«Երբեք մենակ չի լինի այն մարդը ,որին ուղեկցում է գիրքը , գաղափարը»
Ֆիլիպ Սիդնեյ:
Շատ գրքեր եմ կարդացել և յուրաքանչյուրի մեջ գտել այն վեհը ,իմաստունը ,որից էլ դասեր եմ քաղել և ուղեցույց դարձրել ինձ համար: Սակայն կան գրքեր , որոնք մնում են մարդու հոգու , էության մեջ և դառնում իրենը , իր սեփականը , կարծես իր կյանքի պատմությունը: Ինչպես բոլորը , ինքս ևս ունեմ իմ սիրելի գիրքը ,որը երբեք չեմ հոգնի կարդալ : Նար-Դոսի «ԵՍ և ՆԱ » պատմվածքին ծանոթացել եմ դպրոցական դասագրքից , և ընթերցելուս օրվանից այն մեծ տպավորություն է թողել ինձ վրա :Ամեն անգամ ընթերցելիս մխրճվում եմ այդ իրականության մեջ , կարծես ականատես լինում պատմվածքի հերոսների կյանքին , զգում եմ այն , ինչ նրանք , վերապրում այդ զգացումները: Այդ պատմվածքն ինձ շատ բան է սովորեցրել , վերադաստիարակել է իմ մեջ կամքի ուժ , որ միգուցե կար ,բայց թաքնված էր հոգուս մի խորը անկյունում , և մինչ այդ իր արտացոլանքը չէր գտել իմ արարքներում , ինչևէ այն ինձ սովորեցրել է պայքայել ՝ կյանքում բարձունքների հասնելու համար , երբեք չընկճվել և հավատալ սեփական ուժերին , հավատալ , որ կյանքի աստիճաններով վեր բարձրանալ յուրաքանչյուրին է տրված , ուղղակի պետք է աներկյուղ առաջ շարժվել և ապացուցել բոլորին , որ երբեմնի բարձունքում գտնվող մարդիկ կարող են իրենց դիրքերը զիջել ինչ-որ ժամանակ ներքևում գտնվողներին , ուստի վերև բարձրանալիս «բարևել » է պետք , որ ներքև իջնելիս չամաչես :
«ԵՍ» պատմվածքի հերոսը թույլ ու ապիկար մարդու պատկեր է արտահայտում , որն ի վիճակի չեղավ դուրս գալ իր ծանր դրությունից և հաղթահարել կյանքից իրեն բաժին հասած հերթական մեծ փորձությունը :Պատմվածքն ավելի բիրտ ու դաժան կլիներ , եթե նույնքան հուզիչ սյուժեով ,բայց հիանալի վերջաբանով չներկայացվեր պատմվածքի երկրորդ մասը , և նրա հերոսը , որը հակապատկերն էր այն մեղկ ու անողնաշար կերպարի , որ կուլ գնաց կյանքի խոր անդունդում , այնուամենայնիվ , «ՆԱ» -ի հերոսը իր պատմվածքում փոխեց անողոք դեպքերի ընթացքը և լուծեց իր վրեժը ՝ապացուցելով այն , ինչ չկարողացավ անել իր հակապատկերը : «ՆԱ»-ի կերպարի սրտում դաջվել էին իր համար այդքան ցավոտ խոսքերը .
«Հայրս ասաց , որ իմ և քո միջև անանց անդունդ կա : Մենք վերևն ենք , դու ներքևը , էլ մի գա : Մոռացիր ինձ »:
ԵՎ ահա այդքան տարիներ մեծ խնամքով պահած նամակը վերջիվերջո ծառայեց իր նպատակին : Որքան էլ ծիծաղելի է , բայց այդ բառերը դարձան նրա հաջողության գրավականը , անթնացրին կամքի ուժ , վիրավորված արժանապատվության զգացում , ավելիին հասնելու ձգտում , վրեժ լուծելու անհագ ցանկություն , որը , բարեբախտաբար , հաջողվեց նրան : Նա ապացուցեց , որ այս անգութ ու անագորույն կյանքում հնարավոր է հասնել հաջողության , սակայն դրա համար մեծ ցանկություն , հզոր կամք և համառ ոգի է պետք ,ու որքան էլ կյանքն իր անողորմ ու կործանարար փորձություններով ու վայրիվերումներով մարդկանց հուսաբեկ ու անտերունչ է թողնում , ինչպես անառագաստ նավը բաց ծովում , միևնույնն է, հանձնվել ու թևաթափ լինել պետք չէ ,այլ չվհատվել , ապրել ու պայքարել , « բարձրանալ , միշտ բարձրանալ , անդադար բարձրանալ » և ի վերյո լուծել երկար սպասված քաղցր վրեժը , վայելել տարիների քրտինքով ու տքնաջան աշխատանքով ձեռք բերած հաջողություններն ու դիրքը «բարձրում» , սակայն երբեք չմոռանալ , թե որտեղից և ինչպես ենք վեր բարձրացել և չարհամարհել ներքևում գտնվողներին : Միշտ պետք է հաշվի առնել այն իրականությունը , որ կյանքում դավաճանություններն ու հուսալքություններն անընդհատ ուղեկցելու են յուրաքանչյուրիս , և և եթե առաջին իսկ փորձությունից կորցնում ենք մեզ , ապա խնդիրը մեր հեղգ էության և անզոր կամքի մեջ է , ոչ թե այն մարդկանց , ովքեր , տրորելով իրենցից ներքև գտնվողներին ,անցնում են և շարունակում ապրել ՝ առանց խղճի խայթի ... Չէ որ դա էլ նրանց էությունն է : Հուսով եմ , որ հանգամանալից ներկայացրի , թե ինչու եմ ընտրել հենց այս պատմվածքը , և ինչու է այն ինձ այդքան հոգեհարազատ դարձել , ինչու չեմ հոգնում անընդհատ ընթերցել այն ու անվերջ խոսել դրա մասին , քանզի այդ պատմվածքի մի քանի էջերի խորիմաստ բովանդակությունը փոխեց իմ կյանքը , օգնեց կայունանալ ու ինքնահաստատվել , հասկանալ , որ վարդագույն ակնոց կրելով ՝ չենք կարող անցկացնել մեր ողջ կյանքը : Ի վերջո , սթափվել է պետք , գիտակցել , որ մեզ շրջապատող բոլոր մարդիկ բարի , պարզ ու միամիտ չեն և մարդու մեջ սոցիալական բարձր դիրքն են գնահատում , ոչ թե մարդկայինը , որն առավել բարձր է ներկայումս ոմանց համար այդքան կարևոր դարձած նյութականից : Այս ստեղծագործությունն ինձ սովորեցրեց ապրել :Շնորհակալ եմ Նար-Դոսին և այլ հանճարեղ գրողներին ու բանաստեղծներին ՝ նման սրտառուչ ու խորիմաստ գործերը մեր դատին հանձնելու համար :Որքան էլ նրանք փոթորկում ու ալեկոծում են մարդկային նուրբ հոգին , միևնույնն է , դաստիարակում ու կոփում են այն , և որ ամենակարևորն է , սովորեցնում են մեզ ապրել ՝ ճիշտ գնահատելով և արժևորելով մեր արարքները :
97 դպրոց, 10-1 դասարան
Եղիազարյան Մերի
{[['', '']]}
{["Useless", "Boring", "Need more details", "Perfect"]}
Ժողովուրդ հեղինկը ես եմ հուսով եմ դուր կգա ձեզ ու կքվեարկեք
ReplyDelete