Saturday, February 16, 2013

Եվա Պողոսյան` Գիրքը, որը սովորեցրեց ինձ ապրել



- Բարև, Փոքրիկ Իշխան: Քեզ գրում է Երկիր մոլորակի մի փոքրիկ բնակիչ: Կարո՞ղ ես կռահել անունս կամ, օրինակ, ասենք աչքերիս գույնը կամ էլ թե չէ՝ սիրածս ծաղիկը: Իհարկե կարող ես, որովհետև ինչպես իմ երկրաբնակ աղվեսն էր ասում. «Տեսնել կարելի է միայն հոգով: էականը աչքի համար անտեսանելի է:» Գիտե՞ս, այս խոսքերն օգնեցին, որ քեզ ավելի լավ ճանաչեմ: Ինձ թվում էր, թե ես սկսում եմ հասկանալ քեզ: Դու ինձ սովորեցրիր քչով բավարարվել: Այնքան հուզիչ էր քո B612 մոլորակի մասին պատմությունը: Ինչու՞: Դե, որովհետ քո մոլորակը՝ քո տնակը, որը մեզ՝ երկրաբնակ մարդկանցս համար մի ոտնաչափ էր, այնինչ քեզ համար մի մեծ աշխարհ, դու առանց ջանք խնայելու մաքրում էիր: Մաքրում էիր նաև քո երեք հրաբուխները, չնայած դրանցից միայն մեկն էր գործող, արմատախիլ էիր անում բոլոր բաոբաբ հիշեցնող ծիլերը: Եվ վերջապես, վերջացնելով քո տան մաքրությունը, դու կարողանում էիր ընդամենը մի քանի քայլ տեղաշարժել աթոռդ և ուզածդ պահին տեսնել, թե ինչպես է մթնում օրը: Ես գիտեմ, ամենաշատը սիրում էիր մայրամուտը, հիանում էիր տիեզերքին նայելով: Քեզանով ես սովորեցի բացահայտել գեղեցիկը և չավիրել այն:  

Այդ գեղեցկությունը քեզ այցելեց բոլորովին աննկատ կերպով, և միայն քո համբերության շնորհիվ էր, որ այն բացահայտվեց: Դա այն ծիլն էր, որ մի օր աճեց քո մոլորակի վրա, և դա նման չէր այն բաոբաբի ծիլերին, որ դու միշտ  արմատախիլ էիր անում: Դու երբեք չէիր հեռանում այդ ծիլից: Մի օր դու նկատեցիր, որ կանգ առավ նրա աճը, և դու այդ պահին հասկացար, որ դա բաոբաբ չէ, այլ մի անհայտ ծաղիկ, որպիսին երբեք չէիր տեսել: Եվ դու սպասում էիր այդ անհայտ ծաղկի հայտնվելուն: Մեծ ջանքերով նա բարձացրեց իր գլխիկը, և դու տեսար այդ էակին՝ այդ գեղեցկուհուն, որն իրեն պահում էր ամենավերջին պարծենկոտի պես: Դու կատարում էիր նրա բոլոր քմահաճույքները և մի օր հոգնեցիր ու փախուստի դիմեցիր: Բայց գիտե՞ս ես և՛ ափսոսում եմ, և՛ չեմ ափսոսում, որ դու լքեցիր քո մոլորակը: Ափսոսում եմ, որովհետև դու նեղացրեցիր քո միակ ընկերոջը, և, հասնելով Երկիր, դու չհարմարվելով կրկին հեռացար: Չեմ ափսոսում, որովհետև ես կարողացա ծանոթանալ քո նման հրաշքի հետ և ձեռք բերել ընկեր: Քո վերջին կայանը եղավ Երկիր մոլորակը, ուր ես եմ ապրում: Բայց մինչ այդ դու հասցրիր լինել շատ այլ մոլորակներում: Ես այդ մոլորակի բնակիչներից էլ շատ բան սովորեցի: Գիտե՞ս, դու ինձ համար մնացիր հանելուկային, և ես չկարողացա այդպես էլ քեզ ամբողջությամբ ճանաչել: Հիշում եմ՝ երբ դու անապատում հանդիպեցիր մի հասարակ ծաղկի՝ ընդամենը երեք անշուք ծաղկաթերթիկներով, ես երբեք չեմ կարող մոռանալ այն խոսքերը, որ նա ասաց քեզ. «Մարդիկ արմատներ չունեն, և դա շատ է նրանց խանգարում, քանի որ քամին
ուր ուզում քշում է նրանց»: Գիտե՞ս, դու նույնպես արմատներ չունեիր, և քամին քեզ տարավ այնտեղ, որտեղից եկել էիր: Երևի դա քեզ համար ավելի լավ էր: Բայց դու ընտրեցիր քեզ համար միակ ճանապարհը, որը այդքան էլ հեշտ չէր: Ախր նա քեզ զգուշացրեց, որ դա ցավոտ է, բայց դու ցանկանում էիր գնալ, պաշտպանել քո ծաղկին և թույլ տվեցիր, որ օձը խայթի քեզ: Ես քեզանից սովորեցի զոհաբերվել՝ զոհել իմ ժամանակից, իմ ունեցածից, իմ սիրուց... Գիտե՞ս, դու այնպես ընկար, որ նույնիսկ ձայն չլսվեց, քանի որ ավազների վրա ընկար: Փոքրիկ Իշխան, դու հեռացար, բայց գիտեմ, որ դու հիմա քո մոլորակում ես և քո ծաղկին ես խնամում, որը քեզ համար ամենաթանկն է և անփոխարինելին: Ամեն անգամ նայելով աստղերին՝ ես գիտեմ, որ դու այնտեղ մի աստղակերպի վրա ես, որի անունն է B612: Ես կուզենայի քեզ հյուր գալ, բայց ափսոս, որ չեմ կարող: Բայց ես գիտեմ՝ մի օր հաստատ կգամ քո մոլորակ, կտեսնեմ քո ծաղկին և կհիանամ մայրամուտով: Դու դարձար իմ կյանքի մտերիմ ընկերը, և դրանով ես պարտական եմ քո ընկերոջը, ում դու հանդիպեցիր անապատում՝ Անտուան դը Սենտ-Էքզյուպերիին: Նա իր գրքով կարողացավ փոխել իմ կյանքը՝ ինձ փոխելով: Նրա գիրքը օգնեց, որ ես հասկանամ ապրելու իմաստը, մտածեմ այնպես, ինչպես մտածում ես դու, իմ անմեղ բարեկամ:
          Քեզանից հետո, Իշխա՛ն, երկինքն ու աստղերն ինձ համար դադարեցին օտար մարմիններ լինելուց: Ես հասկացա, որ Աստծո ստեղծագործություն Տիեզերքի մեջ մենք բոլորս հարազատ ենք իրար և իրարից անբաժան: Եվ երբ մեզանից մեկը տխրում է կամ իրեն մենակ է զգում, մյուսն ինչ-որ տեղ, ինչ-որ մոլորակից նրան ձեռքով է անում և մխիթարում: Ես երջանիկ եմ, որ իմ կյանքի գրքի հետ հանդիպումը այսքան շուտ եղավ, այն դեպքում, երբ շատերի մոտ այդ հանդիպումն ուշացած է լինում և, որ ամենացավալին է, գուցե երբեք էլ չի լինում:

Նյութը խմբագրված չէ.



Rate this posting:
{[['', '']]}
{["Useless", "Boring", "Need more details", "Perfect"]}

No comments:

Post a Comment