Աշնանային մի ցուրտ ու անձրևոտ օր, պատուհանի մոտ նստած, նայում էի դուրս և, անհուն թախիծը հոգումս, մտածում աշխարհի,նրա անարդարությունների, մարդկային դաժանության, կեղծավորության, անմտության, ազգիս դժբախտ ճակատագրի մասին: Մտածում էի` աշխարհի գոյության ժամանակը հասել է իր վախճանին, և չի կարող այսպես շարունակվել: Իմ հոգում ուր որ է մահանալու էր ապրելու ցանկությունը, և ես վերջ էի տալու իմ անիմաստ կյանքին: Բայց հանկարծ անձրևը կտրվեց, ցրվեցին սևագորշ ամպերը, երևաց լուսաշող արևը և իր կենսալից ճառագայթներով մոր նման փարվեց իմ հոգուն ու կայծ տվեց: Բռնկվեց հոգուս անշեջ հուրը: Ես հիշեցի, որ ամեն բան կախված է մարդու կամքից ու ցանկությունից: Իսկ թե ինչպես կիմաստավորվի իմ կյանքը, կախված է ինձնից: Հետո ինձ ստիպեցի մտածել միայն լավ բաների մասին ու հասկացա, թե որքան գեղեցիկ են կյանքը և աշխարհը, թե որ ազգի զավակն եմ ես: Մի հետադարձ հայացք նետեցի մեր պատմությանը: Մի ակնթարթում հայտնվեցի գրապահարանի մոտ և փորձեցի գտնել այն գիրքը, որը ժամանակին կարդալիս անզուսպ ոգևորություն եմ ապրել: Եվ գտա…Այդ գիրքը Հայկ Խաչատրյանի <<Տիգրան Մեծ>> պատմավեպն էր` նվիրված հայոց հզորագույն արքաներից մեկին` Մեծն Տիգրանին, որը փառքով է պսակել իր անունը:
<<Ժամանակին կարդացած գիրքը հսկայական հաջողություն է: Այն ընդունակ է կյանքը փոխելու այնպես, ինչպես չեն փոխի լավագույն բարեկամն ու դաստիարակը>>,_ ասել է Պ. Պավլենկոն:Ես լիովին համաձայն եմ ռուս գրողի այս խորիմաստ խոսքերին:
Վերցրի գիրքը և սկսեցի թերթել: Բացում էի այն հատվածները, որոնք ինձ ամենաշատն էին դուր եկել:
Ահա կարդում եմ այն տողերը, որոնցում նկարագրվում է մի տեսարան, թե ինչպես գերությունից նոր վերադարձող արքայազն Տիգրանն իր խելքի և ռազմավարական հարուստ գիտելիքների շնորհիվ հաղթեց ծովահեն Վայկունին: Կռվում էին ծովային ելուզակը և հայոց լեռների զավակը: Հաղթանակը, իհարկե, Տիգրանինն էր:
Իսկ ահա այս էջերում ինձ հիացնում են Տիգրանի համեստությունն ու հնազանդությունը. նա, անսալով մոր խորհրդին, իր համար կին ընտրեց Փայլակ Մարդպետունու դստերը` Համասփյուռին: Հայոց տիկնանց տիկինը հասարակ նախարարական տոհմից էր:
Հետո արագ գտնում և բացում եմ այն էջերը, որտեղ հայրենասեր հայրը և հեռատես արքան հաջորդաբար սպանում է իր` իրենց երակներում խորամանկ և ագահ պոնտացու արյուն ունեցող երեք որդիներին էլ, քանի որ նրանք անխոհեմաբար ձգտում էին տիրանալ իրենց` դեռ կենդանի հոր գահին:
Ինձ նաև շատ են դուր եկել այն հատվածները, որտեղ մշակվում էին հիանալի մարտական ծրագրեր, որոնց միջոցով հայերը թշնամուն ծուղակն էին գցում, հաղթում և նրանից տարածքներ գրավում:Նման հիանալի մարտավարության շնորհիվ էր, որ ստեղծվեց ծովից ծով Հայաստան:
Երբ հայկական զորքերը գրավեցին Անտիոքը, հայ զինվորները գերի վերցրին քաղաքի զորքերի գլխավոր հրամանատարի` աստվածային գեղեցկություն ունեցող դստերը` Զոսիմային:Նա ամենաշատը դուր եկավ երբեք իր կյանքում ոչ մի կնոջ սրտանց չսիրած Բագարատին, որն անձնուրացությամբ էր ծառայել հայոց արքայից արքային:
Եվ ահա իմ աչքերի առջև այն տեսարանն է պատկերանում, թե ինչպես են արքայի ամենահավատարիմ և ամենահուսալի բարեկամի` Բագարատի աչքերը փայլում, երբ Տիգրանը նրան է հանձնում նրա սիրած աղջկա` գեղեցկուհի Զոսիմայի ձեռքը, չնայած որ արքան նրան ընտրել էր իր կանանոցի համար:
Իմ աչքերի առաջ հպարտորեն բարձրանում է Տիգրանակերտի հսկա արծվաքանդակը, որը կառուցելու համար շուրջ վեց տարի պահանջվեց:Այդ քանդակը ևս մեկ անգամ ապացուցում էր, որ հայ ժողովուրդը արարող ազգ է եղել բոլոր ժամանակներում և շարունակում է լինել նաև հիմա:
Ահա բացում եմ վեպի վերջին էջերը, որտեղ Տիգրան արքան զրուցում է իր որդի Արտավազդի հետ, խորհուրդներ տալիս երկրի խելամիտ կառավարման վերաբերյալ և հանձնարարում իր համար կառուցել դամբարան` անդրշիրիմյան պալատ:Եվ այն կառուցում են լեռների խորքերում:Արքան, հելլեն ճարտարապետի շորերով ծպտված , այցելում և տեսնում է շքեղաշուք կառույցը: Բայց հետո նա փոշմանում և քանդել է տալիս դամբարանը:Նա խնդրում է իրեն թաղել հայրենի հողում, ոչ թե լեռներում:
Տիգրան Մեծը կարողացել էր մեծ հարգանք ու պատիվ վաստակել ոչ միայն իր արքունիքում, իր երկրում, այլ նաև նրա սահմաններից դուրս:
Շատ թագավորությունների թագավորներ սարսռում էին <<Տիգրան Մեծ>>, <<Հայաստան>> անունները լսելիս, իսկ շատերը, Տիգրանի ուժից վախենալով, ինքնակամ էին իրենց հնազանդությունը հայտնում հայոց արքային:
Այո՛,հայոց երկայնամիտ և իմաստուն արքային հաջողվեց հասնել փառքի և դառնալ իր ժողովրդի պարծանքը:Նա ստեղծեց ծովից ծով Հայաստան:
Ես հավատում եմ իմ երկրի պայծառ ապագային:Մի օր համայն հայ ազգը` Տիգրան Մեծի սերունդը, կմիավորվի, կդառնա մեկ բռունցք ու կնվաճի մինչ այդ անհաս ու անառիկ թվացող փառքի բարձունքը:Ունեցել ենք անցյալ, կունենանք և ապագա:
Այժմ իմ մեջ եղած ամբողջ լավի համար ես պարտական եմ այս գրքին;Ճիշտ են ասում, որ գիրքը հեքիաթային լապտեր է, որը մարդուն լույս է պարգևում կյանքի ամենահեռավոր ու ամենաանհույս ուղիներում:Գիրքը ծնում է երազանք, այն կյանքի է կոչում, ստիպում է մտորել,դաստիարակում է դատողությունների ինքնուրույնություն:
Սիրեցե՛ք գիրքը, այն կթեթևացնի ձեր կյանքը, ընկերաբար կօգնի գլուխ հանել մտքերի, զգացմունքների խայտաբղետ ու բուռն խճճվածությունից: Նա ձեզ կսովորեցնի հարգել մարդուն և ինքներդ ձեզ:Այն թևավորում է միտքն ու սիրտը` մարդու և աշխարհի նկատմամբ սիրո զգացումով:
Ես հպարտ եմ, որ ունենք այսպիսի պատմական անցյալ, որ գրի է առնվել և մարդկանց սովորեցրել է ապրել:
ՀՀ Շիրակի մարզ գյուղ Բավրա
Բավրայի միջնակարգ դպրոց
11-րդ դասարան
Սումբուլյան Գինյա
Նյութը խմբագրված չէ.
Նյութը խմբագրված չէ.
{[['', '']]}
{["Useless", "Boring", "Need more details", "Perfect"]}
Շատ լավ է
ReplyDeletelav er
ReplyDelete