Շատ գրքեր, ստեղծագործություններ կան, որոնք մտքի թռիչքներ են, անեզր երևակայության արդյունք, իրականության արտացոլանք, հայացքների պայքար, անցյալից էջեր...Ամենն էլ յուրովի յուրահատուկ են, անօրինակ:
Մարդու համար սիրելի կարող են լինել շատ գրքեր, բայց կատարյալ է միայն մեկը:Լինում է մի այնպիսինը, որից պոկվել, կտրվել առհասարակ չի հաջողվում: Երբ կարդում ես ու մտովի տեղափոխվում նրանց աշխարհ, քո հերոսների մոտ ու սկսում ես ապրել նրանց կյանքով, նրանց հետ ժպտում, տխրում, ուրախանում... Կա մի այնպիսինը, որից հետո փոխվում են աշխարհայացքդ, կարծիքներդ, ու ինքնին դու փոխվում ես, գուցե նաև նմանվում կամ ձգտում նմանվել քո հերոսին:
Կյանքի տարբեր ժամանակահատվածներում մարդուն հետաքրքրում է որոշակի գրականություն: Երբ փոքր են, սիրում են հեքիաթներ, դեռահասության ժամանակ հետաքրքրում են ռոմանտիզմի հետևորդների ստեղծագործությունները, հայրենասիրական երկերը, պատանեկության շրջանում` ավելի շատ պոեզիան, իսկ ավելի հասուն տարիքում` ռեալիզմը:
Իսկ ինձ հետաքրքրել է իմ ազգի պատմությունը: Միշտ ցանկացել եմ ավելին իմանալ արմատներիս մասին, խորասուզվել երկրիս պատմության մեջ, ճանաչել նախնիներիս, գտնել ու բացահայտել այն, ինչ դեռ ոչ ոք չի լուսաբանել:
Տասնչորս տարեկան էի, երբ խորհուրդ տվեցին կարդալ Խաչիկ Դաշտենցի «Ռանչպարների կանչը»: Տասնչորս տարեկան էի, երբ փոխվեց ինձ շրջապատող աշխարհը, փոխվեցին խոհերս , մտքերս, փոխվեցի ես:
Հետաքրքրեց գրքի ամեն նախադասություն, ամեն երգ, ամեն պար...Փորձեցի գտնել, սովորել, իմանալ: Ու գտա, սովորեցի, իմացա, գնահատեցի:
Եթե մինչ այդ լսում էի դարի շունչը դարձած արտասահմանյան հիթերը, այդուհետ հետաքրքրեցին իմ երկրի, ժողովրդի ազգային երգերը. երգեր, որոնց մոգական հնչյունների ներքո հայ մայրերը քուն են իջեցրել հայ մանուկների աչքերին, որոնք էլ տարիներ հետո պիտի դառնային ազգի հերոսներ ու այդ նույն երգերի ներքո տանեին հաղթանակ մեր թշնամիների դեմ մղվող պայքարում: Երգեր, որոնք երգել են ֆիդայիները կռվից առաջ, հաղթանակի ժամանակ: Երբ հասակակիցներս սովորում էին ժամանակակից պարեր, ես ջանում էի սովորել քոչարի, յարխուշտա, իշխանաց պար, ֆնջան, գորանի... Այս պարերը պարել են նրանք, այս պարերը մեր պատմության արտացոլանքն են:
«Ռանչպարների կանչը». Ստեղծագործություն, որտեղ արտացոլված է հայության ուժն ու կորովը, նրա ոգին, անպարտելի սիրտն ու այդ սրտում բույն դրած հայրենիքի ցավը: Ֆիդայական կյանքի բոլոր օրենքները, նրանց նվիրվածությունը, հավատը և ձգտումը: Ստեղծագործություն, որտեղ ցայտուն կերպով երևում է ժողովրդի միասնությունը, նրանց համախմբվածությունը:
Ու թե մինչ ընթերցանությունը հպարտանում էի, որ հայ եմ, այդուհետ հպարտությունս ու պարծանքս հազարապատկվեցին: Ինչպե̉̉ս չհպարտանալ, որ զավակն ես այն ազգի, ով ծնել է Արաբո, Աղբյուր Սերոբ, Սոսե, Չաուշ, Զորավար Անդրանիկ…Նրանք մեր ազգի, պատմության հենասյուներից են, ժողովրդի հույսն ու հավատը: Նրանք անպարտ էին` մեկն իր տեսքով, մյուսը ձայնով, մյուսն էլ բազկի ուժով: Հերոսներ, որոնց անունը անմահացել է դարերի խորքում, դրոշմվել հայոց պատմության սրբազան էջերի վրա, հայ հայրենասերի սրտին:
Կցանկանայի ապրել նրանց ժամանակներում, լինել Սոսեի պես խիզախ, ունենալ նրա նվիրվածության ու հայրենասիրության գոնե կեսը: Կցանկանայի ես ել մի օր պատանի Սմբատի պես դուրս վազել դասարանից ու գնալ:Գնալ իմ հերոսների մոտ: Քանզի իմ սիրտն էլ սարերում է, հոգիս հեռուն է տենչում, բայց միտքս հատվում է ժամանակի հետ… Ու մի պահ թևաթափ եմ լինում` գիտակցելով, որ սարերում չեմ գտնի նրանց, եթե ոչ իմ երազների կամ երևակայության խենթ ալիքների մեջ:
Այս գիրքն ինձ սովորեցրեց ապրել, գործել ու մտածել հայեցի, ձգտել լինել իսկական հայուհի. օտարի, կեղծի փոխարեն նախնտրել մերը, հայկականը: Եթե ապրել ու լինել հայ, ապա արժանի լինել այդ կոչմանը, արժանի լինել որպես նրանց հետևորդ:
Եթե պարել` ապա միայն մեր ազգային պարերը, եթե երգել` միայն մեր ազգային երգերը, որոնք մեզ ուժ են տալիս, հույս ներարկում և լցնում հավատով:
Հասկացա, որ պետք է լինել հայրենիքի անբաժան մասնիկը, ապրել նրա ցավով, փորձել օգնել, կարեկցել նրան, հույս ներշնչել, որ նա դեռ կծաղկի, ոտքի կկանգնի, կվերադարձնի կորցրածը, կապացուցի բոլորին իր հզորությունն ու անպարտելիությունը:
Պետք է հավատալ, որ մենք կկարողանանք հասնել մեզ անհաս թվացող երազանքին:Այդ պատճառով պետք է միասին լինենք, միասնական մեր նախնիների պես: Նրանց հաջողվել է նույնիսկ անհնարը, երբ նրանք եղել են միասնական:Հաղթանակի գաղտնիքը միասնության մեջ է:Երբ միասին ենք, ոչ մի կռիվ, աղետ սարսափելի չէ, հաղթահարելի է:
Ուզում եմ ես էլ դառնալ նրանց պես քաջ, նմանվել նրանց` իմ իդեալներին: Նույնիսկ պատրաստ եմ արյունս թափել, նահատակվել նրանց պես հայրենիքիս համար, մեր կորցրածը վերադարձնելու համար: Պատրաստ եմ անել այն ամենը, ինչն ինձ կարժանացնի «հայուհի» կոչմանը:
Ուզում եմ հասցնել տեսնել ծովից ծով Հայաստանս, այն Հայաստանը, որին ձգտում էին հասնել մեր հերոսները, մեր ժողովուրդը:
Ու տարիներ անց, երբ ես կլինեմ շատ ծեր ու թոռնիկիս ձեռքից բռնած կքայլեմ իմ երազած Հայաստանի վեհաշուք փողոցներով, կպատմեմ նրան, թե ինչպիսի հրաշալի և ուժեղ երկրի զավակ է նա, թե ովքեր են եղել նրա նախնիները, կպատմեմ իր հայրենիքի զարմանահրաշ պատմությունը: Կդաստիարակեմ նրան նժդեհյան գաղափարախոսությամբ, նրա հոգում բույն կդնի Անդրանիկի ուժն ու կորովը, հայրենասիրությունը: Ու նրա`դեռևս անպաշտպան ու փոքրիկ սրտիկում կծաղկի մի մեծ սեր դեպի իր երկիրն ու երկրի պատմությունը:
Եվ այդ ժամանակ ես կկոչվեմ «հայուհի» ու որպես հայ` իմ առաքելությունը կատարած կհամարեմ:
Սյունիքի մարզի Վերիշեն գյուղի միջն. դպրոց.
12-րդ դասարան.
Աշխեն Մաշուրյան
Նյութը խմբագրված չէ.
Rate this posting: Նյութը խմբագրված չէ.
{[['', '']]}
{["Useless", "Boring", "Need more details", "Perfect"]}
No comments:
Post a Comment