Sunday, February 17, 2013

Շուշան Ներսեսյան: Որ գրքում կուզենայի ապրել


Եթե մի պահ մտնենք մեր հիշողության մոռացված գրադարան, ապա գրադարակներից մեկում հաստատ կգտնենք այն եզակի գիրքը, որը բոլորն են կարդացել: Այդ գիրքը պարզ ու հասարակ կազմով, նուրբ ու մաշված էջերով գիրք է: Այդ գրքում չկան չար հերոսներ, այդտեղ ապրում են միայն բարի հրեշտակներ… Ցավոք, այդ գիրքը, ուզես, թե չուզես, կարող ես կարդալ ողջ կյանքում ընդամենը մեկ անգամ: Որքան էլ երևակայությունդ հեռու տանի, գիրքը կոչվում է Մանկություն, իմ անհո՜գ մանկություն, իմ խաղա՜ղ մանկություն…
Մի պահ այդ մոռացված գրադարանում փորձիր գտնել մանկությանդ մոռացված գիրքը, վրայից սրբիր տարիների փոշին, հիմա շատ զգույշ բացիր ու սկսիր թերթել…
Հիշու՞մ ես մանկական միամտությունդ, պարզությունդ ու մաքրությունդ:
Հիշու՞մ ես քո անմեղ չարաճճիությունները, քո ընկերներին, քո անվերջ խաղերը: Իսկ
հիշու՞մ ես քո ծննդյան օրերը, երբ արթնանում էիր ինչ-որ անհավանական ու կախարդական երազանքներով, որոնք սակայն իրականություն էին դառնում, իսկ ամանորյա գիշերները ՞, երբ քո ամբողջ հոգով սպասում էիր ամանորյա հրաշքին: Հիշու՞մ ես, երբ առաջին անգամ հայրիկիդ ու մայրիկիդ հետ մտար գիտության տաճար՝ դպրոց՝ քեզ համար մի անծանոթ աշխարհ, ուր քո առջև արդեն բաց այբբենարանն էր: Հիշու՞մ ես քո դպրոցական  տարիները, քո ուսուցչուհուն, նրա խստապահանջ ու ջերմ հայացքը, քո նստարանը, քո առաջին սերը…
Լավ, պարզ ու մաքուր հիշողություններն աշխարհում ամենաթանկն են ու ամենաանգնահատելին:
Կուզենայի ապրել մանկության գրքում, գի՜րք, որ ինձ այնքա՜ն բան սովորեցրեց: Սովորեցրեց սպասել անսպասելիին, հավատալ անհավատալիին: Տենչալ, երազել… Ուզում եմ գոնե մեկ անգամ, ընդամենը մեկ անգամ տեսնել իմ հին ընկերներին, ուզում եմ մեր բակն ու մեր փողոցը, ուզում եմ մեր խելագար օրերը, որոնք կարծես հեքիաթ լինեին, ու մենք էլ՝ հեքիաթի հերոսներ, ուզում եմ մեր անհոգ մանկական ծիծաղն ու անիմաստ մանկական լացը: Մեր մանկական երազներն ու մոռացված վայրկյանները, վայրկյաններ, որ ամրագրվեցին մեր հիշողության մեջ ու դարձան մեր կյանքի անբաժան մասնիկը…Նույնիսկ մանկական տանջող հոգսերն ու անլուծում խնդիրներն են այժմ նախանձելի: Դու ամեն ինչ ծրարեցիր քո ներսում, ծրարեցիր նույնիսկ ժամանակը, հիշողությունները, արցունքները…

Այնքա՜ն բան ենք թողել քո ներսում, մանկությու՛ն: Ախ՜ր քո աշխարհն ուրիշ էր, ուրախությու՜ն, քմահաճույքնե՜ր, երջանիկ ու անհոգ ծիծաղ, լաց, անիմաստ հարցեր ու ավելի անիմաստ պատասխաններ…Վերջապես մայրիկի տաքու՜կ գիրկ, որ աշխարհում ոչ մի այլ բանի հետ չես փոխի…Իսկ հիմա՜, հիմա միայն լոկ երազանքներ, երազանքներ, որոնք երբեք իրականություն չեն դառնա ու կապրեն իմ երևակայության անսահման աշխարհում, մի այնպիսի երևակայական աշխարհ, ուր բնակություն են հաստատում միայն երազանքները, թռչում են միայն թևավոր իղձերը… Մանկության հուշերն անջնջելի են, մանկության խաղերն անմոռանալի են, մանկության ընկերներն անփոխարինելի են…
Միայն մի բանի համար եմ ափսոսում, շատ եմ ափսոսում…միա՜յն մի բանի, որ գրքի էջերը սահմանափակ էին, ու մի օր նրանք վերջացան…,ու այդ ժամանակ հասկացա, որ մենք ժամանակավոր էինք քո՛ ներսում, քո՛ էջերում: Մենք մեծացանք, մեզ փոխեց ժամանակը: Ժամանակը թերևս ամենահզոր զենքն է, որ ընդունակ է մարդու մեջ ամեն ինչ տակնուվրա անել, հիմնահատակ ավերել հոգում ձևավորված ներդաշնակությունը: Երբևէ չէի մտածում, որ այսպես կկարոտեմ, այսպես կերազեմ նորից ապրել քո ներսում, այնքա՜ն էի ուզում շուտ մեծանալ…Անհամբերությամբ սպասում էի այդ <<ձանձրալի ու միապաղաղ>> գրքի ավարտին,այն գրքի, որ ստիպված էի կարդում ու որքան մոտենում էին գրքի վերջի՜ն, երկա՜ր էջերին,  այնքան ավելի էի ուրախանում, վերջապես մտնելու էի մի նոր, հետաքրքիր կյանք ու վերջապես հրաժեշտ էի տալու արդեն միօրինակ ու երկարաձիգ օրերին…Գիրքն ավարտվեց, ու ժամանակը դրեց երկար սպասված վերջն ազդարարող վերջակետը, վերջակետ, որ վերջ դրեց կախարդականին, առեղծվածայինին, անհավանականին…
Սակայն հիմա եմ զգում քո՜ կարիքը, ի՜մ մանկություն՝ երբևէ կորցրած ամենաթանկ բանն աշխարհում: Քո քաղցր ու ջինջ օրերի կարիքը,քո տաք օրերի կարիքը ես հիմա շա՜տ-շա՜տ եմ զգում: Ես հիմա մի տեսակ ջերմության կարիք ունեմ, քո՛ ջերմության կարիքը: Քեզ պետք է ամուր բռնեի ու բաց չթողնեի, չթողնեի՝ փակվեր քո վերջին էջը, սակայն ես անզոր էի. դու ինքդ թողեցիր ու հեռացար: Ես քեզ ամուր չէի բռնել, ես քեզ առհասարակ չէի բռնել ու կարծես ազատություն էի տվել…Ժամանակը բոլորից ուժեղ գտնվեց: Ժամանակն ինքը մեզ բաժանեց ու անդարձ բաժանեց…Ես շատ բան կորցրեցի, փոխարենը գտա նորերը, բա՜յց…բայց այն, ինչ կորցրեցրի, էլ երբեք չեմ գտնի…
Որովհետև այդպես ուզեց միայն ժամանակը,իսկ ժամանակի առաջ բոլորն անզոր են, ժամանակն այնքան արագ է թռչում…Քո տեղն իմ սրտում հիմա դատարկ է, ու ինչ-որ բան ինձ միշտ քո մասին է հիշեցնում, մի՜շտ, ամենու՜ր… Ո՛չ ոք, ո՛չ ոք չի կարող լցնել այդ դատարկությունը: Իմ հիշողության ամեն անկյունում դու ես՝ մանկությու՜ն՝ քո անարատ պատկերներով՝ լի բարության անմոռաց վայրկյաններով, ինձ միշտ ջերմացնում: Երբ ես տեսնում եմ բակում խաղացող անհոգ մանուկների, ակամայից քեզ եմ հիշում և կարոտում, կարոտում եմ մի անհագ կարոտով ու…
Ու ամեն ինչ կտայի, որ գոնե մի քանի վայրկյան ապրեի մանկության գրքում, նրա մաշված էջերի ներսում…Մի քանի վայրկյան լսեի տատիկիս՝ թեկուզ ծերացած ձայնով պատմած հեքիաթներն ու անուշ քուն մտնեի...

Մանկության օրեր, երազի նման
Անցաք գնացիք, այլ չեք դառնալու,
Ո՜հ, դուք երջանիկ, ո՜հ անհոգ օրեր,
Ընդունակ միայն ուրախացնելու:
* * *
Մանկության օրեր, ինչու՞ այդպես շուտ
Թռաք գնացիք, անդարձ հավիտյան,
Ես այն ժամանակ անհոգ ու ազատ
Կարծում էի ինձ աշխարհի իշխան:


Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի հենակետային վարժարան 
10-րդ դասարան.
Ներսեսյան Շուշան
Նյութը խմբագրված չէ.

Rate this posting:
{[['', '']]}
{["Useless", "Boring", "Need more details", "Perfect"]}

8 comments:

  1. shat lavner)))arjani miayn haxtanaki!!!!!!!!!!!

    ReplyDelete
  2. huzich u patkeravor ays patmvacq@ mi pah indz tarav depi im mankutyan girk@. hrashali e ev arjani e miayn haxtanaki !!!

    ReplyDelete
  3. հոյակապեր շատ հետաքրքիր եվ իմաստալի.իսկապես որ մեր կյանքի ամենագեղեցիկ գիրքը մանկուտըունն է

    ReplyDelete