Գիրքը իմ կարծիքով միշտ եղել է և կմնա մարդու ամենալավ խորհրդատուն, ուղեկիցն ու սրտամոտ բարեկամը: Ինչքան էլ մարդկային միտքը հրաշքներ գործի, ոչ մի այլ միջոց չի կարող մարդու կյանքում անել այն, ինչ կարող է անել գիրքը: Մեր գրողների յուրաքանչյուր գրքի մեջ կա հայ մարդու հոգեբանությունը: Ամեն գրող կյանքի մի մասնիկն է պատկերում և կյանք է տալիս դրանց բազում ու հակասական կերպարներով: Գրքերի կախարդական աշխարհը մտնելիս մենք դառնում ենք ունկնդիրները Մ. Մաշտոցի, Եղիշեի, Խորենացու, Նարեկացու, Հյուգոյի, Բալզակի, Շեքսպիրի և շատ այլ տաղանդների: Այս աշխարհը սահմաններ ու սահմանափակումներ չունի: Այն իմաստնացնում է մարդ էակին, զարգացնում նրա մտահորիզոնը, նրան տանում անցյալի հեռուները, հետո բերում մոտեցնում մեր ժամանակներին, կամ էլ տանում դեպի սպասվող, հանելուկային ու առեխծվածային ապագան:
Գրքերը խոսուն վկաներ են մեր անցյալի, միաժամանակ մեր ներկան են կողմնորոշում և իրենց լույսով մեր ապագան լուսավորում: Այս աշխարհը միշտ սիրում է նոր շունչ ու հոգի ստանալ, լրացվել նորովի: Այս աշխարհը մի դարբնոց է, որ իմաստանանում է մարդը, հղկվում, զգում ուրիշի զգացածը և ապրում որպես լիարժեք մարդ:
Գրքերի հետ իմ առաջին հանդիպումը կայացել է տարիներ առաջ, երբ մայրս ամեն երեկո հեքիաթ էր կարդում ինձ համար ու ես քնում էի շատ հաճախ երազում շարունակելով իմ հեքիաթը:
Տարիներն անցան, ու ես ինքս սկսեցի երկխոսության մեջ մտնել իմ կարդացած գրական ստեղծագործությունների հերոսների հետ: Ես մեծանում էի, լրջանում էին նաև իմ գրքերը: Մի օր ել ձեռքս ընկավ Վ. Տերյանի գրքույկը, սակայն կարդացի, կարդացի ու այնքան էլ չհասկացա: Ու եկավ ժամանակը, նորից անդրադարձա այդ քնքուշ ու զգայուն բանաստեղծին, և նրա թախծոտ տողերն արցունք քամեցին նաև իմ աչքերից:
Այս ամենին եկավ լրացնելու Վարդան Մամիկոնյանի, Պապ թագավորի, Աշոտ երկաթի ու Գևորգ Մարզպետունու քաջագործությունները: Նրանց հետ ես էլ էի կռվում իմ երկրի ազատության համար ու ավելի էր իմաստավորվում իմ հայ լինելը:
Ինձ հետ էին իմ ընկերները՝ հարազատ դարձած գրքերը:
Հոգիս խռովվում էր խմբապետ Շավարշի հետ, հողմաղացիների հետ կռիվ տալիս՝ որպես Դոն Կիխորի զինակից, իսկ ավելի ուշ փորձում էի հասկանալ Անուշի ու Սարոյի ողբեգրական սիրո կամ փոքրիկ Մարոյի մահվան պատճառները:
Այսպես քայլ առ քայլ մեծանում էի իմ գրքերի հետ, որոնք անվերադարձ ինձ համար բացել էին այն աշխարհի դռները, որից այն կողմ անսպառ է նյութը և անսահման:
Իմ հասակակիցների նման, ես նույնպես շատ եմ սիրում համակարգչային հետաքրքիր ու յուրատեսակ աշխարհը, որտեղ ազատ ու անկաշկանդ լողում ես տեղեկատվության օվկիանոսում՝ արագ հասու լինելով շատ նոր բաների: Սակայն անհամեմատելի է այն հաճույքը, որը ստանում եմ իմ լավ, համեստ, լուռ բարեկամներից՝ գրքերից: Չէ որ մի համակարգիչ չի կարող ինձ համար զգալի դարձնել սահյանական անտառի սոսափը կամ սևակյան սիրո յուրատեսակ տրամաբանությունը, օգնել վերլուծելու մարդկային հոգին կամ սրտի կծկում զգալ սիրային պոեզիա կարդալիս:
Լավն են բոլոր գրքերը: Նրանք օգնում են ինձ մեծանալ ու հասունանալ, լինել բարի, բանիմաց ու մտածող:
«Օ գրքերի աշխարհը- տիեզերք է անեզր»: Ինչքան էլ խոսես գրքի մասին, էլի խոսելու բան կա: Սակայն մի բան հաստատ է. գիրքը եղել է և կմնա այն հզորագույն կռվանը, որով դաստիրակվում են բազում սերունդներ: Գրքերը գիտելիքների անսպառ շտեմարան են: Բանավոր գիտելիքը հեշտությամբ է մոռացվում, իսկ արձանագրվածը պահպանվում է դարերով տասնյակ սերունդների համար և դառնում տվյալ ժողովրդի և ողջ աշխարհի սեփականությունը: Գրքերն իրենց մեջ ներառում են գերբնական ուժ: Գիրքը մի աշխարհ է՝ մի հիասքանչ ու խորիմաստ աշխարհ: Այն այնքան զմայլող է, երբեմն նույնիսկ անհասանելի: Այն հոգին լցնում է սիրով ու քնքշությամբ, զարդարում ներաշխարհը, կոփում բնավորությունը, տալիս բազմազան գիտելիքներ: Մեծագույն հաճույքով եմ կարդում գրքերը: դրանք ապահովում են անվերջ ու անսահման զարգացում, աշխարհի տարբեր անկյունների մասին կարող են տեղեկություններ տալ: Գիրքն այնքան հրաշալի է, այն հնարավոր չէ փոխարինել ոչնչով: Ընթերցանությունը դաստիրակչական հսկայական նշանակություն ունի: Այն սերմանում է գթասրտություն, չարն ու բարին զանազանելու կարողություն, դարձնում է արդարամիտ, անաչառ, մաքրում է հոգին, օգնում է գնահատել մարդկային արժեքները, թափանցել գիտության և արվեստի կախարդական աշխարհի չքնաղ անկյունները: Ընթերցանությունը գիտելիքներ ձեռք բերելու անչափելի հնարավորություն է, մարդկության անցած ուղին, անցյալն ու ներկան ըմբռնելու, ապագայի համար մարտնչելու ունակություն: դա հաճույքների անհուն ու անհատակ տիեզերք է, որը սավառնելու թևեր է տալիս, դարձնում լիարժեք և պիտանի մարդ հայրենիքի ու մարդկության համար:
Գիրք...
Դու դեռ պիտի շարունակես քո բազմախորհուրդ էջերից զրուցել հոգուս հետ և պիտի ուղեկցես իմ կյանքի անակնկալ ոլորտներում:
Իմ սիրելի գրքերի հետ ես երկար զրուցոմ եմ, մեկիկ-մեկիկ շոյում նրանց փայլուն կազմերը: Ինձ թվում է՝ նրանք ջերմանում են մատներիս տակ, և ես զգում եմ նրանց տաք շնչառությունը:
Գրքերի աշխարհ ունենալու համար յուրաքանչյուր ազգից պահանջվում է ունենալ սեփական գիրքը, լեզուն ու գրականությունը: Լեզուն է յուրաքանչյուր ժողովրդի ազգային գոյության ու էության ամենախոշոր փաստը, ինքնության ու հանճարի ամենախոշոր դրոշմը, պատմության ու հեռավոր անցյալի կախարդական բանալին, հոգեկան կարողությունների ամենաճոխ գանձարանը, հոգին ու հոգեբանությունը: Հնագույն ժամանակներում հայ ժողովրդի համար որպես գիրք ծառայել է քարը: Քարի վրա գրել են իրենց պատմությունը, արձանագրել կարևորագույն դեպքերն ու իրադարձությունները: Հնարամիտ, պրպտող հայը իր գրքերի աշխարհը հարստացրել է նոր տեսականիով՝ մագաղաթյա ձեռագրերով: Վերջիններս հասել են մինչև մեր օրերը և մեծագույն հոգածությամբ պահվում են Մատենադարանում: Հայը բազմաթիվ փորձությունների մեջ նույնիսկ չի լքել գիրքը: 1915թ. Մեծ եղեռնի օրերին թուրքը սպանել է հայ տղայի հարազատներին, իսկ նրա մահամերձ մայրը տղայի շալակին հաերեն մագաղաթ է դրել ասելով.
« Մի բան կգտնի կուտի, կարևորը ազգությունը չփոխելն է հայերեն գիրք շալակողն այլազգի չի դառնա: Մարդ պիտի այնպիսի բան շալակի, որ հարգանքով ճամփա տան նրան»: Եվ այդ ձեռագիր մատյանը այժմ Մատենադարանում իր պատվարժան տեղն ունի մյուս մատյանների կողքին: Գրքերից յուրաքանչյուրը թանկարժեք ու ադամանդակուռ մի գանձ է, անցյալի խոսուն վկան: Գրքերի աշխարհն անվերջէ, անսահման է իր խորհրդավորությամբ, գաղտնիքներով, առեխծվածներով և նորանոր բացահայումներով: Եվ սա է պատճառը, ուր ասես ձգելով, ընթերցողին ներքաշում է իր հետաքրքրաշարժ հորձանուտը:
Բազմել են շուրջս նրանք ամեն օր
Բոլոր հանճարեղ, մեծերն աշխարհքի,
Երգում են, պատմում ներդաշնակ ու խոր
Միտքն ու գաղթնիքը մահի ու կյանքի:
Հ. Թումանյան:
10-րդ դասարան.
Ալվարդ Համազասպյան.
Նյութը խմբագրված չէ.
Rate this posting:
{[['', '']]}
{["Useless", "Boring", "Need more details", "Perfect"]}
No comments:
Post a Comment