Saturday, February 16, 2013

Շուշաննա Հակոբյան:Գիրքը , որը սովորեցրեց ինձ ապրել

Տիեզերքի միակ բանական էակը մարդն է: Ուստիև միայն նա ունի բանականություն, այսինքն կարող է  և´ ապրել, և´ սովորել ու սովորեցնել, և´ ստեղծագործել ու բացատրել անբացատրելին:                    Գիշերները պատռվում են, և արևի ամեն ծնունդի հետ աշխարհը լուսաբացվում է՝ ընծայելով մեզ նոր օր, նոր հնարավորություններ բացթողումները ամբողջացնելու, վերստին ոտքի կանգնելու, ապրելու ու արարելու համար: Օրվա ընթացքում մենք մե´րթ բախվում ենք  հիասթափությունների ու հուսահատությունների վիթխարի ալիքներին, մե´րթ ամենափոքր ուրախություններում՝ գտնում  երջանկության մեր կաթիլը: Երբեմն տագնապներով պաշարված, կանգնում ենք անպատասխան թվացող հարցերի առաջ կամ արժևորում ու գնահատում ենք այն՝ ինչին ամենաչնչին ուշադրություն անգամ չենք դարձրել: Եվ շատ հաճախ, թերթելով ակնթարթները, մեր օրը դառնում է անցյալ, դառնում ինչ-որ մեկի պատմության   բաղկացուցիչ մի մասը, այլ կերպ ասած գրքանում է և մենք էլ ակամա դառնում ենք նրա անմիջական հերոսները, ովքեր չգիտեն, թե որ էջը երբ կթերթվի, թե հաջորդ ճերմակ էջը ինչ գույնով պիտի լցվի, և վերջաբանը ինչպիսին պիտի լինի:
                                                                                                           Գիրքը,  այն եզակի ու պարզ  միջոցն է, որի շնորհիվ մարդիկ կրթվում են՝ դառնալով շնորհաշատ, բանիմաց, կյանքի դրվագներում ավելի ճիշտ են կողմնորոշվում: Հնուց ի վեր՝ դարեր շարունակ, գիրքն է եղել այն միակ  աղբյուրը, որից մարդիկ իմացել են իրենց ազգի պատմությունը, աշխարհին են ներկայացրել իրենց մտքերն ու դատողությունները: Որքան մեծանում եմ, այնքան ավելի լավ եմ գիտակցում՝ խեղդամահ  անելով ճշմարտությունը՝ տարածվում են կեղծիքն ու  խաբեությունը, իսկ ոգեղենը հոշոտում է հոգեղենը և օրըստօրե ավելանում են հոգևոր լույսի մուտքը փակողները: Իսկ գիրքը միակ ճշմարիտ իրողությունը, լցնում է մարդու հոգին լույսով, նրա առջև բաց անում նոր, ավելի լայն մտահորիզոններ, տալով նրան ընտրության լայն հնարավորություններ, ինչին և  ձգտում ենք մենք՝ լույս աշխարհ եկածներս մեր կյանքի առաջին իսկ  օրվանից սկսած: Մեր առաջին ճիչը դառնում է մեր կյանքի պատմության առաջին բառը, մեր գոյության փաստացի հիմքը, մեր կյանքի լուսարձակ իրողությունը: Հաճախ լույսի որոնումները տանում են մեզ գրքերի աշխարհ, որտեղ մենք փորձում ենք հանդիպել մեզ նման մտածողների, գտնել մեզ մտատանջող հարցերի պատասխանները:                                                                             Մի  քանի  ամիս  առաջ էր:  Վերջացրել էի Րաֆֆու «Խենթը» և  նոր   գիրք էի փնտրում, որ կարդամ: Ամեն անգամ պատահական մի գիրք էի  ընտրում, բայց այս անգամն ուրիշ էր:                                                                                                             Որոշեցի կարդալ մեր տան գրադարանի ամենահին գիրքը: Երկար որոնումներից  հետո  գտա մի  խորհրդավոր գիրք: Կազմը բավական մաշված էր, բայց դեռ պահպանվել էր գրքին հատուկ շքեղ գեղեցկությունը: Քաղցր էր շնչել հին գրքի բույրը, առավել ևս, երբ նրա մեջ հանգրվանել էին չորացած ծաղիկների  թերթիկները: Ի  ուրախություն ինձ գրքի թերթերը   լավ էին պահպանվել, բացառությամբ  երկու էջի, որտեղ էլ գտա չորացած ծաղիկները: Դա այն գիրքն էր, որը բոլորովին փոխեց իմ կյանքը և իմ պատկերացումները՝  մարդկանց, աշխարհի, չարի ու  բարու  մասին: Այդ գիրքը Րաֆֆու «Խաչագողի  հիշատակարանը» գիրքն էր:                                                                                                        Արդեն շատ ուշ էր, երբ սկսեցի կարդալ: Առաջին իսկ նախադասությունը կարդալուց հետո  հասկացա, որ պետք է արագ վերջացնեմ այն: Շատ ժամեր անցան, և ես ֆիզիկապես անկարող էի դիմանալ ու կարդալ: Մի տեսակ տխուր լռություն տիրեց  իմ սրտին,և շուտով աչքերս ծանրացան քնով:                                                                                                                 Գիշերը մոտենում էր իր վախճանին, երբ արթնացա: Երազումս  տեսել էի այն, ինչ կարդացել էի: Մի՞թե  իմ կյանքը մի այդպիսի երազ չէ…Մի՞թե ինձ ևս իր հետ չի տանում  աշխարհային հոսանքը իր կատաղի ալեկոծության մեջ:                                                                        Որոշեցի այդ օրը անպայման  ավարտել գիրքը: Վայրկյաններն էի հաշվում, որ դպրոցից հասնեմ տուն ու կարդամ: Սկզբից ուզում էի հնարավորինս արագ կարդալ, որովհետև ինչքան կարդում էի, այնքան ավելի էի տարվում նրանով: Բայց վերջում ակամա սկսեցի բառերը դանդաղ կարդալ, որպեսզի մի  քանի ժամ ավելի ապրեմ գրքիս հերոսների հետ:  Վերջին տողերը կարդալիս աչքերս  լցվեցին, և ես ազատություն տվեցի արցունքներիս:  Կարդալով  այդ գիրքը՝ ես  զգացի, որ իմ հոգին պարուրվել է ուրիշ զգացումով, ինձ  թվաց՝  ես ուրիշ  մարդ եմ: Հօդս էին ցնդել  ուրիշ, երկիր տեղափոխվելու և ուսումս այնտեղ շարունակելու ցանկությունները,  վերացել  էր իմ մեջ բույն դրած  երազային  թվացող արտերկրային կյանքը: Իսկ ինչո՞ւ չմնալ  իմ հայրենիքում, ինչո՞ւ  չապրել  այստեղ և դառնալ  նրա ներկան  և ապագան կերտող մի շինարար, ինչո՞ւ չմիանալ բազում հայրենասեր  մարդկանց  բանակին, ովքեր  հպարտանում են  իրենց հայրենանվեր  գործերով:                                                              …Այո´, ինչպես Խաչատուր Աբովյանը կերտեց ժամանակակից մարդու կերպարը, այնպես էլ իմ կարդացած գրքի հերոսը ամբողջովին  դարձավ նոր ձևավորվող հոգուս դաստիարակը, ստիպեց,  որ դառնամ մի նոր՝  ամբողջովին իր հայրենիքին  նվիրված ու զինվորագրված հայուհի:                                                                               Առավոտ էր: Նոյեմբերյան ցուրտ առավոտներից մեկը: Աշնանային տխուր ու ժլատ արևը  իր դալկացած տաքությամբ  ողջունեց ինձ և իր ճառագայթները սփռեց  Շիրակ հինավուրց աշխարհի վրա: Ինձ թվաց՝ թե ես առաջին անգամ նկատեցի հեռվում աշնանային հագուստով արևի ճառագայթների տակ ժպտացող իմ բնաշխարհը, Անիի  ամրոցը, որտեղ հերոսաբար պայքարել են հայերը  բյուզանդացիների  դեմ և ջախջախել  նրանց...                                                                  Հագնվեցի  և մտամոլոր քայլերս  ուղղեցի  դեպի դպրոց: Ճանապարհին հանդիպեցի մի ծեր կնոջ, ով իր թոռան ձեռքը բռնած՝  գնում էր  նույն ճանապարհով: Երկուսն էլ հագնված էին  եղանակին  ոչ համապատասխան: Խղճացի նրանց, սիրտս ցավաց, ճմլվեց և ձուլվեցի աշնան մելամաղձոտ ամբողջությանը: Զգացի, որ ուզում եմ  բարությամբ լցնել  շուրջս, օգնել մարդկանց, աշխարհին… Ես իմ  հայրենիքում ուսումս կշարունակեմ, կդառնամ լրագրող, կբարձրացնեմ մարդկանց  ֆիզիկապես ու հոգեպես  ճնշող ու հուզող հարցերը, կլինեմ դրանք շտկելու ջատագով: Ես էլ կդառնամ մի խաչագող, բայց իմ երկրում:  Խոստանում եմ  քեզ  Մուրա´դ, խոստանում եմ քեզ ամբողջ իմ  հոգով,  քանզի դու  ինձ  օգնեցիր  ապագաս  ճիշտ  կառուցելու  գործում:                                                                                                              …Շատ ամիսներ են անցել, սակայն ես չեմ մոռացել խոստումս: Հուսով եմ, որ այն իրականություն կդարձնեմ...
                                         
 Գյումրու թիվ 45 ավագ դպրոց
  10-րդ դասարան
 Շուշաննա Հակոբյան
 Նյութը խմբագրված չէ.

Rate this posting:
{[['', '']]}
{["Useless", "Boring", "Need more details", "Perfect"]}

2 comments:

  1. jisht e law er sharadraz bayc ete duq dzer mtqer@ nerareiq sharadrutyan mej aveli jisht kline,petq che urish sayteric copy-ner anel.Hargelis dzer sharadrutyun@ artatpvaz linelu patjarov es chhavaneci porceq dzer mtqer@ sharadrel...

    ReplyDelete
  2. This comment has been removed by the author.

    ReplyDelete