Անկեղծ ասած, այս հարցի շուրջ մտածել եմ շատ երկար, վերհիշել եմ իմ ընթերցած բոլոր գրքերը և հասկացել, որ անհնար է առանձնացնել որևէ մեկը. չէ՞ որ ամեն գիրք ունի իր յուրահատկությունը:
Գրքին մենք սկսում ենք առնչվել դեռ մանկուց, չնայած ինքներս չենք կարողանում ընթերցել, բայց դրա փոխարեն մեզ համար ընթերցում են մեր ծնողները: Հիշում եմ մեր տանը կար հեքիաթների գիրք, որը ես շատ էի սիրում գեղեցիկ նկարների համար և միշտ ձեռքս վազում էի տատիկիս մոտ, որպեսզի նա ընթերցի ինձ համար, բայց նա վատ տեսողության պատճառով հրաժարվում էր` փոխարենը պատմելով իր մանկությունից: Այդ ժամանակ այնքան մեծ ցանկություն է առաջանում մոտդ, ուզում ես շուտ սովորել տառերը, որպեսզի կարդաս քեզ հետաքրքրող բոլոր գրքերը: Անհամբեր սպասում էի, թե երբ է լրանալու յոթ տարեկանս, որ գնամ դպրոց և գրել-կարդալ սովորեմ, քանզի ես դեռ հինգ տարեկան էի: Այնքան դժվար էր թերթել գիրքը, ագահությամբ ըմբոշխնել ամեն մի նկարը և չկարողանալ ընթերցել, հետաքրքրությունը կարծես կրծում եր ներսից հոգիս, հաշվում էի օրերը, թե երբ եմ գնալու դպրոց. այդ երկու տարին թվաց մի ամբողջություն և ահա եկավ այդ երկար սպասված օրը` իմ կյանքի առաջին ուրախ սեպտեմբերի մեկը: Մինչև հինգերորդ դասարան գերազանցիկ էի, իսկ հետո հայտնվեց ինտերնետը, և ես կորցրեցի իմ հետաքրքրությունը գրքերի հանդեպ, այո, գիտեմ` դա սխալ է, բայց այնքան դժվար էր ուղղակի վեր կանալ համակարգչի առջևից և զբաղվել ուրիշ գործով:
Անկեղծ ասած, սկսել էի մանկությունիցս, որպեսզի լրացնեմ յոթ հարյուր բառը, որովհետև մրցույթի կանոնները այդպիսինն էին:
Ինչու եմ ասում, ախր, դուք ինձանից լավ գիտեք: Լավ, իսկ հիմա անցնեմ իրոք կարևոր թեմային, թե ինչպես գիրքը սովորեցրեց ինձ ապրել և խոստանում եմ` եթե հաղթեմ այս մրցույթում, կբարձրացնեմ թոշակները հիսուն տոկոսով, կասֆալտապատեմ բոլոր ճանապարհները , աշխատանքով կապահովեմ բոլոր անգործներին: Այսպես սկսեցի, որովհետև տրամադրվել եմ, որ պետք է հաղթեմ, բոլոր նախագահի թեկնածուներն էլ այսպես են սկսում և ավելի շատ խոստում տված թեկնածուն է ընտրվում, հուսով եմ իմ դեպքում էլ կգործի այս մեթոդը:
Ինչևէ, անցնեմ բուն նյութին:
Այո, գիրքը ինձ իսկապես սովորեցրեց ապրել, փոխեց իմ կյանքը հարյուր ութսուն աստիճանով: Ինչպես արդեն նշել էի, գրքերի հանդեպ կորցրել էի հետաքրքրությունս ինտերնետի պատճառով, այնտեղից ստացվող ինֆորմացիայի քանակը շատ էր, որպեսզի ինչ-որ ուրիշ գիտելիքների աղբյուրներ հետաքրքրեին: Եվ այսպես կամ տանն էի համակարգչի առջև կամ էլ ընկերներս, մի կերպ համոզելով, դուրս էին բերում տանից և տանում իրենց հետ զբոսնելու: Նրանք ասում էին, որ ես շատ եմ տարվում համակարգչով, բայց ախր ես ընդամենը ուզում էի շատ բան իմանալ շրջակա աշխարհի մասին: Նրանք միևնույն է ինձ չէին հասկանում: Մենք քիչ-քիչ հեռվանում էինք իրարից, շփումը ավելի հազվադեպ էր դառնում: Եվ մեկ օր էլ, երբ ես ուշացած գնացի հերթական հանդիպմանը և պատճառը կրկին համակարգիչն էր նրանք չդիմացան և բղավեցին ինձ վրա. մենք վիճեցինք, և նրանք նեղացան ինձանից, իսկ ես նրանցից: Սաստիկ ջղայնացած էի, ոտքերիս տակ նայելով` վերադառնում էի տուն, անցնում էի հերթական շենքի մոտով և վերջապես կհայտնվեի մեր բակում և այդ պահին ինչ-որ մեկի պատշգամբից գլխիս ծանր ինչ-որ բան ընկավ, սաստիկ ցավ զգացի և այլևս ոչինչ չեմ հիշում, բայց կարելի է ենթադրել, որ կորցրեցի գիտակցությունս:
Բացեցի աչքերս: Ամեն ինչ մշուշոտ էի տեսնում, շուրջս ամեն ինչ սպիտակ էր, ինձ թվաց ես պաղպաղակի մեծ տակառի մեջ եմ, ես թռչում էի, թեթևություն էի զգում, այդ երջանիկ երազից իրական աշխարհ տեղափոխեց գլխիս սաստիկ ցավը: Ռեալ աշխարհ հետ գալով` հասկացա, որ ես հիվանդանոցում եմ, ոչինչ չէի կարողանում հիշել, գլուխս սաստիկ ցավում էր: Պալատում մենակ էի, միայն լսում էի այս ու այն կողմ գնացող մարդկանց ոտնաձայները: Զարմանալի էր, որ խուճապի չէի մատնվում, այնպիսի հանգստություն կար իմ մեջ, որ նույնիսկ մտածում էի, որ խենթացել եմ, բայց փորձեցի մոռանալ հիմար մտքերս և վերհիշել բոլոր իրադարձությունները մինչ իմ գիտակցություն կորցնելը: Հիշում եմ, թե ինչպես էի ջղայնացած վերադառնում տուն, իսկ շարունակության փոխարեն դատարկ անդունդ էր: Փորձում էի հիշել գոնե մի բան, որը կբացատրեր, թե ինչպես եմ հայտնվել այստեղ, և այդ պահին բացվեց պալատի դուռը, և ներս մտավ մոտ քառասունից հիթսուն տարեկան տղամարդ, ալեհեր, կապույտ աչքերով, հիվանդոտ նիհար և բավականին բարձրահասակ: Նրա սպիտակ խալաթից կարելի էր ենթադրել, որ նա բժիշկ է: Նա երկու քայլ արեց դեպի իմ մահճակալը, հայացք գցեց իմ ճակատին և կարծես թե այդ հայացքով արթնացրեց ցավի նոր ալիք, և հեռացավ:
Չհասցրեցի աչքս թարթել, երբ պալատ մտավ մայրիկս: Նրա հայացքում անհնար էր ինչ-որ բան կարդալ, նա միշտ էլ կարողացել է զսպել էմոցիաները, նա եկավ նստեց իմ մահճակալին, նայեց ճակատիս, այնուհետև աչքերիս մեջ, խորը շունչ քաշեց և ասաց, որ տուն վերադառնալիս իմ անուշադրության պատճառով չեմ լսել բացականչությունները, որ այդտեղից մի կողմ քաշվեմ, և այդ պատճառով էլ այդ պահին ընկնող գիրքը ընկել է իմ գլխին: Այդքան էլ զարմացած չէի, քանի որ այդպիսի դեպքերը միշտ ինձ հետ են պատահում: Պարզվեց, որ պետք է այնքան մնայի հիվանդանոցում, մինչեւ համոզվեին, որ իմ առողջությանը վտանգ չի սպառնում: Ասացին, որ դա կտևի մոտ մեկ շաբաթ: Ինձ սպասում էր կյանքիս ամենավատ շաբաթը, մեկ շաբաթ առանց համակարգչի, գժվել կարելի է: Օրերը անցնում էին դանդաղ, ձանձրույթից մեռնում էի: Անցել էր արդեն երեք օր, համակարգչի մասին ավելի հազվադեպ էի հիշում: Ասեմ ավելին, գնալով հասկանում էի, որ ինտերնետը այդքան էլ կարևոր տեղ չի զբաղեցնում իմ կյանքում, նույնիսկ բթացնում է: Երևի պետք է շնորհակալություն հայտնեմ այն մարդուն, ով գցել էր այն գիրքը իմ գլխին, քանի որ այն իրոք սովորեցրեց ինձ ապրել:
Ք. Աբովյանի թիվ 4 ավագ դպրոց ,12րդ դասարան
Հարությունյան Անի
{[['', '']]}
{["Useless", "Boring", "Need more details", "Perfect"]}
վերջն էր :)
ReplyDeletelavna ))
ReplyDeletelavner ))
ReplyDelete