Saturday, February 16, 2013

Նելլի Ծատուրյան: Ո՞ր գրքում կուզենայի ապրել


Մանկությունը կյանքի առավոտն է: 
Որքան չքնաղ է անամպ այգաբացը, նույնքան հիասքանչ է անթուխպ  մանկությունը: Մանկությանս  հուշերը, հայտնվելով հրեշտակների նման, իրենց քնքուշ թևերով փաղաքշում են հոգիս, պաշտպանում կյանքի  բիրտ հարվածներից: 
         Երբ փակում եմ աչքերս, մանկությանս անուրջների գրկում գալիս է մի անկրկնելի,  մանկական քրքիջով լի  մի տեսարան,երբ առաջին ուսուցչուհիս իր դողացող ձեռքերով գրապահարանից հանեց մանկությանս առաջին կանգառը` այբբենարանը: 
          Երբ ես այն առաջին անգամ բացեցի, հոգիս կարծես թևեր առավ, և անուրջներիս հանգուցակետում հայտնվեց մի անբացատրելի զգացողություն, ու ասես  լցվեցի կյանքի մասին իմ առաջին խոհերով: Այդ գիրքն ինձ առաջնորդեց դեպի գրքերի հեքիաթային աշխարհը: Սկզբում ինձ գրավեցին նրա ամեն մի էջում պատկերված գունագեղ նկարները, ապա արդեն՝  մի չքնաղագեղ տեսարան, որի մասնիկներն  Էին կազմում Մեսրոպյան խորիմաստ տառերը, որոնց ալիքների վրայով ճախրում էին երազանքներս: Երբ  երեկոյան թավշե մանուշակագույնի վրա սկսում են առկայծել աստղերը, և աստղազարդ երկինքը բնության կտավներից ամենահրաշալին է թվում, ես տրամադրություն չեմ ունենում վայելելու աղջամուղջի այդ գեղեցկությունը, որովհետև իրար են խառնվում կարոտն  ու թախիծը:    
      Կարոտել եմ մանկությունս, կարոտել եմ այբբենարանս: Երբ սրտի թրթիռով բացում եմ այբբենարանը, ինձ թվում է՝ այդ գիրքը ևս երազում է հոգուս հետ: Սիրտս թպրտում է բռնված ճնճղուկի պես, ու մտածում եմ, թե արդյոք դեռ պիտի ճաշակեմ կարոտի դառը պտուղները:    Իմ այբբենարա՛ն, զգուշությամբ փակի՛ր քո մեջ մանկությանս տարիների հուշերը, իմ առաջին քայլերը դեպի գիտելիք, դեպի ուսում, դեպի կյանք: Այժմ կարող եմ վստահ ասել, որ այդ գիրքը փոխեց իմ աշխարհը, իմ պատկերացումները կյանքի մասին, ու ես դուրս եկա մանկությունիցս՝ հասնելով  հաջորդ կանգառին՝ միշտ երազելով ապրել այդ գրքում`Այբբենարանում:   
  


Տավուշի մարզ, Բերդի ավագ դպրոց.
11-րդ դասարան.
Ծատուրյան Նելլի 
Նյութը խմբագրված չէ.

Rate this posting:
{[['', '']]}
{["Useless", "Boring", "Need more details", "Perfect"]}

1 comment:

  1. apres:)))shat lavner shat durs ekav,miayn u miayn haxtanaki es arjani

    ReplyDelete