Saturday, February 16, 2013

Մելինե Գրիգորյան : Կարդացի և...



Գիշերներն ավարտվում են, և արևի ամեն ծնունդի հետ աշխարհը լուսաբացվում է՝ ընծայելով նոր օր, նոր հնարավորություն կիսատություններն ամբողջացնելու, վերստին ոտքի կանգնելու, ապրելու ու արարելու համար: Օրվա ընթացքում մենք մերթ բախվում ենք հիասթափությունների ու հուահատությունների վիթխարի ալիքներին, մերթ ամենափոքր ուրախություններում գտնում ենք երջանկության մեր նշխարը: Երբեմն էլ տագնապներով պաշարված, կանգնում ենք չմեկնված «ինչու» -ների առջև կամ արժևորում ու գնահատում այն, ինչին երբեք ուշադրության չենք արժանացրել: Եվ շատ հաճախ, թերթելով ակնթարթները, մեր օրը գրքանում է, մենք էլ ակամա դառնում ենք գրքի հերոսներ, ովքեր չգիտեն, թե հաջորդ ճերմակ թուղթը ի՛նչ գույնով պիտի լցվի, և վերջաբանը ինչո՛վ պիտի նշանավորվի:Ինչքան մեծանում եմ, այնքան հասկանում եմ, թե ինչպիսի արագությամբ է կեղծիքն ու խաբեությունը խեղդամահ անում ճշմարտությանը, ոգեղենը հոշոտում հոգեղենը, և ավելանում են լույսի մուտքը փակողները: Իսկ մենք՝ «լույս» աշխարհ եկածներս , ներքին պահանջով լույս ենք փնտրում ամենուր՝ թե՛ մարդկանց մեջ, թե՛ մարդկանցից դուրս: 

Հաճախ լույսի որոնումները տանում են դեպի գրքերի աշխարհ, որտեղ մենք փորձում ենք հանդիպել մեզ նման մտածողների, գտնել մեզ մտատանջող հարցերի պատասխանները:Երբ մտորում եմ կրթության դերի ու կարևորության մասին, ակամայից հիշում եմ իմ անցած ուղին: Ես ծնվել ու հասակ եմ առնում մտավորական մի ընտանիքում, ուր միշտ կարևորվել է կրթության դերը: Ինձ միշտ շրջապատել են բազմաթիվ ու տարաբնույթ գրքեր: Իմ ականջը սովոր է եղել միշտ լսել հայ ժողովրդի բազմադարյան պատմության ելևէջների մասին: Իմ ծնողներն ինձ միշտ ներշնչել են այն գաղափարը, որ լիարյուն և լիարժեք մարդ-քաղաքացի կարող է դաստիարակվել միայն ճշմարիտ ու հաստատուն կրթության ճանապարհով: Եվ այդ մտայնությունը ինձ տարավ մեր պատմության խորքերը` դեպի ոսկեդար, երբ ժամանակի մեծագույն մտածողներ Սահակ Պարթևն ու Մեսրոպ Մաշտոցը հասկացան, որ սեփական գիրն ու գրականությունը միայն կարող են դառնալ ազգային հաստատուն կրթության հիմքը:Դրանից հետո անցել են բազմաթիվ դարեր: Մենք ունենք նույնիսկ մեծ ու հզոր ազգերին պատիվ բերող քնարերգություն, գրականություն, ստեղծել ենք նյութական ու հոգևոր մեծ արժեքներ: Մեր արյունից մի կաթիլ ենք տվել համաշխարհային քաղաքակրթությանը:Աշխարհն այսօր ապրում է քսանմեկերորդ դարում: Այսօրվա սերունդը ժառանգել է իրենց պապերի ստեղծած հոգևոր ու նյութական արժեքները, քաղաքակրթության ողջ գանձարանը: Բայց եթե որևէ սերունդ կանգ առնի այդ առաջընթացի ճանապարհին, դա կլինի կյանքի ու աշխարհի վերջը. չէ՞ որ հողագունդն էլ ապրում է շարժման մեջ:
Եվ այսօր, առավել քան երբևիցե, կարևորվում է կրթության դերը: Հայ երիտասարդները ևս գտնվում են համաշխարհային քաղաքակրթության ուղեծրի մեջ: Եվ կանգ առնել` նշանակում է դուրս մնալ այդ ուղեծրից: Իհարկե՛, այժմ հասարակության մեջ շատ չեն այն աշակերտները, որոնք գիտակցում են հային արժանավայել կրթություն ստանալու ողջ կարևորությունը: Ինչու՞ այսօր խելացի հայ մասնագետները` որպես բարձրակարգ կադրեր, պետք է աշխատեն այլ պետություններում և զարգացնեն ու հզորացնեն օտար երկրները: Ես էլ հայի զավակ եմ, և ի՞նչ. տարիներ հետո, երբ ես լինեմ միջազգային ստանդարտներին համապատասխան մասնագետ, ես է՞լ պետք է աշախատեմ այլ երկրի համար: Երբե՛ք, կրթությունն իմ կյանքում աննկարագրելի դեր ունի: Այսօր ես գերազանց եմ սովորում, քանզի գիտակցում եմ, որ գրագետ ու բազմակողմանի զարգացած լինելը և մասնագիտություն ունենալը կյանքում ամուր ոտքերի վրա կանգնելու գրավականն են. դրա իրականացման առաջին քայլն ընձեռում է դպրոցը: 
Դպրոցն ինձ համար կարծես մի մեծ բազմանկյուն լինի: Երբ ես սկսում եմ միացնել այդ բազմանկյան տարբեր ծայրերը, ինձ համար բացվում են շատ փակ դռներ ու ճանապարհներ. հեռվից ինձ ժպտում է բազմախոստում ապագան:Ցանկացած երկրի հիմքը հզոր է, երբ հզոր է մտավոր ներուժով և զորեղ է ֆիզիկապես. կրթությունը ապահովում է մեր հոգևոր արժեքները, իսկ բանակը` մեր ազգի ֆիզիկական գոյությունը: <<Վարդանանքն>> այնքան մեծ տպավորություն թողեց, որ անգամ հիմա գլուխս բարձին դնելիս հիշում եմ բոլոր հերոսներին, նրանց խոսքերը, արարքները և մտածում գիտակցված մահվան մասին: Գիտակցված մահվան հանուն հայրենիքի:Այս ստեղծագործության մեջ նկարագրված է 5-րդ դարում հայ ժողովրդի հերոսական պայքարը պարսկական զավթիչների դեմ:Իմ ամենասիրած գիրքը <<Վարդանանք>> պատմավեպն է: <<Վարդանանքում>> հայ ժողովրդի իղձերի արտահայտիչ Վարդան Մամիկոնյանն իր զինակիցների` վարդանանց հետ, կենաց և մահու կռվի են ելնում հանուն հարազատ ժողովրդի և սրբազան հայրենիքի փրկության, որին սպառնում էին հավատափոխ լինելու վտանգը, ձուլման և վորպես ազգ` ոչնչացման վտանգը:Այս գրքի հերոսներն ինձ ոգեշնչում են ամեն ակնթարթ: Ես երբեք չեմ մոռանա վարդանանց մասին:Այս գլուխգործոցը էլ ավելի ամրապնդեց դեռ փոքրուց իմ սրտում արմատացած հայրենասիրական զգացումները:Դ. Դեմիրճյանը <<Վարդանանք>> պատմավեպը գրել է 2-րդ Համաշղարհային պատերազմի տարիներին: Այս վեպը հայ զինվորին ուժ է տվել պայքարելու հայրենիքի ազատության համար:<<Վարդանանքը>> Աստծո և Հայրենիքի հանդեպ սիրո օրինակ է:Վարդանի և նրա զինակիցների խիզախությունը այսօր Էլ դաստիարակում են մեզ հայրենասիրության ոգով, մղում անձնազոհության հանուն հայրենիքի:<<….Մենավոր մի դամբարան է ծածկում մի հոգու հավերժական հանգիստը.Ասում են Վարդանն է այնտեղ… Ճշմարի՞տ է դա…Դժվարին է ասել…Բայց դաշտավայրի վճիտ լռության մեջ երբեմն կլսես մի կոկորդային մեղեդիի մեղմաձայն գեղգեղանք…Դա մի վանական է թերևս, կամ այլ անցորդ, կամ մի խումբ մարդիկ…Այդ մեղեդին երգվում է այն պահին, երբ ոտը դնում են Ավարայրի դաշտավայրը…Դարերի հին երգն է դա վարդանանց նվիրված…>> :Ահա սա է այն գիրքը,որը սովորեցրեց ինձ ապրել:



Ազ. Խլղաթյանի անվ. հմ. 18 միջն. դպրոց                                                                                                               Գրիգորյան Մելինե                                                                                                  Նյութը խմբագրված չէ.                                                                                                                           



Rate this posting:
{[['', '']]}
{["Useless", "Boring", "Need more details", "Perfect"]}

No comments:

Post a Comment