Sunday, February 17, 2013

Արմինե Գալստյան: Գիրքը, որը սովորեցրեց ինձ ապրել:


Կարդացել եմ բազմաթիվ գրքեր : Յուրաքանչյուրն իր ուրույն ազդեցությունն է թողել ինձ վրա : Երբևէ չեմ փորձել քննադատել գրողին` իր այս կամ այն տողերի համար,նախընտրել եմ կարդալ և վերցնել գրքից այն,ինչ ինձ համար հարազատ է , այն,ինչ ինձ կoգնի հետագայում ապրել ու պայքարել ապագայի դժվարությունների դեմ :Գիրքը օգնության է հասնում մարդկանց կյանքի ամենադժվար պահերին`օգնության է հասնում այն պահին, երբ թվում է,թե փակվել են դեպի հաջողություն տանող բոլոր դռները :
Գրողներից յուրաքանչյուրը մի անհատականություն է, որն ունի իր կյանքի խոր ողբերգական դրաման : Դրամա,որի յուրաքաչյուր տողը ծնվել է կյանքի ապրած դաժան և չապրած հրաշք պահերից: Գրողի ստեղծագործությունները այդ  դրամայի բեմականացումն են, որի մեջ յուրաքանչյուր  ընթերցող գտնում է իր դերը:
Ինձ համար ,կարելի է ասել ,կատարյալ ստեղծագործություն է Ալեքսանդր Դյումայի Կոմս Մոնտե Քրիստոն: Այն կարդացել եմ մոտ վեց ամիս առաջ , բայց մինչ այժմ պարզ հիշում եմ ստեղծագործության յուրաքանչյուր հատվածը: Մի երիտասարդի կյանքի խոր և ավարտուն դրամա:
Գիրքն ինձ սովորեցրեց ապրել ,ապրել այնպես,որ հաճույք ստանաս կյանքիդ  յուրաքանչյուր պահից , այնպես, որ կարողանաս ամեն առավոտ արթնանալիս շնորհակալություն հայտնել աստծուն, որ արթնացել ես : Գուցե տարօրինակ թվա , որ գիրքը մեկնաբանում եմ հետևյալ կերպ , չէ ո՞ր Մոնթե Քրիստոն բանտում կրում է անմարդկային տանջանքներ և սկսում ատել կյանքը ,բայց ամեն ինչ փոխվում է այն ժամանակ,երբ նա կարողանում է փախուստի դիմել :
Գիրքը պայքարի կոչ է համայն մարդկությանը : Յուրաքանչյուրը պետք է պայքարի դժվարությունների դեմ ,եթե ցանկանում է ապրել `ապրել արժանապատվորեն,պետք է արհամարհի դժվարությունները և պայքարի իր նպատակների համար : Եվ ոչինչ չպետք է խանգարի այդ պայքարին `նույնիսկ անցյալի դառն ու սոսկալի էջերը : Ընդհակառակը . այդ էջերը պետք է ուղեցույց դառնան դեպի ապագա : Իսկ եթե կա հատված, որն այնուամենայնիվ խանգարում է ,կարելի է` եթե ոչ հրաժարվել դրանից, ապա գոնե նրա վրա քող գցել:
Կարևոր չէ դիմացդ կանգնած է իշխանության գլուխ կանգնածը,թե իշխանության սպասողը: Պետք է հիշել մի պարզ ճշմարտություն.իշխանության գլուխ կանգնածները, ունեն միայն այնպիսի միջոցներ, որ կարելի է փողով գնել, իսկ իշխանության սպասողները, ունեն այն բոլոր միջոցները, որ ընձեռում է նրանց հավատարմությունը, որը նրանց ընծայում է անձնվիրությունը:

Երբեք պետք չէ հավատալ լիակատար երջանկությանը .չէ ո՞ր այն կուրացնում է ավելի,քան հպարտությունը կամ դժբախտությունը: Երջանկությունը մի վայրկյանում կարող է հօդս ցնդել և քեզ թողնել միայնակ ` կորած երջանկությունից մնացած փլատակների առաջ:
Այս աշխարհում չկա ո՛չ երջանկություն, ո՛չ դժբախտություն. Թ՛ե մեկը, թ՛ե մյուսը հարաբերական են. միայն նա, ով անսահմանորեն դժբախտ է եղել, կարող է անսահման երջանկություն զգալ: Պետք է մահ փափագել, կյանքի քաղցրությունը զգալու համար:- Դյումա (մեջբերում գրքից)
Կյանքը անվերջանալի մի շղթա է, որը չունի ո՛չ սկիզբ ,ո՛չ  ավարտ : Մենք բոլորս մահկանացու ենք, և հարկավոր է, որ ծերերը իրենց տեղը զիջեն երիտասարդներին, այլապես ամեն ինչ կանգ կառնի:
Յուրաքանչյուրին պետք է պատասխանել իր իսկ ձևով. հարվածել այնպես` ինչպես քեզ են հարվածել, ատել և սիրել այնքան`որքան, քեզ են ատել և սիրել : Երբեք չպետք է բացառություն լինել ,պետք է ապրել այնպես`ինչպես ապրում են քեզ շրջապատողները : Բայց սրա հետ մեկտեղ երբեք չի կարելի կորցնել սեփական “ես”ը` սեփական տեսակետը : Ամեն մարդ այս աշխարհում իր  տեսակետն ունի,որը խանգարում է նրան տեսնել ուրիշինը:
Գիրքը փոխեց իմ կյանքը : Էդմոն Դանտեսի կյանքի ողբերգական դրաման սովորեցրեց ինձ քայլել կյանքի դժվարությունների վրայով `դեպի իմ նպատակները,սովորեցրեց վարվել այնպես ինչպես ինքը Դանտեսը `ապրել ,ապրել,ապրել `հանուն գերնպատակի և հանուն վրեժի :
Մարդը ստեղծված է այն գրքերից, որոնք ինքը կարդացել է : Ես վաթսուն տոկոսով ստեղծված եմ Ալեքսանդր Դյումայի Կոմս Մոնտե Քրիստո գրքից : Այն արթնացրեց իմ մեջ պայքարող մարդուն, ով ունի նպատակներ և այդ նպատակներին հասնելու բազմաթիվ ուղիներ :
Խորհուրդ եմ տալիս բոլորիդ կարդալ Դյումայի այս հրաշք ստեղծագործությունը : Հուսով եմ այն ձեզ համար նույնպես կհարթի դեպի  անհաս թվացող նպատակներ տանող ուղիները :Լցրեք ձեր կյանքը ,դարձեք այս հրաշք աշխարհի հրաշք մասնիկը : Սովորեք վերցնել կյանքից այն, ինչ ձեզ պետք է և այն ,ինչ ձերն է : Ապրեք և եղեք երջանիկ, չնայած կյանքի դժվարություններին: Կյանքը հեքիաթի մի ակնթարթ է և պետք է դառնալ այդ հեքիաթի արքայադուստրը կամ արքայազնը :
Ապրեք, ուրեմն, և երջանիկ եղեք, սիրելիներս, և երբեք չմոռանաք, որ քանի դեռ Աստված ապագայի վարագույրը փակ է պահում մարդկանց համար, մարդկային ամբողջ իմաստությունը պարփակված է երկու բառի մեջ.
ՍՊԱՍԵԼ ԵՎ ՀՈՒՍԱԼ ….
Գիրքն ինձ սովորեցրեց ապրել կյանքի չգրված օրենքներով ,սովորեցրեց ինձ ՍՊԱՍԵԼ ԵՎ ՀՈՒՍԱԼ:


Բաղրամյանի միջնակարգ դպրոց
11-րդ դասարան
Արմինե Գալստյան
Նյութը խմբագրված չէ.


Rate this posting:
{[['', '']]}
{["Useless", "Boring", "Need more details", "Perfect"]}

No comments:

Post a Comment