Sunday, February 17, 2013

Վահե Ասիրյան:Գիրքը, որը սովորեցրեց ինձ ապրել



Երևի սկսեմ նրանից, որ ես երաժշտություն չէի սիրում: Ես փոքր էի, չէի կարող հանդուրժել, երբ հարազատներս հեռուստացույցով որևէ համերգ էին լսում:
Մայրիկս շատ էր սիրում երաժշտություն, իսկ ամենից շատ` ջութակ: Բավականին երկար նա ինձ համոզում էր, որ ես հաճախեմ  երաժշտական դպրոց և սովորեմ ջութակ նվագել: Վերջապես դաժան մարտերից հետո նա հաղթեց: Ինձ համար ջութակ գնեցին, և սկսվեցին իմ սարսափազդու պարապմունքները: Ես բարկանում, ջղաձգվում էի միապաղաղ հնչյուններից, հատկապես նրանից, որ միանգամից չէի կարող ուզածիս չափ նվագել: Հերթական պարապմունքն էր. ես կրկին փնթփնթում էի, դժգոհում: Ջութակի ուսուցչուհիս, ով երիտասարդ և խստապահանջ օրիորդ էր, բարկացավ և իր խոսքն այսպես ավարտեց.
-Ես քեզ խոստանում եմ` եթե կարողանաս լավ նվագել, իսկ դրա համար պետք է աշխատասեր լինես, քեզ կտամ Պագանինիի ստեղծագործություններից, և դու հաստատ չես դժգոհի:
- Իսկ ո՞վ է այդ Պագանինին,- հարցրի ես թերահավատորեն:
- Կգնաս, մայրիկիդ կհարցնես, կասի թե ով է Պագանինին,- կոշտ պատասխանեց ուսուցչուհիս ու դուրս եկավ:
Կրկին փնթփնթալով` դժգոհ դեմքով տուն մտա /տնեցիները սովոր էին իմ այդ վիճակին/: Մոտեցա մայրիկիս ու հարցրի.
- Մա'մ, ո՞վ է Պագանինին և ինչո՞վ է հայտնի:
-Վերցրու' գիրքը և ինքդ պարզի` ով է Պագանինին,-խորհրդավոր ժպիտով ասաց մայրիկս և մայրական համբույրը թողնելով այտիս` գրադարանից մի գիրք վերցրեց ու տվեց ինձ:
,,Սա էր պակասում,- մտածեցի ես,- նախ ջութակը, հետո էլ գիրքը. չեն թողնում մարդ հանգիստ ապրի,,:  Հուսահատ մտա իմ սենյակ, նստեցի ու նայեցի գրքին:
,,Պագանինիի դատապարտումը,,. այսպես էր վերնագրված գիրքը, որ սովորեցրեց ինձ ապրել:
Սկսեցի կարդալ: Անցավ մեկ ժամ: Ես դեռ կարդում էի: Եվս մեկ մեկ ժամ, դեռ կարդում էի: Այնքան էի խորասուզվել, որ չէի նկատել` ինչպես է արևն անցել սարերի ետևը: Մայրիկս եկավ, գիրքը վերցրեց.
-Մնացածը վաղը կշարունակես, հիմա պետք է քնես:
Ես պառկեցի, բայց չէի կարողանում քնել: Մտածում էի հերոսի մասին, կյանքի մասին: Մտածում էի, որ սխալվել եմ` մտածելով, որ իմ տանջանքներն ամենադաժանն են:
Առավոտ շուտ աչքերս բացվեցին: Ուզում էի կարդալ: Ինձ հետաքրքրում էր հերոսի ճակատագիրը: Որոշեցի մնալ ու ավարտել գիրքը: Ձևացնելով, թե ինձ լավ չեմ զգում, ստացա թույլտվություն` դպրոց չգնալու: Վազեցի իմ սենյակ, գիրքը վերցրի ու սկսեցի կարդալ: Ես չէի կարդում, ես տեսնում էի, ես զգում էի, ես լսում էի: Այնքան էի խորասուզվել, որ թվում էր` լսում եմ նրա ջութակի ելևէջները, կախարդական եղանակների ամենանուրբ կտորներն անգամ: Ես կախարդված էի:  Զարմանում էի, թե մարդու մեջ որտեղից այդքան ուժ, այդքան դիմացկունություն. մի թե մարդ կարող է ապրել`կորցնելով մարդ կոչվելու իրավունքը, լինելով հալածված ու մերժված:
Երեկոյան գիրքն ավարտված էր, աչքերս` արցունքներով ողողված: Փորձեցի քնել, բայց երկար ժամանակ չէի կարողանում: Ցանկությունս միայն այն էր, որ մի օր հանդիպեմ այդ մարդուն, այդ կախարդին, այդ բարի կախարդին: Քնեցի ու երազ տեսա: Մի մեծ դահլիճ. ես նստած էի դահլիճի կենտրոնում: Այնտեղ մութ էր ու ցուրտ: Հանկարծ դահլիճը լուսավորվեց ու դարձավ մարդաշատ: Աղմուկ էր, հետո` լռություն: Բեմի կենտրոնում կանգնած էր սևազգեստ մի մարդ` սև մազերով ու մեծ քթով. դա Նիկկոլո Պագանինին էր: Նա սկսեց նվագել: Առաջին իսկ նոտայից ես ամբողջովին վեր էի ածվել մի զգայարանի, որ ամբողջ մարմնով զգում էր կախարդանքն իր վրա, զգում էր աստվածային երաժշտություն, զգում բարություն քարոզող մի ձայն, պայքարի մղող մի կոչ, օրորոցային մի քաղցր երգ:
Երբ հնչեց վերջին նոտան, նա գլուխը խոնարհեց: Ես սկսեցի ծափահարել ամբողջ ուժով: Հանկարծ զգացի, որ միայնակ եմ դահլիճի մեջտեղում, բայց նա դեռ կանգնած էր բեմի կենտրոնում: Վազելով մոտեցա նրան, ձեռքով դիպա`համոզվելու, որ տեսիլք չէ իմ տեսածը: Կանգնել էի նրա դիմաց ու անթարթ աչքերով նրան էի նայում: Իսկ նա, մի հպանցիկ հայացք գցելով աչքերիս, կարծես հասկացավ, թե ինչ են ուզում լսել իրենից, թե ինչ է պետք ու ասաց.
-Անհնարինը լինում է միայն մարդկանց մտքերում: Նույնիսկ ամենաանհնարին թվացող ցանկությունն անգամ կարող է դառնալ իրականություն: Կամք ու համբերություն ունեցի'ր և լավատես եղի'ր: Եթե կա դժվարություն, ուրեմն կա նաև հաղթելու  ճանապարհ: Եվ այդ ճանապարհին դու կգտնես այն, ինչ չես գտնի անգամ գրքերում:  Ուժե'ղ եղիր, Վահե'… 
Ես վեր թռա. քրտնած էի: Զարմանք էի զգում, ուզում էի նորից քնել, նորից տեսնել նրան, բայց անօգուտ էր: Սկսեցի կրկնել նրա ասածները, որոնք մինչև այսօր տպված են ուղեղումս, իսկ նրա ջութակի ձայնը` սրտումս:
Հանձնվեցի ու վերցրի ջութակս:
Իսկ այսօր ես ջութակ նվագել գիտեմ…




Իջևանի թիվ 4 հիմնական դպրոց                                                                                                      
 9-րդ դասարան.
Վահե Ասիրյան
Նյութը խմբագրված չէ.
 



Rate this posting:
{[['', '']]}
{["Useless", "Boring", "Need more details", "Perfect"]}

No comments:

Post a Comment