Saturday, February 16, 2013

Արեգ Հարությունյան: Գիրքը, որը սովորեցրեց ինձ ապրել


         Շատ էի լսել գրքի հրաշագործ զորության մասին: Ուսուցիչները հաճախ էին հատկանշում հայ մարդու կյանքում գրքի վճռորոշ և ուղենշող դերը: Սակայն այդ խոսքերի իմաստը հասկացա Նապոլեոն Հիլլի «Խորհի´ր և կհարստանաս» գիրքն ընթերցելուց հետո:
Այն իմ ուշադրությունը գրավեց ոչ թե մեր հասրակության որոշ շերտերի համակած հարստանալու, փող կուտակելու, իշխանության ու դիրքի հասնելու մարմաջը, այլ այս գրքի հայերեն առաջին հրատարակիչ Վարուժան Հարթենյանի այն խոստովանությունը, որ առաջին էջերի ընթերցանությունը անսահման հետաքրքրասիրություն են բորբոքում, մանավանդ` մտերմիկ զրույցի, չպարտադրող խորհրդատվության տպավորություն թողնում ընթերցողի վրա: Իսկ տիտղոսաթերթի «Ձեր հաջողության բանալին փնտրեք այս գրքում…» գովազդը անմիջապես ներգործեց ծրագրերի ու երազանքների օվկիանոս նավարկության դուրս գալու առաջին քայլերն անողիս երևակայության ու գիտակցության վրա:
      Առաջին քայլն, ըստ գրքի հեղինակի, ցանկությունն է: Երբ այն հաղթանակի ու նպատակասլացության համար կենտրոնացնում է բոլոր ուժերն ու հնարավորությունները, այլևս նահանջի մասին կարելի է մոռանալ և վայելել հաղթանակը:
Ֆրանսիացի իմաստասեր Միշել Մոնտենը շա՜տ ավելի վաղ է ասել, որ հազար պատճառ է մեզ շեղում բուն նպատակից, մինչդեռ դեպի այն տանում է սոսկ մեկը:
       Երկրորդ քայլը հավատն է: Այն անհրաժեշտ է հաջողության համար: Հավատը կարելի է հարուցել և ամրապնդել` գամելով ենթագիտակցության մեջ հարկավոր մտքերը, որոնք կարող են ձեռք բերել մագնիսականություն, ձգելով դեպի իրենց ոգով մերձ մտքեր և տրամադրելով այլ մարդկանց ներդաշնակ աշխատելու:
      Երրորդ քայլը ինքնաներշնչումն է: Ոգևորությունը մեծարժեք բան է և չի հանդուրժում հետաձգում: Այս ամենը, սակայն, առանց մասնագիտական (հատուկ) գիտելիքների արդյունավետ չի լինի: Գիտելիքը ներունակություն է, կարողություն և ուժ: Այն ճանապարհ է հարթում դեպի բուն նպատակը, երբ նախօրոք խելամտորեն ընտրված է ճիշտ ճանապարհը:

          Չորրորդ քայլը երևակայությունն է, որն իբրև մտքի արհեստանոց` պարունակում է  մեր հնարավորությունները և ընդունակ է մտավոր էներգիան փոխարկել մեծագործության և բարեկեցության: Միայն պետք է աշխատել, որպեսզի համադրական և ստեղծագործական երևակայությունը օգնեն իրար այնպես, ինչպես աջ և ձախ ձեռքերը:  Հաջորդ քայլը խելամիտ պլանավորումն է: Հաջողության գրավականը կշռադատված գործողությունների պլան ունենալն է: Յոթերորդ քայլը որոշում ընդունելու կարողությունն է: Անհաջողության էական պատճառներից է անվճռականությունը: Արդյունավետ որոշումներ ընդունելու համար անհրաժեշտ է վերլուծություններ կատարել, հետևելով ուրիշների օրինակին ու փորձին:
Հաջորդ քայլը հաստատակամության(համառամտության) դրսևորումն է: Գիտակցելով դեպի նպատակը տանող ճանապարհին ընկած բոլոր թերություններն ու ազատվելով դրանցից, մեր հաստատակամությունը կարող ենք վերափոխել համոզվածության, փորձառության և ուժի: Համառության և հաստատակամության հիմքը, ըստ գրքի հեղինակի, համարձակորեն կարելի է համարել կամքի ուժը:
      Այլ գործոնների թվում Նապոլեոն Հիլլը հատկանշում է ենթագիտակցությունը: Այն, հեղինակի կարծիքով, ինչպես քնած հսկա, սպասում է պատեհության` աջակցելու մեզ մեր բոլոր ձգտումներում: Չէ՞ որ հենց դրական մտածողություն ծնող ենթագիտակցությունն է մոտեցնում ցանկալիին: Ենթագիտակցության համար միևնույն է` հաջողությա՞ն, թե՞ պարտության օգտին աշխատել: Ընտրությունը մերն է: Եթե գործի գցենք միայն դրական զգացումները, բացասականի համար տեղ չի մնա մեր գիտակցության մեջ:
Գրքի հեղինակը հավաստիացնում է, որ նախորդ քայլերն անելուց հետո, մեր գիտակցության յուրաքանչյուր անկյունում նոր, ապշեցուցիչ հնարավորություններ կբացվեն, և կմնա օգտագործել արագ, հստակ և արդյունավետ մտածելու մեր ընդունակությունը:
       Գրքի ընթերցանությունն ավարտելուց հետո ինձ թվաց, թե մի աներևույթ ներքին ուժ արթնացավ` պատրաստ  հաղթահարելու բոլոր արգելքները և ապահովելու հաջողությունը:  Գրքի հաղորդած կենսական էներգիան մղում է դեռ մի քանի օր առաջ  համարձակ ու հանդգուն թվացող քայլերի…
     Բազմաթիվ խորհուրդներ պարունակող այս գիրքը, որն առաջին հայացքից ուրվագծում է դրամ ունենալու ցանկությունը կենսագործելու ուղիները, առավելապես հոգեկան ներդաշնակման ու  ինքնատիրապետման խնդիրներ է լուծում: Ավելին` դրդում է խորհել ինքնադաստիրակության հնարավոր ուղիների ու եղանակների մասին: Ինչպես գրքի համառոտ շարադրանքում է նշված` հեղինակի հիմնական մտասևեռումներից  մեկն այն է, որ հարստության նյութական և հոգևոր դրսևորումները ներաշխարհային միևնույն կազմակերպումով ու պատրաստությամբ են ձեռք բերվում: Եվ անհատի ու հանրության  հասունությամբ է հաստատագրվում «Նյութականը միջոց է, հոգևորը` նպատակ» հանրահայտ ճշմարտությունը…
Իրենց մեջ եղած պարտվողական հոգեբանությունը  հաջողության գիտակցմամբ վերափոխելու մարդկանց ձգտումներում օգնելու գրքի նախորոշված նպատակը   հոգեհարազատորեն ընկալելի է ընթերցողի, մանավանդ` նրանց համար, ովքեր խորապես գիտակցում են ինքնաճանաչման  ու ինքնակայացման անհրաժեշտությունը և փայփայում են համընդհանուր բարօրության ծրագրեր կյանքի կոչելու հույսեր:
Կարող եմ փաստել, որ այս գիրքն ինձ սովորեցրեց այնպիսի որակական հատկությունների ձգտել, ինչպիսիք են աշխատասիրությունը, կամքը, համառությունը, դժվարություններից չհուսահատվելու և դրանք ճիշտ ճանապարհներով հաղթահարելու ընդունակությունը, կարգապահությունը և հետևողականությունը, գիտակցության և ենթագիտակցության «կառավարման»,  դրանց փոխհարաբերության ու ներդաշնակության կարգավորման հնարավորությունը, ինքնաճանաչման ու ինքնակայացման նպատակասլացությունը:
          Այս ամենի մասին ինձ հետ զրուցել է մի մարդ, որը երկար տարիներ զբաղվել է բարձր դիրքի և մեծ կարողությունների հասած հարյուրավոր մարդկանց գործունեության ու գաղափարների ուսումնասիրությամբ:
         Եվ ինչպես նա է այս գիրքը գրելուց կես դար առաջ իր գաղափարական հոր` շոտլանդացի Էնդրյու Կարնեգիին խոստացել տասնյակ տարիներ նվիրել հաջողության գաղտնիք-բանաձևը աշխարհով մեկ տարածելու գործունեությանը, այնպես էլ ես, ի նշան երախտագիտության ապրել սովորեցրած հեղինակի, խոստանում եմ այսուհետև ապրել մեծերի դրական օրինակով ու պատգամներով, որոնք, համոզված եմ` կօգնեն պիտանի մարդ դառնալ մեր հասարակության ու պետության համար:

Շուշիի Մուրացանի անվան ավագ դպրոց.
10-րդ դասարան.
Արեգ Հարությունյան
Նյութը խմբագրված չէ.

Rate this posting:
{[['', '']]}
{["Useless", "Boring", "Need more details", "Perfect"]}

No comments:

Post a Comment