<<Ինչ մարդն ու նրա գործն է, այն էլ նրա պատմությունն է>>:
Մովսես Խորենացու այս իմաստուն խոսքերը կարելի է վերագրել յուրաքանչյուր մարդու, ով իրենից հետո թողել է անջնջելի հետք իր սեփական ժողովրդի պատմության էջերում:
Անցյալ դարի սկզբին ահավոր ցնցում ապրեց հայ ժողովուրդը, կորցրեց իր հազարամյա հայրենիքի մեծագույն մասը, անմարդկային ձևերով ոչնչացվեցին մեկուկես միլիոն երիտասարդներ, ծերեր ու մանուկներ:
Գազանաբար սպանվեց հայ մտավորականների մի մեծ խումբ` Վարուժան, Սիամանթո, Զոհրապ…
Կորստի կսկիծից խելագարվեց Կոմիտասը: Սկսվեց գաղթը, քսաներորդ դարի առաջին ու մեծագույն ցեղասպանությունը, որի ընթացքում հազարամյակների քաղաքակրթություն ունեցող հայ ժողովուրդն անցավ գեհենի ճանապարհով: Երիտթուրքերի նպատակն էր բնաջնջել հայությանը, բայց հակառակ նրանց` շատ հայեր դիմացան գաղթի ճանապարհի դժվարություններին ու հասան փրկության ափեր` Հալեպ, Երուսաղեմ, Բեյրութ…
Սփռվեցին աշխարհով մեկ: Արաբական անծայրածիր անապատներում իրենց կյանքի վերջին հանգրվանը գտան բազմաթիվ հայեր…
Նրանցից մեկն էր Սողոմոն Թեհլերյանը, ում աչքի առաջ խոշտանգվեցին ու գազանաբար սպանվեցին նրա ընտանիքի բոլոր անդամները` մեծից փոքր…
Անցան տարիներ…
Ես երազում էի ու մտովի տեղափոխվում Գերմանիայի մայրաքաղաք Բեռլին, հանդիպում իմ սիրելի հերոսին` Թեհլերյանին: Նա բնակվում էր նույն փողոցում, որտեղ իմ բնակարանն էր: Մենք ծանոթացանք փողոցում, որի մյուս ծայրում գտնվում էր ուսումնարանը, ուր ես սովորում էի:
Մենք անմիջապես կռահեցինք, որ հայ ենք: Ես զգում էի, որ նա միշտ մտազբաղ է և անհանգիստ: Ամեն օր հանդիպում էինք, զրուցում: Նա միշտ տխուր էր, երբեք չէր ծիծաղում, թույլ ժպտում էր. նրա աչքերում տարօրինակ կայծեր կային:
Ի վերջո մի օր նա պատմեց իր վիշտը. վրեժխնդրությունից վառվում էր, այդ զգացողությունը պարուրեց նաև ինձ, ես հիշեցի տատիս տատի պատմությունը: Որքան նման էին նրանց ճակատագրերը: Ատելությունը թուրք ջարդարարների նկատմամբ իմ հոգում բազմապատկվեց: Նա ատելությամբ և զայրույթով անընդհատ Թալեաթի անունն էր հիշում, և անհանգստությունն ավելի էր պատում նրան: Ինձ թվում էր, թե Սողոմոնը ինչ-որ բանի է նախապատրաստվում` չուզենալով ինձ խառնել իր գործին:
Մարտի 15-ն էր: մենք քայլում էինք Հարդենբերգ փողոցով. մի պահ նա քարացավ, նայեց ինձ ու ձեռքի ատրճանակը ուղղեց դեպի առջևից գնացող մարդը և գոչեց` Թալեաթ:
Ես ոչինչ չհարցրի, ես ամեն ինչ հասկացա: Գրկեցի նրան ու արցունքներս անարգել հոսեցին աչքերիցս: Արցունքներիս միջից զգացի, որ մարդիկ կամաց-կամաց շրջապատում են մեզ: Աչքերս փակեցի ու տեսա մեր նահատակների գոհունակ դեմքերը, իսկ մեր երկուսի գլխավերևում փողփողում էր մեր ժողովրդի պատվի դրոշը:
Բացի աչքերս ու շտապեցի գրադարակից հանել <<Սողոմոն Թեհլերյանի դատավարությունը>> գիրքը և ընթերցել կրկին ու կրկին:
ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևանի
Մ. Մաշտոցի անվան N1 հիմնական դպրոց.
9-րդ դասարան.
Հասմիկ Հովհաննիսյան
Նյութը խմբագրված չէ.
{[['', '']]}
{["Useless", "Boring", "Need more details", "Perfect"]}
No comments:
Post a Comment