Sunday, February 17, 2013

Շահանե Բաղրամյան: Եթե շարունակեի իմ սիրելի գիրքը

  Երբ դպրոց գնացի, արդեն գտել էի գրքերի անեզր աշխարհ մտնելու բանալին, բայց դուռը դժվարանում էի բացել: Փոքրիկ իշխանի պես պիտի ընտելանայի: …Զարմացած ու հիացած նայում էի այն գունավոր ու գեղեցիկ գրքին, որը տիրոջ իրավունքով քույրիկս էր բացում ու ինչ-որ բան սերտում: Ինքս էլ էի ուզում մտնել այդ գունագեղ աշխարհը, ափերիս մեջ վերցնել պայծառ արևը, աշնան այգում հավաքել սերկևիլն ու դեղձը, ընթրել այդտեղ պատկերված փոքրիկ ու գեղեցիկ ընտանիքի հետ, լողալ կապույտ ծովում, բարձրանալ սարն ու… էլի շատ բաներ: Բայց ես միայն թերթել կարող էի այն ու քիչ-քիչ ինքնուրույն սովորել: Իմ սերտած առաջին գիրքը Այբբենարանն էր: Հետո հասկացա, որ այն իսկական բանալի է: Առաջին ուսուցչուհիս առաջին դասարանում ինձ հանձնարարում էր հեքիաթներ կարդալ /ես այդ տարիքում արդեն կարդում էի/: Ես սիրում էի հեքիաթների հերոսների հետ զրուցել, նրանց հետ պայքարել, նրանց օգնել, զգուշացնել վտանգի մասին, ցավում էի, վշտանում, լալիս, հրճվում ու, ի վերջո, տարբեր զգացողությունների փոթորիկն աստիճանաբար քուն էր բերում աչքերիս, և հեքիաթը շարունակվում ու երջանիկ ավարտ էր ունենում իմ երազներում:                           Հեքիաթների նկատմամբ հետաքրքրությունն ինձ տարավ Թումանյանի աշխարհ: Ես սիրեցի Լոռին ու լոռեցուն: Փորձեցի հասկանալ Գաբո բիձուն, վճարել Նեսոյի ուսման համար, իսկ Գիքորի ցավից օրեր շարունակ վշտացել եմ, ուղիներ եմ փնտրել` նրան փրկելու, նրա ընտանիքին օգնելու: Ուզում էի շարունակել պատմվածքը այնպես, որ նա իր ազնիվ աշխատանքով կարողանար հարստանալ, ընտանիք կազմել ու գյուղում իր ընտանիքի անդամներին օգնել այնպես, որ նրանք անհոգ ու երջանիկ ապրեին: Երբ պատկերացնում էի նրա` իմ երազած ապագան, թեթևանում էի, հրճվում, մտածում` երանի իրական լիներ… Հետաքրքիր մի նախախնամություն ինձ օգնեց հանդիպել <<իրական հերոսին>>` Գիքորի դերակատարին: Իհարկե,արդեն մեծ էր, բայց թախծոտ ու արցունքոտ աչքերը նույնն էին: Մենք հանդիպեցինք Հաղպատի վանքում, ու համոզվեցի, որ ոչինչ հենց այնպես չի լինում: Ես ու եղբայրս մոտեցանք նրան, խնդրեցինք մեզ հետ լուսանկարավել /ի դեպ, եղբայրս ութ տարեկան է, արդեն ընթերցել է <<Գիքորը>>, դիտել ֆիլմը, հուզվել, արտասվել/: Երբ եղբայրս տեսավ, որ Գիքորը ողջ է, ուրախությունից ու հրճվանքից չգիտեր` ինչպես մոտենալ նրան, զրուցել: Նա իր իրականությունը խառնել էր Թումանյանի իրականության հետ և երջանիկ էր, որ Գիքորը ողջ է: Գիքոր կերտած ու ապրած մարդը մեզ պատմեց իր զգացողությունների, ֆիլմում իր նկարահանումների ու դժվարությունների մասին: Քանի~ տասնամյակ է անցել, ու Թումանյանն իր հող ու ջրի բույր ու համով մոտեցրեց երկու անծանոթ ընտանիքների, որոնք գուցե էլ երբեք չհանդիպեն կյանքում, դարձավ նրանց ջերմ ու հարազատ զրույցի հիմքն ու աղը: Մեր զրույցին ունկնդիր ու ակնդիր էին ամպերի մեջ մխրճված լեռներն ու այն հրաշք բնությունը, որ երբևէ իր ծալքերում պահել է Սայաթ-Նովայի` վանքի պատերից դուրս գաղտագողի հնչած երգի ելևէջները: Ինձ համար հեքիաթն ու իրականությունը խառնվել էին, ու զով քամին ասես հեռվից բերում էր Սայաթ-Նովայի մեծ սիրո մրմունջն ու հոգիս պարուրում թումանյանական պարզությամբ, անմիջականությամբ ու գորովով:
                                                                                                                                             Թումանյանի նկատմամբ սերն ու հետաքրքրությունն ինձ Լոռի տարան: Ես ծնկի իջա ամենայն հայոց բանաստեղծ ծնած հողին, շրջեցի նրանց տանն ու մոմ վառեցի նրա տան մոտ գտնվող եկեղեցում` աղոթք մրմնջալով առ Աստված, որ ես էլ Թումանյանի պես հայ եմ, շառավիղը Հայկի ու ծուռ Դավթի, որի մասին առաջինը հենց Թումանյանից եմ իմացել: Թումանյանի <<Սասունցի Դավիթ>> պոեմը ինձ ստիպեց ընթերցել <<Սասնա ծռեր>> էպոսի համահավաք բնագիրը: Ընթերցեցի` մերթ ծիծաղելով, մերթ զայրանալով, հիանալով ու հիասթափվելով, սիրելով ու հավատալով: Հասկացա, որ բնության տարրերն անգամ /հողը, ջուրը, կրակը, օդը/ մեզ համար խաչ են դառնում, ու մենք խաչի զորությամբ է երևի, որ մեր էպոսի` անգամ բացասական հերոսներին օժտել ենք դրական հատկանիշներով: Ես երկու անգամ ընթերցել եմ էպոսը ու դեռ չեմ կարողացել լրիվ վերծանել: Երևի շատ պիտի կարդամ, որ հասկանամ այն գաղտնիքները, որոնց շնորհիվ մեր էպոսը աշխարհում լավագույնն է ճանաչվել: Բայց ես ուզում եմ ուրիշ կերպ ավարտել  էպոսը: Ես ուզում եմ, որ Մհերը դուրս գա Ագռավաքարից, ուզում եմ կռիվ տա յոթգլխանի դևերի հետ, հետևի իր նախնիների օրինակին, հարցնի արտատեր պառավին, ձայնի մյուս քաջերին ու Սասունն ազատի: Նստի Քուռկիկ Ջալալին, վերցնի իր հոր Թուր Կեծակին, հասնի Մուշ, Վան, պտտվի <<էրգրով>> մեկ, միացնի բոլորին իրար, քանդի <<էրգիրն>> երկու մասի բաժանող <<սատանայի կամուրջն>> ու արժանանա հոր ներմանը: Ուզում եմ , որ Դավիթը հայտնվի Մհերի երազում, անեծքը հետ վերցնի, բացի անձավի դուռն ու որդուն օրհնի, որ ավարտին հասցնի իր կիսատ թողած գործը: Մհերի ազատությունն ու հաղթանակը կլինի իմ ժողովրդի հաղթանակը: Ուզում եմ, որ Մհերի հաղթանակով իմ երկրի հաղթանակներն էլ նյութական լինեն, ոչ` բարոյական, ու մենք էլի պայքարենք, բայց ոչ թե կորցրածը հետ բերելու, այլ եղածը ավելի լավը դարձնելու, արարելու, ստեղծելու համար:                                         Ուզում եմ, որ Մհերն ամուսնանա մի գեղանի հայուհու հետ, գուսաններ ուղարկի` գովերգելու իր առնական գեղեցկությունն ու քաջությունը, պատմելու իր նախնիների հերոսական անցալի ու փառահեղ ապագա ունենալու մեծ երազանքների մասին: Ուզում եմ, որ սիրուց խենթանա այդ գեղանի հայուհին ու, ինչպես էպոսում, նորից Դավիթ ծնվի, այսինքն` Սասնա տնից նորից ծուխ ելնի, ու մենք լինենք… հաղթական, հզոր, անընդհատ գտնող ու արարող, շարունակվող…                                                          Ես սիրում եմ նաև արկածային գրականություն` Ջեկ Լոնդոն, Մայն Ռիդ, Ժյուլ Վեռն, բայց կարծում եմ` ամեն իրեն հայ համարող ընթերցասերի համար գրադարանը պիտի սկսվի էպոսով: Ես սիրեցի մեր էպոսը, հասկացա, որ այն մի հին ժողովրդի` աշխարհին ներկայանալու անձնագիր է…


Արարատի մարզ, Նոր Խարբերդ, Հովհ. Թլկատինցու անվան թ. 1 միջն. դպրոց
9-րդ դասարան,
Շահանե Բաղրամյան
Նյութը խմբագրված չէ.

Rate this posting:
{[['', '']]}
{["Useless", "Boring", "Need more details", "Perfect"]}

No comments:

Post a Comment