Sunday, February 17, 2013

Սոնա Նալբանդյան:Եթե հանդիպեի իմ սիրելի հերոսին



Ասում են՝ ամեն լավ բան կատարվում է պատահականորեն: Ահա այդպիսի պատահականության   մասին է իմ շարադրանքը:
Իմ առաջին ծանոթությունը գրքին ևս տեղի է ունեցել պատահականորեն, թեև տունը, որտեղ ես  եմ դաստիարակվել, հարուստ է գրքերով: Մի անգամ մայրս ինձ  բռնեցրեց հեռախոսով խոսելիս. մի ձեռքիս հեռախոսն էր, մյուսին՝ կարկանդակը՝ գրքի վրա դրված:  Գիրքը կարծես սկուտեղ էր: Մայրս զայրացավ՝ ասելով, թե ես ինձ այդպես չէի պահի, եթե իմանայի գրքի բովանդակությունը:
Չեմ թաքցնի. անվստահությամբ ձեռքս առա գիրքը, սակայն առաջին էջերից հետո չհասկացա՝ ինչպես դարձա գրքի հերոսներից մեկը՝ կլանելով այն էջ առ էջ: Ավարտեցի գիրքը, և այդ օրից հետո գրականությունը դարձավ իմ սիրելի առարկաներից մեկը դպրոցում: Ինձ համար գրականության դասերը՝ գրքերի քննարկումներով, անկեղծության, հոգու բացահայտման, սրտառուչ զրույցների ժամեր են, որոնց շնորհիվ ես հարստացա ընկերներով, բարեկամներով, սովորեցի երազել, թևածել ժամանակի և տարածության մեջ, կարողացա բազում հանդիպումներ ունենալ սիրելի հերոսների, իսկ ավելի հաճախ՝ իմ երկվորյակների հետ: Այս վերջին հանդիպումները ինձ միշտ էլ պարգևում են հիացմունք, զարմանք, ինքնաբացահայտում և մղում հոգեկան ներքին խաղաղության ու ներդաշնակության:
Ահա այդպիսի թևածումներից մեկի ժամանակ էլ ես հայտնվեցի զինվորական խարույկի կողքին:
Հիմա էլ փակում եմ աչքերս և վայելում իմ սիրելի հերոսի՝ Պիեռի  հոգեպարար ձայնը և խոհեմ խոսքը:
-                     Հենց նոր ավարտվեց Բորոդինյան ճակատամարտը, և ես քայլում եմ մոսկովյան ամբոխի միջով թուլացած ու արյունալի տեսարանից ցնցված: Ես տեղ եմ որոնում, որտեղ կարող եմ հանգստանալ, ու հանկարծ հասկանում եմ՝ որքան երանելի է սովորական կյանքը, հատկապես՝ տաք անկողինը: Ամենուրեք ծուխ է, արյուն, հառաչ, խեղդուկ օդ, փոշի…
«Ինչու՞,- հարցնում եմ ես Պիեռի ձայնով,- ինչու՞ եմ սովորական  կյանք ու տաք անկողին տենչում,- և նրա փոխարեն հասկանում եմ, որ խնդիրն այս ճակատամարտի մեջ չէ: Եթե դրանք  էլ լինեին, «ինչու՞»-ն պիտի հնչեր, և իրականում միայն ռուս զինվորը կօգներ Պիեռին... Ուժահատ ու շփոթահար՝ կուչ եկա ճանապարհի եզրին, որից փոքր-ինչ հեռու զինվորներ էին, կրակը, կերակուրով կաթսան, զինվորների կցկտուր զրույցները: Ինչպե՜ս կուզեի ասել իմ սիրելի հերոսին, որ նա աննկատ չէ, որ զինվորները տեսնում են նրան: Սովորական և հասարակ մարդիկ այդպիսին են. նկատում են ամեն ինչ, ամենատես են:
-                     Զինվորներն զգացին, որ քաղցած եմ,- շարունակում էր Պիեռի ձայնը,- բայց ես հոգևոր քաղց էի զգում. Ես մենակ էի, մոռացված ու անտեսված բոլորից, միայնակ էի «ճանապարհի եզրին», իմ նոր ճանապարհի եզրին՝ հին եսը կորցրած, նորը չգտած, այլապես ես ինձ հանգիստ կզգայի ինչպես զինվորները, որոնք անգամ ամենածանր պահերին չէին մոռանում քաղցը. ուտում էին...
Պիեռը մոտեցավ կրակին ու նստեց իմ դիմաց: Ինչպիսի՜ բարություն, անճարություն, մեծահոգություն... Ի՜նչ ասես չկար այդ հայացքի մեջ, որի առաջ քեզ զգում ես մանուկ, անփորձ ու անպաշտպան: Նրա ձայնը մերթ հեռանում էր, մերթ մոտենում, ու ես նորից էի տեսնում ինչ-որ դեմք՝ այս անգամ Պյոտր  Կիրիլովիչի:
-                     Այն գիշեր ես մի բանի մասին էի մտածում՝ պարզապես զինվոր լինել: Ես քնեցի՝ խորհելով ներքին վերափոխման մասին, ունենալով անզուսպ ու անհագ մի տենչ՝ ապրել սովորական կյանքով, լինել բոլորի մեջ:
Այդ պահին հանկարծ հիշեցի, որ նույն մտորումն ու ցանկությունն ուներ նաև մեկ այլ հերոս՝ Անդրեյ Բոլկոնսկին: Իսկ ի՞նչ է նշանակում մտնել այդ կյանքի մեջ: Շատ պարզ, դա նշանակում է ձուլվել ընդհանուրին, տարրալուծվել բոլորին: Ես ուզում եմ բոլոր հերոսների հետ քայլել Աուստերլիցից միչև Բորոդինո, որտեղ Անդրեյն առաջին անգամ լսեց իր ներքին ձայնը. մենախոսեց:
Հենց այդ պահին լսվեց կախարդական «ահա այն» խոսքը, իսկ մտքերի մեջ՝ անբացատրելի ինչ-որ բան: «Որտե՞ղ է այն բարձր երկինքը, որը մինչ այս պահը ինձ անծանոթ էր: Ես միայն հիմա տեսա այն»,- այսպես էր մտածում վիրավոր իշխանը:
Պատահական չէ նաև, որ Բոլկոնսկու գլխավերևում հայտնված Նապոլեոնը նրան թվաց այնքա՜ն փոքրիկ ու չնչին՝ այդ երկնքի հետ համեմատած:  Այո՛, այդպես պիտի նայել երկնքին, վերմարդկային ու գերմարդկային հայացքով պիտի նայել...
Երբ մտածում եմ Բորոդինոյի մասին, հասկանում եմ, որ Բորոդինոն սկսվեց այլ դաշտից, սկսվեց, այն էլ՝ այդ արյունալի ճակատամարտից շատ առաջ...
Իսկ տխուր կռվից առաջ երկխոսում էին Կուտուզովն ու Ալեքսանդր Առաջինը.
-         Չէ՞ որ Ցարիցինյան դաշտում չենք, Միխայիլ Իլարիոնովիչ, ուր չեն սկսում շքերթը, քանի դեռ չեն ժամանել զինվորական գնդերը:
Ու որպես պատասխան՝ լսվում է հատու ձայնը.
-         Հետևաբար չենք սկսում, տե՛ր իմ. մենք ոչ շքերթում ենք, ոչ էլ Ցարիցինյան դաշտում:
Ես հասկացա մեծ զորավարին, նրա մտքի խորությունն ու պարզությունը, որ չի
կարելի շփոթել շքերթի դաշտը կռվի դաշտի հետ, որտեղ մեռնում են, արյուն հեղում:
Կուտուզովն իր կենսափորձով և ուսումնական կենսագրությամբ գիտեր դաշտերի գինն ու տարբերությունը՝ իր և օտար:
Իսկ Բորոդինոյի դաշտում նրան շտապեցնում էին արդեն՝ զինվորները:
Բորոդինո... Գլխապտույտ հաջողություններ և ռազմական նվաճումներ ունեցած Նապոլեոնի համար այն դարձավ անլուծելի հանելուկ:
Սովորական մի դաշտ, ինչպես այն մյուս դաշտերը, որտեղ հաղթել է, ունեցել փայլուն հաղթանակներ...
Ինչպես անհունության մեջ, ընկնում են նրա մարդիկ այդ հարթավայրի վրա:
«Նապոլեոնը նայում էր խողովակի միջով և տեսնում ծուխ, ընկնող զինվորներին՝ մերթ իր, մերթ ռուս», բայց նա չէր տեսնում այն իրականությունը, որ կար իր շուրջը:
Նապոլեոնը հետո կտեսնի ողջ դաշտը և կսարսափի այդ ամենից... Կսարսափի ճշմարտությունից...
Դա ժողովրդի դաշտն էր, այն ժողովրդի, ով հողն է հերկում, ով մեծահոգի է, նվիրված այդ հողին, կապված նրան, ապրում է նրանով ու նրա համար: Եվ ուրե՞մն...
Ուրեմն այն, որ դաշտի անունը կարևոր չէ որպես անուն, կարևորը անվան ոգին է, այդ ոգու պարզությունը, նաև անհունությունը, որին ձգտում ենք մենք, երբ մնում ենք մենակ ինքներս մեզ հետ:
Դարեր առաջ՝ Ավարայրի ճակատամարտի նախօրեին, Վարդան Մամիկոնյանն էլ էր այդպես խորհում հասարակ զինվորի մասին. «Ռամիկն ինքն է հող հայրենին: Կա ռամիկը, կա հողը»:
Այդ դաշտը ոչ միայն կռվի դաշտն է, այլ նաև մայրական դաշտը՝ Տոլգոնայի կերպարով, որ անծայրածիր տափաստանում, երեկոյան քամուն ընդառաջ գնալով, զգում էր ավազի ու հողի բույրը, փխրվում, մանրանում հոգով՝ ասես ձուլվելով ու անէանալով ավազահատիկների մեջ:
Հենց այդ պահին է, որ մեր միջով գալիս անցնում են մեզ սնող հերոսները, մեր աչքերին նայող կերպարները, ովքեր արթնանում ու ձայնում են մեզ, երբ մեր սիրտն է կանչում.
-         Որտե՞ղ ես, արի՜...


 Վանաձորի թիվ 11 ավագ դպրոց.
11-րդ դասարան.
Սոնա Նալբանդյան
Նյութը խմբագրված չէ.



Rate this posting:
{[['', '']]}
{["Useless", "Boring", "Need more details", "Perfect"]}

No comments:

Post a Comment