Tuesday, August 14, 2012

Ինձ էլ գրիչ տվե´ք

Ինձ էլ գրիչ տվե´ ք . սա այն անվանումն է, որը մենք տվեցինք մեր նոր նախագծին, այն գրելուց հետո: Իսկ մենք առցանց ակումբի երեք տնօրեններս էինք` Վիկան, Գոռը ու ես: Մենք մեր հավաստագրերը ստանալուց անմիջապես հետո ստացանք մեր առաջին հանձնարարականը` կազմել առցանց ակումբի ընդլայնման նախագիծ, որում ամփոփված կլինեին այն մտահղացումները, որոնք մենք պատրաստվում ենք իրականացնել մոտակա երկու տարվա ընթացքում: Մենք` իրարից շատ տարբեր մարդիկ, պիտի գրեինք, բայց մենք անգամ իրար չէինք ճանաչում:  Բայց մի բան էր պարզ միայն.  մենք ունեինք ընդհանուր նպատակ` անել լավագույնս մեր շարքերն ընդլայնելու համար  ու մեր նման հազարավոր պատանիներին օգնել հասնել նրան, ինչին մենք ենք հասել:  Իսկ մենք հասել ենք նրան, որ  ունենք մի հարթակ, որտեղ կարող ենք գրել մեր ցանկացած միտք և րոպեներ անց  կհայտնվեն մարդիկ, ովքեր պատրաստ են օգնելու և անգամ եթե չկարողանան` մեր ձայնը կլսեն   հարյուրավոր մարդիկ:

Խոստովանեմ, որ մեր ծրագիրը մեզ հեշտ չտրվեց.  մենք նույնիսկ ստիպված եղանք  մի քանի օր գամվել մեր համակարգիչներին, որ այն ավարտենք: Բայց, կարծում եմ, միասնական ու լավ արդյունքի համար կարելի է անգամ շաբաթներով տանջվել:

Այսպիսով` մենք կազմեցինք մեր նախագիծը, որը հիմնականում ներառում էր տարբեր համագործակցություններ, դասընթացների ու սեմինարների կազմակերպում, ու եթե այն հաստատվի մենք խոստանում ենք, որ շատ հետաքրքիր է լինելու: 

Իսկ վերնագիրը, որն ընտրեցինք, մեր միակ ու ամենահարմար առաջարկն էր: ՈՒզում եմ ասել, որ այս վերնագրով մենք ոչ մեկից ոչ խնդրում, ոչ էլ պահանջում ենք գրիչ, այլ պատրաստակամություն ենք հայտնում գրիչ տալու բոլորին ու յուրաքանչյուրին, ով ցանկանա: 

Մենք պատրաստվում ենք  տալ մեր պատանիներին հնարավորություն գրելու ու կարդացվելու, դառնալու լսված ու հնարավորություն բարձրացնելու խնդիրներ, որոնք մինչ այսօր չեն բարձրացվում այնպես, ինչպես մեզ է պետք:

Ձեզ հարկավոր է  միայն ասել մեզ` ինձ էլ գրիչ տվե´ք, ու մենք սիրով կտանք այն:



                                                                                                                      Մարիամ

Rate this posting:
{[['', '']]}
{["Useless", "Boring", "Need more details", "Perfect"]}

No comments:

Post a Comment