Իմ սերնդի մասին ավագները, հատկապես ծնողներս, սիրում են ասել.<<Դուք չեք կարդում, մենք ձեր տարիքում գիտեք ինչեր էինք կարդում: Էս սերունդը գրքից հեռու է>>: ՈՒզում եմ հակառակն ապացուցել: Ես սիրում եմ կարդալ, զարմանալիորեն շատ եմ սիրում: Ինձ հետաքրքիր է գրքերում գրված ամեն ինչ: Միշտ փորձում եմ պատկերացնել իմ սիրելի հերոսներին, անգամ իմ մասնակցությունը նկարագրված իրավիճակներում:
Վերջերս պատահաբար ձեռքս ընկավ <<Կորած օրագիր>> վեպը: Վերնագիրը շատ հետաքրքրեց: Իմ տարիքի աղջիկները հաճախ անձնական գրառումների օրագրեր են պահում, որտեղ արտահայտում են իրենց հույզերն ու ապրումները, երազանքներն ու նպատակները, սերերն ու հիասթափությունները: Բացեցի առաջին էջն ու զարմացա. երկու հեղինակ: Այ սա հետաքրքրեց. Քալանթարյան, Բաղդասարյան:
Անկեղծ ասած, նրանց ազգանուններն ինձ ոչինչ չասացին: Սկսեցի կարդալ... Սթափվեցի, երբ ինչ-որ մեկը վառեց սենյակիս լույսը: Տեսնես ժամը քանիսն է... Մայրիկս էր, իսկ ժամը` երեկոյան յոթը: Խորասուզված լինելով ընթերցանության մեջ, կորցրել է ժամանկի զգացողությունը և ամբողջովին տեղափոխվել անցած դարի 80-ական թվականներ, երբ իմ ծնողները իմ տարիքին էին:
Գրքի հերոսները պատանիներ են: Վեպը գրված է օրագրային ոճով, և հերոսներից յուրաքանչյուրն ամենայն անկեղծությամբ արտահայտում է իր կարծիքն ու վերաբերմունքը միմյանց, շրջապատի, իրադարձությունների և, անգամ, ուսուցիչների մասին: Անկախ իմ կամքից սկսում եմ բոլորին համեմատել և նմանեցնել իմ ընկերներին ու ծանոթ մարդկանց: Շողիկը, Արթուրը, Անահիտը, Հակոբը, Հասմիկը, Կարինեն, Արամը և Գեղամը իրական մարդիկ են: Նրանք իրենց սեփական պատկերացումներն ունեն աշխարհի մասին: Ավարտական դասարանի աշակերտները փորձում են կյանքն ընկալել այնպես, ինչպես կա: Նրանց շրջապատում են ավագ սերնդի մարդիկ` Շողիկի և Կարինեի մայրերը, Արթուրի պապը, Արամի և Գեղամի հայրերը, Հակոբի եղբայրը, Հասմիկի տատը, ուսուցիչներ Չալյանը և Վարդանյանը, անգամ հանճարեղ գիտնական Էյնշտեյնը և միլիցիայի մայորը: Պատանիները փորձում են իրենց աշխարհում արդարություն հաստատել, օգնել միմյանց, հասկանալ այնպիսի բաներ, որոնք առաջին հայացքից շատ պարզ են, բայց իրականում բարդ են ու խրթին:
Արթուրը ապագա բռնցքամարտիկ է, արդարամիտ ու ազնիվ: Նա բոլորին օգնում է, անգամ նրանց, ովքեր արժանի չեն դրան: Նա փորձում է սեփական ուժերով արդարության ուղին հարթել` առաջնորդվելով իր պարտիզան պապի խելացի ու մարտական խորհուրդներով: Շողիկը սիրում է Արթուրին: Նա փորձում է ինքնուրույն պարզել ստեղծված իրավիճակները և գտնել դրանց պատասխանները: Նրա լավագույն ընկերուհին և անաչառ քննադատը մայրն է:
Նա հսկայական գործարանի տնօրեն է, հրաշալի խորհրդատու և փայլուն հոգեբան: Մեկ այլ աշխարհում է ապրում Կարինեն: Նրա մայրը վարսավիր է, ամեն ինչ գիտի տղամարդկանց մասին և փորձում է սեփական դստերը պաշտպանել դժբախտություններից և սխալներից: Կարինեն բոլորին <<թիթիզ>> է համարում, իրեն նույնպես: Բայց մայրական դաստիարակությունը նրան ճիշտ է ուղղորդում: Անահիտն այս վեպի գլխավոր հերոսուհին է: Կորած օրագիրն էլ հենց նրանն է: Նա իր գրառումներում խոսում է օրվա անցուդարձից, իր ապրումներից, զգացմունքներից, սիրուց` Հակոբից:
Հենց այս նույն օրագրային գրառումներից էլ որոշեցի կարդալ Դյումա-որդու <<Քամելիազարդ տիկինը>> և Տուրգենևի <<Ասյան>>: Անահիտի օրագրում Չալյանի` հայոց լեզվի և գրականության ուսուցչուհու մասին ևս գրառումներ կան: Նա Չալյանի հանձնարարած ամենամյա <<Իմ ամենասիրելի ուսուցիչը>> թեմայով շարադրությունը շատ անկեղծ է գրել` արժանանալով վերջինիս հալածանքին:
Դասընկերներից ոմանք կանգնում են Անահիտի կողքին, պաշտպանում նրան, կիսում նույն կարծիքը: Անահիտի հոգին նուրբ է, զգայուն, փխրուն և... անկոտրում: Նա կազմակերպված ու կայացած անհատ է: Ժամանակից շուտ զգացել է կյանքի դառնությունները` հատկապես մոր կորուստը: Հակոբը Անահիտի պահապանն է, նրան անկեղծ սիրող, նրանով հափշտակված: Հակոբը և Արթուրը մտերիմ ընկերներ են: Անարդարության դեմ նրանք յուրովի են պայքարում` Արթուրը բռունցքներով, Հակոբը` խելքով: Նրա խորհրդատուն Էյնշտեյնն է, որի հետ նրան ծանոթացրել է իր սիրելի ֆիզիկայի ուսուցիչը` ընկեր Վարդանյանը: Հակոբի շնորհիվ ես սկսեցի հետաքրքրվել նաև ֆիզիկայով, բացի այդ, հասկացա, որ կյանքի շարժիչ ուժը բարությունն է, ներողամտությունն և մարդասիրությունը: Բոլոր հերոսներից ամենահավակնորդն ու հղփացածը Գեղամն է: Նա հարուստ գործարանատիրոջ որդի է: Նրա փոխարեն ուրիշներն են ամեն ինչ անում, որովհետև սովոր է հեշտ և անհոգ կյանքի: Քաղքենի ծնողների զավակ է, հոր փողերով փորձում է բոլորին գնել և հաճոյանալ: Դասընկերներից մեկը` Արամը դարձել է նրա հաճկատարը և հանուն մի քանի գրոշի պատրաստ է ամենազզվելի արարքների. օրինակ գողանալ Անահիտի օրագիրը, կարդալ և տանել-գցել Չալյանի փոստարկղը: Հասմիկը սիրահրված է Գեղամին, սակայն որոշ հանգամանքներ, ինչպես նաև տատիկի խելացի հորդորների շնորհիվ, վերջապես պարզում է Գեղամի իրական դեմքը և ժամանակին հետ կանգնում ինքնասիրահարված համադասարանցուց: Գրքի կառուցվածքն անսովոր է: Յուրաքանչյուր հերոս առանձին է հանդես գալիս, սակայն սա արտաքուստ առանձնություն է: Իրականում սյուժեն կուռ է, կապակցված, ընթերցվում է մի շնչով ու մի քանի անգամ: Գրքի յուրաքանչյուր ընթերցում մի նոր բացահայտում է ինձ համար: Ես կարողացա այս հերոսների միջոցով ճանչել նույնիսկ ինձ: Նմանտիպ մարդիկ կան նաև իմ շրջապատում: Ես սովորեցի ճիշտ գնահատել իրավիճակը և մարդկանց:
<<Կորած օրագիրը>>, անշուշտ, չի դասվում համաշխարհային գրականության շարքը:
Այն չենք կարող համեմատել ոչ <<Ռոմեո և Ջուլիետի>>, ոչ <<Վարդանանքի>> և ոչ էլ մեկ այլ ստեղծագործության հետ: Գուցե այն չունի գրական մեծ արժեք կամ ընթերցողների ընդգրկուն շրջանակ: Սակայն, վեպն իր բովանդակությամբ ուղղորդում և հուշում է ճիշտ ճանապարհ, տանում աշխարհընկալման և ինքնազարգացման նոր ուղիներով: Գիրքն օգնում է ճիշտ ապրել, ճանաչել և գնահատել իրականությունը, վերջապես , իրատեսորեն վերաբերվել ապագային:
Շինուհայրի միջնակարգ դպրոց.
10-րդ դասարան.
Նորա Հայրապետյան
Նյութը խմբագրված չէ.
Rate this posting:
{[['', '']]}
{["Useless", "Boring", "Need more details", "Perfect"]}
No comments:
Post a Comment