«Երբ ես իմ շուրջը տեսնում եմ, թե մարդիկ, չիմանալով ինչպես անցկացնել իրենց ազատ ժամանակը, փնտրում են ամենախղջուկ զբաղմունքներ և զվարճություններ, ես վերցնում եմ մի գիրք և ինքս ինձ ասում՝ միայն սա բավական է ամբողջ կյանքի համար»_ ասել է Ֆյոդոր Դոստոևսկին:
Շեշտում եմ այս տողերը, քանի որ ինքս էլ զգում եմ գրքի կարևորագույն նշանակությունը:
Գիրքը մի հավաքածու է գրված, տպված, պատկերազարդված կամ դատարկ էջերի՝ կազմված թղթերից, մագաղաթից, կտորից կամ ուրիշ նյութերից, ընդհանրապես ամրացված իրար մի եզրում: Բայց այսքանը կարող են փրկել մարդկանց ամբողջ մի ներաշխարհ, տակնուվրա անել ու կերպափոխել նրանց, հետ պահել անբովանդակ ապրելուց: Կարծեցյալ կյանքը իրոք կարճ է, այն պետք է լիարժեք ապրել, իսկ ապրելու համար, ինչպես կասեր Լուիս Բորխեսը, պետք է երևակայել այն դրախտը, որը մի տեսակ գրադարան լինի:
Գիրքը մարդկության լավագույն ստեղծացործությունն է: Դրա միջոցով մենք դարեր շարունակ փոխանցում ենք մեր գիտելիքները հաջորդ սերունդներին: Գրքերի այնքան մեծ բազմություն կա, որ չես էլ կողմնորոշվում, թե որը կարդաս: Նրանք, ովքեր հետաքրքրասեր են, փորձում են կարդալ օգտակարները, քանի որ բոլոր գրքերի համար չի բավականացնի ամբողջ կյանքը կարդալ: Գիրքը տալիս է գիտելիք, զարգացնում է մարդու մտածելակերպը, երևակայությունը, պատկերացումները, խորհրդածելու տեղիք տալիս: Չի կարող մարդն անընդհատ կարդա՜-կարդա, և նրա մոտ ոչինչ չփոխվի: Իսկ եթե չի փոխվում, ուրեմն դա նրանից է, թե ինչ գրքեր է նա կարդում: Ես նախապատվությունը տալիս եմ գեղարվեստական գրքերին, նրանք օգնում են ինձ հանգստանալ, ուղղակի հաճելի ժամանակ անցկացնել:
Սիրում եմ կարդալ, շա՞տ, թե՞ քիչ՝ չեմ կարող ասել, դա մեկն է իմ կյանքի այն երևույթներից ու սովորություններից, որոնց մասին խոսելիս չափ չեմ կարող դնել: Գրականության ուսուցչուհիս միշտ հորդորում է, որ կյանքի որ փուլում էլ լինեմ, չմոռանամ գիրք կարդալու մասին, և կարդալուց վնաս չկա, այն զարգացնում է միտքը և ընդլայնում աշխարհայացքը: Չեմ սիրում խոսել ժամանակիս սղության մասին, քանի որ ես այն մարդկանցից եմ, որոնք գոռում են՝ ժամանակն է իմը, և ոչ թե ես՝ իրենը: Դրա համար չեմ կարող պատճառ բռնել՝ ժամանակ չունեմ՝ չեմ կարդում… Ո՛չ, գիրք կարդալու համար ժամանակ պետք չէ, պարզապես պետք է ցանկություն: Շատերն ասում են, թե կարդալը հանգստացնում է: Համաձայն եմ դրա հետ, բայց կարդում եմ նաև այն պատճառով, որ գրքերից շատ բան կարելի է սովորել: Եթե ձեռքիդ տակ ընկած գիրքը լավն է, ուրեմն կարող ես դասեր քաղել ոչ սեփական մաշկի վրա զգալով, այլ խելքով հասկանալով: Էլ չեմ ասում այնպիսի տարրական բաների մասին, որոնց մեջ կա ուղղագրություն, ոճաբանություն: Գրականությունը օգնում է անձին ճիշտ ձևավորվել և ճիշտ խոսել: Բայց շատերը դա չեն ընդունում, չեն հասկանում, նույնիսկ լսել անգամ չեն ցանկանում ընթերցանության մասին: Գիրք ձեռք վերցնելը երբեք էլ ուշ չէ:
Երբ հնչեցրել են «ամենասիրելի գիրք» բառակապակցությունը, ակամայից հիշել եմ Րաֆֆու «խենթին» և նրա գլխավոր հերոսին՝«խենթ» Վարդանին: Ամեն գլխի յուրաքանչյուր տող կարդալով, տողի յուրաքանչյուր բառ կարդալով՝ վերապրել եմ ամենը: Այդ գիրքը միշտ ուղեկցել է ինձ, մտքով ու ոգով հարստացրել: Դա իմ ամենասիրելի գիրքն է, գիրք, որը ինձ ցույց տվեց, թե ինչ է նշանակում «խենթ», և ով է իրականում խենթը: Համենայն դեպս ինձ մտածելու առիթ տվեց. կարծում եմ Ձեզ ևս դուր կգա:
Վարդա՜ն _ Լալայի խենթ, Րաֆֆու խենթ, իմ խենթ, բոլորի խենթ… Զարմանում եմ քո հայրենասիրության և շիտակության աստիճանի վրա: Քո կերպարը ուղղակի ինձ ցնծեց, ստիպեց հուզվել: Քո սերը թե՛ հայրենիքի, թե՛ Լալայի հանդեպ իրական էր, գեղեցիկ:
Քո վայելուչ կազմվածքի նկարագրությունը և քո հերոսական կերպարը իր նմանը չունի: Չեմ հիշում, թե քանի անգամ եմ կարդացել այդ գիրքը, բայց ամեն կարդալուց հետո ես հոգեպես փոխվել, բոլորովին այլ եմ դարձել:
Րաֆֆին ասում է. «Ներկայումս գիրքը և ժողովրդի մեջ ընթերցասիրություն տարածելը այն փրկարար միջոցներից մեկն է, որ կազատե նորան շատ մոլորություններից»: Եվ իրոք, «Խենթը» ինձ ազատեց, ներարկեց հայրենասիրություն և բազմաթիվ բարոյական արժեքներ:
Գրքի մեջ տեսնում ես այն, ինչ կա, կարդալիս տեսնեւմ ես այն, ինչ ուզում ես, սա է տարբերությունը: Գիրք կարդալը շատ, շա՜տ-շատ է զարգացնում մարդու երևակայությունը: Ամեն հաջորդ կարդացածդ գիրքը ավելի վառ ես պատկերացնում, ամեն հաջորդ տեսարանը՝ ավելի հստակ ու գունագեղ: Հնարավոր է, որ գիրքը մի օր իրոք մահանա, ինչպես այսօր արդեն մի ոտքով գերեզմանում են կրկեսը, օպերան ու բալետը, բայց դա կլինի անդառնալի ու անփոխարինելի, պարտադրված կորուստ, ոչ թե զիջում առավել լավ, առավել հետաքրքիր, առավել նպատակահարմար միջոցների:
Գիրքը կարդացողի համար անփոխարինելի է: Արդեն գրված գեղարվեստական ստեղծագործություններին ոչ մի բան չի կարող փոխարինել: Հուսով եմ՝ գրվելիքներն էլ: Գիրքը չի մահանա այնքան ժամանակ, քանի դեռ կա գիրք կարդացող: Իսկ հիմա դեռ գիրք կարդացողներ կան: Գրքի մահը կնշանակի երևակայության մահ: Կարճ ասած, գիրքը չի մեռնի այնքան ժամանակ, քանի դեռ կա գիրք կարդալը գնահատող և մեծարող, որն ունի երևակայություն: Բժշկություն իմացող մարդը վիրահատության տեսարանը կարդալիս լրիվ ուրիշ բան կզգա, քան չիմացողը: Երկու նույնիսկ ամենանման մարդկանց մեջ միշտ էլ կարելի է տարբերություն գտնել, ու միշտ էլ կլինի մի այնպիսի գիրք, որը կարդալիս այդ տարբերությունը իրեն զգացնել կտա: Կատարելապես իրար նման ապրած, իրար նման մտածող, իրար ֆիզիկապես նման մարդիկ չկան:
Մինչև հիմա մարդը ոչ մի այնպիսի բան չի ստեղծել, որ բնության մեջ չլինի կամ եղածից կատարյալ լինի: Ինչպե՞ս կարող է գիրքը համարվել մեռնող զբաղմունք: Այն անհրաժեշտություն է անգամ հիմա, երբ ամեն ինչ հասանելի է բոլորին համացանցի շնորհիվ: Ոչ մի բան մարդուն չի կարող տալ այն, ինչ տալիս է գիրքը:
Սյունիքի մարզի Վերիշենի միջնակարգ դպրոց.
10-րդ դասարան.
Ալվարդ Շալունց
Նյութը խմբագրված չէ.
Rate this posting:
{[['', '']]}
{["Useless", "Boring", "Need more details", "Perfect"]}
No comments:
Post a Comment