Saturday, February 16, 2013

Դավիթ Խաչատրյան: Գիրքը, որը սովորեցրեց ինձ ապրել


Կարծում եմ` երբեք չի մոռացվում առաջին հեքիաթը, որ սովորաբար պատմում են տատիկները: Այդ հեքիաթը ամենախորհրդավորն է, ամենագունավորը, ամենասեփականը…
Կզարմանաք, գուցե, եթե ասեմ, որ մանկությանս ամենահետաքրքիր, ամենաառաջին հեքիաթս (այն ժամանակ այդպես գիտեի) Սասունցի Դավթի հեքիաթն էր: Տատիկս այնպես հյութեղ, ոգևորված, սիրով էր պատմում մեր ազգային էպոսը, որ ինձ թվում էր` Քուռկիկ Ջալալին իմ ձին է, ու ես էլ Դավիթն եմ: Իմ Քուռկիկ Ջալալ մեջքին` ես իմ Թուր Կեծակիով (խաղալիքներիս մեջ գերակժռում էր թուրը) պայքարում էի իմ հնարած դևերի, չարքերի  ու թշնամիների դեմ: Աչքերս փակում էի և ինձ` կերակրելու համար մոտեցրած ամեն գդալից առնում էի ամենահամեղ կաթի, յուղ ու մեղրի համը, որ հեռու տեղից է բերվում, ու որով սնվում էր իմ սիրելի Դավիթը: Մտածում էի` ես էլ եմ մեծանալու օրերով ու ժամերով: Դավիթը դարձել էր իմ մանկական ամենավառ, ամենաշքեղ երևակայությունների անպարտ հերոսը:
Գլորվող տարիների հետ ավելի էր ամրանում ու պաշտամունքի ձևեր առնում  վերաբերմունքս իմ բոլոր խաղերի, բոլոր հեքիաթների, բոլոր ֆիլմերի չգերազանցված ասպետի` իմ Դավթի նկատմամբ:
Հրաշքի էր նման առաջին հանդիպումս մեր նկազարդ դյուցազներգության հետ: Չէի հասկանում Սասնա  բարբառը, բայց կարդում էի, կարդում էի առեղծվածային մեր գիրքը,  որից ուժ, լույս, հավատ էր ճառագում: Ինձ հետ խոսում էին նկարների բոլոր հերոսները. մենք բարեկամացել էինք արդեն:
Դեռևս փոքրիկ հոգումս բողբոջում էին հայրենասիրության առաջին ծիլերը, քանզի իմ ժողովրդի լավագույն երազանքներն ու ակնկալությունները սուրբ երկյուղածությամբ  հավաքեցի այնտեղ:
Առաջին անգամ լրջորեն մտածեցի, որ հայերը` իմ հերոսական նախնիները, երբեք պատերազմ չեն հրահրել, երբեք ուրիշի պատառին աչք չեն ունեցել, բայց երբ եկել է ժամը, զենք են վերցրել, վերցրել են պարտադրված ու կռվել են առյուծաբար: Նրանք միշտ էլ չեն կամեցել հեղել ո′չ իրենց, ո′չ այլոց արյունը…
Մեր հերոսապատումի չորս ճյուղերը չքնաղակերտ խաչքարի չորս թևեր են ասես, որ թռիչքի թափ են տալիս իմ նորաբաց թևերին` առաջ գնալու, բա¯րձր, բա¯րձր թռչելու, արծվի ճախրին հասնելու, որ ամենաբարձրից հսկեմ երկրիս սահմանները անկուշտ մարդակերի նենգ թևահարումներից…



Ես էլ Սասունցի Դավթի նման ջերմ ու անաղարտ սիրտ ունեմ. Դավիթը արձագանքում է օգնության ամեն մի կանչի և սխրանքներ է կատարում`  ի բարօրություն իր ժողովրդի, իր հայրենիքի:
Մեր էպոսը ինձ սովորեցրեց սիրել` «Կյանքը սեր է…»: Դավիթն էլ սիրող ու մեղմ սիրտ ուներ. ներեց օձաբարո Իսմիլ Խաթունին, Մելիքի խորամանկ քրոջը` կյանքը դնելով իր ներմանը համազոր:
Հասկացա, որ սիրո բացակայությունը մարդուն զրկում է կենսագրությունից:
Իմ ժողովրդի կենսագրությունն է սեր է, սեր կյանքի, տան, զավակի, հողի, հայրենիքի նկատմամբ:
Վտանգված հայրենիքիս համար ծռի կամ խենթի նվիրվածությամբ կնետվեմ թշնամու դեմ, ինչպես դա անում էին Սասուն աշխարհի` իմ վիրավոր էրգրի Սասնա տան զավակները:
Եղել են պահեր, որ հազիվ եմ զսպել անսանձ ցանկությունս` Սանասարի նման սուզվելու  խոր ջրի հատակը և դուրս բերելու Դավթի` ինձ ժառանգած զենքն ու զրահը, հավատ, կամք, հարատևություն մարմնավորող Խաչ Պատերազմին:
Երազում եմ, չէ′, որոշել եմ վերակառուցել իմ դրախտավայր  երկրի բոլոր Մարութա  վանքերը, որոնց հիմքի մեջ ես էլ պիտի թուր դնեմ, որ անօրենից երկիրս մաքուր ու շեն պահելու աղոթքս առ Աստված հաստատ, ամուր, ոգեկորով լինի…
Սասնա հերոսների նման պիտի գտնեմ կապույտ ջրի այն բարակ շերտը, որ կտրում-անցնում է անարդարության, չարության, նենգության, խեղճության բոլոր սահմանները և հասնում բարու, գեղեցկի, առինքնողի, առաքինիի ակունքներին: Այդ ակունքների մոտ պիտի կառուցեմ տունս` իմ ձեռքերով, իմ ավյունով…
Էպոսից ինձ հառնող բարոյախոսությունն է ասում. Տուն քանդողին ներում չկա»: Սա է դարերից եկած հայի գենը: Իմ Դավիթն էլ ականջ դրեց առանց զենքի ու զրահի իր առջև գլխաբաց կանգնած արաբ ծեր զորականի խոսքին.
- Դավի′թ,- ասաց,- մեռնեմ քո արևուն,
Չէ՞ որ էնոնք էլ մարդ են, իսան են,
Ինչի՞ կոտորես, ինչի՞ կը սպանես,
Չէ՞, էդոնք էլ էրեխաներ ունեն…
Բա մենք չունեի՞նք էրեխաներ, անմե¯ղ, անուշ մամիկներ: Չխնայեցի′ն:»
Բայց ես, որ ապրելու, մարդ մեծանալու առաջին դասերս քաղել եմ մաքրախորհուրդ մեր էպոսից, Դավթի նման անմեղի դեմ չեմ գնա…
Հաղթողի ազնվական խոսքն է ծիածան կապել հոգուս և դարերի միջև.
Ամենիդ իրավունք կը տամ,
Ուր տեղեն էկեր եք, էլեք գնացեք,
Էլեք գնացեք ու ձեր տներ նստեք…
Մհերի նման թրովս դեռ ժայռեր պիտի փորձեմ. եթե թրի հարվածին ժայռը չդիմանա, ուրեմն ես եմ իրավացի, եթե դիմանա, ուրեմն իրավացի չեմ: Բայց ես, հաստա′տ, զենք ու զրահով սպառազեն, ժայռի մեջ չեմ մտնելու, այլ դառնալու եմ իմ երկիրը շենացնող, հայրենիքիս գարունները հավերժ բուրաստան, շենշող արևի հովիտ դարձնող, մեր թանկ ազատության Եռագույնը միշտ բարձր պահող մերօրյա Դավիթը…
… Ու թե նորից Վարդևորին կամ Համբարձմանը ժայռի ճեղքը բացվի, ճեղքով ներս գնացող հովվի հետ լուր կուղարկեմ.
- Մհե′ր, դո′ւրս եկ, աշխարհը նորոգվել է, երկիրը` շենացել…
Իմ շեն երկրի մեջ, իմ տանը, իմ նախնիների` ինձ կտակած հողի վրա, հայահամ գարունների բույրերի մեջ ես կփնտրեմ իմ Գոհարրին կամ Ծովինարին…
Դե եկ  ու մի մրմջա…
Հիշենք զօղորմին Ծովինարին,
Քառսուն օղորմի Սանասարին…
Այսօր և առհավետ բացում եմ ինձ ու ժողովրդիս ժառանգած կտակը. «Եթե ամուր ես ոգով, եթե բարի ես սրտով, գազանն էլ կենթարկվի…»
Այսպես ապրել ենք, կանք, վկան` «Սասունցի Դավիթ»:

ք. Վանաձորի Պ. Տիչինայի անվան 20 դպրոց.
       9-րդ դասարան.
Դավիթ Խաչատրյան
Նյութը խմբագրված չէ.


Rate this posting:
{[['', '']]}
{["Useless", "Boring", "Need more details", "Perfect"]}

No comments:

Post a Comment