Sunday, February 17, 2013

Դավիթ Մղդեսյան: Կարդացի և...


Օ~, գրքերի աշխարհը – տիեզերք է անեզր,
Արևների նման բազմապիսի,
Եվ աստղերի նման, և շողերի…
                                                    Ե. Չարենց

Բազմապիսի գրքերն ինձ համար եղան մեծ աշխարհ տանող մի արահետ և խորհրդավոր գեղեցկությունների վրա բացվող մի պատուհան: Ամեն անգամ, երբ որևէ գիրք եմ ձեռքս վերցնում, սիրտս սկսում է անկանոն բաբախել, չեմ համբերում, թե երբ պետք է դպրոցից տուն վերադառնամ ու կրկին ապրեմ իմ սիրած գրքի հերոսների հետ: Շատ հաճախ վիճում եմ ինքս ինձ հետ, փորձում եմ հասկանալ նրանց, իսկ երբ վերջաբանը սրտովս չէ, հորինում եմ իմը:
Ինձ համար հատկապես նշանակալից են հայրենասիրական թեմայով գրված գրքերը: Վերջերս կարդացի Վազգեն Սարգսյանին նվիրված «Ոգու փորձություն» գիրքը և հասկացա, թե որքան հայրենասիրություն, փառք, ուժ, եռանդ ու կորով կարող է իր մեջ ներառել մեկ անհատը: Այս գիրքը հայոց սպարապետի կյանքի,անցած ճանապարհի, պայքարի, արժանահիշատակ գործերի մասին է:
Ժամանակները պատմության ու ժողովուրդների պատմական հիշողության մեջ մնում են իրենց վառ անհատականություններով և նրանց կատարած անմահ գործերով: Հաճախ նաև մեկ անհատի մեջ են խտանում ու բյուրեղանում մի ողջ ժողովրդի ինքնության որակները, տեսակը:
Մեր ժողովրդի պատմության ճակատագրական պահերին միշտ էլ ունեցել ենք անձնազոհ ապարապետներ, որոնք օժտված են եղել վեհանձնությամբ, արժանապատվությամբ ու բացառիկ հայրենասիրությամբ:

Շարունակելով իր նախնիների փառավոր գործը` Վ. Սարգսյանը գիտակցաբար ընտրեց պայքարի ու ոգորումների ճանապարհը: Քաջարի սպարապետը գործեց` դարերի պարտքն ու պատասխանատվությունն իր ուսերին առնելով. ազգին մի զինվոր որդի պարգևելու փոխարեն` հզոր մի բանակ պարգևեց, կորացած մեղքը շտկելու, ինքնուրույն ապրելու հույս ու հավատ ներշնչեց:
Գրքում պատկերված են երիտասարդ զորավարի կյանքի բոլոր մանրամասները: Նա բոլորից մեկը չէր, այլ մեկն էր բոլորի մեջ: Նա կոչում ուներ, ասելիք ու անելիք ուներ և հասցրեց անել այնչափ, որքան մենք արժանի էինք: Որպես անհատ` Վ.Սարգսյանն ինձ համար անհասանելի բարձունք է , և պատահական չէ, որ նրա կերպարն ինձ համար կյանքի ուղենիշ դարձավ: Ես էլ ամեն կերպ ցանկանում եմ նմանվել և հաշվի առնելով սպարապետի անցած հերոսական ուղին` մեծ հպարտությամբ կծառայեմ հայոց ազգային բանակում: Դեռ ավելին` որոշել եմ հետագայում կրթությունս շարունակել մեծ սպարապետի անունը կրող բարձրագույն ուսումնական հաստատությունում:
«Ոգու փորձություն» գիրքը ինձ սովորեցրեց լինել պայքարող, անկոտրում, շիտակ, ազնիվ ու ընկերասեր: Այն լուսեղեն մի կյանքի, նվիրումով կատարած հերոսական ու մնայուն գործերի պատում է` սերուդներին Վ. Սարգսյանի դասերը փոխանցելու ակնկալիքով:
Ես մեծ հպարտություն եմ զգում, որ այսօր էլ տպագրվում են այնպիսի գրքեր, որոնք բարձրացնում են մեր ժողովրդի ազատասիրական ոգին, կոփում են  կամքն ու հավատը:

Վաղարշապատի Երվանդ Օտյանի անվան N 7 հիմն. դպրոց, 
9-րդ դասարան, 
Դավիթ Մղդեսյան
Նյութը խմբագրված չէ.

Rate this posting:
{[['', '']]}
{["Useless", "Boring", "Need more details", "Perfect"]}

1 comment: