Saturday, February 23, 2013

Լաուրա Նալբանդյան: Գիրքը, որը սովորեցրեց ինձ ապրել



Գիրք…   Ի՞նչ   է   գիրքը:   Գիրքը    մարդու     խորհրդատուն   է, ընկերը    բարեկամը:    Այն    իմաստության    շտեմարան   է,  որտեղ յուրաքանչյուր   ոք   կարող   է   գտնել     իրեն    հուզող    հարցի   պատասխանը:

Մարդը     գրքի    հետ   մտերմանում  է    մանուկ   հասակից,   շատերը`  մանկապարտեզից:   Տարիների   ընթացքում   այդ   մտերմությունը      դառնում    է   բարեկամություն:
Այդպես    եղավ    և  ինձ   հետ:
Երեք    տարեկան   էի,   երբ   մանկապարտեզ   գնացի: Այնտեղ   ես    շատ   բանաստեղծություններ   և   հեքիաթներ   սովորեցի:  Մեր  խմբի    բոլոր    երեխաների       հետ    սրտանց     ցանկանում   էի  ընկերություն    անել:    Նրանք    ինձ    չէին    հասկանում,    հաճախ    փոխում   էին   իրենց    վերաբերմունքը   օրվա    մեջ    մի  քանի    անգամ:     Ես   դրանից    շատ   էի    վիրավորվում   և    նեղանում   նրանցից:
Իմ   ժամանակը  եկավ, և  ես    դպրոց    գնացի:
Սովորեցի    մեսրոպյան   լուսապայծառ     տառերը   և   գրքերի    հետ   իմ    բարեկամությունը   ավելի    ջերմացավ:   Սկսեցի    շատ   գրքեր    կարդալ:   Ինչքան   շատ  էի  կարդում,  այնքան  հասկանում   էի,   որ   իմացածս   շատ       քիչ   է,  ուստի     պետք   է   կարդալ,   անդադար  կարդալ   ու   ձգտել  ավելիին:
Այսպես   գիրքը    դարձավ     իմ   անբաժան   ընկերը  և     մնում   է    մինչև   այսօր:   Հիմա   ես  առաջվա  նման    շատ   չեմ   նեղանում  իմ   ընկերներից:    Հասկանում  եմ,  որ   մարդը   սխալական   է,   ամենակարևորը   ներել   իմանալն   է:   Այդպես   մտածել    ինձ  սովորեցրեց   Աստվածաշունչը,   որին   ես  ծանոթացա   չորրորդ    դասարանում:   Իսկ   հինգերորդ    դասարանում,  երբ   սկսեցի   անցնել  <<Հայոց եկեղեցու    պատմություն>>   առարկան,   իմ    գիտելիքներն   այդ    իմաստուն  գրքի  մասին   բավականին    խորացան:
Ես   ծանոթացա   աշխարհի     ստեղծման   առասպելին,  իմացա   Հիսուսի    ծննդյան,   նրա    քարոզների   և     հրաշագործությունների  մասին:
Հիսուսը  մարդկանց    մեջ    ապրեց     երեսուներեք  տարի  և   դարձավ      բարության   և   մարդասիրության   օրինակ:   Ինձ    համար    նա   դարձավ   չափանիշ, և   ես   սկսեցի     ներողամիտ    լինել   իմ   ընկերների    հանդեպ:
Այսպես      Աստվածաշունչը   ինձ    սովորեցրեց   ապրել:

Իհարկե,    ես   դեռ   շատ   քիչ    գիտելիքներ   ունեմ,   որ   կարողանամ   լուրջ    դատողություններ     անել,    բայց   մեծերից   լսել  եմ,  որ    Աստվածաշունչը    իր   մեջ   պարունակում   է      բոլոր    հարցերի   պատասխանները:

Մի  անգամ   ես  կարդացի    <<  Ոսկե   կանոնը>>,   որտեղ   ասվում   է,   որ    այն,  ինչ   դու   չես   ցանկանա,   որ   քեզ   անեն,  մի՛  արա   և   դու    ուրիշներին:    Պարզ   ու   հասկանալի   նախադասություն   է,   բայց   ինչ    խորունկ   իմաստ  է    պարունակում: Այո,   եթե   մեզնից  յուրաքանչյուրն   այդպես   ապրի,  պատկերացնո՞ւմ   եք,  թե  ինչ   հրաշալի  կլինի  կյանքը:
Չէ՞  որ    դժվար   թե   գտնվի   մի  մարդ,  որ  ցանկանա` իրեն   վատություն   անեն:
Գիտեմ   նաև,   որ    Աստվածաշունչն   աշխարհում  ամենից    շատ   կարդացված   գիրքն   է:    Հայերն    աշխարհում   առաջինն   են   քրիստոնեությունը   ընդունել    որպես  պետական   կրոն,   իսկ    գրերի  գյուտից   անմիջապես   հետո  սուրբ   Մեսրոպ    Մաշտոցն  ու  Սահակ   Պարթևը   հայերեն  են   թարգմանել  Աստվածաշունչը,  որը  մինչ    օրս    համարվում   է    թարգմանությունների   թագուհի:
Ես   համոզված   եմ,  Աստվածաշունչը` այդ   անսպառ   շտեմարանը,   հետաքրքրում   է   թե՛  մեծին,  թե՛   փոքրին:  
Հիսուսն    ինքը   շատ  էր   սիրում   մանուկներին  և   պատվիրել   էր   իր  աշակերտներին,  որ   ուշադիր   լինեն   նրանց   նկատմամբ:   Նա    մանուկներին  համարում  էր     մաքուր   էակներ   և     խորհուրդ     տալիս    մեծերին,   որ   օրինակ   վերցնեն   նրանցից:     Իսկ   ինքը   ինչքան  էլ   հոգնած   լիներ,  մանուկների   համար   միշտ   էլ   ժամանակ   գտնում   էր:
Հիսուս    Քրիստոսի     յուրաքանչյուր  քայլը,   ցանկացած    արարք  իր  մեջ   մեծ  իմաստ   էր   պարունակում:   Նա   երբեք    չէր    մեծամտանում,  օգնում   էր    խեղճերին    ու    թույլերին,   բժշկում   հիվանդներին,  իսկ   փոխարենը    պահանջում   էր    միայն   հավատ    Աստծո    հանդեպ:
Իր   քարոզները   պատկերավոր   դարձնելու  համար    նա    ժողովրդի  հետ   խոսում  էր   առակներով:  Այդ   առակները  ինքնանպատակ   չեն:  Նրանցից   ամեն  մեկը   մի   խոր      իմաստնություն   է   պարունակում,   սովորեցնում  է   ոչ   միայն    խոսքերով   լինել  ընկերասեր,   այլ,   որ   շատ   կարևոր   է,  գործով    պետք  է  դա   ապացուցել:   Այդպիսի   առակ  է  <<  Բարի    սամարացին>>:  Իսկ  ինչքա~ն  շատ   առակներ   ունի,  որտեղ   սովորեցնում  է   լինել  ներողամիտ,  իր  մեղքերը   հասկացած ու    զղջացող   մարդուն   անպայման   պետք  է    ներել:
Դրա   վառ   ապացույցը  բոլորին  ծանոթ  <<Մոլորյալ   որդու   վերադարձը>>   առակն  է:
Ամենօրյա   անդադար    աշխատանքով  Հիսուսը   մարդկանց   սովորեցնում  էր   լինել   ազնիվ  ու   բարի:
<<Հայոց եկեղեցու պատմություն>> առարկայի   ժամերին   մենք  հնարավորու-թյուն  ենք   ունենում   շփվելու   Աստվածաշնչի   տարբեր   բաժինների  հետ:  Մեզ  համար   շատ    հետաքրքրական   են  մեր  եկեղեցու   տոները:
Մենք   ծանոթանում   ենք   այդ   տոների   բովանդակությանը,   ծիսակարգին:  Իսկ   երբ     դասարանցիներով   կամ      ընտանիքով   հաճախում   եմ   եկեղեցի,  ես   ինձ  ավելի    հզոր   ու   հպարտ   եմ   զգում:   Ես   գիտեմ,  որ  եկեղեցին  Աստծո   տունն  է  երկրի   վրա: Դրա  համար   էլ   եկեղեցում  ինձ   թվում  է,  որ  զգում  եմ  իմ   նախնիների   շունչը:  Իսկ  ինչ   խորհրդավոր   են   հնաբույր   աղոթարանները:
Ես   սիրում  եմ   մասնակցել   պատարագին   ու   թեև   շատ   բան   չեմ   հասկանում,  բայց   վառվող   մոմերի  լույսը,  խունկի   հոտը   և   եկեղեցում   հնչող  կախարդական   մեղեդին   ինձ    անչափ   հոգեհարազատ  են:
Ես,  իհարկե   կարդում  եմ    զանազան   բնույթի   այլ   գրքեր  ևս,   որոնցից   ամեն   մեկը   մի  ուրույն   աշխարհ  է:   Նրանցից   ես   սովորում   եմ  հայրենասիրություն,  ընկերասիրություն,    ծանոթանում  եմ   բնության   հրաշալիքներին,  գտնում  եմ   ինձ հուզող   շատ   հարցերի   պատասխաններ:   Բայց   նորից  ու  նորից  ծագում  են  այլ   հարցեր,  որոնց   պատասխանները   պետք   է  փնտրել   այլ  գրքերում:
Այսպես   գրքից   գիրք  անցնելով`  նրանց   հետ   ընկերանում  եմ,   բարեկամանում,  ինձ     ավելի    ինքնավստահ  եմ  զգում:   Բայց   երբ   տխրում  եմ   կամ   էլ   հիասթափվում   ինչ-որ   բանից,   նորից   ձեռքս   եմ   առնում   Աստվածաշունչը`   ամենաիմաստուն   գիրքը, և  ինձ   նորից   թվում   է,   թե   մեկն   ինձ   սովորեցնում  է   ճիշտ   ապրել,  ներել   ու   շարունակել   սովորել…


Հրազդանի 14րդ դպրոց
Լաուրա Նալբանդյան

Rate this posting:
{[['', '']]}
{["Useless", "Boring", "Need more details", "Perfect"]}

No comments:

Post a Comment