Sunday, February 17, 2013

Ծովինար Ավետիքյան: Գիրքը, որ սովորեցրեց ինձ ապրել


      Ճիշտ են ասում,որ սերը նման է մահվան,բայց տարբերությունն այն է որ մահն ազատում է մարդուն տանջանքներից,իսկ սերը պարգևում նորերը:Տեսնես այս աշխարհում կա՞ն երջանիկ մարդիկ, և ո՞րն է նրանց երջանկության գաղտնիքը:
 Սե՞ր, թե՞ երջանկություն. հաճախ մարդիկ ստիպված են լինում ընտրել այս երկուսից մեկը, քանի որ շատ մարդկանց կյանքում դրանք անհամատեղելի են:Շատ փիլիսոփաներ ասում են,որ սերը դեպի երջանկություն տանող ճանապարհն է,բայց ոչ բոլորն են կարող անցնել այդ ճանապարհով,շատերի համար այն անանցանելի է ու լի խոչընդոտներով:Ճանապարհը բաց է միայն նրա՛նց համար,ովքեր զինված են,իսկ այժմ միակ զենքը հարստությունն է:
 Եվ իսկապես միշտ չէ,որ միայն սիրելով երջանիկ են լինում:Երջանկության և սիրո համար շատ բան է պետք զոհել,բայց մի՞թե կյանքն էլ կարելի է զոհել:Մի՞թե զգացմունքները կարող են դրդել մարդուն նման քայլի:Այո՛,շատ մարդիկ են դիմում այդ քայլին,բայց ոչ թե սիրո համար,այլ այն կորցնելու պատճառով:Եվ նման քայլի գնացող մարդուն հնարավոր չէ կանգնեցնել,որովհետև լցված սիրտը չի կարող կշռադատել բառերը:
 Գուցե հենց այս հոգեբանությամբ էր շարժվում <<արտիստը>>,մի հերոս,ով իրական կյանքում ունի շատ նմանակներ:Իմ կարծիքով,նրա կյանքի պատմությունը կարդալով` շատերը կարող են խուսափել դժբախտություններից:
 Նա պարզապես մի երիտասարդ տղա էր` լցված սիրով և ջերմությամբ դեպի մի չքնաղ էակ,բայց նրա,ինչպես նաև շատ շատերի դեպքում,սերը չհաղթեց,քանի որ սիրո համար երկուսով պետք է պայքարել:
 Երևի ես չկարողանամ նկարագրել նրա վիճակի ծանրությունը:Դա պարզապես մի դաժան ճակատագիր էր,որ բաժին էր ընկել այդ երիտասարդին:Զարմանալի է. տեսնես ինչ-որ մեկը կարո՞ղ է դիմանալ նման հարվածների:Նա դիմացավ,բայց ո՛չ երկար:Եվ ինչպե՞ս կարող էր դիմանալ,երբ ծանր աղքատության մեջ սիրահարվել էր իրենից դիրքով ավելի բարձր մեկին:Եվ այդ ամենը դեռ սկիզբն էր:
 Չնայած իրեն բաժին հասած դժվարություններին` նա դեռ դիմանում էր,որովհետև իր սրտի մի փոքրիկ անկյունում հույս ուներ,հու՛յս,որի անունը Լուիզա էր:Նա չէր էլ մտածում,որ հասարակ ջերմ զգացմունքները կարող էին վերածվել լուրջ սիրո:Նա երջանիկ էր,ինչպես մի նորափթիթ ծաղիկ,որի վրա ընկել էին արևի ճառագայթները:



 Կյանքը նվերներ չի պարգևում,մենք ինքներս ենք ընտրում նվերներ,բայց նա սպասում էր նվերի,որի փոխարեն ստացավ դառն անակնկալ:Անակնկալն անսպասելի էր ու դաժան,և ի՞նչը կարող է ավելի վատ լինել սիրահարի համար,քան գիտակցելը,որ շուտով գալու է սիրեցյալի հետ բաժանման պահը:Եվ չնայած բաժանումը կապված էր միայն բնակության վայրի հետ,այնուամենայնիվ այն ծանր էր լինելու,քանի որ շրջապատը փոխում է մարդկանց:
         Նրանք,ովքեր սիրում են,կա՛մ չեն կասկածում,կա՛մ էլ կասկածում են ամեն ինչի:Երիտասարդ <<արտիստին>>` Լևոնին,անընդհատ տանջում էին կասկածները,թե արդյո՞ք իր սիրած էակը կարող էր մոռանալ իրեն:Նա հետզհետե համոզվում էր դրանում,որովհետև բարձրաշխարհիկ ընտանիքի անդամը չէր կարող հարուստ տղամարդկանց միջից ընտրել աղքատ մի տղայի,ով ապրում էր իրենց իսկ տանը` վարձով: Այո՛,նա կասկածում էր,և այդ կասկածներն իզուր չէին:
         Ահա՛ և եկավ հրաժեշտի պահը,թերևս,նրա համար ամենածանրը:Սիրո համար բաժանումը նույնն է, ինչ կրակի համր` քամին,թույլը մարում է,ուժեղը` բորբոքում:Բաժանումից հետո նրա սիրտը լցվեց դառնությամբ,բայց նա չդադարեց մտածել Լուիզայի մասին:Անցավ որոշ ժամանակ:Լևոնն աշխատում էր վաստակել անհրաժեշտ գումարը` նրա մոտ մեկնելու համար:Բայց մեկ օրում նրա ամբողջ աշխատանքը գողացան:

 Այս ամենին հաջորդեց ևս մեկ հարված` ամենաուժեղը,այն,ինչն անհանգստացնում էր նրան այդքան ժամանակ:Լուիզան ամուսնացել էր: Փշրվեցին տղայի բոլոր հույսերը,բոլոր երազանքներն ու տենչանքները,կործանվեց նրա ամբողջ ներաշխարհը:
       Ասե՛ք ինձ,խնդրում եմ,այս ամենից հետո կարո՞ղ էր ինչ-որ մեկը դիմանալ,մի՞թե մենք,հայտնվելով նրա իրավիճակում,չէինք նախընտրի հեռանալ այս կյանքից,քան ապրել առանց վերջինիս իմաստի:Եվ Լևոնն էլ բացառություն չէր:Նա պարզապես հրաժարվեց կյանքից` դադարելով պայքարել մի բանի համար,ինչն արդեն կորցրել էր:
 Կյանքը հետաքրքիր բան է,այն չի դադարում զարմացնել  մեզ իր անակնկալներով,երբեմն ուրախ,բայց մեծ մասամբ` դաժան:
        Այս ամբողջ պատմությունը կարող է պատահել յուրաքանչյուրի հետ,քանի որ մեր այժմյան իրականության մեջ աղքատները և հարուստներն ապրում են կողք կողքի:Բայց,չնայած այս ամենին,մենք պետք է յուրաքանչյուր պատմությունից դաս քաղենք և խուսափենք սխալներ գործելուց:Գուցե ես արդարացրեցի հերոսին,բայց մենք երբեք չպետք է անենք նույն բանը, որովհետև ապրելու հնարավորությունը մեկն է,և կյանքը չի կարելի զոհել անարժանների համար,քանի որ այն մեծ գին ունի,և նրա կորուստը պետք է արդարացվի ինչ-որ նոր ձեռքբերումով:
Պարզապես պետք է սովորել ապրել հանգիստ:Երևի ճիշտ են ասում,որ երջանիկ են ա՛յն մարդիկ,ովքեր սիրտ չունեն:Ցավոք այս աշխարհում նման մարդիկ չկան:Երբեմն էլ պետք է հրաժարվել քեզնից տարբեր մարդու հանդեպ տածած զգացմունքներից,որպեսզի հոգիդ չխեղդի մարմինդ:


Եղեգնուտի  միջն. դպրոց.
 9-րդ դասարան
Ավետիքյան Ծովինար
Նյութը խմբագրված չէ.

Rate this posting:
{[['', '']]}
{["Useless", "Boring", "Need more details", "Perfect"]}

No comments:

Post a Comment