Saturday, February 16, 2013

Անի Ղազարյան:Գիրքը, որը սովորեցրեց ինձ ապրել



Հարուստ է գրքերի աշխարհը` հրաշքներով ու գույներով լի, որոնցից յուրաքանչյուրը հետաքրքիր է յուրովի: Ամեն մի գիրք ունի ասելիք, բովանդակություն, մտքի թռիչք:Գիրք կարդալիս կարծես կորչում է «ժամանակ» հասկացողությունը, և ամեն ինչ սկսվում է անորոշությունից:
     Ինձ թվում է `գիրքը մարդու կողմից ստեղծված ամենազորեղ հրաշալիքներից մեկն է:  Երևի կհարցնեք` ինչու, պատասխանս մեկն է. «Անկախ ազգությունից, դավանանքից, բոլոր ժամանակներում լավագույն գրքերը, որոնք արտացոլում են տվյալ հասարակության մեջ ապրող մարգու հոգին, ձգտումները, կյանքը, պայքարը, հայտնագործությունները, մնայուն արժեքները են համարվել, ձեռակերտ հրաշալիքներ…»:
Իսկ երբ խոսք է բացվում հայ մարդու մասին, նրա պետականության սկզբնավորման, ձևավորման, նրա գոյատևման և պայքարի, դեպի հավերժը գնալու աննկուն պայքարի և հայտնագործությունների մասին, ես, առանց երկմտելու, իմ խոհերով ու հույզերով տեղափոխվում եմ խոր միջնադար, այո՛, միջնադար` հայ և համաշխարհային վերածննդի գրականության գլուխգործոց «Մատյան ողբերգության» պոեմը, որը հետագայում ժողովրդի կողմից «Նարեկ» կոչվեց:

    «Նարեկը», ինչպես արդեն հայտնի է, կառուցված է միջնադարյան հայկական եկեղեցու նմանողությամբ. ունի գավիթ, սրահ և խորան, ամեն մի հատված-կառույց ունի իր նշանակությունը: Ավելացնենք, որ այս «եկեղեցին» անկենդան չէ, այլ զարդարված խաչքարերով, որմնանկարներով, վառվող մոմերով, լցված է խունկի բուրմունքով և հոգեպարար երաժշտությանբ:
Ըստ Նարեկացու` հոգին մարդուն մղում է դեպի վեր, դեպի մաքուր երկինք, իսկ մարմինը քաշում է դեպի վար, դեպի երկրային կյանքի կեղտոտ ճահիճը: Նարեկացին ողբում և աղոթում է ոչ թե իբրև առանձին անձ, անհատ մարդ, այլ իր մեջ խտացնում է մեղսագործ մարդկությանը`առանց տարիքային ու դասային խտրության: «Ես եմ բոլորը, և բոլոր մարդկանց մեղքերն են իմ մեջ»: Ահա թե ինչու այս գիրքը` «Նարեկը», ունի համամարդկային հնչեղություն, մարդասիրական բովանդակություն, քանի որ Նարեկացու նպատակը եղել է կատարելագործել ողջ մարդկությանը: Նա համարձակորեն վեր է հանել 10-րդ դարի մարդկային թուլությունները, մեղքերը:Եթե Աստծո որդին`Քրիստոսը, խաչվեց հանուն մարդկության փրկության, ապա Նարեկացին մարդկության անունից մեղա է գալիս, աղերսում է Աստծուն` թողություն տալ համայն մարդկությանը, որովհետև մեղավոր են. «Թագավոր, կայսր հոգեկործան, զրկող զորավար, արբեցող պաշտոնյա, բանսարկու պատգամավոր…»: Ըստ Նարեկացու` կյանքը հակասությունների շղթա է. մարդու հոգին եկվությունից բզկտվում է, ցավոք, չարն է հաղթում:
     Ճիշտ է, Նարեկացին ողբում է իր ժամանակաշրջանը, մարդուն, բայց այս ճիչը պոռթկում է մարդասեր հոգուց: Նա փառաբանում է մարդուն և ցանկանում է, որ աշխարհը, մարդը լինեն անբասիր ու անաղարտ:
     Բոլոր ժամանակներում մարդը նույնն է, և իրավացի է Վ. Սարոյանը. «Քարանձավից մինչև այսօր մարդը փոխել է միայն իր շորերը»: Եվ, իսկապես, ահա մի գիրք, որ կարելի է կոչել անմահ հուշարձան` մի անլռելի զանգակատուն, որը ինձ և իմ նմաններին սովորեցնում է ճիշտ ապրել, որը ես կատարելապես դեռ չեմ հասցրել յուրացնել:
   Եվ ինչպես Հովհաննես Թումանյանն է ասել. «Հայի կրակված սիրտն է ,որ այրվում է երկիրը բռնած, տանջված հոգին է, որ մռնչում է մինչև երկինք»: 


Երևանի թ. 84 դպրոց.
  9-րդ դասարան.
Անի Ղազարյան
Նյութը խմբագրված չէ.

Rate this posting:
{[['', '']]}
{["Useless", "Boring", "Need more details", "Perfect"]}

1 comment:

  1. Յուրովի մեկնաբանություն է տրված «Նարեկ» գրքին: Ինձ շատ դուր եկավ:

    ReplyDelete