա մասին, թե  իր նկարագրության ժամանակ  ինչպես է իր դեմքն  ուրվագծվել  ուղեղիդ  մեջ , թե ինչպես ես վերապրել նրա ապրածը  եվ շատ այլ այսպիսի խոհեր , որոնց մասին կուզեիր , որ անպայման իմանա  սիրածդ ստեղծագործության հերոսը :
  Երկար մտորումներից հետո, մտածեցի , որ   ճիշտ  կլինի  բացեմ գրքերի պահնոցն ու ընտրեմ   մի հոգեհարազատ գիրք : Երբ բացեցի գրապահարանս,   մի տարօրինակ, միաժամանակ  արտասովոր  ու հաճելի  բույր զգացի ՝ դա հին ու հաստափոր գրքերի    մաշված   էջերի բույրն  էր, որն  ստիպեց զգալ   ինձ դրախտում :Այո, ես միշտ  պատկերացրել  եմ , թե դրախտը մի տեսակ գրադարան է ,եվ այդպես էլ կա:

Rate this posting:
{[['', '']]}
{["Useless", "Boring", "Need more details", "Perfect"]}

Սոնա Արսենյան: Կարդացի և… կարդում եմ


Հենց գրիչը ձեռքս վերցրեցի, երբևէ կարդացած բոլոր գրքերի բոլոր հերոսները՝ սիրված և ոչ այնքան, խռնվեցին շուրջս:
-Ի՞նչ ես գրելու:
-Իմ մասին կգրե՞ս, չէ՞:
-Իմ մասին չգրես, թե չէ գիտեմ՝ ինչեր ես գրելու, անծանոթ մարդիկ են կարդալու, ամոթ է…
-Իմ մասին միայն լավ բաներ կգրես: Կգրես, չէ՞:
-Հանգստացե՛ք, նա դեռ ինքն էլ չգիտի՝ ինչ է գրելու, չե՞ք տեսնում, ապուշացել, մեզ է նայում:
-Ո՞նց թե չգիտի: Բա գրիչը ինչի՞ համար է:
-Առհասարակ ես կարծում էի, որ մարդիկ նախ մտածում են՝ ինչ պիտի գրեն, հետո նոր են սեղանին մոտենում:
-Դե, ընդհանրապես այդպես է, բայց մեր աղջիկը թարս է անում: Չնայած, անելու բան էլ չկա. միանգամից երևում է, որ մրցանակի համար է այսքան տառապում:
-Իսկ մրցանակն ի՞նչ է: Մի սնդուկ ոսկի՞:
-Չէ, մի ապուշ սարք, որով իբր գիրք պիտի կարդան, իսկ իրականում խաղալիքի նման մի բան է, էլի: Թե ասա՝ ի՞նչ ես անելու էդ «ռիդեռ» էր, ի՜նչ էր, գրող ու սև ցա՛վ էր, գրքերը կան, էլի, կարդա՛, ի՞նչ ես ընկել ամեն տեսակ թիթիզություների հետևից, շարադրություն ես գրում:
Այստեղ ես չդիմացա:
-Վերջացրե՛ք, հա՞: Թողեք հանգիստ մտածեմ: Ի՞նչ եք վրա հասել, կարծես շաքար եմ բաժանում:
-Պա՛հ, քեզ պահիր շաքարդ: Անձամբ ես եկել եմ, որովհետև բոլորն են եկել, թե չէ երբեք, խիստ կարևոր պետական գործերս թողած, քո մոտ չէի գա, - ասաց չսիրածս պերսոնաժներից մեկը, ով միշտ քիթը խոթում էր իրեն չվերբերող բոլոր գործերի մեջ:
-Սուդարներ, եկեք օգնենք մեր հեղինակին, - գոչեց խելքը գլխին մի կերպար: - Ինձ, օրինակ, թվում է, որ հաղթանակին հասնելու համար դու պետք է ընտրես փայլուն մի պերսոնաժ, որն ինքն արդեն հետաքրքիր կլինի ընթերցողին: Այդպիսի կերպար կարող է լինել, օրինակ… Դե, չգիտեմ, օրինակ… ես:
-Չէ՛ հա, դու, եթե քո մասին գրի, ավելի լավ է միանգամից խոստովանի, որ ցածրորակ գրականություն է կարդում:
-Ե՞ս եմ ցածրորակ: Եվ հետաքրքիր է, ո՞վ է դա ինձ ասում: Բուլվարային սիրավեպի արժանի զավա՜կը:
-Ես քեզ արհամարհում եմ, մանկիկ: Շատ տրամաբանական է, որ հենց այսպիսին պիտի լինեիր: Արկածային գրականությունը տարրական դասարանների աշակերտների համար է գրվում, դրա համար էլ գրողները համապատասխան կերպարենր են կերտում՝ մանկամիտ ու անխելք, մենք էլ հետո ստիպված ենք լինում տանել քեզպեսների բարբաջանքները:
-Ես ձեզ մենամարտի եմ հրավիրում, սո՛ւդար: Պաշտպանվե՛ք, եթե դուք պատիվ ունեք:
-Ես չեմ կարծում, որ սուսերներով այս ու այն կողմ թռչկոտելը շատ պատվաբեր գործ է: Նման պարագայում այն նույնիսկ խայտառակություն կարելի է համարել:
-Սկսվեց կեղծ փիլիսոփայությունը, - տրտնջացին մնացածն ու գնացին բաժանելու կռվարարներին:
Մեկը, ում գլխում դեռ մի քիչ խելք էր մնացել, չնայած ինքը հարյուրամյա ասպետական սիրավեպի հերոս էր, ինձ «Ասկոֆեն» բերեց ու մի բաժակ ջուր: Հետո արմունկները հենեց սեղանին ու նայեց համակրգչիս մոնիտորին. «Լրագրողների առցանց ակումբի» էջն էի բացել ու կարդում էի մրցույթի պայմանները:
-Արի հենց ամենասկզբից հրաժարվենք սիրելի հերոսի թեմայից, թե չէ դու մենամարտի մի քանի հրավեր կստանաս հաշված րոպեների ընթացքում:
-Կանանց մենամարտի չեն կանչում, միայն ժամադրության, - փնթփնթացի ես:
-Չէ, փոքրիկս, ժամանակները փոխվել են, հիմա գենդերային հավասարություն կա, բան կա:
-Դուք որտեղի՞ց գիտեք:

Rate this posting:
{[['', '']]}
{["Useless", "Boring", "Need more details", "Perfect"]}

Սվետլանա Հակոբյան: Եթե շարունակեի իմ սիրելի գիրքը


…Էջերը պատառոտված էին.երևի հետաքրքրասերներ շատ էին եղել:Փոքրիկ ու մաշված գրքից մնացել էր ընդամենը մի քանի թերթ,բայց որքա՜ն խորը իմաստ կար այդ տողերում, ինչքա՜ն հույզեր էին խճճվել այդ էջերում: Զգուշությամբ վերցրի գիրքը, քնքշությամբ սկսեցի թերթել. որոշեցի կարդալ մի կերպ գոյատևող այդ տողերի պարունակությունը. գուցե  հետո այս թերթերն էլ չլինեն:
      <<Արտիստը>>`գրված էր ստեղծագործության գլխավերեվում: Անգամ հնարավոր չէր հասկանալ, թե ով էր գրել: Կազմը գունազրկվել էր. տարիների սառնությունը թողել էր իր հետքը խղճալիի վրա: Ի՞նչ իմանար, որ մի օր իրեն պիտի մոռանան ու դեն նետեն: Ստեղծագործության հեղինակը Շիրվանզադեն էր` հետո իմացա…
Ընթերցեցի. երբ ավարտեցի, զգացի, որ հոգիս փոքր-ինչ թախծեց հիացմունքից, աչքերիցս ինքնաբերաբար գլորվեցին այն արցունքները, որ ողբում էին մեծանուն Արտիստի հիշատակը…
    <<Խենթ է>>,- մտածեցի: Փոքր էի.չհասկացա…
     Այսօր, երբ արդեն տասնվեց տարեկան եմ,հասկացել եմ Լևոնի կերպարի մեծությունը,թափանցել նրա հոգու մեջ ու տեսել սրտի կարոտը,այժմ <<գիրքը>> ինձ համար դարձել է նվիրյալ պատանու սիրո հառաչանք…
    Այդ  ստեղծագործությունը անմահացավ սրտիս մեջ… թերևս այդ պատճառով է, որ մի քանի ճղճղված թերթերն ինձ համար դարձան հաստափոր մի գիրք:
    <<…Լևոնին հանել էին ջրից նավաստիները <<Խերսոն>> շոգենավի տակից, որ երկու շաբաթից հետո պիտի տաներ նրան Իտալիա…
      Նրա մահը մեծ վիշտ դարձավ հարազատների ու բարեկամների սրտերում. չէ՞ որ նրան բոլորը սիրում էին որպես ազնիվ ու բարի պատանու,որպես Մեծ Արտիստի:Նրան հիշում են մինչ օրս…
      Լուիզան և ամուսինը,իմանալով Լևոնի մահվան լուրը,ընդամենը մի ցավակցական նամակ են գրում նրա մորը:Իհարկե,լուրը ցավալի էր Լուիզայի համար.չէ՞ որ Լևոնը իր լավագույն ընկերն էր,հավատարիմ բարեկամը…
     Լևոնի մոր առողջական վիճակն էլ ավելի է վատթարանում:Գնալով նա հյուծվում է ու մաշվում:Գամված էր խղճուկ անկողնուն:Հիվանդությունը դաժանորեն խլում էր սրտի զարկերը,կյանքի տրոփյունը…
     Նա մեռավ որդու մահվանից մեկ տարի անց`փնթփնթոցը աղոթքում:
    Լևոնի մահվանից անցել էր երկու տարի,երկու տարի է,ինչ նրա գիթառն ու մանդոլինան մնացել էին որբ,համրացել էին,չէին նվագում:Ընկերները նրա հիշատակին մի հուշարձան էին կանգնեցրել,վրան գրել.<<Մեծանուն Արտիստի հիշատակին,որ երազեց ու չհասավ>>:Ոչ ոք չէր համարձակվում նվագել նրա լարայինով,ասում էին,գուցե մի օր Լևոնի պես մի <<Արտիստ>> էլ ծնվի,թո՛ղ նա էլ նվագի.ասում էին,բայց չէին հավատում:
   Ոչ ոք չէր կարող նվագել այնպես լիաբուխ,հոգվույն ջերմեռանդությամբ,ինչպես տասնութամյա այն պատանին,որին Արտիստ էին կոչում:
   Կավալարոն և Լուիզան դեռ Փարիզում էին  ապրում, սակայն այլևս ապրուստի միջոց չունեին, գործերը վատ էին ընթանում.ստիպված էին վերադառնալ հայրենի Օդեսա…
     Սինյորա Ստեֆանիան անհամբերությամբ սպասում էր նրանց գալստյանը,թեպետ այնքան էլ գոհ չէր այդ փաստից:Հայրենիք վերադառնալու առաջին իսկ օրը Լուիզան անցանկալի խոսակցություն է ունենում Իցկոյի հետ,ով այնքա՜ն սիրում էր վաղամեռիկ ընկերոջը:
 -Իսկ դու ինչո՞ւ չեկար նրա թաղմանը:
 -Գործերը շատ էին, չկարողացա:

Rate this posting:
{[['', '']]}
{["Useless", "Boring", "Need more details", "Perfect"]}

Շահանե Բաղրամյան: Եթե շարունակեի իմ սիրելի գիրքը

  Երբ դպրոց գնացի, արդեն գտել էի գրքերի անեզր աշխարհ մտնելու բանալին, բայց դուռը դժվարանում էի բացել: Փոքրիկ իշխանի պես պիտի ընտելանայի: …Զարմացած ու հիացած նայում էի այն գունավոր ու գեղեցիկ գրքին, որը տիրոջ իրավունքով քույրիկս էր բացում ու ինչ-որ բան սերտում: Ինքս էլ էի ուզում մտնել այդ գունագեղ աշխարհը, ափերիս մեջ վերցնել պայծառ արևը, աշնան այգում հավաքել սերկևիլն ու դեղձը, ընթրել այդտեղ պատկերված փոքրիկ ու գեղեցիկ ընտանիքի հետ, լողալ կապույտ ծովում, բարձրանալ սարն ու… էլի շատ բաներ: Բայց ես միայն թերթել կարող էի այն ու քիչ-քիչ ինքնուրույն սովորել: Իմ սերտած առաջին գիրքը Այբբենարանն էր: Հետո հասկացա, որ այն իսկական բանալի է: Առաջին ուսուցչուհիս առաջին դասարանում ինձ հանձնարարում էր հեքիաթներ կարդալ /ես այդ տարիքում արդեն կարդում էի/: Ես սիրում էի հեքիաթների հերոսների հետ զրուցել, նրանց հետ պայքարել, նրանց օգնել, զգուշացնել վտանգի մասին, ցավում էի, վշտանում, լալիս, հրճվում ու, ի վերջո, տարբեր զգացողությունների փոթորիկն աստիճանաբար քուն էր բերում աչքերիս, և հեքիաթը շարունակվում ու երջանիկ ավարտ էր ունենում իմ երազներում:                           Հեքիաթների նկատմամբ հետաքրքրությունն ինձ տարավ Թումանյանի աշխարհ: Ես սիրեցի Լոռին ու լոռեցուն: Փորձեցի հասկանալ Գաբո բիձուն, վճարել Նեսոյի ուսման համար, իսկ Գիքորի ցավից օրեր շարունակ վշտացել եմ, ուղիներ եմ փնտրել` նրան փրկելու, նրա ընտանիքին օգնելու: Ուզում էի շարունակել պատմվածքը այնպես, որ նա իր ազնիվ աշխատանքով կարողանար հարստանալ, ընտանիք կազմել ու գյուղում իր ընտանիքի անդամներին օգնել այնպես, որ նրանք անհոգ ու երջանիկ ապրեին: Երբ պատկերացնում էի նրա` իմ երազած ապագան, թեթևանում էի, հրճվում, մտածում` երանի իրական լիներ… Հետաքրքիր մի նախախնամություն ինձ օգնեց հանդիպել <<իրական հերոսին>>` Գիքորի դերակատարին: Իհարկե,արդեն մեծ էր, բայց թախծոտ ու արցունքոտ աչքերը նույնն էին: Մենք հանդիպեցինք Հաղպատի վանքում, ու համոզվեցի, որ ոչինչ հենց այնպես չի լինում: Ես ու եղբայրս մոտեցանք նրան, խնդրեցինք մեզ հետ լուսանկարավել /ի դեպ, եղբայրս ութ տարեկան է, արդեն ընթերցել է <<Գիքորը>>, դիտել ֆիլմը, հուզվել, արտասվել/: Երբ եղբայրս տեսավ, որ Գիքորը ողջ է, ուրախությունից ու հրճվանքից չգիտեր` ինչպես մոտենալ նրան, զրուցել: Նա իր իրականությունը խառնել էր Թումանյանի իրականության հետ և երջանիկ էր, որ Գիքորը ողջ է: Գիքոր կերտած ու ապրած մարդը մեզ պատմեց իր զգացողությունների, ֆիլմում իր նկարահանումների ու դժվարությունների մասին: Քանի~ տասնամյակ է անցել, ու Թումանյանն իր հող ու ջրի բույր ու համով մոտեցրեց երկու անծանոթ ընտանիքների, որոնք գուցե էլ երբեք չհանդիպեն կյանքում, դարձավ նրանց ջերմ ու հարազատ զրույցի հիմքն ու աղը: Մեր զրույցին ունկնդիր ու ակնդիր էին ամպերի մեջ մխրճված լեռներն ու այն հրաշք բնությունը, որ երբևէ իր ծալքերում պահել է Սայաթ-Նովայի` վանքի պատերից դուրս գաղտագողի հնչած երգի ելևէջները: Ինձ համար հեքիաթն ու իրականությունը խառնվել էին, ու զով քամին ասես հեռվից բերում էր Սայաթ-Նովայի մեծ սիրո մրմունջն ու հոգիս պարուրում թումանյանական պարզությամբ, անմիջականությամբ ու գորովով:

Rate this posting:
{[['', '']]}
{["Useless", "Boring", "Need more details", "Perfect"]}

Շողեր Ղազարյան: Գիրքը, որը սովորեցրեց ինձ ապրել


<<…Բախտի ճամփեքը տարբեր են լինում,
Բախտն ամեն մեկին սիրում է տարբեր,
Նրանք ծնվում են,որ ապրեն հարբած,
Իսկ դու՝ որ քեզնով երբևէ հարբեն…>>
Եվ մենք ապրում ենք՝ Սևակով հարբած:

 Ես, հանելով իմ գրքերը մանկության մութ ձեղնահարկից,որտեղ իրերն ու դրանց դերը թաքնված է մեծերից , կարդում եմ հեղինակների անունները ու վերջապես գտնում նրան:
 Թեև մանկությունը մի թռչուն է ՝ թելով կապված մեր սրտերի, բայց երբ թելը պոկվում է , նա թռչում է ու հեռանում մեզանից , բայց , միևնույն է , հիշողությունը պահպանվում է ու վերադարձնում նրա մոտ , ով  այդ տարիներից սկսած ,  սովորեցրել է ապրել:
 Սևակ:Ահա այն անունը , ում գիրքը փոխեց կյանքս , օգնեց ապրել ժամանակի մեջ և ոչ դրանից դուրս:Ամեն անգամ , երբ կարդում էի նրա ստեղծագործությունները , մի նոր զգացում էր պատում ինձ:Բայց այն , ինչ զգացի այս անգամ , մի զարմանալի հեքիաթ էր , և հաստատ գիտեմ , որ էլ երբեք չի կրկնվելու , քանզի ակնթարթը կանգառ չունի:
  Ինձ շատ են դուր գալիս Սևակի բանաստեղծությունները , սակայն կա մի բանաստեղծություն , որը հնարավոր չէ չսիրել և չզգալ դրանից բխող ուժը:<<Մարդ էլ կա , մարդ էլ>> . սա է այն բանաստեղծությունը , որի մեջ ամփոփված է ողջ աշխարհը:Այստեղ է այսօրվա մարդու կերպարը: Մարդ , ով զուրկ է ուրիշների մասին մտածելու ունակությունից , որովհետև միայն իր շահն է սիրում , մարդ , ով նյութապաշտության խորհրդանիշն է:Բայց բանաստեղծության վերջում հեղինակը գտնում է Արարչի ստեղծած հերոսին , ով տիեզերքի խորհրդի ամփոփն է:
 Նայելով շուրջդ ՝ տեսնում ես կեղծավոր ու անարժան մարդկանց , որոնց կողքին ապրում ես: Փորձում ես հասկանալ նրանց դերն այս կյանքում , սակայն միայն դատարկությունն է իր մենապարի հաղթանակը տոնում:Միթե՞ չի եղել մի գիրք , որով կարելի էր վերափոխվել , կամ մեկը , ով կհասկացներ իրական կյանքի հեքիաթը: Նրանք պարզապես մի ներկայացում են խաղում և մեզ էլ փորձում են ներքաշել դրա մեջ:Ոմանք անգիտակցաբար են անում դա , սակայն վերջում, երբ հասկանում են իրենց սխալները , դեն են շպրտում իրենց դերն ու հեռանում են այդ խաղից:

Rate this posting:
{[['', '']]}
{["Useless", "Boring", "Need more details", "Perfect"]}

Գայանե Ավդալյան:Գիրքը, որը սովորեցրեց ինձ ապրել



Երբ ասում են անհատ, հասկանում են կայուն , ամուր և գիտակից մարդ, ով ըմբռնում է կյանքի իմաստն ու արժեքը, կամային է ու նպատակասլաց, բայց ներքին ըմբոստություններն ու երկդիմի հարց ու պատասխաններն անխուսափելիորեն հայտնվում են նրա ճանապարհին: Ես մեծանում եմմեծանում և բախվելով կյանքի դժվարություններին`հասունանում եմ նաև հոգով և մտքերով: Ով էի ես,երբեմն մտածում եմ, մինչև գիտակից դառնալս`չգիտեմ,բայց այսօր` նոր կյանքի շեմին կանգնած, “գիտեմ”-ի ևչգիտեմ”-ի սահմաններն ավելի մոտ են իրականին: Ես մեծացել եմ մի գրքի շնչով,դաստիարակվել եմ նույն գրքի ոգով, հասկացել ու գնահատել ամեն մի երևույթի նշանակություն հենց այդ գրքի տողերով:Սկզբում ըմբռնումս պարզ էր և մանկական:Տատիկիս ընթերցած ամեն մի տող ինձ համար կյանքի առեղծվածն ըմբռնելու հնարավորություն էր:Իմ փոքրիկ գլխում հարցերի շղթա էի ստեղծում և ամեն օր ստանում դրանց սպառիչ պատասխանները: Այսօր արդեն այլ են մտքերս.փոխվել են ցանկություններս,բայց գիրքը նույնն է,ինչպես միշտ:ՀԻմա ես ինքս եմ կարդում,ինքս եմ քննարկում ու վերլուծում այն,ու ակամա նոր հարցեր են ծնվում:Ես ավելի պահանջկոտ եմ դարձել ինքս իմ նկատմամբ և չեմ հանդուրժում անգամ սեփական էությունից ծնվող հարցադրումները,որոնք մեկ սխալ են,մեկ ճիշտ,մեկ անիմաստ են ,մեկ ուղղորդող: Նույն գիրքն է այսօր իմ սեղանին:Իմ հարցերի պատասխաններն այնտեղ են: “Աստվածաշունչ”…Իմ փոքր տարիքում այն մանկական էր,գունազարդ,իսկ հիմա`մեծ ու ստվարաթերթ..

Rate this posting:
{[['', '']]}
{["Useless", "Boring", "Need more details", "Perfect"]}

Լուիզա Ազատյան:Գիրքը, որը սովորեցրեց ինձ ապրել

Երբ առաջին անգամ ես ցանկացա կարդալ մի պատմություն, վերցրի մի գիրք իմ գրադարանից և երթելով մի քանի էջ՝ մտածեցի,որ այն շատ անհետաքրքիր է: Այդ ժամանակ ես շատ փոքր էի և տարվում էի հեքիաթներով, առակներով, որոնցում ինքս ինձ պատկերացնում էի հեքիաթում՝ հերոսների կողքին:Գրքեր կարդալ ես ընդհանրապես չէի սիրում, ինձ թվում էր՝ թե այդ ամենը շատ ձանձրալի է և կարդալով այդ ամբողջը` կխճճվես պատմության մեջ և չես կարողանա գտնել դուրս գալու ուղին եվ այս ամենի արդյունքում կունենաս միայն գլխացավանք:
Ամառային արձակուրդներին բացեցի իմ գրադարանը եվ հանդիպեցի մի գրքի, որի վերնագիրն էր «Խաչագողի հիշատակարան»: Վերցրի այս գիրքը, քանի որ այն իմ մեջ հետաքրքրություն առաջացրեց: «Խաչագողի հիշատակարան,-մտածեցի ես -տեսնես ինչի մասին է այս գիրքը»: Բացելով այն՝ իմացա, որ հեղինակն է Րաֆֆին, որոշեցի կարդալ այն մինչեվ վերջ: Ճիշտ է, շատ երկար էր, բայց կարդալու ցանկությունը մեծ էր: Փակվեցի սենյակում, կարդացի մի քանի էջ. սկզբում որոշ բաներ չէի հասկանում, սակայնշարունակեցի կարդալ: Մի քանի էջ կարդալուց հետո չէի ցանկանում գիրքը ձեռքիցս բաց թողնել եվ ամեն անգամ չէի հոգնում նույն էջը մի քանի անգամ կարդալուց: Ամեն մի թերթը կարդալով՝ ինձ հետաքրքրում էր շարունակությունը, և մտքումս առաջանում էին շատ հարցեր,կարծիքներ և ցանկություններ : Եվ այսպես ամեն օր ես շարունակում էի կարդալ և ամեն օր մի նոր բան էի հականում ու քաղում այս գրքից:Մեկ ամսում ես վերջացրի գիրքը և հակացա ողջ պատմության իմաստը,ու այդ պահից փողվեցին իմ բոլոր կարծիքները գրքերի մասին: Ես անընդհատ ցանկանում էի կարդալ մի նոր պատմություն և փնտրում էի տարբեր ժանրերի գրքեր ՝ սիրային, տխուր,ուրախ: Այն ժամանակ ես իմ ամբողջ օրը անցկացնում էի համացանցերում,ծանոթանում էի օրվա նորություններին, նոր աստղերին: Իսկ հիմա ես ցանկանում եմ շատ գրքեր կարդալ,քանի որ գրքերը մեզ տալիս են բազմաթիվ խորհուրդներ, որոնք մեզ օգնում են մեր ամբողջ կյանքում: Մինչև օրս էլ մեր երկրում կան երեխաներ որոնք մտածում են, ինչպես ես էի սկզբից մտածում,սակայն ես շատ ուրախ եմ, որ հասկացա գրքի նշանակությունը իմ կյանքում և գրքի շնորհիվ կարողացա ապրել և նայել այս աշխարհին այլ աչքերով, գնահատել մարդու էությունը և չգնահատել նրա նյութական կարկարողությունը:Հասկացա նաև մի բան, որ մինչև օրս էլ ինձ շատ է օգնել.«Եթե ունես նպատակ ուրեմն պայքարիր այնքան մինչև հասնես այդ նպատակիդ»
Վերցրի մի տետր և ցանկացա ես էլ գրել :Հասկացա, որ շատ բարդ աշխատանք է, և յուրաքանչյուր մարդ չի կարող լինել գրող: Ես գրում էի ընդամենը մի քանի էջ. նպատակս միայն այն էր, որ իմ գրած այդ երկու բառերում էլ լինեմ շատ անկեղծ, քանի որ տեսնում էի, որ բանաստեղծի ամեն մի բառը իրենց սրտից է գալիս: Անդրադառնամ իմ առաջին գրքի, որ բացեց իմ աքերը: «Խաչագողի հիշատակարան».այս գրքում մարմնավորած էին և՛ բարին և՛ չարը պանդխտությունը, անարդարությունը, դավաճանությունը :Սակայն վերջում ամեն հարց լուծվում է սիրո շնորհիվ: Սերը, որ ամենահզորն է բոլոր պարագաներում,որը ամեն հարցին իր լուծումն է տալիս, և կարևորն այն է որ բոլորն հասկանում են իրենց սխալը և զղջում դրա համար: Բոլորը կարողանում են գտնել փրկության ճանապարհը և չկործանվել:

Rate this posting:
{[['', '']]}
{["Useless", "Boring", "Need more details", "Perfect"]}

Սեդա Իսունց:Գիրքը, որը սովորեցրեց ինձ ապրել

Հաճախ թվում է` ցավից պայթում է սիրտս:Ցանուցիր զգացումներս ու խոհերս պտտվում են մարդկայինի,գեղեցիկի շուրջ և սիրտս արյունոտվում է գեղեցկության կորստից:
Հոգուս այդժամ լսվում է ցավի զարմանալի ազդեցիկ և մեղմաձայն մորմոք,ու այն ամոքելու համար ձեռքս եմ առնում կյանքիս միակ ճշմարտությունը`Գրիգոր Նարեկացու "Մատյան ողբերգության" պոեմը...
Թերթում եմ էջերը,անհագուրդ փորձում ընկալել ամեն մի տող,ամեն մի բառ:Խորհրդավոր ընթերցման ժամանակ չգիտեմ երբ և ինչպես անտեսանելի թախծալի տեսիլները ու մեղմիկ տխրությունները հանկարծ հրդեհվում են անվերջ որոնումներից,երազներից ու տառապանքից ծնվում է անհասանելի գեղեցիկի թանձրացյալ կարոտը:
Վերստին ծավալվում են տողերը ու խիտ մթնոլորտից բարձրանում է չարիքից ազատագրված բանական մարդու և կյանքի լուսավոր գաղափարը:
"Մի մոռացիր,որ մարդն իր բնությամբ սխալական է,կարևորը ապաշխարհումն է"-պատգամում է ինձ գիրքը ու միևնույն ժամանակ տարածում գաղափարի լույսը:Տողերից ճառագում է մարդկային հույսը` օգնելու ազատվել ծանր հակասություններից,անվերջ որոնումներից, ցաված սիրուց,մշտական պայքարից...

Rate this posting:
{[['', '']]}
{["Useless", "Boring", "Need more details", "Perfect"]}

Սամվել Շահնազարյան:Գիրքը, որը սովորեցրեց ինձ ապրել



Այն չսովորեցրեց ինձ ապրել, սակայն սոովորեցրեց լինել խորաթափանց, սիրալիր, դիմացկուն և որ ամենակարևորն է`  նպատակասլաց: սովորեցի գնահատել այն ամենն, ինչ դեռ ունեմ, դիմակայել կյանքում շատ ու շատ փորձությունների ու կորուստներին: Սովորեցի կրելով ցավը շարունակել ապրել առանց դրա:
Խոսքը ժամանակակից գրող Արտակ Ճաղարյանի <<Ականատեսը>> վեպի մասին է:
Հիմա փոքր-ինչ գրքի մասին.
Վեպի նախատիպը հանդիսացող պատմության հեղինակը Ջոշ Մաք-Դաուելն է: Բայց հայկական տարբերակը թարգմանություն չէ:  <<Այս գիրքը շատ հեռու  է ուղղակի թարգմանություն լինելուց: փաստացի սա նորավեպ է` հիմնված հիշատակված պատմության վրա: Մենք պահպանել ենք պատմության սոսկ հիմունքային գծերը` իրադարձությունները տեղափոխելով այլ հարթություն և այլ կոլորիտ, ըստ էության դրանով իսկ սյուժետային նոր առանձնահատկություններ առաջարկելով ընթերցողին: Այս ամենը բնականաբար հեղինակի համաձայնությամբ:…>>,-ասվում է գրքում:
Գիրքը պատմում է հանգամանքների բերումով հայրենիքից դուրս ապրող Գևորգ Միքաելյանի անակնկալ-փորձություններով ու ցավով լի կյանքի ուղու, առաջին սիրո արյունոտ կորստի և հետագայում այդ զգացմունքն ուրիշի մեջվերգտնելո մասին: Ներկայացվում են նաև տարբեր իրավիճակներից դուրս գալու ճանապարհներ,  որոնք ի դեպկյանքիս տարբեր դրվագներում ինձ շատ օգնեցին: Այս գիրքը <<կյանքի ուղեցույց>>դարձավ ինձ համար:  Գնալով համոզվում եմ, որ իմ կյանքը շատ նման է գրքի հերոսի կյանքին, իսկ ուղիս`նրա ուղուն: Ես տարբեր եմ միայն իմ որոշակի առանձնահատկություններով: հենց դրա համար է, որ շարունակում եմ ապրել այդ գրքով ու նմանվել իմ հերոսին:
Այն ամեն ինչի մասին է ու ամեն ինչ ինձ համար: Այն իսկապես փոխեց ինձ:

Rate this posting:
{[['', '']]}
{["Useless", "Boring", "Need more details", "Perfect"]}