Sunday, February 17, 2013

Զառա Թորգոմյան: Գիրք, որը սովորեցրեց ապրել


 Պատմությունը գրվել է Ա. Գրինի <<Ալ առագաստները>> վեպից ստացված տպավորություններից: 
Գլխավոր հերոսներն են՝ Ասսոլ՝ սովորական գյուղի աղջնակ
Գրեյ՝ տղա, ում մասին երկար տարիներ երազում էր Ասսոլը



Ապրե՜լ, ապրե՜լ, այնպե՛ս ապրել,
Որ սուրբ հողդ երբեք չզգա քո ավելորդ ծանրությունը:
Ապրե՜լ, ապրե՜լ, այնպե՛ս ապրել,
Որ դու ինքդ էլ երբեք չզգաս քո սեփական մանրությունը:
Ու թե հանկարծ անպետքություն համարես
Թե ինքդ քեզ արհամարհես
Ու համարես,
Քեզ հետ վիճի՛,
Քեզ չզիջի՛,
Համբերատար քեզ հետ խոսի՜,
Հակառակում քեզ համոզի
Ինքը… հզոր ԳԻՐՔԸ…
Պ. Սևակ


Ես սպասում եմ: Ես տեսնում եմ: Ես շուտով կիմանամ: Սպասում եմ երազանքիս իրականացմանը: Տեսնում եմ այլ առագաստներ, որոնք, ավաղ, ինձ չեն մոտենում: Ես շուտով կիմանամ նրանց ժամանելու լուրը: Սպասում եմ առագաստներիս, որոնք իրենց վրա կբերեն երջանկությունս, կբերեն այլ աշխարհներից, որտեղ այն իրական է, կբերեն առագաստներ՝ երջանկության գույնի: Գուցե ինձ խենթ անվանեն, բայց, այնուամենայնիվ, ես գիտեմ այն, ինչ գիտեմ: Երբ ձկնորսը ձուկ է բռնում, նա մտածում է, որ կբռնի մի այնպիսի ձուկ, որ ոչ ոք չի բռնել: Իսկ ինչու՞ չմտածել այդպես: Չէ՞ որ մտքերը իրականություն են դառնում: Հավատալ երջանկությանը, հավատալ իրական երջանկությանը, հավատալ այն ամենին, ինչին հավատում ես: Երբ խոսում եմ ինքս ինձ հետ, իմ երկրորդ <<Ես>>-ը շարունակ կրկնում է. <<Դուռդ կթակի չափահասությունը, այ կտեսնես, կնայես պատուհանիցդ, իսկ այնտեղ՝ ալ կարմիր առագաստները եկել են հետևիցդ>>:

Սովորական առավոտ էր, որ ոչինչ չէր խոստանում: Պատուհանի տակ նստած՝ արևի տաք շողերն էի որսում գրքիս էջերում: Կարդում էի: Էջիս վրայով քայլում էր կանաչավուն մի բզեզ: Ժամանակ առ ժամանակ կանգնում էր՝ բարձրանալով հետևի  թաթիկների վրա՝ անմեղ տեսք ընդունած: Արդեն երկու անգամ չէի նյարդայնացել, գցել էի նրան պատուհանագոգին, որտեղից նա կրկին վերադարձել էր՝ հավատարիմ ու հանգիստ, թվում էր՝ ուզում է ինչ-որ բան ասել: Այդ անգամ նրան հաջողվեց ձեռքիս հասնել: Երկար քայլելուց հետո կանգնեց մի բառի վրա: Արդեն ուզում էի գցել նրան ծաղկամանի մեջ, երբ հայացքս ինձնից անկախ դիպավ այդ բառին, որի վրա նա այդքան փորձում էր ուշադրություն գրավել:
 <<Հավատա>>…
Էջը թերթվեց, բայց գիրքը սովորեցրեց ապրել: Երբ դատավորը ինքը ազատ արձակի մեղադրյալին, երբ միլիոնատերը գրողին վիլլա նվիրի, իսկ ձիավորը գեթ մեկ անգամ դանդաղեցնի իր ձիու արագությունը, մյուս ձիավորին՝ ում բախտը չի բերում, առաջ թողնելու համար, այդ ժամանակ բոլորը կհասկանան, որքան հաճելի է այդ զգացումը: Բայց կան ոչ պակաս հրաշքներ. ժպիտը, ուրախությունը, ներողամտությունը և… ժամանակին լսած կարևոր բառը, որ կարող է փոխել կյանքդ:
<<Հավատա>>…

Այդ բառը այնքան հասկանալի է, որքան <<ես>> ու <<դու>>-ն: Հավատում եմ, որ կգա այն լուսաբացը, երբ իմ Գրեյը կտեսնի ինձ ոչ միայն աչքերով, այլ նաև սրտով:  Հնարավոր է, որ ինձ տրված է ավելին, քան մյուսներին, ուղղակի <<ուրիշ լեզվով>>:
Ես կլինեմ այդ հեքիաթի անմեղ ու չքնաղ Ասսոլը, որ կխոսի միայն այն մարդկանց հետ, ում տեսնում է հոգով ու հասկանում: Նա կհասկանա ինձ: Նմանատիպ մի օր էլ սիրտս կսկսի բաբախել գրպանի ժամացույցի արագությամբ, ու նա կլսի իմ հոգու ճիչը: <<Սրտային մանրուք>>, որ չես փոխանցի թղթի վրա: Նրա ուժը ոչ թե բառի մեջ է, այլ զգացմունքի: Կսիրեմ ու չեմ երկմտի զգացմունքերս արտահայտելիս: Ինչպես ասել է Օսկար Ուայլդը . << Մարդիկ երբեք չեն ամաչում ստել, գողություն անել, նախանձել, զրպարտել, բայց, ինչպես կանոնն է, նրանք ամաչում են իրենց զգացմունքներից՝ սիրուց, առաքինությունից, ու… արցունքներից >>: Ես չեմ ամաչում իմ վեհ զգացմունքի համար: Կնայեմ նրա աչքերի մեջ: Կներթափանցեմ դրանց խորքը ու ինքս էլ ամեն ինչ կհասկանամ… անխոս: Չէ՞ որ աչքերը հոգու լավագույն հայելին են: Իսկ մարդու իրական դեմքը կարելի է տեսնել նրա աչքերին նայելով, այն իրական մարդկային դեմքը, որի մասին սովորաբար խոսում են միայն աչքերը: Կսիրեմ նրա աչքերը, կսիրեմ նրա աչքերում փայլփլող բարությունը, անկեղծությունը, որ կտանի ևս մեկ քայլ առաջ դեպի երջանկություն: Երբ հոգին իր մեջ պահում է հրեղեն բույսի սերմ՝ երջանկություն, թույլ տուր աճել այդ սերմին, եթե ունակ ես:
Խավարի համար պատասխանատուն
Իմ մտքերը չեն,
Այլ իմ աչքերը,
Որ քեզ են ուզում կենդանացնեն: / Պ. Սևակ /
Ուզում եմ կենդանացնել, դառնալ նրա համար հենց այն պետքական բառը հոգու և կյանքի երկխոսության մեջ, առանց որի դժվար է հասկանալ ինքդ քեզ: Նա կդառնա իմ կյանքի նավի նավաստին: Նավաստի… ոչ մի մասնագիտություն, բացի սրանից, չի կարող միաձուլել կյանքի բոլոր հարստությունները՝ պահպանելով առանձին հաճույքների նրբին նախշերը: Ուզում եմ լռել նրա հետ. այդ լռության մեջ ամենևին պետք չէ բառեր տեղադրել: Ուզում եմ հասկանալ նրան: Լսում ենք դիմացինի խոսքը, բայց եթե նա կրկնի ասածը՝ կհասկանանք ևս մեկ անգամ, բայց այլ իմաստով: Ուզում եմ լսել նրա խոսքը այնպես, ինչպես նա ասում է: Հասկանալ: Ճիշտ: Միանգամից:
Ուզում եմ նայել հայելու մեջ, իսկ այնտեղ դիմացիս աղջնակը ժպտա ինձ նույնչափ երջանիկ, ինչպես ես: Ուզում եմ ուղղակի երջանիկ լինել: Երջանիկ լինել առագաստներս տեսնելու պահից:

Գուցե հիմա ասեք՝ գժվե՞լ ես, ի՞նչ  է: Իսկ ես էլ կասեմ՝ այո՛, գժվել եմ, ինչու՞ չգժվել: Բայց, հասկացե՛ք, երջանկությունը ի զորու է խենթացնելու: Գիտեմ… գիտեմ, որ խենթ եմ թվում, բայց եթե դու տեսնես, ինչպես ես… նայի՛ր իմ աչքերով: Եթե լսես, ինչպես ես… ականջիդ մոտեցրու խխունջը՝ այնտեղ աղմուկն է հավերժական ալիքի: Եթե սիրես, ինչպես ես… քո խոսքերում բացի սիրուց ու ժպիտից կտեսնեմ նաև ՄԱՐԴ:
Իսկ գիրքը փոխեց կյանքս…



Հ. Գալստյանի անվան հ. 83 ավագ դպրոց.
10-րդ դասարան.
Զառա Թորգոմյան
Նյութը խմբագրված չէ.







Rate this posting:
{[['', '']]}
{["Useless", "Boring", "Need more details", "Perfect"]}

11 comments:

  1. ՈՒրիշ լեզվով էր գրված, անհասկանալի սիրուն ...

    ReplyDelete
  2. Անհասկանալի լեզվով էր գրված, անհասկանալի սիրուն..

    ReplyDelete
  3. ու էտպես շարունակ :))

    ReplyDelete
  4. Շատ լավ հոդված էր (:

    ReplyDelete
  5. HETAQRQIR ER************************************************************************************

    ReplyDelete
  6. հետաքրքիր էր ********************************************************************

    ReplyDelete