Saturday, February 16, 2013

Տիգան Պետրոսյան` Գիրքը, որը սովորեցրեց ինձ ապրել



Իմ գրելիքը օր ու գիշերների մի զրույց է հայոց հին գրչագիր մատյանների հետ, այդ գրքերի մասին մի գիրք գրոց... Այդ գրքերը երեկացած տարիների սրտաբաց նամակներ են` ուղղված գալիքի եկվորներին:»
Վիգեն Խեչումյան, «Գիրք գրոց»

Ես շատ կուզեի, որ իմ շարադրությունն ունենար այսպիսի ենթախորագիր. «Տիգրան Պետրոսյանի կյանքը, որ ինքն է պատմել»: Բայց, ճիշտն ասած, իմ կյանքը վերհիշելն առայժմ վաղ է... Ես ընդամենը տասներկուերորդ դասարանի աշակերտ եմ: Ու , ավելի շատ, սա կլինի իմ մանկության ու երազանքի պատմությունը:
Ես ապրում եմ յոթ գարունների երկրում: Գարուններն այստեղ ավելի պայծառ են, կայծակները` ավելի շռնդալից, հետամպրոպյան երկինքը` լուսառատ-կապույտ, իսկ ծաղիկներն` ավելի գունեղ ու մեղուների բզզոցով լեցուն: Քամին այստեղ ավելի է զովաբեր, առվակները` կարկաչուն ավելի, իսկ հայացքները` ավելի ջերմ են ու ծիծաղները` զրնգուն ավելի:
Դա այդպես է, որովհետև Հայաստանը` իմ հայրենիքն է:
            Ահա նորից մեր պատշգամբի առջև ճնճղուկներն սկսել են իրենց առաջին կռիվը: Աղմուկ-աղաղակ է, հրճվանք ու խաղ: Միաձուլվում են այդ ձայները, գնում-միանում բնության ու արևի փառաբանությանն ուղղված ընդհանուր խմբերգին: Արևն արդեն կծում է, թեև իմ հայրենի Արթիկը արևելքից ու հարավից գոտևորող լեռների վրա ձյունն է շողշողում` իր սպիտակին արևկող լանջերի ստվերը խառնելով:
           
Առաջին բողբոջները պայթում են ձորերում` շագանակագույն պոչիկներով, ու ամեն մի կանաչ կտուցիկի վրա կախվում է թափանցիկ, բաց գույնի կաթիլ: Վերցնում եմ սալորենու կամ բալենու մի բողբոջ, տրորում մատներով և երկար ժամանակ նրա պտուղների կարոտած բույրը ըմբոշխնում...
            Իսկ հետո գարունը բարձրանում է վերև, շոգն սկսվում է արևի հետ մեկտեղ, երբ որ վերջինս դուրս է գալիս հորիզոնի մշուշի միջից ու հայտնվում լեռների վրա: Սար ու ձորերի այս խառնաշփոթությունից ու գարնանամուտի կրկնվող վերադարձերից չի՞ արդյոք ծնվում այս երկրի հավերժ ջահելության լեգենդը. երկիր, որ երեք հազարամյակի պատմություն ունի առնվազն: Մեր լեռներում երբեք չես տխրում, թե ահա մի գարուն էլ անցավ-գնաց:
Ամռան տապին  բարձրանում եմ Արագած լեռը ու սիրտ հովացնելու համար թթու ջուր խմում: Հետո իջնում եմ Հառիճավանք, նրա զով ու խորհրդավոր լռության մեջ փնտրում անցած հարյուրամյակների գարունների հևքը, մտքումս երազանք պահում և մի քար նետում անդունդից այն կողմ, ժայռի պռնկին թեքությամբ կպած Ճգնավորի մատուռից ներս. լեգենդն ասում է, որ հաջողելու դեպքում երազանքդ ի կարար կածվի... Հետո իջնում եմ ձորը` հետս ունենալով Վիգեն Խեչումյանի «Գիրք գրոցը»: Ու ինձ այնպես է թվում, որ նրա օգնությամբ մի ողջ մատենադարան է ձորում հայտնվում, դարսվում Տափակ աղբյուրի կողքի քարեդարակին: Այդ մատյանների միջոցով ես զգում եմ անցած ժամանակների շունչն ու խոհերը, կրակներն ու աղերսները: «Գիրք գրոցով» ըմբռնելի ու պարզորոշ հնչում են այն մարդկանց ձայները, որոնց աճյունները վաղուց հողմացրիվ են եղել, խառնվել մայր հողին: Խեչումյանը խտացնում է մատյանների ամբարած իմաստնությունը, որոնցում մարդկային ցեղի հիշողությունն է, որ սերունդներին է բաժանվում բուռ առ բուռ` բազմապատկվելով ու բյուրեղանալով: Ու գրքի էջերից հառնում են գրիչների ապրած ժամանակները` երբեմն ցողված արյունոտ քրտինքով, երբեմն տառապանքով, բայց ավելի հաճախ` հույսով, հավատով ու երազանքով:
Ձորակում  ջրի խոխոջը թերևս նույնն է եղել և այն դարերում, որոնց մասին խոսում է Խեչումյանը «Նախագիտելիքում»: Այդ խոխոջյունի մեջ ես ուրիշ գարուններ եմ փնտրում` արև ու ջուր պաշտած մեր հեթանոս հայերի և մատյաններ գրած ու ծաղկած վարդապետների: Իսկ «Գիրք գրոցի» հեղինակն ինձ հորդորում է` մագաղաթների օգնությամբ նախ ետ տանել մեր պատմության հնագույն ժամանակների փոշեկորույս վարագույրները, հետո` մտնել հին հայերի բնամերձ-բնապաշտ արվեստի աշխարհը, ողողվել Սարգիս Պիծակի, Թորոս Ռոսլինի, Գրիգոր Մլիճեցու գույներով, լսել հորովելների ու պղնձե փողերի ձայների չմարած արձագանքները, մխրճվել Ողյումպ քուրմի, Դավիթ Անհաղթի, Անանիա Շիրակացու, Հովհաննես  Իմաստասերի, Մատթեոս Ուռհայեցու, Գրիգոր Մագիստրոսի պատմությունների, մաթեմատիկական, տիեզերագիտական ու տոմարական հաշվարկների մեջ... Խեչումյանը նաև ցրում է մարդկային իրական գոյության ու մտքի պատմության վրա դարերով նստած հրաշքային-հեքիաթային մառախուղը. քրմերը ոչ միայն կրոնավորներ էին, այլև գիտուններ: Սարդուրի, Արգիշտիի ու այլ թագավորների սաղավարտներին դրվագված պատկերները ոչ թե հրաշակերպ կենդանիներ ու գազաններ են, այլ երկնային մարմիններ ու Կենդանակերպի համաստեղություններ, որ որպես տիեզերական զորավոր ուժեր պիտի ուղեկցեին նրանց կռիվների ժամանակ: Մեծամորի գոտի-օրացույցները Արարատից դիտվող երկնակամարի յուրովի քարտեզներ են, հնագույնները թերևս աշխարհում երբևէ ստեղծվածների մեջ... Եվ այդ ամենի մասին այնպես են գրել մեր գրիչները, որ նրանց բոլորի արածը X դարի հանճարեղ բանաստեղծ Գրիգոր Նարեկացին ընդհանրացրել է այսպես խորունկ ու հուզիչ.
«Եվ գիրն այս` մարմինս, և խոսքը` հոգուս տեղ»:
            Վիգեն Խեչումյանը վկայում է նաև մեր նախնիների պաշտամունքն առ գարուն:  «Գիրք գրոցում» կարդում եմ` հնում հայկական հեթանոսական տարվա ամանորը տոնվել է գարնանային գիշերահավասարի օրը` մարտի 21-ին: Այն ժողովուրդը տոնում էր որպես բնության հրաշալի արթնության, դաշտ ու այգում գործի կանգնելու ուրախության օր: Նա այդ օրվան սպասում էր ըղձանքով և անձկությամբ: Այդ ապրումը ժողովրդական ուրախության բանաստեղծական հիշողությունն էլ է փոխանցել դարեդար.
Ո՞վ տայր ինձ զծուխ ծխանի,
Եւ զառաւօտն Նաւասարդի...
Գարնանամուտը համընկել է բնության զարթոնքը նշանավորող Բարեկենդան տոնի հետ, որի ծիսակարգի իմաստը   «Առաջինին»  հանդիպելու (առաջին պտուղ և առհասարակ ամեն ինչի առաջնեկին) հրաշքն էր:
         «Ձեզ անկոչ հյուր մի համարեք իմաստունների խնջույքին: Այնտեղ զբաղեցրեք ձեզ հատկացված տեղը, և ձեր հայացքի առջև կբացվեն նոր, ընդարձակ անհայտ հորիզոններ»-ասել է Վ. Յա. Կանելը: Հայերեն գիրք ու մատյանները ներկայացնող «Գիրք գրոցն» ինձ տարավ իմաստունների խնջույքի, ու հնագույն ձեռագրերի հնաբույր ու տիեզերական առեղծվածները մոտ ու հարազատ դարձան ինձ: Թվում է , թե լսեցի այն գրիչին, որ գրել է.
«Մաշի ձեռքս, դառնա ի հող,
Գիրս մնա հիշատակող...»:
         «Գիրք գրոցը» սովորեցրեց ապրել ինձ: Ապրել այն արժեքներով, ինչի մասին պատմում է ինքը, ու որի էջերում կարելի է տեսնել ապրելու համար մաքառող, հայացքով մեզ ուղղված ալեկոծ հոգիների մի ահագին աշխարհ: Հպարտություն է ինձ ներարկում միջնադարի մեր գրիչների համառող կամքն ու տոկունությունը, հայրենիքի հանդեպ նրբին սերն ու նվիրումը:
         ...Իրիկնամուտ է, գիրքը թևիս տակ` ելնում եմ ձորից: Շուրջս ծփում են աշնանացանի կանաչ ծիլերը, հորիզոնի մոտ Արեգակն է` մեծ, շիկակարմիր ու արդեն անուժ: Վաղն արևագալին, գարունը նորից սարից է գալու` թեթև ու բույրով, հողմերի խաղով: Մեր տունը կլցվի Մանթաշ գետի ակունքների փշատերևների, ծաղկած մասրենու ու խոտաբույսերի բուրմունքով: Միգուցե` անձրևի խոնավության հոտը գա, կամ շիկացած ժայռերի հոտը, և օդը կզնգա ծղրիդների ժխորից ու ծլկթոցից: Պատերի միջով ներս կխուժի թափառումների ամոքիչ ու խելահեղ քամին, որ ինչ-որ մասնիկներ կբերի նախորդ դարերի քարացած ձայներից ու երգերից: Այդ ձայներն ինձ կոգեշնչեն ոչ միայն մտովի հետ գնալ, մտնել դարերի խորքերն ու պեղել ժամանակների բազմախորհուրդ իմացությունը, այլև առաջ նայել, փնտրել հանդիպումն անհայտության հետ: Դա արդեն մի անհաղթահարելի  պահանջ է դառնում, որ ինձ տանելու է համալսարան:


Արթիկի N3 ավագ դպրոց
 XII դասարան
Տիգրան Պետրոսյան
Նյութը խմբագրված չէ.


Rate this posting:
{[['', '']]}
{["Useless", "Boring", "Need more details", "Perfect"]}

1 comment:

  1. Eté erbeve Hayastanum exac chlines el, kardalov ays toxery, kuzenas canachel ev eyd azgin ev ayd lezun ev ayd erkiry.
    Hrashali u graget hayeren, kecces!

    ReplyDelete