Օ~, գրքերի աշխարհը տիեզերք է անեզր
Նրանք շատ են ու բազմապիսի:
Յուրաքանչյուրն իր մեջ մի աշխարհ է ուրույն
Եվ պատմում են նրանք մեզ աշխարհի մասին
Խոսքերով անկրկնելի և անագորույն:
Եղիշե Չարենց
Լավ բանաստեղծությունը լավ երգի նման հոգու մեղեդի է, խռովված սրտին
անդորրություն բերող սպեղանի:
Երբ մենակ ու տխուր եմ լինում, հաղորդակցվում եմ Տերյանի անրջող թախծին,
կյանքի անարդարություններից դառնանալիս Սևակի ոգեշունչ մարդերգությունն եմ ընթերցում վերստին: Երբ սերն է ցավեցնում հոգիս, Սայաթ-Նովա և Իսահակյան եմ
ընթերցում: Երբ բախտից հալածված հայն է ընդվզում հոգուս խորքում, Շիրազի
հայրենաշունչ քնարին եմ դիմում: Երբ պապենական տան կարոտն եմ զգում,Թու-
մանյան եմ ընթերցում: Երբ մեղսագործ եմ ինձ զգում, մաքրագործող <<Նարեկն>>
եմ բացում: Երբ առյուծասիրտ հայորդի եմ ուզում ինձ զգալ, կրկին ու կրկին Չարեց,
Վարուժան, Սիամանթո, Պատկանյան եմ սերտում...
Ճամփորդում եմ պոեզիայի գեղահրաշ աշխարհով, այդուհանդերձ ունեմ իմ աշխարհը` երազներիս աշխարհը, որտեղ էլ ծնվեց երազներիս գիրքը: Գիրք, որտեղ
կլիներ մթնշաղ,վերջալույսի անդորր, որտեղ կլիներ իմ երազելու նվիրական պահը, որտեղ կճչայի,կկանչեի`հայտնվի'ր, իմ թավշաթև երազ: Ինչու՞ չերազել, եթե այն հյութեղ է դարձնում հոգին, թև է տալիս մտքին: Ինչու՞ չերազել, եթե այդ երանությունը
շոյում է բոլոր բջիջներդ:Ո՞վ գիտե, գուցե մի օր նրանք կիջնեն երկնքից ու իրակա-
նություն կդառնան այդ քմահաճ գունագեղ երազները:
Երազել է տալիս մութը, երազել է տալիս լռությունը, երազել է տալիս սերը,այո', սերը...
Ո՞վ չի ուզում սիրել ու սիրված լինել: Ո՞վ չի ուզում սիրված էակի կողքին լինել: Ես ունեմ իմ երազների տաքուկ անկյունը:
Երբ մենակ եմ լինում ու տխուր , երբ ոչ մի շշուկ չի խանգարում նրանց անդորրը, ես հյուր եմ լինում իմ շոյող երազներին : Նրանք ինձ լավ են հասկանում, չեն խեթում ու չեն հեգնում: Նրանց հետ ես երջանիկ եմ ու հարազատ իմ էությանը: Այդ երազանքներն իմ ապագայի լուսարձակներն են, իմ իդեալների պահապան հրեշտակները: Առանց այդ երազների ինձ աղքատ ու կողոպտված կզգամ:
Առաջին երազս վարդագույն հանդերձ ունի : Նա իմ գալիքի խորհրդանիշն է : Երկրորդ երազս կամակոր ու ինքնասածի է , դժվար է ենթարկվում : Նա իմ ինքնահաստատումն է: Հաջորդ երազս հարազատներիս մասին է. ուզում եմ նրանց միշտ առողջ ու համերաշխ տեսնել: Դե, իսկ հայրենիքիս մասին երազներս բազմագույն են ու բազմաթև:
Շատ եմ ուզում, որ ժողովուրդս ապահով, բարեկեցիկ կյանքով ապրի , ոչ ոք չլքի իր հայրենիքը: Ամենքը գտնեն իրենց արժանի կոչումը, արժանի տեղը : Ցանկանում եմ վերջ դրվի սոցիալական անարդարություններին , կյանքի բիրտ դաժանությունը մարդկանց հոգիներից աստիճանաբար դուրս է մղում աստվածային վեհությունը, ջերմությունը , բարությունը :
Ամայացած տեղում անմիջապես տեր ու տնօրեն են դառնում չարությունը , անտարբերությունը , դյուրաբորբոքությունը :
Իմ մեծագույն նպատակն ու երազանքը նախ և առաջ մարդ մնալն է :
Երազում եմ , որ մարդու աչքը կշտանալու հատկություն ունենա ու չխենթանա ոսկու տեսքից:
Եթե ամեն մահկանացու իր նմանի կյանքի վրա ձեռք բարձրացնելուց առաջ հիշեր , որ նա էլ իր պես Աստծու կերտվածք է ` կյանքի ու արևի կարոտ: Եթե միլիարդների դեզի տակ շնչահեղձ լինող հոգիները բաժանեին այդ շեղջերը ընչազուրկներին և տնանկներին …
Եթե բժիշկները ամոքեին առանց կանխավ վարձատրվելու…
Եթե օրենքները բոլորի համար հավասար ուշ ունենային …
Եթե ուրիշի հողը, վաստակը, երջանկությունը գողացողն իր խղճի ահեղ դատաստանի զոհը դառնար…
Օ~, եթե , եթե, եթե… այս ամենը իրականանար , ապա կյանքը կդառնար ամենօրյա հեքիաթ երջանիկ վախճանով , բարի – խիզախ-հրաշագործ հերոսներով :
Կստեղծվեր իմ երազանքների գիրքը , որը լսելի կլիներ ողջ աշխարհին : Գիրք , որը կլիներ հոգու մեղեդի , խռոված սրտերին անդորրություն բերող սպեղանի, սիրահարի հետ զրուցող գտածո ` գեղեցիկը որոնողին: Ցանկանում եմ , որ իմ երազանքների գիրքն էլ լինի այն գրքերից, որը կարելի լիներ համեմատել խաչքարի , կտավի , կոթողի, երաժշտության հետ:
Երազիր … երազանքները հոգու թևերն են , երազի’ր, քանի դեռ չեն կոտրել այդ թևերը:
Լոռու մարզ , գյուղ Շահումյանի միջն. դպրոց.
11-րդ դասարան.
Քրիստինե Ղուլյան
Նյութը խմբագրված չէ. Rate this posting:
{[['', '']]}
{["Useless", "Boring", "Need more details", "Perfect"]}
No comments:
Post a Comment