Sunday, February 17, 2013

Արմինե Գրիգորյան: Թիմ Թալեր կամ վաճառված ծիծաղ


…Փոքրիկ քաղաքում նեղ նրբանցքներ են: Այստեղ է ապրել այդ փոքրիկ տղան: Քանի~ անգամ է տխուր թափառել` երազելով ընտանիքի, սիրո և ջերմության մասին: Քանի~ անգամ է թափառել այստեղ` թաքցնելով արցունքները, թաքցնելով հիասթափությունը… Հենց այստեղ է վաստակել իր առաջին թղթադրամները, և հենց այստեղ է վաճառել իր ծիծաղը…
  Կուզեի փակել աչքերս ու հայտնվել այնտեղ` այն նեղ նրբանցքում, որտեղ նա առաջին անգամ հասկացավ, որ առանց ծիծաղ` այս կյանքը գորշ է: Կուզեի խոսել նրա հետ ու պատմել այն ամենը, ինչ կատարվել է հոգումս` նրա պատմությունը կարդալիս:
<<Սիրելի Թիմ, ես գրեթե քո տարիքին եմ.. Գուցե չեմ տեսել այնպիսի դժվարություններ իմ կյանքում, ինչպիսին որ դու ես ապրել: Բայց զգացել եմ այն, ինչ զգացել ես դու. Կորուստ… Կյանքում կորուստները շատ են լինում. Մեկը կորցնում է ծնող, մյուսը` փող, մեկ ուրիշը` սեր: Բայց իմ և քո կորուստը երևի ավելի մեծ է. մենք կորցրել ենք ծիծաղ: Դու վաճառեցիր այն` փոխարենը ստանալով գրազը շահելու կարողություն, իսկ ես… ես ինքս էլ չգիտեմ, թե ուր է կորել իմ ծիծաղը, այն վաղուց չկա… Գուցե նրանից է, որ վաղուց չկա իմ կյանքում ուրախություն, որ վաղուց մարել է իմ մեջ ապրելու ցանկությունը: Ուղղակի սկսեցի ճանաչել կյանքը, ուղղակի տեսա այն գորշ գույները, որոնք թաքնված են կյանքի խորքերում: Ուղղակի հիասթափությունը այնքան մեծ է, որ այլևս ուժ չունեմ ծիծաղելու, նույնիսկ` ժպտալու…
  Ես գիտեմ, որ կյանքում միշտ էլ սևից հետո գալիս է սպիտակը, որ խավարին միշտ էլ հետևում է լույսը, բայց… երբ պատռվում են մարդկանց դիմակները, երբ բարության փոխարեն ես կեղծավորություն եմ տեսնում, ինձ թվում է, թե այս ամբողջ կյանքը ընդամենը մի մեծ ներկայացում է: Ինձ թվում է, թե այս կյանքը մի մեծ օձ է, որ գալարվելով հիպնոսացնում ու խաբում է մարդկանց իր գեղեցկությամբ… Հուսահատությունը գրկում է ինձ ու… ծիծաղ չկա:

  Իսկ գիտե՞ս, որ ես արտասվեցի այն ժամանակ, երբ հասկացա, որ ուզում ես ծիծաղել, բայց չես կարողանում… երբ հասկացար, որ ծիծաղելու փոխարեն քո դեմքը ծամածռվում է ու դառնում ինչ-որ անճոռնի հայացք, որ վախեցնում է մարդկանց…
  Հիմա ես նույնն եմ զգում: Երբ ուզում եմ ուղղակի ծիծաղել` առանց պատճառ, չեմ կարողանում, որովհետև թախիծն այնքան շատ է սրտումս, որ թույլ չի տալիս տրվել ուրախությանը: Մինչև ե՞րբ…
  Մենք չենք գնահատում այն, ինչ ունենք… մենք չգիտենք, որ այն, ինչ ունենք, մեր հարստությունն է… Մենք չենք հասկանում, որ նույնիսկ ծիծաղը մի թանկարժեք իր է, ուղղակի նրան հնարավոր չէ շոշափել: Եթե մարդիկ կարողանային գնահատել, նրանք երջանիկ կլինեին, որովհետև կհասկանային, որ հարուստ են…
  Հարո՞ւստ… Սիրելի Թիմ, մենք աղքատ ենք… այո, այն բոլոր փողերը, որ դու ստացել ես վաճառված ծիծաղիդ դիմաց, ուղղակի ոչինչ են, լսո՞ւմ ես` ոչինչ… Դու գիտես դա ու փորձում ես վերադարձնել այն` իմանալով, որ ծիծաղդ վաճառել ես անդարձ: Դու արդեն հասկացել ես, որ կան կյանքում անգին բաներ… բաներ, որ տալիս է Աստված, որ չենք գնում փողով: Դու զղջացել ես, գիտեմ…
  Միշտ էլ հարվածից հետո` երբ ընկնում ենք, երբ զգում ենք կյանքի դառնությունն ու ապրելու գինը, երբ այլևս չենք հավատում ոչնչի, երբ կորցնում ենք ծիծաղելու կարողությունը… մենք միևնույնն է, նորից վերադառնում ենք հին տեղը, հին փողոցները, ու այնտեղ թափառելով` փնտրում ենք մանկությունը… այդ մանկության մեջ մենք ամենաշատը մեր ծիծաղն ենք կարոտած լինում` բարձր ու վարակիչ…
  Սիրելի Թիմ, ուզում եմ, որ գտնենք այն, ինչ կորցրել ենք: Գիտեմ, որ կան կյանքում բաներ, որոնք կորչում են անվերադարձ… ու գիտեմ, որ ինքներս ենք մեղավոր: Բայց ես դեռ երեխայի պես հավատում եմ,  որ կգա մի օր, երբ ցավը կմնա անցյալում, ու մենք նորից կկարողանանք ծիծաղել` բարձր ու վարակիչ…
  Երբեմն մտնում եմ հին սենյակս, ու տխրությունը նորից գրկում է ինձ: Նայում եմ հին տիկնիկներիս ու հիշում, թե ինչպես էի խաղում դրանցով, ինչպես էի ծիծաղում: Իսկ հիմա… հիմա ինձ թվում է, որ ես ինքս մի տիկնիկ եմ կյանքի ձեռքում. Մի խամաճիկ,  որի հետ  նա խաղում է այնպես, ինչպես ցանկանում է:
  Սիրելի Թիմ, հիմա երևի դու նույնպես գլուխդ առել ես ափերիդ մեջ` թաքցնելու համար հուսահատության արցունքները: Ոչ, մի արտասվիր, հարազատս… Գիտե՞ս, թե որն է իմ և քո տարբերությունը. Դու վաճառեցիր ծիծաղդ, որպեսզի շահես բոլոր գրազները… և դու հասկացար, որ կյանքում ոչինչ չի կարող փոխարինել ծիծաղին. Չէ՞ որ այն հոգուցդ է գալիս, չէ՞ որ այն հուշում է, որ դեռ մարդ ես մնացել, որ դեռ ուրախանալու ուժ ունես… որ չի մեռել քո մեջ այն փոքրիկ երեխան, ով ապրում է քո մանկության նեղ նրբանցքներում… Դու դեռ կարող ես վերադարձնել այդ փոքրիկին, որովհետև դու գրքում ես ապրում… իսկ գրքի վերջում միշտ էլ հաղթում է բարին, ուղղակի պայքարել է պետք… որպեսզի վերջին էջը հաղթանակի էջ լինի: Դու իրավունք չունես հիասթափվելու: Իսկ ես… ես չգիտեմ` արդյոք կկարողանա՞մ երբևէ վերադարձնել ծիծաղս… չէ՞ որ կյանքում ամեն ինչ այլ է: Այստեղ միշտ չէ, որ բարին է հաղթում. Երբեմն բարին տրորվում է, երբեմն չարն է ժպտում վերջում… Բայց… չեմ ուզում թույլ տալ, որ կյանքը հաղթի ինձ, չեմ ուզում, որ դեմքս տանջանքներից այլայլվի: Պիտի ծիծաղեմ… չէ՞ որ կարող է հանկարծակի այնպես լինել, որ կտրվեն խամաճիկի ձեռքերի թելերը, և խամաճիկը կշարժվի այնպես, ինչպես ինքն է ցանկանում…
  Այո, հարազատս, տեսնո՞ւմ ես` հուսահատությունը կամաց-կամաց լքում է ինձ: Գիրքը քո մասին ինձ  ուժ տվեց պայքարելու: Ես հասկացա, որ նույնիսկ ճահճի միջից մարդը կարող է դուրս գալ, ուղղակի հավատալ է պետք: Գրքի վերջում դու կվերադարձնես ծիծաղդ, իսկ ես… փակելով գիրքը` գուցե կարողանամ ժպտալ… Ժպիտը ծիծաղի սկիզբն է>>…
    Փոքրիկ քաղաքում նեղ նրբանցքներ են… այստեղ է ապրել այդ փոքրիկ տղան: Այստեղ է վաճառել իր ծիծաղը, և հենց այստեղ էլ վերադարձրել է այն` հասկանալով, որ երբ շուրթերդ ծիծաղում են` հոգիդ երգում է…
  Ես ժպտում եմ… կարծես թե վերադարձնում եմ ծիծաղս…

Հրազդանի №10 ավագ դպրոց 
11-րդ դասարան, 16 տարեկան,
Արմինե Գրիգորյան

Rate this posting:
{[['', '']]}
{["Useless", "Boring", "Need more details", "Perfect"]}

No comments:

Post a Comment