Sunday, February 17, 2013

Լիլիկ Գրիգորյան: Գիրքը, որ սովորեցրեց ինձ ապրել


<<Մարդիկ ճշմարտության մեջ գտնում են միայն անրոշություն: Երջանկություն են որոնում և հայտնաբերում են լոկ թշվառություն և մահ: Նրանք անկարող են ճշմարտություն և երջանկություն չփափագել և անընդունակ են ճշմարտություն կամ երջանկություն ունենալու: Այդ ձգտումը տրված է մարդկությանը նրա համար, որ զգան, թե որտեղից գահավիժեցին…>>
Բ. Պասկալ

Ստի ու խաբեության այս խրախճանքի մեջ մարդիկ ճշմարտություն են որոնում, ինչպես սովյալը` մի կտոր չոր հաց: Կեղծավորության ու եսամոլության այս դիմակահանդեսում մարդիկ ճշմարիտ սեր են որոնում: Դավադրությունների ու դավաճանությունների այս քաոսի մեջ մարդիկ հավատարմություն են որոնում, ինչպես խեղդվողը` փրկարար օղակ: Թշվառության ու թալանի այս դառը իրականության մեջ մարդիկ արդարություն են որոնում, ինչպես անտունը ապահով մի ծածկ:
Որտե՞ղ գտնենք հավատարմություն:
Իսկ արդարություն կա՞ ընդհանրապես: Հարցեր, որոնց պատասխանը մարդիկ որոնում են, որ ապրեն: Որոնում են ու չեն գտնում: Հավատում են ու հիասթափվում:
Ի՞նչ է ճշմարտությունը և ովքե՞ր են մարդիկ:
Ակամայից հիշում եմ մի հատված Իսահակյանի <<Աբու Լալա Մահարի>> պոեմից.

Եվ ո՞վ են մարդիկ… աղվեսների հոտ
Եսամոլ անհուն, ուրացող մատնիչ,
Անկումից ուրախ, արյուններ լակող,
Գազան մանկասպան և դահիճ, դահիճ:
Աղքատության մեջ` քծնող, վաճառվող,
Թշվառության մեջ` վախկոտ, դավաճան,
Հարստության մեջ` լկտի, չարախինդ,
Եվ վրիժառու, և ամբարտավան…


Ահա թե ովքեր են մարդիկ: Այն մարդիկ, ովքեր ճշմարտություն են որոնում:
Ինչպե՞ս վարվեմ ես, երբ ինձ ծաղրում են, ինչպե՞ս լռեմ, երբ ինձ խաբում են, ինչպես ապրեմ, որ չպարտվեմ: Ահա հարցեր, որոնք պտտվում են իմ գլխում և ինձ հանգիստ չեն տալիս: Նրանք մերթ ահագնանում են, մերթ հանդարտվում, բայց երբեք չեն լռում: Որտե՞ղ  գտնեմ այս հարցերի պատասխանները, և ո՞վ կասի ինձ, թե որն է ճշմարտությունը: Ես ձեռքս եմ առնում այն խորհրդավոր գիրքը` Սուրբ  գիրքը, որնում ինձ տանջող հարցերի պատասխանները: Ահա գտա: <<…Երանի նրանց, ով սոված ու ծարավ են արդարության, որովհետև նրանք կկշտանան>>: Ի՞նչ, ուրեմն արդարություն կա՞: Իսկ որտեղ է այն: Մի՞թե ես կգտնեմ ինձ հուզող հարցերի պատասխանները: Շարունակում եմ կարդալ. <<…Եվ Հիսուսը նրանց ասաց,-ես եմ ճանապարհը և ճշմարտությունը և կյանքը…>>: Ահա թե ինչ: Ուրեմն ճշմարտություն իսկապես կա, և դա հենց ինքը` Հիսուսն է: Պետք չէ այն ուրիշ տեղ փնտրել <<Մարդկանց մեջ ճշմարտություն չկա, բայց Աստծու մոտ այն առատ է: Մարդկանց մեջ անշահախնդիր սեր չկա>>:
Ահա ճիշտ ապրելու բանաձևը, որը ես գտա երկար մտորումներից հետո. <<Այն ամենը, ինչ կամենում եք, որ մարդիկ ձեզ անեն, այնպես էլ դուք արեք նրանց…>>:


ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևանի
Մ. Մաշտոցի անվան N1 հիմնական դպրոց.
9-րդ դասարան.
Լիլիկ Գրիգորյան
Նյութը խմբագրված չէ.

Rate this posting:
{[['', '']]}
{["Useless", "Boring", "Need more details", "Perfect"]}

No comments:

Post a Comment