Tuesday, January 29, 2013

Խիղճ

Մարդու հոգւոմ ի՜նչ լույս խոհեր կան, Աստված
Անմահ տողեր ու կոթողներ կան, Աստված,
Բայց այս հրաշք, այս գեղեցիկ աշխարհում,
Ինչու նաև ավերողներ կան, Աստված...

    Աշխարհը լիքն է կործանումներով, վայրի տագնապներով, սահմռկեցուցիչ պատերազմներով, մարդասիրության խենթ հեղեղներով մարդիկ քանդում են աշխարհի տունը, հրի են մատնում <<երգի>> ապարանքներ և խուլ քրքջում:
Դրդված նեղ անձնական շահերից՝ մարդը ոտնատակ է անում իր իսկ նմանին, ցավ , վիշտ ու տառապանք սփռում շուրջը: Ճակատագրի դառնության միջով նայում եմ մարդու անլուր ցավերին:
Խեղճ մարդու կրծքում մի սիրտ է դրված, որն հազար կողմից լուռ բզկտվում է: Եվ այդ բզկտված սրտում է ապրում «աստվածային» ԽԻՂՃԸ: Կարծում եմ կյանքում յուրաքանճյուր մարդ նախ պիtի առաջնորդվի խղճով: Այս դեպքում մարդը միայն բարիք կսփռի իր շուրջը և երբեք խղճի խայթ չի ունենա, որը կյանքի թույնն է:Խղճից են բխում բարությունը, մարդկայնությունը ազնվությունը, արդարությունը:Կյանքը բարդ է հակասական, հաճախ այն շատ փշեր է դեմ անում, բայց հարկավոր է միշտ պահպանել մարդկային նկարագիրը,  լինել անչար, բարի, մեծահոգի, կարողանալ կարեկցանքով նայել կարեկցանքին:
Չգիտեմ, կյանքւմ հրաշքներ լինում են, թե ոչ, սակայն շատ կուզեի, որ լինեն, բայց գեղեցիկ հրաշքներ, որոնք ծառայեին , նպաստեին վեհ նպատակների. Կուզեի հավաքել բոլոր վշտերը, քամել թախիծը աչքերի միջից և խնդության լույսեր ցանել հոգիներում, ազատել բոլորին կապանքներից, տառապանքներից, երջանկացնել նրանց, տիեզերքը լցնել միայն հրճվանքով, վերջ տալ  տիրող խաբկանքին, ստին, չարությանն ու դաժանությանը:
Քանի որ խիղճը և բարությունը ես նույնացնում եմ, ապա կարծում եմ, որ եթե յուրաքանչյուր ոք դատի խղճի մտոք և բարյացկամ լինի շրջապատի նկատմամբ,  ապա արմատախիլ կլինի չարը, քանզի ամեն ինչ բարի է արարված ի սկզբանե:Եթե հողը բարի չլիներ, չէր  հանդուրժի ողջ մարդկության ոտնահետքերը, նրա ոճիրների Ծածկոց չէր դառնա, չէր սնի նրան, չէր զարդարվի ծաղկունքով: Եթե պայթյունը բարի չլիներ, չէր պայթի բողբոջը, որ ծաղիկ դառնա, չէր պայրի հատիկը, որ ծիլ դառնա և հագուրդ տա բնության ծարավին...
 Բարի է ծերուկ մեր հողագունդը, բարի է ամբողջ տիեզերքը: Թող երկրի երեսից չքանան ցավի, թույնի, ոխի գետերը, ապրենք մաքուր խղճով՝ աշխարհի, Աստծո, և ինքներս՝ մեր առջև:Եվ ես հիացմունքով կրկնում եմ դարձյալ ՝ «Շնորհակալ եմ քեզ, Աստված, որ այսքան մաքուր մի բան կա դեռ մարդու մեջ՝ ԽԻՂՃԸ» :







Հեղինակ՝ Մերի Կոստանյան

Rate this posting:
{[['', '']]}
{["Useless", "Boring", "Need more details", "Perfect"]}

No comments:

Post a Comment