Saturday, February 16, 2013

Հերմինե Ղարիբյան` Եթե հանդիպեի իմ սիրելի հերոսին



   Ինձ համար շատ դժվար է առանձնացնել որևէ ստեղծագործություն և ասել, որ ես այն շատ եմ սիրում, որովհետև ես սիրում եմ իմ ընթերցած բոլոր ստեղծագործությունները. «Այվենհո»,«Քվենտին Դորվարդ», «Կոմս Մոնտե Քրիստո», «Երեք հրացանակիրները», «Լիր արքա», «Օթելլո», «Նավապետ Գրանտի որդիները»,«Մանոն Լեսկո», «Պատերազմ և խաղաղություն», «Ծաղկած փշալարեր», «Խենթը», «Կայծեր» և այլն:
    Որպես իմ սիրելի ստեղծագործություն կառանձնացնեմ Աբբա Պրևոյի <<Մանոն Լեսկոն>> ստեղծագործությունը, որը պատմում է մի երիտասարդ ասպետի անսահման և դժբախտ սիրո մասին:
  Ասպետը, որ պատրաստվում է քահանա դառնալ, սիրահարվում է մի թեթևամիտ և թեթևաբարո օրիորդի, որը թեև շատ է սիրում իր ասպետին, այնուամենայնիվ նրան դավաճանելու առիթը բաց չի թողնում: Եվ նա այդ անում է հանուն փողի և բարեկեցության: Չնայած ընկերոջ և հոր անհավատարիմ կնոջը թողնելու հորդորներին, ասպետը շարունակում է խենթի պես սիրել Մանոնին:
  Այդ սերը սարսափելի դժբախտությունների պատճառ է դառնում, հեռանում է սեմինարիայից, կորցնում ընտանիքը և լավագույն ընկերոջը, զբաղվում է խարդախ մոլախաղով, սիրուհու հորդորներով մասնկից է դառնում դրամաշորթության ծրագրին և հայտնվում բանտում: Այնուհետև աքսորված սիրուհու հետ, բազմաթիվ փորձությունների  ենթարկվելով` հասնում է Ամերիկա:

Ամերիկայում թվում է` պիտի ապրեն խաղաղ ու երջանիկ կյանքով, սակայն հենց այդ ժամանակ էլ վրա է հասնում գլխավոր, վերջին և սարսափելի չարիքը` ասպետի և քաղաքապետի զարմիկի մենամարտը, որին հաջորդում է ասպետի և Մանոնի փախուստը դեպի անհայտություն, և Մանոնի, այդ գեղեցիկ, սքանչելի և <<հրեշտակային>> կնոջ մահը: Այդ սարսափելի իրադարձունը ասպետին հասցնում է հուսալքության: Անսահման սիրելով Մանոնին` նա չի կարող ապրել առանց իր սիրուհու, առանց նրա ինքը ոչինչ է…
  Այդ ստեղծագործությունը պատմում է ինքնամոռաց և անսահման սիրո մասին:
Սեր, հանուն որի հերոսը պատրաստ է անգամ մեռնելու: Ասպետի սերը սահմաններ չուներ, չուներ նաև նյութական արժեք,այն իր մեջ սահմանափակում և ճնշում էր նյութականն ու աշխարհիկը: Այդ սերն ինչ-որ երկնային, աստվածատուր սեր էր, միաժամանակ նաև անըմբռնելի ու անհասկանալի աշխարհի և մարդկանց կողմից: Իսկ Մանոնի սերը սահմանափակված էր նյութական բարեկեցությամբ, թեև նա շատ էր սիրում իր ասպետին,բայց անտարբեր չէր շքեղ հագուստներով և լիքը քսակներով երիտասարդների և նույնիսկ ծերերի հանդեպ;
  Աբբա Պրևոն իր ստեղծագործության մեջ նկարագրել է սիրո երկու ծայրահեղ դրսևորումներ. սեր որին հետաքրքրում են շքեղ հագուստները, թանկարժեք զարդերը, և սեր որը սահմանափակված չէ նյութական վայելքներով, խելագարության աստիճան ինքնամոռաց է  և անվերապահ: 
  Այս ստեղծագործությունը մեր ժամանակների և իրական կյանքի համեմատ չափազանց ռոմանտիկ է, լի հույզերով, հուսախաբությամբ ու հիասթափություններով,թախիծի,տառապանքի, ու հուսալքության ծխի միջից մերթընդմերթ փայլատակող երջանկության բույրերով:
  Սիրելի՛ Մանոն : Դու գեղեցիկ ես,հմայիչ, առավել,քան իմ ճանաչած որևէ հերոս: Դու նաև անսահման բախտավոր մարդ ես: Միայն բախտավոր մարդուն Աստված կպարգևի այդքան մեծ ու հեքիաթային սեր: Մեծ սիրո պահպանման համար անհրաժեշտ են մեծ զոհաբերություններ:Լեսկոնն արեց այդ,նա հանուն քեզ զոհեց ամեն ինչ, հառացավ բոլորից: Իսկ դու անու՞մ ես որևէ բան այդ ուղղությամբ: Սերը սկզբունք է, գերագույն սկզբունք…
  Ես քո հասակակիցն եմ…Ուզում եմ, որ դու լավ հասկանաս,որ այն բարեկեցությունը,որ դու կարող ես վաղն ունենալ, չի հարատևելու, չի լինելու հաստատուն, բարի չի լինելու:
Սերը գանձ է, իսկական և նվիրական գանձ: Այն պետք է պահպանել, այն պետք է փայփայել, դողալ այն կորցնելու վախից, ցնծալ այն ունենալու բերկրանքից:
  Շատերը քեզ կնախանձեն,ուստի ունեցածը պետք է գնահատել հիմա, ոչ  կորցնելուց հետո:
  Մանո՛ն: Մեր օրերում, անըմբռնելի ու անհասկանալի է այդպիսի սերը, սիրո նման դրսևորումը: Գու՞ցե կյաքդ բոլորովին ուրիշ հունով ընթանար,եթե դու իսկապես սիրել իմանայիր:Առանց սիրո կյանքը գրոշի արժեք չունի: Սիրո իսկական դրսևորումը հավատարմությունն է:
  Մեզ` մարդկանց,սիրելի՛ Մանոն, արագիլների հավատարմությունն է պակասում:
   21-րդ դարում շատացել է քեզնմանների սիրո դրսևորումը,իսկ իմ սիրտը ցավում է դրա համար:Իսկ ես ուզում եմ, որ Լեսկոնները շատանան, բայց չխաբված, բայց չկեղծված…
Ա՜խ, Մանո՛ն, մի՞թե կարելի է այդպես վարվել իսկական սիրո հետ, որ օգնում է ապրել: Առանց սիրո կյանքը դատարկ ու միապաղաղ կլիներ:Սիրելն էլ արվեստ է, ավելին, ճիշտ արվեստի ամենանուրբ, ամենակատարյալ, բյուրեղյա ձևը:
  Ինձ հաճախ թվում է, թե սերը երաժշտություն է: Սերը երաժշտություն է սրտի լեզվով, սրտի բառերով:
  Սիրո հզոր ուժից ծնկի են գալիս և՛ հզորները, և՛ թույլերը, և՛ արքաները, և՛ ստրուկները:
  Հետաքրքիր է, չէ՞ Մանո՛ն, աշխարհում կանայք ավելի շատ են դավաճանուն, քան տղամարդիկ: Իսկ ես կուզեի, շատ կուզեի, որ դու այդ դասին չպատկանեիր:Ես սիրում եմ կնոջ այն տեսակը, որ արտաքինով նման է քեզ, բայց մտածում է այլ կերպ:Կնոջ այն տեսակը, որ հանուն սիրո պատրաստ է ինքնազոհության: Չէ՞ որ իսկական սերը, Մանո՛ն, նվիրում է, ինքնամոռաց նվիրում:
Աշխարհում ամեն լավ բան ծնվում է սիրուց,իսկական սիրուց, մեծ սրուց: Հետաքրքիր է, որ Աստված այդ մեծ  զգացմունքը, որ Սեր է կոչվում, տեղավորել է այդ փոքրիկ սրտում: Գու՞ցե մարդկային մյուս օրգանները իզորու չեն դիմանալ սիրո ուժին:
  Մանո՛ն… Գու՞ցե քո սիրո ասպետն էլ է գիշերուզօր շշնջացել.
                                «Ես ատում եմ քո անունը,
                                   Եթե աղջիկ ես ունենամ,
                                   Նա կկոչվի քո անունով,
                                   Ես ատում եմ քո անունը…»
  Սերը առևտուր չի հանդուրժում: Երբ իսկապես սիրում ես ,աշխարհի նյութական արժեքներն ու վայելքները աչքիդ շատ ցածր ու ճղճիմ են թվում:
   Մի՞թե այդես չէ……
   Դե արդարացիր, ինչու՞ չես արդարանում: Ես գիտեմ քո լռությունը համաձայնության նշան է: Քո լռությունը համաձայնության նշան է: Քո լռությունը նույնքան գեղեցիկ է,ինչպիսին դու ես:
  Ես չեմ խղճում Լեսկոնին:  Նա ուժեղ է, շատ ուժեղ…
    Միայն ուժեղները կարող են խենթի պես սիրել… Ես սիրում եմ նաև նրա խենթությունը… Ես էլ եմ խենթ, որ թողած նրան դարձյալ գերվել եմ քեզանով: Դու լավ ես տիրապետում այդ արվեստին…
    Մանո՛ն, հոգիների կախարդ…
    Պինդ, պինդ  սիրիր քո Լեսկոնին…
    Մոռացի՛ր ամեն ինչ ու ամենքին, սիրի՛ր քո Լեսկոնին, ավելի քան երբևէ…
    Տու՛ր նրան քո անկեղծ սերն ու նվիրումը, ջերմությունն ու հոգատարությունը, զարդարի՛ր նրա կյանքը քո հավատարիմ ներկայությամբ, որովհետև նա արժանի է, որովհետև նա իսկապես սիրել գիտի:
   Մանո՛ն, եթե սիրես Լեսկոնին, այնպես, ինչպես նա է քեզ սիրում,ձեր կյանքը կնմանվի մի չքնաղ դրախտի, ուր չի լինի կեղծիքը, սուտը, դավաճանությունը:
   Այտեղ միայն կթագավորեն բարությունը, հարգանքը, անկեղծությունը, և ամենակարևորը` սերը, այն միակ,աստվածային զգացմունքը,որ կարողանում է հաղթել մահին:
  Վայելի՛ր կյանքն ու աշխարհը: Կյանքը կարճ է և առանց սիրո ոչինչ չարժե:
   Մանո՛ն, վերջում ուզում  եմ ասել, որ սերը լի է գաղտնիքներով ու առեղծվածներով, ուստի պետք է գնալ սիրո խորքերը, որովհետև իսկական մարգարիտները միշտ խորքում են լինում:
   Եթե գտնես սիրո մարգարիտները, դժվար թե դրանք փոխես ադամանդների ու մարգարիտների հետ:

Նյութը խմբագրված չէ.
 
  


Rate this posting:
{[['', '']]}
{["Useless", "Boring", "Need more details", "Perfect"]}

No comments:

Post a Comment