Sunday, February 17, 2013

Նաիրի Հարությունյան: Ո՞ր գրքում կուզենայի ապրել


 Ես սովորում եմ 12-րդ դասարանում, ավելի ճիշտ, տասնամեկատասներկուերորդ դասարանում: Այս ոչ սովորական դասարանը կոչվում է երկկազմ: Մի շարքում նստում են 13 տասնմեկերորդցիներ, մյուս շարքում մենք՝ 5 տասներկուերորդցիներս: Ահա այս ձևով գյուղացի երեխաներս իբր կրթություն ենք ստանում:
Անհնար է, սխալ է...
Ինչի՞ կամ ու՞մ հաշվին է այս անհասկանալի տնտեսումը:
Նման դասարանում անհնար է գիտելիք ստանալը: Ես և ինձ նման հազարավոր գյուղացի աշակերտներ իրավունք ունենք և պետք է սովորենք նորմալ պայմաններում:
Շատ հարգելի և անձնվեր իմ ուսուցիչնե՛ր, մենք տեսնում և զգում ենք՝ դուք ամեն ջանք թափում եք մեզ գիտելիքներ տալու համար, սակայն հնարավոր չէ: Իբրև աշակերտ՝ ես գտնում եմ, որ կրթական շատ բարեփոխումներ պետք է կատարվեն:
Ինձ համար շատ ցավալի է իմ դասընկերների և ընդհանրապես իմ տարեկիցների բարեկիրթ չլինելը, չսովորելը, նպատակներ չունենալը ու դրանց համար չպայքարելը:
 Նրանց մեծ մասի միակ երազանքը Հայաստանից հեռանալն է:
Ինչու՞, ի՞նչն է պատճառը:
Տարիքս ներում է, արդեն հասկանում եմ, թե ինչու:
Տխուր է, լավ չէ...
Հիշում եմ, երբ փոքր էի՝ 7-8 տարեկան, երազում էի հեռուստացույցով տեսած այն մեծ նավի նավապետը դառնալ:
 Բայց երբ մի օր Սևանի ափին շատ երկար փնտրեցի և չգտա այդ նավը, հայրիկս ասաց, որ այստեղ չեմ գտնի երբեք, որովհետև Սևանը այդ նավի համար շատ փոքր է. հուսախաբությունս անասելի մեծ էր:
Մի օր զարմիկիս ցույց տվեցի իմ նկարած ծիծեռնակի թևերով ավտոմեքենան, որը պետք է թռչեր օդով, սլանար ճանապարհով, և ասացի, որ  Երևանի գործարանում եմ սարքել տալու: Նա ծիծաղեց՝ բա չե՛ս սարքի: Հուսահատությունից պատռեցի թուղթը և լաց եղա:
 Ողբերգությունս իր գագաթնակետին հասավ, երբ ինձնից տարիքով մեծ ընկերս ասաց, թե Ստալոնեի նման դերասան դառնալու համար շատ անգիրներ պետք է սովորեմ, սպորտդպրոց գնամ, հետո ծնված պետք է լինեմ Ամերիկայում, որը աշխարհի մյուս ծայրին է: Այս հարվածն  արդեն անտանելի էր. ես էլ չեի ուզում ապրել, ուզում էի մեռնել:
 Այսպես ահա երազելով ու հուսախաբվելով մեծացա, հասա տասնմեկատասներկուերորդ դասարան:
Կատարյա՜լ երջանկություն ...
Հիմա արդեն ոչ թե երազանք, այլ լուրջ նպատակ ունեմ: Ուզում եմ դառնալ միջազգային չափանիշների տնտեսագետ, զբաղվել քաղաքականությամբ, Հայաստանում մեծ և շատ արագ տնտեսական ու քաղաքական բարեփոխումներ կատարել: Հնարավոր է, կստացվի հուսով եմ ...
Հաճախ եմ ինքս ինձ հարց տալիս, թե վերջապես ինչու չենք կարողանում ոտքի կանգնեցնել Հայաստանը: Որտե՞ղ է թաքնված հավերժական թվացող ձախողումների պատճառը:
Պատմության ընթացքում մեր նախնիներն էլ են անընդհատ կորցրել. շատ-շատից մեզ քիչ են թողել: Ինչու՞...

Քրքրում, փորփրում եմ, և փնտրտուքս ինձ հասցնում է մինչև իմ ժողովրդի կերտած դրամատիկ պատմության ակունքները:
Ինչպես Խորենացին է իր <<Հայոց պատմության>> ԻԲ գլխում երազում, որ երանի <<նրանց(հայ թագավորների) ժամանակ ես աշխարհ եկած լինեի... և այժմյան վտանգներից խուսափած լինեի...>>
Ես էլ կուզենայի  ծնված, ավելի շուտ ապրած լինեի մեծ Քերթողահոր նկարագրած ժամանակներում: Լինեի նրա վիպական հերոսներից մեկը, Քեռի Թորոսի նման ապրեի բոլոր հերոսների հետ և կանխեի նրանց  սխալ քայլերն ու արարքները: Հետագա դարերում, ինչպես և մեր ժամանակներում կյանքը բոլորովին այլ կլիներ, համոզված եմ:
 Իմ երազանքները այլևս դատապարտված չէին լինի չկատարվելու:
Իմ անունը Նաիրի է: Ես կուզենայի հենց իմ անունով լիներ մեծն Քերթողահոր նկարագրած հերոսներից մեկը: Ահա թե ինչ կգրեր Պատմահայրը իմ մասին.
<<Այս Նաիրին, որը Արամազդի որդին է, ինչպես Գողթան երգիչներն են երգում, ծնվել է Տիգրանակերտ քաղաքում: Նրա մայրը չքնաղ կույս Հայկուհին էր, որը Արամազդին հաճախ էր մրգեր և դրախտային այլազան պտուղներ ընծայում>>: Այսպես պատմիչը կներկայացներ իմ դյուցազնական ծնունդը և կշարունակեր, որ ես ծնվել եմ 12 ամսում, մեծացել ժամերով և 10 տարեկանում դարձել եմ իսկական դյուցազուն, որին ժողովուրդը սիրում և հավատում է:
Ապա Խորենացին կպատմեր իմ իրական և ոչ այնքան իրական գործերի ու քաջագործությունների մասին: Թե ինչպես Երվանդունի, Արտաշեսյան արքաների և ժողովրդի հետ կառուցեցի մեծ քաղաքներ, ջրանցքներ: Ավանները, ոստանները  շրջապատեցի հաստաբեստ պարիսպներով, ու էլի շատ մեծ քաջագործություններ:
Նա առանց չափազանցության կշարունակեր.
<<Քաջազուն Նաիրին դարձավ հայ ժողովրդի  ամենասիրելի դյուցազնը: Ժողովուրդն անվերապահորեն հավատում էր նրան, քանզի նա շրջում էր ողջ Հայաստանով և գովեստի ու հարգանքների արժանի շատ գործեր կատարում մեզանում: Արքաները և ողջ ժողովուրդը նրան համարում էր  հայրենապաշտություն, ազգային արժանապատվություն և ողջախոհություն սփռող հերոս, քանզի նա իր աշխետ ձիով հայտնվում էր այնտեղ, ուր այդ ամենը տկարանում էր>>:

 Խորենացին ապրում էր Արշակունիների թագավորության անկման ժամանակ: Իբրև մեծ քաղաքագետ՝ նա լավ էր հասկանանում Հայքի (սիրում եմ այս անվանումը) թուլացման պատճառները՝ Հռոմի և Պարսկաստանի հզորացումը, Արշակունի արքաների կախյալ վիճակը նրանցից, իրար դավաճանելը, նախարարարական գժտությունները:
 Ես կհայտվեի յուրաքանչյուրի կողքին, կհորդորեի, կպահանջեի վերջ տալ ազգակործան մատնություններին, նախանձությանն ու ազգակիցներին այլազգիների մոտ ամբաստանելուն:
 Ավա՜ղ, պատմությունը դաժան է:
 Աշախարհի երբեմնի հզոր պետություններից մեկը՝ Մեծ Հայքը, կամաց-կամաց հալվեց, տրոհվեց, փոքրացավ, դարձավ մի փոքր ու քարքարոտ Հայաստան:
 Ի՜նչ արած, ստիպված եմ էլի երազել:
     Եթե հրաշքով ես այն ժամանակ ապրեի, ապա Քերթողահայրը իմ մասին կգրեր այպես. <<Նաիրին ապրեց 3000 տարի: Բազում մեծ և երևելի գործեր կատարեց: Երբ հայոց գահը անցավ պարսիկ Վաղարշակ Արշակունի թագավորին, Նաիրին կորցրեց իր հանգստությունը: Նա ամենուրեք էր՝ պալատներում, քաղաքներում, տաճարներում: Նա կարողացավ պարսիկ շատ արաքաների հայացնել և հզորացնել մեր երկիրը: Նրա շնորհիվ Հայքը ծաղկում էր: Նրան հարկատու էին և դաշնակից Վիրքը, Աղվանքը, Պարսկաստանը և Հռոմը>>:
 Ահա այսպես բարվոք վիճակում,  հզոր և ինքնիշխան Արշակունյաց թագավորությունը կհանձնեի ապագա դարերին:
 Մեծ Պատմահայրը << Ողբի> փոխարեն մի հրաշալի << Ձոն> կգրեր և երևելի բազում արքաների կողքին կհիշատակեր նաև իմ՝ Նաիրիիս անունը՝ իբրև Մեծ Հայքի ամբողջականությունը պահպանած և բոլոր արքաներին, նախարարներին ու ժողովրդին միասնականության ու հայրենապաշտության ուխտի շուրջ համախմբած դյուցազնի:
 Արշակունյաց թագավորության անկումը նկարագրող գլուխը Խորենացին անվանել է.<< Մեր հայրենիքի պատմության ավարտը>>: Այս վերնագրի մեջ անգամ շատ մեծ ցավ կա: Ազնիվ հայրենասերը թագավորության անկման վնասները այնքան մեծ էր համարում, որ զգում էր այն նույն հզորությամբ վերականգնելու անհնարինությունը: Նա գուժում էր Մեծ Հայքի մահվան բոթը՝ իբրև հետագա սերունդներին սթափեցնելու և նույն սխալները չգործելու դաս: Բայց իզուր. Ո՛չ հետագա դարերում, ո՛չ էլ հիմա մենք չկարողացանք ազգովի ձերբազատվել մեզ անտեղի կործանելու<< սովորությունից>>:
 Անցածն անցել է: Ավելի դաժան ու հզոր ճակատամարտեր դեռ ունեք տալու: Եվ ո՞վ է հնչեցնելու այդ ահեղ մարտի շեփորը… Սպասում ենք…
 Ես հիմա իմ ժամանակի հերոսն եմ: Իմ երազած հայրենիքը կերտելու համար շատ մեծ և իրականանալի ծրագրեր ունեմ ու առանց որևէ բանից երկնչելու՝  պայքարելու եմ դրանց իրականացման համար: Հավատում եմ, որ տարիներ անց Խորենացու նման մեծ պատմաբանը դարերին է հանձնելու Անկախ, Միացյալ Հայաստանի պատմությունը, որի հերոսներից մեկն էլ ես եմ լինելու:  

Նաիրի հարությունյան.
Նյութը խմբագրված չէ.

Rate this posting:
{[['', '']]}
{["Useless", "Boring", "Need more details", "Perfect"]}

No comments:

Post a Comment