<<Գրադարանը գունդ է, որի ճիշտ կենտրոնը որեւէ վեցանկյունի
է, իսկ մակերեսը` անմատչելի է>>:
Մի գիրքը քիչ է: Կարելի է հայտնվել << Սագարած աղջիկը>>
հեքիաթում, բայց մի հեքիաթը շատ քիչ է: Նաեւ` հեքիաթները շուտ են վերջանում: Հենց որ
աղքատ Մոխրոտիկը դառնում է թագուհի, սկսվում են պրոբլեմները: Թագուհի սկեսրոջ հետ եւ
թագավոր սկեսրայրի: Հենց որ Սագարած աղջիկը երեխաներ է ունենում, հասկանում է, որ թագավոր
հորը աղի չափ սիրելը այդքան էլ խրախուսելի չէ: Համենայն դեպս ինքը կնեղանար, եթե իր
երեխաները իրեն աղի չափ սիրեին:
Ուրեմն այլ տարբերակներ պետք է փնտրել: Օրինակ հսկայական
լուռ գրադարանը: ԳՐԱԴԱՐԱՆԸ: Որտեղ ընդարձակ, գուցե անհամար վեցանկյուն սրահներ կան:
Քսան դարակներ, յուրաքանչյուր պատի վրա` հինգը, զբաղեցնում են ամեն սրահը: Դարակները
լիքն են գրքերով: Աշխարհի բոլոր գրքերը այստեղ են: Սրահների լույսը բխում է ապակյա
վարսանդ հիշեցնող կլոր, լամպ կոչվող ջահերից, որոնց անբավարար լույսը երբեք չի մարում:
Սա Բորխեսի <<Բաբելոնյան Գրանադանն>> է, միակ տեղը, որտեղ հայտնվելու դեպքում
ոչինչ չես կորցնում, բայց ձեռք ես բերում ամեն ինչ: Տիեզերքի բոլոր գրքերը: Յուրաքանչյուր
դարակ իր մեջ պարունակում է երեսուներկու նույն չափի գիրք, յուրաքնաչյուր գիրք բաղկացած
է չորս հարյուր տասը էջից, յուրաքանչյուր էջ` քառասուն տողից, յուրաքանչյուր տող` մոտավորապես
ութսուն սեւ գույնի տառերից: Տառեր կան նաեւ գրքերի եզրակողերին, այդ տառերը սակայն
չեն նշում կամ հուշում էջերի բովանդակությունը:
Կարծում եմ` այդ Գրադարանում չէի ձանձրանա: Կարող եմ մի
ամբողջ կյանք այնտեղ նստած կարդալ, որովհետեւ Գրադարանը պարունակում է բոլոր գրքերը:
Այնտեղ մտնելու հետ յուրաքանչյուրը, եթե կարդալու հակում ունի, պիտի որ իրեն անձեռնմխելի
ու գաղտնի մի գանձի տեր զգա: Հասկանալի է, որ գոյություն չունի անհատական կամ համաշխարհային
որեւէ խնդիր, որ իր լուծումը չունենա Գրադարանի որեւէ վեցանկյուններից մեկում: Պետք
է ուրեմն միայն կարողանալ կարդալ: Ոչ միայն կարդալ այլեւ` ԿԱՐԴԱԼ: Գրադարանի գոյությունը`
հավերժության համար արդարացնում է յուրաքանչյուր մարդու արարքներն ու նրանց ապագայի
համար պահում հրաշալի գաղտնիքներ:
Երջանիկ լինել` հասկանալով, որ դու այն մարդկանցից մեկն
ես, որ հազարավոր երկար ու ձիգ տարիներ քջջում են գրադարանի վեցանկյունիները, գտնելու
համար հիմնական գիրքը, որը պարունակում է մյուս բոլոր գրքերը հասկանալու բանալին: Ակնհայտ
է սակայն, որ ոչ ոք որեւէ բան հայտնաբերելու հույս չունի: Գրադարանն այնքան մեծ է,
որ մարդու պատճառած յուրաքանչյուր վնաս անսահմանորեն փոքր է:
Գրադարանի գաղտնիքներին հասու մարդիկ ժամանակի ընթացքում
սկսեցին հավատալ, որ ինչ-որ գրադարանավար պիտի որ անսահմանորեն երկար ժամանակի ընթացքում
գիտակցաբար կամ պատահաբար կարդացած լինի գիրքը, որը բոլոր մնացածների բուն էությունն
ու համառոտագրությունը կլինի: Կարդալու պարագայում նա` Գրքի Մարդը պիտի որ հավասարված
լինի Աստծուն: Հնարավոր է, որ Գրադարանում հայտնվելու պարագայում հենց ինձ է վիճակված
գտնել ԳԻՐՔԸ:
Ժամանակի ընթացքում մարդիկ ոչ միայն քջջում են Գրադարանի
գրքերը, այլեւ ավելացնում են այն սեփական ստեղծագործություններով: Այսինքն անընդմեջ
կարդալու դեպքում անգամ ես ի վիճակի չեմ լինի կարդալ այն ամենը, ինչ գրվել է ու շարունակում
է գրվել: Մի կողմից դա հիասթափեցնում է, քանի որ ջանքերի վերջնական լուծումը դարձնում
է անհնար, բայց մյուս կողմից հույս է տալիս. նշանակում է, ճիշտ ուղղությամբ շարժվելու
դեպքում, հնարավոր է երբեք չձանձրանալ: Թող որ ինձ վիճակված չէ գտնել համընդգրկուն
գիրքը եւ դառնալ Գրքի Մարդը: Աղերսում են անծանոթ Աստվածներին, որ մի մարդ, գոնե մեկը,
հազարավոր տարիներ անց, կարդա եւ ուսումնասիրի այդ գիրքը: <<Եթե մեծարումները,
իմաստությունն ու երջանկությունը ինձ համար չեն, թող ուրիշինը լինեն: Թող երկինքը գոյություն
ունենա, ոչինչ որ իմ տեղը դժոխքը լինի: Թող ես անարգվեմ ու ոչնչացվեմ, սակայն գոնե
մի պահ, ինչ-որ մեկի մեջ, թող արդարանա Քո Հսկայական Գրադարանը>>:
Իրականում վախ կա, որ մարդկային ցեղը` միակը, ոչնչանալու
է, իսկ Գրադարանը հարատեւելու է` լուսավորված, անբնական, անվերջանալի, կատարելապես
անշարժ, թանկագին հատորներով հարուստ, անօգուտ, քանի որ դրանից ոչ մի դաս երբեք չի
քաղվում, բայց եւ անապական, խորհրդավոր:
Գուցե անվերջանալի: Գրադարանը վերջավոր համարողները ասում
են, որ հեռավոր վայրերում միջանցքները, աստիճաններն ու վեցանկյուն սրահները անհայտ
պատճառներով կարող են չլինել: Քանի որ սահմանափակ է բոլոր հնարավոր գրքերի քանակը:
Բայց գուցե Գրադարանը անսահման է, քանի որ պարբերական է: Եթե հավերժական թափառականը
անցնի գրադարանով եւ գնա որեւէ ուղղությամբ, դարերի ընթացքում կփաստի, որ միեւնույն
հատորները կրկնվում են միեւնույն անկարգությամբ, որն, իհարկե, կրկնություն լինելով,
ի վերջո կարգ կդառնա. ԿԱՐԳ:
Բայց եթե Գրադարանում գոյություն ունեն բոլոր գրքերը,
պիտի որ գոյություն ունենա Գիրքը, որը պիտի սովորեցնի օգտվել այդ գրքերից ու գտնել
Համապարփակ գիրքը, որը կտա բոլոր հարցերի պատասխանները: Գրադարանում հայտնվելու պարագայում
ես կարծում եմ, որ պիտի հաջողեմ գտնել Գիրքը: Ի վերջո, եթե բոլոր գրքերը միեւնույն
մեծ` համապարփակ գրքի առաջաբանն են, ապա ցանկացած գիրք կարդալով` դու քեզ մոտեցնում
ես մեծ գրքին: Վերջիվերջո, երբեմն ընթացքը ինքը նաեւ նպատակ է: Ցանկացած գիրք կարդալով
դու քեզ մի աստիճան մոտեցնում ես Համապարփակ
Գրքին: Վերջապես դու իրականում կարող ես եւ չիմանալ, թե որն է Համապարփակ Գիրքը: Գուցե
<<Փոքրիկ իշխանը>> հենց այդ գիրքն է, կամ Հեսսեի <<Ներսը եւ դուրսը>>:
Կամ նույն <<Սագարած աղջիկը>>: Երբ ես կարդում էի Սարտրի <<Դռնփակը>>
ես գրեթե վստահ էի, որ գտել եմ Գիրքը: Բայց ես հիմա արդեն հասկանում եմ, որ երբեք չեմ
դադարելու փնտրել: Որովհետեւ կարդալը եւ փնտրելը հենց կյանքն է, որն արժե ապրել: Ամեն
գրքի հետ դու ավելացնում ես ապրածդ կյանքերի թիվը: Գրադարանը հենց բանալին է: Եթե շատ
ես կարդում, հնարավորություն կա ապրել անվերջ քանակությամբ կյանքեր: Այդպիսով` երբեք
չես մեռնի, եթե նույնիսկ մեռնես: Հավանաբար դա բանալին է, որը պիտի կարդաս այն Գրքում,
որը բոլոր գրքերի հանրագումարն է: Կարդալու նպատակը հենց կարդալն է, ու բոլորս երջանիկ
ենք, որ մեր առաջ մի անգամ արդեն բացվել է Գրադարանի դուռը:
Գայանե Վարդանյան
Նյութը խմբագրված չէ.
Rate this posting: {[['', '']]}
{["Useless", "Boring", "Need more details", "Perfect"]}
No comments:
Post a Comment