Գիրքը, որը սովորեցրեց ինձ ապրել
-Բարև՛, Ձե՛րդ մեծություն, թույլ կտա՞ք Ձեզ այդպես անվանել:
-Ծաղրու՞մ ես:
-Բայց ինչու՞ պիտի ծաղրեմ,-զարմանքից աչքերս կլորացան:
-Ես նկատեցի` ինչպես փոխվեց հայացքդ…Իսկ դու չե՞ս վախենում խոսել մահացածի հետ:
-Դուք ողջ եք:
-Այլապես ինչու՞ եմ հողի տակ:
-Դա Դոյլի մարմինն է: Գուցե մեռած եք, բայց մահացած չեք: Մարդը մահանում է, երբ իրեն մոռանում են:
-Կարծում ես` ո՞ղջ եմ:
-Բա՜ն ասացիք: Ի՞նձ եք հարցնում. իհարկե, ողջ եք: Կմեռնեիք, եթե Ձեր ընկեր Վաթսոնը գրի չառներ այդ ամենը:
- Հաա՜, ճիշտ ես: Բան ես սովորել ինձանից. անընդհատ սևեռուն նայում ես ինձ, կարծես մտքերս ես ուզում կարդալ:
-Դուք եք «մեղավոր»: Տասնչորս տարեկանից Ձեզ նման սկսել եմ հայացքով մարդկանց խուզարկել, տնտղել ձեռնափայտը, փորձել գուշակել` քանի տարվա պատմություն ունի, ում ձեռքի գործն է, հասկանալ` ինչ է զգում մարդը, ինչու է փախցնում հայացքը, ինչու է թաքցնում ձեռքերը:
- Անընդհատ Վաթսոնին ես հիշեցնում:
-Նա էլ էր Ձեզանից «վարակվել»:
-Նա մասնագիտությամբ բժիշկ էր, չէ՞, բայց, չգիտես ինչու, հիվանդությունները «հետախուզելու» փոխարեն իր կլորիկ ու կարմիր քիթն իմ լաբորատորիայի սրվակների մեջ էր խոթում:
-Գիտե՞ք, Ձե՛րդ մեծութուն….
- Հո՛լմս ասա, խնդրում եմ. գիտես` ես չեմ սիրում հարուստներին, ու նրանց արքայական տիտղոսներն ինձ վերագրելը մի տեսակ խորթ է:
-Լավ, դիմեմ, ինչպես բոլորը. մի՛սթր Հոլմս, գիտեք՞, հետաքրքիր է. Ձեր ձեռքով կյանք առած հերոսները գրքում շարժուն ու խոսուն են: Հիմա ես եմ նրանց կյանք տվել ծեփամածիկով. միայն տեսնե՜ք: Ճեղքված շրթունքով մարդը, արդեն քանի տարի է, նույն դիրքով նստած է. ո՛չ խոսում է, ո՛չ կարողանում է իր կյանքից բան պատմել: Նրանց պատմությունը ստիպված ինքս եմ պատմում: Երբ տանից բացակայում եմ, մարդիկ նրանց նայում են որպես սոսկ ծեփածո արձանիկների: Սիրում եմ, երբ կարդացած մարդիկ են հյուր գալիս. նայում են նրանց ու միանգամից ճանաչում:
Գիտե՞ք, մի՛սթր Հոլմս, զարգացել է կյանքը. ցանկացած հիմնարկություն մտնելիս թվում է` կարմրահերների միություն եմ ընկել. մարդիկ, համակարգիչների մոտ անշարժ նստած, գրում են ու գրում:
-Մի րոպե, նոր բա՞ռ ասացիր. համակարգիչն ի՞նչ է, որդի՛:
- Ա՜խ, սիրելի՛ միսթր Հոլմս, ես մոռացել էի, որ Դուք չգիտեք համակարգչի մասին. համակարգիչը դարի հայտնագործությունն է ու դարի ցավը: Այն մի փոքրիկ, էկրանով արկղիկ է ու նման է հեքիաթային աշխարհի: Ինչ ուզում եք, կգտնեք այնտեղ: Առաջ մի բան գրելու համար Դուք քանի ՞ անգամ էիք վեր կենում տեղից, կռանում, հանում թղթապանակը, քրքրում փոշոտ մատյանները, թերթում,թերթում, զայրացած բացում էիք հաջորդ դարակը, և այսպես շարունակ: Հիմա այդ բոլոր թղթապանակներն այդ հեքիաթ-արկղիկի մեջ են: Բավական է սեղմել համապատասխան կոճակն, ու վերջ. այնքա՜ն թվեր ու փաստեր կբերի, որ կխճճվես իրականի ու անիրականի խառնուրդում: Մարդկանց գործը հեշտացել է, հեշտ են աշխատում:
-Բայց, իմ կարծիքով, դա այնքան էլ լավ չէ:
-Ինչու՞: Գուցե նախանձեցի՞ք, մի՛սթր Հոլմս:
-Մ՛ի կատակիր. ես դա լուրջ եմ ասում. մարդիկ կարող են հիվանդանալ:
- Կեցցե՛ք, մի՛սթր Հոլմս, իսկույն երևում է, որ խուզարկուի հետ եմ խոսում, ով նաև բժշկի մտերիմ ընկերն է: Ճիշտ եք, մարդիկ անընդհատ նստած աշխատանքի պատճառով հաճախ տառապում են ողնաշարի հիվանդություններով: Երեխաների բակային խաղերն էլ են իրենց տեղը զիջել համակարգչային խաղերին: Գիրքն էլ է երկրորդ պլան մղվել. հասակակիցներս գիրք չեն կարդում:
- Չե՞ն կարդում: Լավ բան չասացիր: Իսկ ինձ թվում էր` ավելի զարգացած պիտի լինեն:
- Չէ՛, չէ՛, զարգացած են, գիտեն շատ ու շատ բաներ, պարզապես ընդհանուր գրագիտությունն է ընկել: Հիշում եմ ` ինչ հաճույքով էի ծանոթանում Ձեր հերոսներին: «Բասկերվիլների շուն»-ը ինձ վրա մեծ տպավորություն էր թողել. շան ոռնոցն ու պսպղուն աչքերն ամիսներ շարունակ հետապնդում էին ինձ:
-Վախենու՞մ էիր:
-Չէ՛, ուղղակի տպավորված էի: Ա՛յ, վախենում էի, որ պրոֆեսոր Մորիարտին Ձեզ կվնասի: Ինձ միշտ թվում էր` նա աշխարհի ամենամեծ հանցագործն է, ու նրա մահով բոլոր հանցագործություններին վերջ կդրվի: Բայց այդպես չէ. հիմա ավելի քան շատացել են հանցագործները: Երանի մեկ օրով այստեղ լինեիք: Ճիշտ եմ ասում, կգժվեիք.կգժվեիք ոչ թե նրա համար, որ չէիք կարողանա հանցագործությունները բացահայտել, այլ նրա համար, որ հանցագործությունները բացահայտ են կատարվում. ընտանիքի անդամներն են իրար վրա ձեռք բարձրացնում, մայրը նորածին մանկան բարուրն է «մոռանում» աղբանոցում, որ օրը ցերեկով երիտասարդ տղան շատ է «հավանում» իր մոր տարիքի կնոջ վզի շղթան, որ թոշակառուի ձեռքի դողն առհավետ կանգնում է, ինչ է, թե թոշակ է ստացել, մահապարտ ահաբեկիչը պայթեցնում է իրեն, որ մի քանի անմեղ մարդու կյանք խլի…
Տխրեցի՞ք, մի՛սթր Հոլմս, չէ՛, մի՛ տխրեք, ես սրանք Ձեզ ասում եմ որպես մասնագետի, բայց կյանքում շատ լավ բաներ էլ են լինում: Ես ամեն օր եկող օրվանից ժամանակ եմ «պարտք վերցնում». քսանչորս ժամը շատ քիչ է «օր» կոչվածի համար. տարին երեք հարյուր վաթսունհինգ օ՞ր, ախր շա՜տ է քիչ: Կյանքը վազում է, ծաղկում է կյանքը:
Գիտեմ` լավ բռնցքամարտիկ եք: Մենք էլ լավ մարզիկներ ունենք: Շատ կուզեի Ձեր կարծիքն իմանալ Վիկ Դարչինյանի ու Արթուր Աբրահամի մասին. նրանք իմ հայրենակիցներն են, մեր հպարտությունը: Կուզեի Ձեզ տեսնել մենամարտելիս:
Ժպտու՞մ եք, մի՛սթր Հոլմս. նրանք շատ ուժեղ են, աշխարհի չեմպիոններ…
Ես մոռացա Ձեզ ասել, որ սարքել եմ Ձեր փոքրիկ տուն-թանգարանը: Ներսում Դուք ու բժիշկ Վաթսոնը նստած եք բուխարու կողքին` Ձեր սիրելի բազկաթոռներին, միսիս Հադսոնը նամակ է բերում Ձեզ, դրսում ձիակառք է կանգնած:
Դպրոցում ցուցահանդես էր: Սրտի թրթիռով նստեցի տաքսի: Վարորդը նայեց, նայեց ու ասաց. «Էդ գազանանոցը դու՞ ես սարքել»: Ես էլ Ձեզ նման քրքջացի: Բայց, փա՜ռք Աստծո, երբ տեղ հասա, ուսուցիչներս անմիջապես ճանաչեցին իմ ու Ձեր հերոսներին:
Ինձ հաճախ ասում են, թե տարիքից է, որ ես այդպես տարվել եմ Ձեզանով, բայց ինձ թվում է`իմ ու Ձեր ներաշխարհներն են իրար զուգահեռվում: Սիրում եմ Ձեր խորաթափանցությունը: Իրավաբան եմ ուզում դառնալ. պարապում եմ: Ի՞նչ կարծիքի եք, կհաղթահարե՞մ: Շատ էի ուզում Ձեզ նման ջութակահար դառնալ, բայց կիթառ եմ նվագում. երաժշտությունն էլ է չէ՞ մեր աշխարհը: Այնտեղ գույներ կան, լույս կա, կա թրթիռ ու ջերմություն, այն զտում է տրամադրությունը, ցանցի մեջ թողնում է թախիծը, մեզ տալիս է միայն հաճելին ու լավը, օգնում է մոռանալ հոգսերը: Ես հանդիպեցի Ձեր հերոսներին ու սովորեցի ոչ թե ապրել, այլ ճիշտ ապրել: Նրանք ինձ սովորեցրին զգուշավոր լինել ընկերների հարցում: Բարեկամներին Աստվածն ինքն է մեզ շնորհում. ո՛չ ընտրել կարող ես, ո՛չ փոխել: Ընկերներին ինքներս ենք ընտրում, ու եթե սխալվեցիր, ինքդ ես մեղավոր …
- Սայթաքե՞լ ես:
-Փա՜ռք Աստծո, չէ՛: Ես ունեցածիս արժեքը գիտեմ, կորուստը ծանր եմ տանում: Հայերս սովորություն ունենք ընկերանալ, հետո ճանաչել: Աշխատում եմ աչալուրջ լինել այդ հարցում, հնարավորինս ճանաչել, հետո ընկերանալ: Ես սովորեցի գնահատել ժամանակը, ճանաչել մարդկանց, զգալ սուտը, հասկանալ կեղծիքը: Սովորեցի, բայց առայժմ շատ հարցերում լուռ եմ, քանի որ դեռ չեմ դարձել իմ գործի վարպետը: Ես դեռ հատ-հատ շարում եմ «ճակատագիր» կոչվող ճանապարհիս սալաքարերը: Երազում եմ, բայց ոչ թե օդում, այլ իրական կյանքում իմ տքնաջան աշխատանքի վաստակն եմ ուզում տեսնել:
Այնուամենայնիվ ազդեցի Ձեր տրամադրության վրա, մի՛սթր Հոլմս, երկար ժամանակ է` լռում եք:
-Դա էլ է իմ մասնագիտությունից….Տու՛ր ջութակը, տղա՛ս:
-Երջանիկ եմ…Սիրով կլսեմ: Սիրում եմ երաժշտությունը, սիրում եմ Ձեզ, Ձեր աշխարհը, աշխատանքը, Ձեր աչքի սրությունը, խորամանկությունն ու հնարամտությունը: Սիրում եմ կյանքը, լույսերը, գույները, մարդկանց, սիրում եմ գիրքը, որը սովորեցրեց ինձ ապրել, ապրել մի այլ կերպ…
Կից ներկայացված են հեղինակի աշխատանքների լուսանկարները:
Վանաձորի Րաֆֆու անվան թիվ 19 միջն. դպրոց
12-րդ դասարան.
Թաթուլ Ղազարյան.
Նյութը խմբագրված չէ.
Rate this posting:
{[['', '']]}
{["Useless", "Boring", "Need more details", "Perfect"]}
Հիանալի է: Ես կուզեի այս նյութը հաղթեր, քանի որ պատկերները ամբողջական են դարձնում պատմությւոնը: Կեցցես Թաթուլ, նման փոքրիկ աշխարհ արարելու համար:
ReplyDeleteՇատ հետաքրքիր էր!!! Երեվում է, որ հեղինակը խորապես ուսումնասիրել է հերոսի կյանքը,այնքան լավ է , որ նույնիսկ պատկերացնում, ու շատ հետաքրքիր շարադրել է իրենց հանդիպումն ու երկխոսությունը. պատկերացնում է որ հարցին ինչպես կպատասխաներ, որ փաստին ինչ արձագանք կտար,ինչից կտխրեր կամ կուրախանար, ինչից կզարմանար... Իրենց ներաշխարհներում նմանություն է տեսնում, ու գովելի է, որ ուզում է էլ ավելի նմանվել: Իսկ ձեռագործ աշխատանքները կարծես իրական լինեն,հոգի կա այդ ամենում, մարդկանց դեմքերում կյանք կա... ՀԻԱՑԱԾ ԵՄ!!!
ReplyDelete