Sunday, February 17, 2013

Սոնա Մանուկյան: Գիրքը, որը սովորեցրեց ինձ ապրել


Դեռ մանկուց ինձ հրապուրել է գրքերի աշխարհը: Սիրում եմ կարդալ տարբեր գրքեր, իսկ երբ
կարդում եմ, մոռանում եմ աշխարհը, ինքս ինձ և ապրում եմ հերոսների կյանքով` ամբողջ հոգով զգալով նրանց բերկրանքն ու տառապանքը: Եթե պատահում է այնպես, որ որևէ օր չեմ  հասցնում գիրք կարդալ, հոգևոր քաղց եմ զգում: Հատկապես ինձ հոգեհարազատ են բանաստեղծությունները, թեկուզ չեմ ձանձրանում դասականների գործերից` Րաֆֆի, Տոլստոյ, Դումբաձե… Իսկ հիմա, երբ խոսք է գնում պոեզիայի մասին, ես հիշում եմ Տերյանին, ու շուրջս լըց-
վում է մշուշով, քնքշությամբ ու թախիծով: Իսկ երբ աշուն է գալիս ու քամու թևին պարում են
դեղնած տերևները, թվում է, թե աշնանային փողոցներով ինձ հետ քայլում է նա` <<կախարդ>> բանաստեղծը, սիրո, քնքշության ու տխրության զգացմունքները ողողում են հոգիս: Երբ ես հուզված եմ  լինում կամ զայրացած, կարդում եմ Տերյանի բանաստեղծությունները, և զգում եմ, թե ինչպես են նահանջում բոլոր ինձ հուզող խոհերը, և ես ապրում եմ Տերյանով, նրա լուսավոր կարոտով և թախիծով:
Գրականությունն իմ տարերքն է, այն անսպառ գանձարանը, որով հարուստ եմ ես, իսկ պոե-
զիան, հատկապես Տերյանը, ներշնչանքի աղբյուր են ինձ համար:
Եվ հաճախ, շատ հաճախ գրադարան եմ գնում, որովհետև էլ որտեղ կարող եմ այնքան հետաքըրքիր ու բացառիկ գրքեր գտնել, եթե ոչ այստեղ: Երբ գրադարանում եմ լինում, մի տեսակ երկյուղածություն է համակում ինձ: Կարգով շարված գրքերի մեջ շատ են ծանոթները, սակայն առավել շատ են անծանոթները: Երբ վերցնում եմ ծանոթ գրքերը, մի պահ ինձ թվում է, թե առընչվում եմ նրանց հերոսներին, իսկ երբ թերթում եմ, թվում է` զրուցում եմ նրանց հետ այնպես, ինչպես հին բարեկամների հետ կզրուցեի; Հետո ընտրում եմ գրքեր, որոնք չեմ կարդացել: Թերթում եմ` մտածելով, որ այս գրքերն էլ կարդալուց հետո կդառնան իմ մտերիմները, որոնց կկարոտեմ հաճախ: Երբ դուրս եմ գալիս գրադարանից, ինձ զգում եմ հոգով վեհացած և անչափ հարուստ, որովհետև ինձ հետ տուն եմ տանում աշխարհներ, նոր մարդիկ:

Անհրաժեշտ է թերթել գիրքը և նա քեզ կբացի իր բոլոր գաղտնիքները: Ինքդ էլ չես զգա, թե քո
հոգում ինչպես են տեղի ունենում փոփոխություններ, թե ինչպես են սկսում ապրել գրքի յուրաքանչյուր հերոսի կյանքով: Հերոսներից ոմանք դառնում են քո հարազատը, սրտանց մատահոգվում ես նրանց յուրաքանչյուր իրավիճակի համար, ուզում ես, որ քո սիրած հերոսը հաղթի, լավապրի, լավը լինի ցանկացած իրավիճակում:
Թերթելով գիրքը` մեր առջև բացվում են զանազան պատմություններ: Յուրաքանչյուր գրական հերոս սովորեցնում է մեզ ապրել իր կյանքով, մենք դառնում ենք նրանց համար դատավոր,քննարկում ենք նրանց ճիշտն ու սխալը, սովորում ենք և երբեմն էլ կիրառում ենք մեր կյանքում գրքային այն պահերը, որոնք մեզ հոգեհարազատ են:
Ես իսկապես շատ եմ սիրում կարդալ: Պարզապես մարդուն աշխարհի հետ իր ներաշխարհին
համապատասխան երկխոսություն է պետք…սեփական էության պահպանման համար: Իսկ
այդ ամենը ապահովում է գիրքը:
Սիրում եմ գրքերի աշխարհը, որովհետև այն լիովին տարբերվում է մեր իրականությունից:
Այն գեղեցիկ է, հեքիաթային, բարի ու անկեղծ: Թեև ժամանակ առ ժամանակ բացասական հերոսները խաթարում են ստեղծագործությունների հիասքանչ պատկերները, չնայած նրան որ շատ ստեղծագործություններ ավարտվում են բարու հաղթանակով: Երբեմն լինում է այնպես,որ այնքան եմ մտածում ու ցավում իմ սիրած հերոսի համար, որ, մերթընդմերթ, թերթելով գիրքը, ուզում եմ անպայման գտնել հերոսի անունը: Ինչքան խորանում ես գրքերի աշխարհ, չես ուզում վերադառնալ իրականություն, որովհետև, կարդալով գիրքը, քո երևակայության մեջ ստեղծում ես այն բոլոր պատկերները, իրավիճակները, որտեղ և դու պատկերացնում ես, որ կհայտնվի քո սիրած հերոսը: Ցանկանում ես հավերժ մնալ այդ աշխարհում` սիրած հերոսների կողքին, սակայն պետք է վերադառնալ մեր իրականություն, որտեղ էլ պետք է կիրառենք մեր ստացած գիտելիքները:
Գրքերից ստացած գիտելիքները չի կարող մեզ տալ ո՛չ համակարգիչը և ո՛չ էլ հեռուստացույցը:
Տարբեր տարիքում փոխվում է մարդու աշխարհայացքը, հետևաբար և տարբեր ժամանակնե-
րում մարդ տարբեր գրքեր է սիրում կարդալ: Իմ համար առաջին և անմոռանալի դասագիրքը
<<Այբբենարան>>-ն էր, որի շնորհիվ ես տառաճանաչ դարձա: Հետագայում տարրական դասարաններում <<Գիքորն>> իր մեծ ազդեցությունն ունեցավ իմ վրա: Գիրքը կարդալուց հետո աշխատեցի ինչքան հնարավոր է բարությամբ վերաբերվել յուրաքանչյուրին: Շատ անգամ եմ զարմացել և զայրացել <<Գիքորը>> պատմվածքի չար հերոսների վրա ու ինքս իմ մեջ մտածում էի, որ ես հաստատ այդպես չէի վարվի:
Այդ գրքից հետո հիմնականում հրապուրվեցի պոեզիայով:
Հիմա իմ հասակակիցները շատ քիչ են կարդում: Հիմնականում օգտվում են համակարգչից,
աշխատում են իրենց հարցերի պատասխանները գտնել այնտեղ:
Իսկ ինչո՞վ է գիրքը տարբերվում համակարգչից: Տպագիր գիրքը սկսում է ապրել, լինել տեսա-
դաշտում, դառնում է մեր սեղանի գիրքը, սիրելի ընկերը, կյանքի խոսուն և արժեքավոր մաս-
նիկներից մեկը: Համակարգիչը լավ է, իհարկե, եթե դրանից օգտվում ես ճիշտ և խելամիտ: Սակայն եթե մենք նրանց համեմատում ենք, ապա համոզվում ենք, որ համակարգիչը ավելի երիտասարդ է, քան մեզ հետ, մեր կողքին  դարեր շարունակ ապրած և ապրող գիրքը:
Գիրքը մնայուն արժեք է, մարդու լավագույն բարեկամը:


Ք. Սևան, Վ.Կարապետյանի անվան թիվ 3 հիմն.դպրոց
9-րդ  դասարան
Մանուկյան Սոնա
Նյութը խմբագրված չէ. 



Rate this posting:
{[['', '']]}
{["Useless", "Boring", "Need more details", "Perfect"]}

No comments:

Post a Comment