Sunday, February 17, 2013

Մարիամ Զաքարյան: Եթե հանդիպեի իմ սիրելի հերոսին


Կեսգիշեր է: Նայում եմ պատուհանիցս դուրս ու տեսնում, թե ինչպես է կաթնագույն լուսինը ձուլվում գիշերվա մանուշակագույն խավարում: Տեսնում եմ փողոցի լապտերների աղոտ լույսը ու լսում մեր բակի ծեր շան անտարբեր հաչոցը: Ժամացույցի տկտկոցը, քամին, լուսինը, աստղերը ինձ մոտ զանազան խոհեր են արթնացնում: Ես նստած եմ պատուհանի դիմաց և ազատություն եմ տվել մտքերիս ու երևակայությանս: Գիտեմ, որ ոչ ոք չի կարող լսել, թե ինչ եմ մտածում, և այդ պատճառով ինձ զգում եմ անսահման ազատ: Դրսում լռությունը ժամանակ առ ժամանակ խախտում է այն ծեր, հոգնած շունը. երբ որևէ մեքենա է անցնում, նա սկսում է հաչել, բայց հաչում է անտարբեր, մեխանիկորեն, կարծես դա իր պարտականությունն է: Շուրջս ամեն ինչ տրամադրում է երազել, և աշխարհից, հոգսերից ու մարդկանցից առժամանակ կտրվել: Օդն այնքան մաքուր է, իսկ լուսինը, ախ~, այդ լուսինը, այն մեծ է ու խորհրդավոր: Եվ ահա ես կախարդված աչքերով նայում եմ լուսնին, որն ինձ այնքան մոտ է թվում, և լուսնի վրա տեսնում եմ պատկերներ, դեմքի ուրվագծեր… ախ~, այդ երևակայությունս… և ինձ մոտ տարօրինակ ցանկություն է առաջանում. թռչել, թռչել հեռու~, հեռու~ դեպի լուսինը, ինչպես այն կինը, այն գրքի միջի կինը, այն համարձակ կինը, որը սատանայից ուղղարկված հրեշի հանձնած քսուքի միջոցով վերածվեց վհուկի. փոխեց իր բնությունը հանուն նրա ում սիրում էր: Իսկ եթե չեմ կարող թռչել , ապա գոնե կուզենայի հանդիպել այդ կնոջը , խոսել նրա հետ , հարցեր տալ գրքի մասին, որում նա գտնվում է: Բայց ես կառչած եմ իրականությանը, գորշ իրականությանը, որտեղ հրաշքներ, կախարդանքներ չկան: Ես դատարկություն եմ զգում, և երազանքներս իրականացնելու անկարողությունն ինձ ճնշում է: Բայց մեկ րոպե… այս ի՞նչ է, Աստված իմ, այս ի՞նչ ձայն է: Ես կնոջ բարձր ծիծաղ լսեցի, հետո օդում ուրվագծվեց նրա մարմինը. նա թռչում էր, թռչում էր ցախավելով : Օդում երկու պտույտ գործելով` նա մոտեցավ պատուհանիս: Ես վախեցած հետ գնացի ու մեջքով սեղմվեցի խոհանոցի պատին: Նա ներս մտավ պատուհանիցս, ցախավելը դրեց պատուհանագոգին, նայեց աչքերիս մեջ, ժպտաց ու ասաց.
-Ողջույն:
Նա ներս անցավ, նստեց աթոռին և ապա էլի նույն հայացքով նայեց ուղիղ աչքերիս մեջ  ու ասաց.
- Ինչու՞ չես պատասխանում: Լա՛վ, լա՛վ, հասկանում եմ, որ զարմացած ես, բայց այսօր լիալուսին է, և բոլոր երազանքները կարող են իրականանալ: Դե՛, ի՞նչ ես սառել, արի՛, նստի՛ր:
- Մարգարիտա…,- քթիս տակ ասացի ես, կարծես մախանիկաբար: Ես Ձեզ հենց այսպես էլ պատկերացնում էի:
-Այսպե՞ս…
-Հա, գեղեցիկ, գանգրահեր…
-Լա՛վ, լա՛վ, դա մի կողմ: Դու ուզում էիր, չէ՞, դու երազում էիր ինձ տեսենլ, ինչ-որ հարցեր էիր ուզում տալ…
-Ի՞նչ եք զգում, երբ թռչում եք:
- Դա միակ հա՞րցն է, որ քեզ հետաքրքրում է գրքից: Խե~ղճ Միխայիլ, եթե իմանար, որ միայն դա է հետաքրքրում իր ընթերցողին…
- Չէ՛, չէ՛…դուք ինձ սխալ հասկացաք: Միայն դա չի հետաքրքրում, ավելի ճիշտ, դա ընդհանրապես չի հետաքրքրում: Դե լա՛վ, լա՛վ, հետաքրքրում է, բայց գրքում շատ ավելի խորը, կարևոր թեմաներ կան, որոնց անդրադարձել է հեղինակը: Ինձ թվում է, որ գիրքը ամեն ինչի մասին է, և ինձ հուզող գրեթե բոլոր թեմաները շոշափված են գրքում:
Այդ պահին զգացի, թե ինչպես զգալի կերպով փոխվեց Մարգարիտայի դեմքի արտահայտությունը. վայրի հայացքը կորավ, չքացավ, հալեց գեղեցիկ դիմագծերի մեջ, ու քնքուշ ժպիտ հայտնվեց այտերին: Մարգարիտան, որն իմ պատուհանից ներս էր մտել վհուկի կերպարանքով, այժմ վերափոխվել էր սովորական կնոջ: Ինձ թվաց, որ իմ խոսքերը ազդեցություն ունեցան նրա վրա: Մինչ այդ նա մտածում էր, թե ես ամեն ինչից տպավորվող դեռահաս եմ եմ, որին միայն կարող է հետաքրքրել իր ցախավելով թռիչքը, այն ինչ դա վեպում երկրորդական է, բայց հիմա նա հասկացավ, որ վեպն ինձ  իրոք  հուզել է ու հետաքրքրել: Խոսքերիցս բացի, երևի, նրան տպավորեց իմ` այդ խոսքերը ասելու եղանակը. ես  այրվում էի, հուզված էի, բորբոքված…լսողին կթվար,թե ես ինչ-որ տենդի մեջ եմ:
-Լսի՛ր, - հոգատար ասաց Մարգարիտան ,- ների՛ր, որ կոպիտ էի:
Ձայնն էլ փոխվեց: Այժմ այն հանդարտ էր, հանգիստ, մեղմ: Իսկ վայրկյաններ առաջ, օ~ այդ բարձր ծիծաղը, անկեղծ ասած, վախենում էի, որ ծնողներս կարթնանան:
-Դուք էլ ինձ ներեք, ես դեռ չեմ կարողանում ուշքի գալ:
- Ես ասացի չէ՞, որ այսօր լիալուսին է և երազանքներդ կիրականանան:
-Ուզում եմ Ձեզ մի հարց տալ. վեպի առանցքային գաղափարը սե՞րն է:
-Սե՞րը,իսկ դու գիտե՞ս՝ ինչ է սերը:
-Հա, գիտեմ: Դուք հանուն նրա ձեր հոգին ծախեցիք սատանային, տանջվեցինք ողջ պարահանդեսի ընթացքում. Դա է սերը:
-Սերը…սերը դուրս թռավ մեր առջև, ինչպես մարդասպանը փողոցում , ու ցնցեց մեզ. այդպես ցնցում է կայծակը, այդպես ցնցում է ֆիննական դաշույնը:
-Վարպետի խոսքերն են. Սքանչելի է: Դեղին ծաղինկերը ձեռքերում` այդ օրը Դուք դուրս էիք եկել տանից, որ նա ձեզ վերջապես  գտնի, և եթե նա ձեզ չգտներ, դուք ինքնասպան կլինեիք, քանի որ ձեր կյանքը ունայն էր:
Նա էլի ժպտաց, և ես այդ ժպիտի մեջ թախիծ տեսա, թախիծը այդ, սակայն, մռայլ չէր, այլ` լուսավոր. կարծես խոսքերս նրա սրտում կրակ վառեցին, և հիշողությունների մի քաղցր  ալիք համակեց նրան: Նա ասաց.
-Սերը վեպում, իհարկե, ունի իր կարևոր նշանակությունը, բայց, ինչպես դու մի փոքր առաջ ասացիր, այս վեպը ամեն ինչի մասին է:
-Հա՛, իրո՛ք, եթե ընդհանուր ասենք. չարի և բարու հավերժ պայքարի: Բայց գիտե՞ք, կան հատվածներ, որ ես այդքան էլ լավ չեմ հասկացել: Վեպը ինչպե՞ս ավարտվեց, դուք գնացիք դժո՞խք:
-Ո՛չ:
-Ախր~, ես պարզ հիշում եմ: Դուք Վոլանդի, Բեգեմոտ կատվի, Ազազելլոյի և Կորովյովի հետ գնացիք…
-Չէ՛, անուշի՛կս, լսի՛ր, դու ամեն ինչ ուղիղ իմաստով ես հասկացել, այն ինչ ստեղծագործությունը ոտքից գլուխ փոխաբերական իմաստ ունի: Հիշու՞մ ես այն հատվածը, երբ Վոլանդը Մատթեոսին հարցնում է, թե ինչու Վարպետին չեն տանում լույս, Մատթեոսը պատասխանում է, որ Վարպետը արժանի է ոչ թե լույսի այլ հանգստի…
-Հա՛, իհա՛րկե: Եվ այդ հատվածում մի շատ կարևոր պահ էլ կար, երբ Վոլանդը ասում է, թե ինչ էր անելու քո բարին եթե չլիներ չարը, այդպես է չէ՞ ասում Վոլանդը:
-Հա, մոտավորապես… և հիշու՞մ ես Ազազելլոյի տված գինին, այն թունավոր էր, ես ու Վարպետը մահացանք, իսկ հետո ձիերը մեզ տարան…
-Հա՛, հիշեցի, դուք այնտեղ էլ հանդիպեցիք Պոնտացի Պիղատոսին, ու Վարպետը ավարտեց իր վեպը նրա մասին: Նա բաց թողեց իր հերոսին, և Պիղատոսը կարողացավ քայլել լուսնի արահետով ու զրուցել Յեշուայի հետ: Հիշու՞մ եք, Մարգարիտա, Յեշուայի խոսքերը § Վախկոտությունը, երևի ամենահավոր մեզքերից մեկն է¦: Այժմ Պոնտացի Պիղատոսն էր կրկնում այդ խոսքերը, բայս ասելով, որ համաձայն չի Յեշուայի հետ և որ վախկոտությունը ամենահավոր մեղքն է: Նա այդպես էր ասում, որովհետև գործել էր այդ մեղքը. նա դատապրտել էր Յեշուային մահվան, այն ինչ գիտեր, որ նա  անմեղ է, բայց նա չէր ուզում ինչ-որ թափառաշրջիկի պատճառով կորցնել իր` տարիներով վաստակած փառքը: Վախկոտությունն էր, անկասկած, պատճառը, որ նա չարդարացրեց Յեշուային: Եվ հիմա Յեշուայի հետ խոսելիս նա խնդրում էր Յեշուային իրեն ասել, որ այդ ամենը ինքը երազում է տեսել և նրան մահապատժի չի ենթարկել:Եվ Յեշուան հաստատում էր դա, իսկ Պիղատոսը իրեն երջանիկ էր զգում, և մեղքի զգացողությունը այլևս չեր տանջում նրան: Ախ~, ներեցեք, ես ձեզ ընդհատեցի:
-Այսպիսով. հաղթեց ոչ բարին, ոչ էլ չարը. հասկանում ես, հաղթեց սերը: Հիշու՞մ ես, թե ես վերջում ինչ էի  ասում Վարպետին:
-Հա, դուք նրան խորհուրդ էիք տալիս վայելել լռությունը և ներկայացնում էիք նրան տունը, որտեղ ձեր մահից հետո ապրելու եք: Նկարագրում էիք խաղողի ողկույզները, որոնք բարձրանալու էին մինչև տանիք, ձեր պատուհանը: Եվ խոստանում էիք նրան, որ նա քնելու է ժպիտը շուրթերին, և  որ դուք հսկելու եք նրա քունը…,- երազկոտ աչքերով նայելով նրան` ասացի ես:
-Այդպես էլ եղավ: Հիմա հասկացա՞ր:
-Քիչ-քիչ սկսում եմ հասկանալ: Սերը կա և իրական է,եթե դու հավատում ես, իսկ մահ չկա, եթե դրան չես հավատում…
Մարգարիտան ժպտաց և այդ ժպիտի լույսով լցվեցին նրա այտերի փոսիկները:
-Այս ի՞նչ ձայն է: Ծնողներդ արթնացան: Չի կարելի, որ նրանք ինձ տեսնեն…
-Ես այդպես էլ գիտեի: Ախ~ , այսպիսի հնարավորություն ինձ երբեք էլ չի ընձեռվի: Ինչու՞, ինչու՞ , գրողը տանի, ես դեռ այնքան հարցեր ունեմ, մենք կարող էինք ամբողջ գիշեր զրուցել…
-Արա՛գ տու՛ր ցախավելս, ոտնաձայները ուժեղանում են, ես պետք է գնամ:
Նա վերրցրեց ցախավելը, բարձրացավ պատուհանագոգին և ասաց.
-Ես գնում եմ, անուշի՛կս, հեռանում եմ ընդմիշտ, մենք էլ երբեք չենք հանդիպի: Դու ինձ դուր եկար, հուսով եմ կարողացա քեզ օգնել:
Նա թռա~վ, թռա~վ դեպի լուսինը: Երկար, խռիվ գանգուրները, որոնք ինքնին խորհրդանշում էին նրա ազատ բնությունը, ծածանվում էին քամուց և օդը արագ ճեղքելուց: Նա գեղեցիկ էր: Շուտով նա կորավ տեսադաշտիցս: Ձուլվեց մթության մանուշակագույն խավարին ու սպիտակ լույսին: Ես տխրեցի և…այս ի՞նչ է, ինչու՞ է մեջքս այսպես…ա~խ… այս ի՞նչ ձայն է…
-Դե,՛ վե՛ր կաց:
Բացեցի աչքերս ու…
-Մա՞մ…
-Ի՞նչ: Ինչու՞ ես այդպես վրաս նայում, ի՞նչ է եղել, ինչու՞ ես այստեղ քնել: Ապա  շու՛տ գնա՛, պառկի՛ր երկու ժամից դպրոց պետք է գնաս,- բարկացած ասաց մայրս ու գնաց:
Երա՞զ էր, չէ, հնարավոր չէ, չի՛ կարող նման բան լինել, ամեն ինչ այնքա~ն իրական էր, չեմ հավատում, ավելի ճիշտ, չե՛մ ուզում հավատալ: Ախ~, դրա համար էր նա այնպիսին, ինչպիսին ես նրան պատկերացնում էի: Իսկ հարցերի պատասխանները, երևի, ենթագիտակցությանս մեջ էին . ահա  և տրամաբանական բացատրությունը:
Բայց հոգուս խորքում, հոգուս ամենագաղտնի անկյունում ես հավատում էի, վստահ էի, որ մենք հանդիպել ենք: Մի՛շտ, մի՛շտ կհիշեմ նրա խոսքերը և միշտ աչքիս առաջ կլինի նրա թռիչքը մուգ մանուշակագույն և կաթնագույն գույների մեջ, նրա ազատ թռիչքը գիշերվա խավարում…


 Աբովյանի  թիվ 4 ավագ դպրոց,
Զաքարյան Մարիամ
Նյութը խմբագրված չէ.

Rate this posting:
{[['', '']]}
{["Useless", "Boring", "Need more details", "Perfect"]}

7 comments:

  1. тпаворич эр)))

    ReplyDelete
  2. շնորհակալություն ))

    ReplyDelete
  3. This comment has been removed by the author.

    ReplyDelete
  4. այս գիրքը չեմ կարդացել, բայց այս նյութից հետո հետաքրքրեց...լավն էր)))

    ReplyDelete
    Replies
    1. ուրախ եմ, որ կարողացա հետաքրքրություն առաջացնել: Կարդացեք, չեք փոշմանի էնքան էմոցիա կա մեջը, կիրք, սեր, մի խոսքով ամեն ինչ ^_^

      Delete
  5. Shaaat hetaqrqir er.......!!!!maladec...!!

    ReplyDelete