Tuesday, January 29, 2013

Կապույտ արևներ

Ես մի բան չեմ հասկանում. ախր դու նորմալ աղջիկ էիր:
- Ես հիմա էլ եմ նորմալ աղջիկ:
- Չէ հա~: Դու, որ կողքից լսեիր քո մտքերը, կյանքոմ քեզ նորմալ չէիր անվանի:
- Ես ուղղակի սիրահարված եմ:
- Դու սիրահարված չես է, դու չորանում ու գժվում ես նրա համար,չէ,ավելի ճիշտ դու պաշտում ես նրան:
- Չափազանցնում ես:
- Չէ, իրոք: Լսի՛ր, դու հավասարակշռած, առողջ դատողությամբ մարդ ես:Կարող ես ինձ բացատրել, թե նա ո՞վ է, ի՞նչ է, որ այդպես քեզ դուր է գալիս:Ախր, որ ասեմ դու նրա դուրը գալիս ես ու նրա ուշադրությունից շոյված` մեջդ ինչ-որ զգացմունք է առաջացել, սուտ կլինի: Իրոք չեմ հասկանում:
- Լռի՛ր, հանգ՛իստ թող ինձ:
- Չէ՛,ես պիտի խոսե՛մ: Դու քեզ ներշնչել ես,լուրջ եմ ասում: Հիշում ես,դու ինքդ էիր ասում,որ սիրահարվածությունը ներշնչանք է:
- Ես հիմար էի:
- Գրո՛ղը տանի,դու հիմա ես հիմար: Դու հաստատ ինչ-որ ղզիկ, թինեյջերական ֆիլմի տակ ես մնացել:
- Երևի ուզում էիր ասել ֆիլմի ազդեցության տակ:
- Ի՞նչ տարբերություն:
- Ու~ֆ հասկացիր, երբ ես փակում եմ աչքերս,նրա դեմքն եմ տեսնում:
- Ախ~ սիրտս:
- Լռի՛ր, դու սիրտ չունես: Դու ընդամենը իմ երևակայության արդյունքն ես:
- Ես քո երկրորդ «ես»- ն եմ, ոչ թե երևակայության արդյունքը:
- Ա~խ լսի՛ր,խնդրում եմ, նրա աչքերը ոնց որ երկու կապույտ արևներ լինեն:
- Վա~խ մամա ջան: Նախ`արևը կապույտ չի լինում, և երկրորդ`արև բառը հոգնակիի կազմություն չունի:
- Մե~ծ, կապու~յտ, պայծա~ռ արևներ:
- Հա, քիթն էլ` կանաչ լուսին, ականջներն էլ` մանուշակագույն աստղեր:
- Լռի՛ր, հիմարի մեկը, լսու՞մ ես,լռի՛ր,կորի՛ր ուղեղիցս, հանգի՛ստ թող ինձ, հերիք է ինձ ձեռ առնես: Դու սահմանափակ ես, բարդույթավորված, սառը: Կորի՛ր, դու՛րս արի իմ միջից: Ես սիրում եմ նրան, հասկացա՞ր, սիրու՛մ եմ: Սիրում եմ նրա համար, որ նրա կողքին ես,ես եմ, ու դա ինձ բավական է:
Հանկարծ իմ մեջ ապրող այդ ըմբոստ «ես»- ը լռեց ու անհետացավ: Չգիտեմ.արդյոք  նա ընդունեց կապույտ արևերի գոյությունը, թե պարզապես անիմաստ համարեց հետս վիճելը` ինձ համարելով հիմար:

Rate this posting:
{[['', '']]}
{["Useless", "Boring", "Need more details", "Perfect"]}

1 comment: