Փոքր հասակից
սիրել եմ հեքիաթներ լսել, իսկ հետո` կարդալ: Սիրել եմ բարի և ուժեղ հերոսներին:
Նրանց բարի գործերը շատ ու շատ դրական հատկանիշներ են ներարկել իմ մեջ: Տխուր
վերջաբաններից հուզվում էի, իսկ ուրախ ավարտով հեքիաթներն ինձ սովորեցնում էին, որ
միշտ էլ բարին հաղթում է չարին: Գիրքը առաջինն ինձ մղեց բարի գործ անելուն:
Սովորեցրեց ուշադիր լինել ծերերի, ընկերներիս, քույրիկիս, փոքր եղբորս նկատմամբ,
կերակրել և խնամել կենդանիներին: Հետագայում շատ ու շատ գրքեր կարդացի, որոնց
միջոցով ճանաչեցի իմ երկիրը, ազգն ու մշակույթը: Ամեն գիրք կարդալիս մի կարևոր բան
եմ սովորում և աշխատում եմ օրինակ վերցնել: Կարդում եմ տարբեր գրքեր:
Հովհաննես
Թումանյանի <<Գառնուկ ախպերը>> հեքիաթը կարդալիս խղճահարություն էի
ապրում երկու որբերի համար, բայց բախտը ժպտաց նրանց: Կարծես բախտը ինձ
էր ժպտում, և ես ուրախ էի, որ չարը ստանում է իր արժանի պատիժը: Քրոջ կերպարը, նրա
բարությունն ու համեստությունը ցնցել էին ինձ, և ես կարծես ապրում էի նրանց
կյանքով: Գիրքն է, որ ինձ սովորեցրեց ապրել և իմ մեջ ուժ դրեց, որպեսզի կյանքի այս
անցուդարձի մեջ կարողանամ կողմնորոշվել` որն է ճիշտ ուղին, որը դեպի առաջ տանող
ճանապարհը:
Շիրվանզադեի
<<Արտիստը>> կարդալիս խղճի խայթ էի զգում: Չեմ կարող հաշտվել այն ամբոխի
շինծու վարք ու բարքի, նրանց ստոր պահվածքի հետ: Մարդ, որ միայնակ էր իր
շրջապատում իր անբիծ սիրո տանջանքների և ապրումների հետ: Նրա սերն ազնիվ էր,
մաքուր և անձնուրաց: Նրա սերը արցունքի կաթիլներն էին, ծիծաղն էր, մեղեդին էր, որն
իր զորությամբ շատերին ծնկի էր բերում: Ազնիվ պատանին, չնայած իր չքավորությանը,
հպարտ էր և ուժեղ և ոչ ոքի չէր թողնում խղճահարություն զգային իր
նկատմամբ: Եվ նա կարողացավ իր հպարտությամբ ծնկի բերել նրանց, ովքեր պատուհաններ
էին ծածկում և կոպեկներ նետում նրա վրա: Երանի համայն մարդկությունն
ապրեր միայն անբիծ, մաքուր սիրո համար, և ոչ մի խոչընդոտ չառևանգեր նրա
սիրող սրտի բանալին: Սիրե′նք մաքուր սիրով` եղբայր, քույր և աշխարհը փրկենք չարից,
որովհետև սերն է, որ փրկում է ամբողջ աշխարը: Սիրո պտուղներն անդառնալի
հետք են թողնում ամենուր: Եկե′ք սիրենք միմյանց, ապրենք նույն հոգսերով, կիսենք
վիշտն ու ցավը, ուրախությունն ու հրճվանքը: Գիրքը, որը մենք կարդում ենք, բացում է
մեր աչքերը` սովորեցնելով ապրել, արարել: Գիրքը մեզ տանում է այնտեղ, որտեղ մեզ
չեն սպասում: Գիրքն է, որ պահեց մեր ազգը միասնական, և մենք շատ այլ ազգերի նման
չձուլվեցինք: Նրա շնորհիվ պահեցինք մեր լեզուն, մշակույթն ու հավատը: Գիրքը մեզ
սովորեցրեց ապրել, պայքարել, մաքառել մեր գոյատևման համար զանազան թշնամիների մեջ,
որոնք միշտ ծառացել են հայ ազգի ճանապարհին: Դժվար է ապրել` ոչ մի տեղեկություն
չստանալով, թե ինչ է կատարվում աշխարհում և մեր շրջապատում: Իսկ ահա գիրքը տալիս է
մեզ այդ լայն հնարավորությունը: Սովորեցնում է լավը, ճիշտն ու սխալը, սերն ու
հարգանքը միմյանց նկատմամբ:
Այժմ
մենք անկախ հանրապետություն ենք, ապրում ենք ազատ, անկախ Հայաստանում: Մեր հավատի,
գրականության ու մշակույթի զորությամբ շատ բանի հասանք: Գիրքը մեր հարստությունն
է, մեր մտքի ու զարգացման շտեմարանը, որտեղից սնվում և զարգանում է համայն
մարդկությունը:
Այժմ զարգացման
տոկոսը կտրուկ բարձրացել է: Մարդիկ օգտվում են համացանցից, սակայն գիրքը մնում է
որպես միտքի սնման և զարգացման հիմնական ազբյուր: Նա մեզ սովորեցրել է և
շարունակում է սովորեցնել ճիշտ ապրել, դառնալ մեր ազգին ու պետությանը արժանի
զավակ: Նրանով ենք ոտքի կանգնում, առաջ գնում և զարգացնում մեր երկիրը: Գիրքը
հոգևոր արժեք է, որն իր ուժն ու զորությունը չի կորցնում և մարդկանց գրավում է իր
անսպառ աշխարհը, որ իրենից վերցնեն ամեն ինչ, շարունակել ապրել, հասնել
բարձունքների, պայքարի մեջ մտնել զարգացած երկրների հետ:
Ես դեռ շատ բան
ունեմ սովորելու, քանզի ամեն մի գիրք կարդալուց առաջ դեռ չես պատկերացնում, թե ինչ
հոգևոր արժեքներ քեզ կփոխանցվեն: Գրքում նկարագրված բնության պատկերները,
հերոսների կյանքն ու գործը լայն երևակայության հնարավորություն են տալիս
կարդացողին, և մի պահ փոխադրվում ես այն աշխարհ, որտեղ տեղի են ունենում տվյալ
գրքի գործողությունները: Ես փորձում եմ որքան հնարավոր է շատ գրքեր կարդալ,
որպեսզի ունենամ լայն մտահորիզոն, հարուստ ու գունեղ բառապաշար:
Սիրե՛նք և
պահպանե՛նք մեր գիրքն ու գրականությունը, որովհետև այն պետք է նաև մեր գալիք
սերունդներին: Չնայած ժամանակակից տեխնոլոգիական աշխարհի անընդհատ
զարգացմանը` գիրքը միշտ էլ կզբաղեցնի իր արժանի և պատվավոր տեղը մեր ընտանեկան
գրադարակներում` շարունակելով կրթել և դաստիարակել գալիք սերունդներին, փոխանցելով
նրանց այն ամենը, ինչ ցանկացել է փոխանցել հեղինակը:
Շիրակի մարզի Սառնաղբյուրի միջնակարգ դպրոցի
9-րդ դասարան.
Պողոսյան Վարդուհի,
Նյութը խմբագրված չէ.
Նյութը խմբագրված չէ.
Rate this posting:
{[['', '']]}
{["Useless", "Boring", "Need more details", "Perfect"]}
No comments:
Post a Comment