Պատերազմները սկսվում են, բայց չեն ավարտվում,,,
Մեկ տարի առաջ, երբ դեռ ինձ համարում էի երեխա, ով նոր էր մուտք գործում կյանքի մի դժվարին փուլ, ձեռքս վերցրի մի գիրք: Այդ ժամանակ ես տեղյակ չէի անգամ այն ամենափոքր դժվարությունների մասին, որոնք դնում է քո առաջ կյանքը: Այն, ինչ մինչ այդ զգացել ու ապրել էի համարում էի ամենադժվարը և, որ դրանից դժվար չի լինում ոչինչ: Մտածում էի, որ թեև այդ տարիքում, սակայն ես ունեմ բավականին մեծ կյանքի փորձ, որոշումներ կայացնելիս լսում էի սրտիս ձայնին, թույլ էի տալիս, որ նա ինձնից առաջ ընկնի ու հրամայի: Իսկ ես ենթարկվում էի: Հիմա, ինձ համարում եմ դարձյալ երեխա, սակայն մի փոքր մեծացած, հասունացած ու ավելի վստահ: Հիմա որոշումներ կայացնելիս, թեկուզ ոչ շատ կարևոր, սկսում եմ մտածել ոչ թե ինչ կլինի հիմա, այլ թե ինչ կլինի հետո:
Գիրքը պատմություն է սիրո, պատերազմի դժվարին տարիների, կռվի, պայքարի ու հաղթանակի:
Հերոսիս՝ տասնչորս տարեկան տղայի պատմությունը, իր կյանքի ուղին, նպատակներին հասնելու անհագ ցանկությունը, ձգտելու մոլուցքն ու, ի վերջո, սիրելու մեծ ուժը ինձ փորձեցին և կարողացան ապացուցել, որ կյանքի ամեն մի ժամանակահատվածում կան դրան բնորոշ խնդիրներ և այդ խնդիրներին բնորոշ լուծումներ:
Հերոսիս տեսակը պայքարող է, չհանձնվող, սիրող, նվիրվող ու հասնող: Նա գիտի սիրել, զղջալ: Նա, սակայն, ամենևին էլ անթերի չէ. սովորական մարդկանց նման ունի թերություններ: Եվ այդ թերությունները միշտ ուղեկցում են նրան:
Հերոսս սիրում էր… հետո եմ հասկացել, որ նրա սիրելու ձևը տարբերվում էր բոլորից: Նա սիրում էր մինչև վերջ, չափից շատ, առանց կանգ առնելու, առանց տատանվելու: Սիրում էր ամեն ինչ ու ամենքին, և այդ սերը նրան բերում էր և՛ պարտություն, և՛ հաղթանակ: Նա նաև սպասել գիտեր… սա ես համարում եմ նրա բնավորության ամենալավ գիծը. թերևս ինձ համար: Նա կարողանում էր սպասել անգամ այն դեպքում, երբ վստահ էր լինում, որ ոչինչ չի փոխի նույնիսկ ժամանակը:
Իսկ այս ձևով սպասել գիտեն շատ քչերը:
Գիրքն ավարտվում է հաղթանակով:Սրա հետ մեկտեղ ավարտվում է նաև պատերազմը: Այն կռիվ էր հանուն հայրենիքի ազատության, մայրերի ու կանանց խաղաղ քնի, սիրո, հավատի, ընտանեկան ջերմության: Այդ հաղթանակը հպարտություն էր պարգևում հերոսներից յուրաքանչյուրին, նրանց դեմքերի վրա կար ժպիտ և այդ ժպիտի տակ թաքնված տխրություն:Նրանք շտապում էին տուն (շատ կցանկանայի, որ նրանց նման շատերն էլ վերադառնային կռվի դաշտից) տխուր հայացքով՝ ընկածների համար:
Հերոսս հասնում է տուն, գրկում հարազատներին ու ասում. <<Այո՛, պատերազմները սկսվում են, բայց չեն ավարտվում>>:
Եվ իսկապես, կյանքը անարդար ու անդադար պայքար է, պատերազմի դաշտ, կռիվ չարու և բարու, սիրո և ատելության, ներման ու մեղանչելու, հանձնվելու և պայքարելու: Պատերազմները չեն վերջանում քանի դեռ կան լացող մայրեր, քանի դեռ կան կսկծացող հիշողություններ: Եվ այդ մարդկային հիշողությունների համար ի՞նչ քառասուն, վաթսուն տարի, ի՞նչ ժամանակ: Ինչքան էլ որ անցնի, ոչինչ չի մոռացվի: Նրանց բերած դառնությունը, վիշտը, կսկիծը, մրմռացող ցավը, հավատն ու մռայլ երեկոյից հետո եկած խաղաղ առավոտը միշտ մեզ՝ բոլորիս հետ հավասար կքայլեն:
Հերոսիցս սովորել եմ պայքարել ու սպասել: Եթե գար մի օր, և հանդիպեի նրան, երևի միայն շնորհակալություն կհայտնեի հենց սրանց համար:
Այսքան ժամանակ անց, հավատացե՛ք, այսօրվա նման հիշում եմ գիրքն էլ, իր բովանդակությունն էլ: Նրա մեջ առկա հուզմունքն ու զգացմունքը, սերն ու հավատը: Այստեղ կա հարգանք սեփական եսի նկատմամբ, այստեղ ծնկի են իջնում ամենավեհ զգացմունքների առաջ, սակայն երբեք չեն ցածրանում: Այն ստիպում է քեզ զգալ ու հասկանալ` ինչ է իսկական պատերազմը, ինչ են զգում մարդիկ, որոնք գնում են կռվելու, ինչ է նշանակում սպասել նրանց` աչքը երբևէ չհեռացնելով նրանց տունդարձի ճանապարհից:Հասկանալ, որ թանկ մարդիկ ժամանակավոր են, որ միշտ նրանց տեղը գալիս են ուրիշները: Հասկանալ, որ այդ թանկ մարդկանց թանկ լինելու <<պաշտոնը>> դու ես տալիս, ու դու էլ վերցնում ես:Որ այդ մարդիկ փոխվում են միայն այն ժամանակ, երբ փոխվում ես դու:Եվ, որ այդ ժամանակը կարող է տևել ամիսներ, տարիներ, անգամ օրեր ու ժամեր:
Ինչպես արդեն ասացի, գիրքը նվիրված է պատերազմի տարիներին, երբ Խորհրդային Հայաստանը պայքարում էր հաղթանակի համար:Հայ ազգի մեծահոգությունն ու միամտությունը, զինվորի աչալրջությունը, նրա հոգու ու մտքի հավերժական պայքարը, նրա կարոտն ու սերը, գիտակցաբար զոհվելն ու արդարության հաղթանակը ընթերցելիս աննկարագրելի հպարտություն են պարգևում ինձ: Հեղինակը յուրովի է ներկայացնում հայ զինվորին, նրան օժտում է անթերի, կատարյալ բնավորությամբ, կատարելագործում նրա կերպարը, որը կա նաև այսօր:Ինչքան էլ փորձեմ նկարագրել, պատմել, վերաշադրել գիրքը, այն կարդալիս իմ ապրած պահերը, անհամբեր սպասելը ավարտին ու ամբողջովին խորասուզվելը նրա մեջ, միևնույնն է՝ էլի չի ստացվի այնպես, ինչպես որ հարկն է: Կարծում եմ, որ հազարավոր բառերի փոխարեն արժե ընդամենը մեկ անգամ այն ընթերցել: Համոզված եմ, որ այն ձեզ, ինչպես ինձ, կսովորեցնի ապրել:
Եթե լինեմ ավելի անկեղծ, ապա կցանականայի շեշտել նաև, որ գիրքը գրավեց ինձ իր վերնագրով՝ <<Նրա ճանապարհը>> (Շահեն Թաթիկյան):Իսկապես, հերոսների ճանապարհը բարդ էր, դժվար, բայց անցանելի:
Եթե փորձենք խորանալ մեր իրականության մեջ, տեսնել Հայաստանի անցած դժվարին, բարդ ճանապարհը, մենք կհամոզվենք, որ պատերազմները չեն վերջանում այնպես, ինչպես վերջանում է իմ ամեն գրած նախադասությունը՝ վերջակետով. դրանց ժամանակ դրվում են բազմակետեր: Դրանց ժամանակ զոհվում են հազարները, հարյուրները, միլիոնները:Դրանցից հետո անմահ են մնում նրանց անունները:
Եվ վերջում, ավարտելով խոսքս, ընդամենը կոչ եմ անում քե՛զ, ընթերցո՛ղ.
-Ոտքի կանգնի՛ր: Մեկ րոպե լռություն: Խոնարհվի՛ր այն միլիոն ու կես և ավելի սքանչելի էակների, մեր հայ ժողովրդի զավակների պայծառ հիշատակի առաջ:
Կոտայքի մարզ, ք.Չարենցավան,
Առաջին ավագ դպրոց ,
12 րդ դասարան
Ավագյան Մերի
Նյութը խմբագրված չէ.
{[['', '']]}
{["Useless", "Boring", "Need more details", "Perfect"]}
супер
ReplyDelete