Գրականությունը երգի է նման:
Այն մարդու
ուղեկիցն է և' ուրախության, և' տխրության պահերին.երգի նման հուզում
է,ոգևորում,սխրանքների մղում,հերոսացնում ու քնքշացնում:
Երգն էլ ի
վերջո գրականություն է:
Գրականության
ընթերցումը կենսական պահանջ է:Յուրաքանչյուր գրողի համար գլխավոր կոչում է
ճշմարտությունը հասցնել մարդկանց,սովորեցնել և դաստիարակել նրանց:
Գրականությունը պատմում է մարդու մասին,կյանքի մասին,ունի ճանաչողական և
դաստիարակչական հսկայական նշանակություն,ունի անսպառ հնարավորություններ կյանքի բոլոր ոլորտները,մարդկային հոգու ծալքերը
թափանցելու,ցուցադրելու,կյանքը ամբողջ լայնությամբ և խորությամբ արտացոլելու
համար:
Եվ քանի որ
գրականությունը լեզվի արվեստ է ,ուստի գրական ասպարեզ մտնող յուրաքանչյուր ոք պետք
է գերազանց իմանա իր մայրենի լեզուն,ավելի քան լեզվաբանը:
Լեզուն գրողի
զենքն է,ինչպես նկարչի համար` գույնն ու վրձինը,երաժշտի համար`
հնչյունը,ձայնը:
Բանաստեղծը
նա չէ,ով հայտնում է,թե մարդը ոչինչ է բնության առաջ, բանաստեղծը նա է, ով այնպես ներկայացնի ու պատկերացնի այդ
հարաբերությունը, որ ընթերցողն զգա և տեսնի:
Մարդիկ
ապրում են ամեն մեկին միայն մեկ անգամ
բաժին տրված զարմանալի կյանքը ու թեև մեռնում,հեռանում են անդարձ,սակայն մնում են
նրանց ստեղծագործությունները,աշխարհ բերած նրանց գրքերը:Բանաստեղծը աշխարհն
է`ամփոփված մի մարդու մեջ: Գրողը գրում է ոչ նրա համար,որ ինչ-որ բան է ուզում
ասել,այլ նրա,որ ասելիք ունի,որտեղ զգում ես նրա ասած բառի կշիռն ու արժեքը,բառի
գույնն ու երանգը,բառի համն ու հոտը,բառի ձայնն ու լռությունը: Այն գիրքն է
լավը,որ բացում ես ակնկալելով,իսկ փակում`հարստացած:
Իմ սիրելի
գրքերը Պարույր Սևակի հատորյակներն են:Նրանք իմ ուղեկիցներն են ու բարեկամները:
Պատահական էջ
եմ բացում.
Մենք
ծնվել ենք,աշխարհ եկել
Ոչ թե
թվալ-երևալու խաբեությամբ,
Այլ լինելու,
Այն
լինելու,ինչ կանք իրոք...
Նորից եմ կարդում
քառատողը:Ինչպե՞ս, մի՞թե ես ինքս ինձ դեռ չեմ ճանաչում:Շարունակում եմ կարդալ:Կարդում
եմ ու մերթ հիանում ,մերթ հիասթափվում,մերթ հպարտանում,մերթ տագնապում,մերթ տխրում ու մերթ հրճվում,մերթ զայրանում ու բռնկվում,բողոքում,մերթ
խաղաղվում, հանդարտվում,հաշտվում,մեղմանում,քնքշանում...
Իր զգացածն ու
խորհածը կյանքի կոչելն արդեն խիզախում և ուժերի լարում է պահանջում:Սևակի ստեղծագործությունները
կարդալիս սկսեցի ճանաչել ինքս ինձ:
Չէ՞ որ սա իմ հոգու
մաքրությունն է, իմ սրտի զարկերակը, իմ բողոքը,
իմ հավատը և վերջապես ճշմարտությունը: Քանի որ այն, ինչ տեսնում ու զգում է ժամանակի զգայարանը դարձած բանաստեղծը, որն անպայման մարգարեության
հատկանիշներ ունի, ուրիշները չեն զգում, կամ զգում են շատ ուշ, և կամ միայն բանաստեղծի
խոսքով են հայտնաբերում և ինձ նման ճանաչում իրենք իրենց:
Սևակ կարդալիս
զգացի,որ կյանքը մի դիմակահանդես է,որին այս կամ այն չափով մասնակցում են բոլորը:
Սևակ կարդալիս
զգացի.
«Եղիր այն,
ինչ կաս,հակառակ դեպքում կլինես ոչինչ»:
Սևակ
կարդալիս հասկացա,որ մի բան մտածելը և այլ բան ասելը անբարոյականության վատթարագույն տեսակն է:
Սևակ
կարդալիս զգացի ,որ գեղեցիկը միշտ չէ , որ առողջ
է, մինչդեռ առողջը միշտ գեղեցիկ է:
Սևակ
կարդալիս զգացի ,որ ուզում եմ մարդ մնալ,լինել «Մարդ» մեծատառով: Իսկ մարդ լինելու
նախադրյալները Սևակը ինձ մատնանշեց` ազնվություն, անկեղծություն, ճշմարտախոսություն,մաքրություն և անաղարտ սեր:
Մեր
պոեզիայի քարտեզի վրա ես քիչ թե շատ ծանոթ էի Հովհաննես Թումանյանի, Ավետիք
Իսահակյանի, Հովհաննես Շիրազի Հայաստանին:Բայց նրանց կողքին ես ճանաչեցի Սևակի Հայաստանը: Իր
էության մեջ նա կրում է Հայաստան երկրի ու ժողովրդի բոլոր ժամանակները: Հմուտ հողագործի պես նա գիտի ամեն քար ու
թուփ,սիրահարված պատանու պես`բոլոր ծաղիկներն ուերկինքը,իմաստուն պատմաբանի պես` նրա պատմության
թռիչքներն ու անկումները:
Ես սիրում եմ
Սևակի Հայաստանը.
Իմ քաղցրանուն,
Իմ բարձրանուն
Իմ տառապած,
Իմ փառապանծ...
Երդման ու
միաժամանակ նաև աղոթքի պես է հնչում:
Նորից ու նորից
Սևակ եմ կարդում.
Ապրել,
ապրե՜լ , անպե՜ս
ապրե՜լ,
Որ սուրբ հողդ երբեք չզգա քո ավելորդ ծանրությունը…
Սևակի տեքստն այնքան թաքնված շերտեր ունի , որ
նույն բանաստեղծության ամեն մի նոր
ընթերցումից հետո անսպասելի մի նոր բան եմ
հայտնագործում:
Սևակը միշտ
գտնում է բառը `լինի գրաբարյան,խոսակցական, բարբառային, ձուլում է իր խոսքաշարին,
իսկ եթե չի գտնում, ինքն է ստեղծում:
Անորոշության
վիճակում ձեռքս եմ վերցնում Սևակի
հատորյակը, կարդում,
վերլուծում, և հետզհետե կարծես ձանձրույթն ու հիասթափությունը հետին պլան
են մղվում, ճշտվում են նպատակներս, միտքս պայծառանում է, կյանքը նոր իմաստ է ստանում:
Չէ՞ որ սևակյան յուրաքանչյուր բառը ջերմացած է սրտի մի
այնպիսի կրակով, որ ապրել ես ուզում և ոչ թե մեռնել, փառաբանում ես կյանքը,ուզում ես մտածել ու
խորհել նրա մտքերով,կարոտդ թեթևացնել նրա
բառերով:
Սևակի պոեզիան
ինձ համար դարձել է նվիրական ու թանկ գաղտնիքներով լեցուն մի նամակ, որը պատրաստ եմ կարդալ ու անդադար կարդալ... Չէ՞ որ
նրա գրվածքների մեջ իմ սրտի , իմ հույզերի ու ապրումների նվիրական լարն եմ գտել:
Ուզում եմ
թախծել նրա սևակյան բառերով, սեր խոստովանել միայն ու
միայն նրա սևակյան լեզվով:
Ձեռք բերած
գրքերի վրա ես գրում եմ իմ անունը միայն այն բանից հետո, երբ դրանք կարդում եմ, քանզի միայն այդ ժամանակ կարող եմ համարել իմը:
Իսկ այս
պահին առանց երկմտելու կարող եմ ասել ու հարկ եղած դեպքում նաև բարձրաձայնել , որ Պարույր Սևակի
հատորյակներն իմ գրքերն են, իմ կյանքի անբաժան ուղեկիցներն ու բարեկամները:
Սևանի N5 միջնակարգ դպրոց.
12- րդ դասարան.
Վերգինե Հովհաննիսյան
Նյութը խմբագրված չէ.
{[['', '']]}
{["Useless", "Boring", "Need more details", "Perfect"]}
No comments:
Post a Comment