Օ՜, գրքերի աշխարհը – տիեզերք է անեզր:
Ե. Չարենց
Սիրում եմ գրքերը թե՛ նոր, թե՛ հին, թե՛ արվեստով գրված, թե՛ անարվեստ: Գրքերը գրվելով տարբեր դարերում ու երկրներում, լուռ պատմում են աշխարհի մասին: Ես սիրում եմ նրանց բազմախորհուրդ ինքնությունը:
Սիրում եմ կարդալ: Գիրք կարդալու համար ժամանակ պետք չէ, պարզապես ցանկություն է պետք: Եթե ձեռքիդ տակ եղած գիրքը լավն է, ուրեմն կարող ես հեղինակի ներդրած իմաստը հասկանալ, կյանքից դասեր քաղել: Սիրում եմ կարդալ Թումանյանի, Իսահակյանի, Չարենցի, Բալզակի, Բայրոնի և ուրիշ շատ հանճարների ստեղծագործություններ: Վերջերս շատ ենք հարցնում. <<Ո՞րն է ձեր սիրած գիրքը, գրական հերոսը, հեղինակը>>, <<Իսկ փոքր ժամանակ ի՞նչ էիք կարդում>>, <<Իսկ ի՞նչ սովորեցիր այդ գրքից>>:
Հարցնում ենք բոլորս` լրագրողներ, ուսուցիչներ, ուսանողներ, աշակերտներ: Այնպիսի տպավորություն է, որ մենք ժամանակ առ ժամանակ կարիքն ունենք համոզվելու, որ իսկապես կարդում ենք և ինչ-որ բան սովորում մեր սիրված գրողներից:
Անկեղծ ասած, ես, որ շատ նույնօրինակ հարցեր եմ տվել և ավելի շատ հարցերի եմ պատասխանել, արդեն ունեմ անկեղծ կեղծելու իմ գաղտնիքը: Չկա այնպիսի գիրք, որ ինձ վրա իր հետքը չթողնի: Ես իմ մտքի գրադարանի մի անկյունում հատուկ պահարան եմ դրել: Այնտեղ են իմ սիրած բոլոր գրքերը: Ամեն մի գիրք տալիս է ճշմարիտ պատկերացում այն հարցերի ու խնդիրների մասին, որոնք այսօր հուզում են յուրաքանչյուր կյանք մտնող երիտասարդի:
Ուզում եմ պատմել այն գրքի մասին, որը իմ կյանքը բաժանեց երկու մասի` «նրանից առաջ» ու «նրանից հետո»: Չգիտեմ` ինչ եղավ «նրանից հետո»-ում, որ չկար «նրանից առաջ»-ում, բայց զգում եմ, որ ինչ որ բան փոխվեց: Խոսքս Ամելի Նոթումբի «Ահ ու սարսափ» գրքի մասին է: Միգուցե իմ հասակակիցները ինձ չհասկանան, թե ինչու եմ ընտրել այս գիրքը: Գիտե՞ք` այս գրքում «ճոխ» մենախոսություններ չկան, ոչ էլ` «մոդայիկ» սիրո խոստովանություններ: Պարզապես կա խելացի միտք ու շատ բարի հոգի: Հանկարծ հասկանալի է դառնում աստվածաշնչյան «Սիրի՛ր քո թշնամուն» տողը: Ո՛չ, այս գիրքը քրիստոնեական մարդասիրություն չի քարոզում, բայց բոլոր քարոզներից էլ ազդեցիկ է: Պարզապես հետևելով գլխավոր հերոսուհուն և նրա աչքերով նայելով կյանքին` հասկանում ես, որ կարելի է արհամարհել բոլորի «հեղինակավոր» կարծիքը ու լինել բարի, բարկանալ, բայց ներել, հիանալ թշնամիով, ընդունել նրա գերազանցությունը, բայց արդյունքում հաղթող դուրս գալ: Այն կարդալուց հետո ինչ-որ բան հաստատ փոխվել է, բայց թե ի՞նչ, չեմ կարող ասել: Այս գիրքը իմ մտքի գրադարանի գրասեղանին է, այնտեղ, ուր միշտ կարող եմ վերադառնալ:
Ցավում եմ, որ այսօրվա երիտասարդությունը ընթերցասեր չէ: Շատերը տարված են համակարգչամոլությամբ ու էկրանամոլությամբ:
Կոչ եմ անում բոլոր իմ հասակակիցներին` հնարավորինս շատ կարդալ և դրանով ինքնակրթվել:
Գրքերն ինձ համար նոր դռներ են` կյանքի նոր ակնկալիքներով:
Գևորգ Էմինի անվան № 182 ավագ դ., 10րդ դաս.
Անի Դավթյան, 15տ.
{[['', '']]}
{["Useless", "Boring", "Need more details", "Perfect"]}
No comments:
Post a Comment