…Էջերը պատառոտված էին.երևի հետաքրքրասերներ շատ էին եղել:Փոքրիկ ու մաշված գրքից մնացել էր ընդամենը մի քանի թերթ,բայց որքա՜ն խորը իմաստ կար այդ տողերում, ինչքա՜ն հույզեր էին խճճվել այդ էջերում: Զգուշությամբ վերցրի գիրքը, քնքշությամբ սկսեցի թերթել. որոշեցի կարդալ մի կերպ գոյատևող այդ տողերի պարունակությունը. գուցե հետո այս թերթերն էլ չլինեն:
<<Արտիստը>>`գրված էր ստեղծագործության գլխավերեվում: Անգամ հնարավոր չէր հասկանալ, թե ով էր գրել: Կազմը գունազրկվել էր. տարիների սառնությունը թողել էր իր հետքը խղճալիի վրա: Ի՞նչ իմանար, որ մի օր իրեն պիտի մոռանան ու դեն նետեն: Ստեղծագործության հեղինակը Շիրվանզադեն էր` հետո իմացա…
Ընթերցեցի. երբ ավարտեցի, զգացի, որ հոգիս փոքր-ինչ թախծեց հիացմունքից, աչքերիցս ինքնաբերաբար գլորվեցին այն արցունքները, որ ողբում էին մեծանուն Արտիստի հիշատակը…
<<Խենթ է>>,- մտածեցի: Փոքր էի.չհասկացա…
Այսօր, երբ արդեն տասնվեց տարեկան եմ,հասկացել եմ Լևոնի կերպարի մեծությունը,թափանցել նրա հոգու մեջ ու տեսել սրտի կարոտը,այժմ <<գիրքը>> ինձ համար դարձել է նվիրյալ պատանու սիրո հառաչանք…
Այդ ստեղծագործությունը անմահացավ սրտիս մեջ… թերևս այդ պատճառով է, որ մի քանի ճղճղված թերթերն ինձ համար դարձան հաստափոր մի գիրք:
<<…Լևոնին հանել էին ջրից նավաստիները <<Խերսոն>> շոգենավի տակից, որ երկու շաբաթից հետո պիտի տաներ նրան Իտալիա…
Նրա մահը մեծ վիշտ դարձավ հարազատների ու բարեկամների սրտերում. չէ՞ որ նրան բոլորը սիրում էին որպես ազնիվ ու բարի պատանու,որպես Մեծ Արտիստի:Նրան հիշում են մինչ օրս…
Լուիզան և ամուսինը,իմանալով Լևոնի մահվան լուրը,ընդամենը մի ցավակցական նամակ են գրում նրա մորը:Իհարկե,լուրը ցավալի էր Լուիզայի համար.չէ՞ որ Լևոնը իր լավագույն ընկերն էր,հավատարիմ բարեկամը…
Լևոնի մոր առողջական վիճակն էլ ավելի է վատթարանում:Գնալով նա հյուծվում է ու մաշվում:Գամված էր խղճուկ անկողնուն:Հիվանդությունը դաժանորեն խլում էր սրտի զարկերը,կյանքի տրոփյունը…
Նա մեռավ որդու մահվանից մեկ տարի անց`փնթփնթոցը աղոթքում:
Լևոնի մահվանից անցել էր երկու տարի,երկու տարի է,ինչ նրա գիթառն ու մանդոլինան մնացել էին որբ,համրացել էին,չէին նվագում:Ընկերները նրա հիշատակին մի հուշարձան էին կանգնեցրել,վրան գրել.<<Մեծանուն Արտիստի հիշատակին,որ երազեց ու չհասավ>>:Ոչ ոք չէր համարձակվում նվագել նրա լարայինով,ասում էին,գուցե մի օր Լևոնի պես մի <<Արտիստ>> էլ ծնվի,թո՛ղ նա էլ նվագի.ասում էին,բայց չէին հավատում:
Ոչ ոք չէր կարող նվագել այնպես լիաբուխ,հոգվույն ջերմեռանդությամբ,ինչպես տասնութամյա այն պատանին,որին Արտիստ էին կոչում:
Կավալարոն և Լուիզան դեռ Փարիզում էին ապրում, սակայն այլևս ապրուստի միջոց չունեին, գործերը վատ էին ընթանում.ստիպված էին վերադառնալ հայրենի Օդեսա…
Սինյորա Ստեֆանիան անհամբերությամբ սպասում էր նրանց գալստյանը,թեպետ այնքան էլ գոհ չէր այդ փաստից:Հայրենիք վերադառնալու առաջին իսկ օրը Լուիզան անցանկալի խոսակցություն է ունենում Իցկոյի հետ,ով այնքա՜ն սիրում էր վաղամեռիկ ընկերոջը:
-Իսկ դու ինչո՞ւ չեկար նրա թաղմանը:
-Գործերը շատ էին, չկարողացա:
-Այդպես սառը ու վե՞րջ:
-Իցկո՛, ի՞նչ ես ուզում ինձանից:
-Ուզում եմ՝ վերջապես հասկանաս այն, ինչն այդպես էլ չհասկացար տարիներ առաջ. ցավո՜ք, այժմ շատ ուշ է:
-Ի՞նչ ես ասում,պարզ խոսիր,չեմ հասկանում քեզ:
-Մի՞թե դու չէիր նկատում,որ Լևոնը`այդ մտասույզ պատանին, քեզ սիրում էր ամեն ինչից ու բոլորից շատ,հա՞,մի՞թե…
-Ես… ես չգիտեի, ես նրան իմ լավ ընկերն էի համարում ու հավատացնում եմ, որ անչափ սիրում էի:
-Լևոնի սերը հնարավոր չէր չնկատել, դու շատ լավ գիտեիր,ուղղակի ընտրեցիր նրան` Կավալարոյին: Ինչպես թե, իհարկե, ինչու՞ պիտի ապահով ապագային ձգտող երգչուհին սիրեր մի աղքատ երիտասարդի, ով թափառական երաժիշտ էր դարձել` օրվա հացը վաստակելու համար: Անխի՜ղճ,չէ՞ որ նա ամբողջ հոգով սիրում էր քեզ, նա միակն էր, ով ամենից շատ էր ուրախանում քո երջանկությամբ, քո հաղթանակներով: Կու՜յր:
-Իցկո՛, լռի՜ր, խնդրում եմ:
Արցունքի խոշոր կաթիլները դուրս են ցայտում և ողողում անուշիկ օրիորդի սփրթնած դեմքը, ամբողջ մարմնով դողում էր, հեկեկում էր ողջ էությամբ… չէ՞ որ գիտեր, որ Լևոնը սիրում է:
Ավա՜ղ, արդեն ուշ էր… զղջումի արցունքներն իզուր էին, սպասված խոսքերն` այդպես էլ չասված: Նա ընտրեց փառքը, իսկ Լևոնը` անդավաճան սերը: Պատանին մեռավ` Լուիզային սրտում, սերը` աչքերում, երգը` շուրթերին:
Լուիզան, իր մենությունը գրկած, դուրս եկավ տնից ու քայլեց դեպի Լևոնի անշուք ու որդեկորույս սենյակը. ոչինչ չեր փոխվել, ամեն ինչ նույնն էր մնացել. նույն լուսանկարները, նույն էժանագին գեղարվեստական իրերը, անկյունում դրված որբացած գիթառը… մանդոլինան… Սենյակի օդն ամբողջությամբ պոեզիա էր թվում, երաժշտությունը պարում էր լարերի վրա, իսկ Լուիզան վերհիշում էր. տեղ-տեղ… ուղղակի… այնպես…
Ինչքա՜ն հարազատ էր ամեն ինչ: Հոգին փոթորկում էր, սիրտը` մրմնջում, կարծես հույզերը ուզում էին վերջապես գրկախառնվել մանդոլինայի հնչյուների հետ… Արտիստի շունչը դեռ հևում էր սենյակում…
Լուիզան անշարժանում է, աչքերի առջև ցոլում է Լևոնի գունատ դեմքը…
Այնքա՜ն սեր կար նրա աչքերում` ինչպես առաջ… Անէության մեջ Լուիզան լսում էր Լևոնի գիթառի ձայնը. մանդոլինան Լևոնի ձեռքերում էր. նվագում էր <<Մադրիդի շրջմոլիկը>>…,երաժշտությունն անվերջ լալիս էր ու թոթովում`էլ հետ չե՜մ գալու. կարոտն ու թախիծը բոցավառվում են Լուիզայի ներաշխարհում և հնչում թանձր մշուշների մեջ…Աչքերում մարած կրակը երազում էր`թաքու՜ն,գողունի: Մելամաղձոտ հնչյունները քամում էին սիրտն ու տանում անցյալի հետքերով:Հիշում էր`Լևոնի առաջին ծափով դարձավ երգչուհի,իսկ Լևոնը`իր սառնությամբ,ինքնասպան…
Կանգնած էր սենյակի փոքրիկ պատուհանի մոտ: Դուրս էր նայում:Բազմաթիվ ինչուներ կախված էին օդում:Լուսնի կանթեղը ողբեր էր հյուսում ցավի ականջին,և սիրո անլույս ջահերը կորչում էին այնտեղ`հուշերի գրկում:Երկնքից կաթում էին անսփոփ վայրկյաններ:Գիշերային վանող մթության մեջ խորին լռություն էր:Ամենակուլ գիշերը լափում էր խենթացած քամու շշուկները: Լևոնի ձայնն ամենուր էր` կապույտի գրկում, աստղերի սրտում, ծառերի տերեվաթափում… սարսռում է. միայն լուսինն էր կախված երկնքում, որպես կարոտի ճոճվող ննջարան… այնքա՜ն հուզիչ էր… թվում էր` դեռ երեկ էր, որ Լևոնը վարդերից հյուսված փունջը նվիրեց իրեն, ու ինքը համբուրեց նրա այտը, որքա՜ն ուրախացավ Լևոնը, իսկ ինքը… ինքը անշնորհակալի պես գնաց, անգամ թաղման օրը չեկավ, իսկ Լևոնը… սիրում էր, սիրում էր ամենամաքուր ու անձնազոհ սիրով… նրա սերը տխրություն էր, որ պիտի հավերժ հալածեր իրեն… Կավալարոն` իր ամուսինը, մի՞թե սիրում էր այնքան, որքան Լևոնը. տարակուսում էր` չգիտեր:Միայն ներքին ձայնն էր,որ հեգնանքով պատասխանեց.<<Լևո՜նը,ամենից շատ միայն նա>>:
Լուիզան բռնեց իր խղճուկ հիշողությունների ճանապարհը ու գնաց:Քայլեց անցյալի հետքերով…Ամեն ինչ մխրճվեց արթնացող առավոտի մեջ…
Հաջորդ օրը`Լևոնի գերեզմանին,հանգչում էին կարմրաթույր վարդեր.դրանք ափսոսանքի վարդեր էին…>>:
Ահա այսպես շարունակելով ես կավարտեի իմ սիրելի <<գիրքը>>,որն այնքան հարազատ է ինձ…
Սևանի ավագ դպրոց, 11-րդ դասարան
16 տարեկան
Սվետլանա Հակոբյան
Rate this posting: {[['', '']]}
{["Useless", "Boring", "Need more details", "Perfect"]}
hetaqrqir er ogtakar er shaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaat ... mersi
ReplyDeleteիրոք շաաաաաաաաաաաաաաաատ հուզիչ էր և հետաքրքիր... և շատ բան հասկացա
ReplyDelete