Saturday, February 16, 2013

Հրաչյա Թարփոշյան` Գիրքը, որը սովորեցրեց ինձ ապրել



    Իրոք, գիրքը բույսի նման է: Երկուսն էլ թթվածին են արտադրում: Ինչպես բույսն է լուռ ու աննկատ օդը մաքրում աղտոտումից, այնպես էլ գիրքը կենդանի գորշությունից մարդուն է պաշտպանում, նրա միտքն ու հոգին մաքրում: Այնտեղ, որտեղ կան բույսեր, օդը մաքուր է: Նույնն էլ գրքերի դեպքում է: Բույսը զարմանալի գոյաձև ունի. շնչում է ածխաթթու գազ, արտաշնչում` թթվածին: Գիրքը ևս վերցնում է կյանքի գորշ իրականությունը ու զտելով` վերադարձնում հոգևոր թթվածին:
   Գիրքը գաղտնիք է ու առեղծված` իսկական գիրքը, լավ գիրքը, հետաքրքիր գիրքը, իրականությանը հավատարիմ գիրքը:
   Ինձ համար Դավիթ Գասպարյանի «Փակ դռների գաղտնիքը» ոչ միայն սիրված գրրք է, այլև գտնված երազ:
   Ես սիրում եմ մեծերի աշխարհը: Այդ աշխարհում միջակության համար տեղ չկա: Այդ  աշխարհում լույս է` բնական և իրական լույս:
   Մեծերի աշխարհը հետաքրքիր է, հետաքրքիր ո´չ միայն իրենց մեծությամբ, իրենց տարողունակությամբ, այլև իրենցից հետո չլցվող դատարկությամբ:
   Ես սիրում եմ Չարենց մարդուն ու պոետին: Այն ինչ թաքնված է «փակ դռների» հետևում, հետաքրքրում է բոլորին, իսկ եթե փակ դռների հետևում հանճար է, հետաքրքրությունը մեծանում է յուրովի:

Գրքի էջերում մեծ մտածողի ցավն է ու հալածանքները, խոնավ բանտախցի պատերը ճանկռտող նրա մաշված մատները, նրա հավերժ լսելի հառաչանքները, ողբերգական հանճարի ուրույն ճակատագիրը:
  Այս գրրքը ինձ համար դարձավ կյանքի ուղենիշ: Ես հասկացա, որ ոչ ոք չի կարող գուշակել հատկապես ո՞ր ճանապարհն է բախտն իրեն բաժին հանելու` լուսավոր ու հարթ մայրուղի՞, ոլորապտույտ ասֆալտուղի՞, լեռնանցքներով ու սևերախ անդունդների եզրերով ձգվող արահետնե՞ր, թե՞ հազիվ նկատելի անտառային մութ կածաններ… Եվ դա չի կարող  ստուգապես ասել ոչ ոք…
  Բայց պետք է ապրել…
  Պետք է ճիշտ ապրել: Խորդուբո՞րդ է ճանապարհդ, հարթի՛ր  որքան կարող ես: Նե՞ղ է ուղիդ, լայնացրու՛արմունկներով: Խավար է մթի՞ն, վառի´ր հույսիդ ջահերը ու անկոտրում առաջ գնա՛:
   Չարենցն իր կյանքով հաստատեց մի չգրված ճշմարտություն` հարատևությունը ապրած օրերի քանակի մեջ չէ, այլ թողածի, այլ տվածի: Ուղեղումս Վիլյամ Սարոյանի խոսքերն են. «…Քանի ապրոմ ես, ոչ մի բան չավելացնես աշխարհի աղետներին ու  տրտմությանը, այլ ժպտա կեցության անծայր խնդությամբ…»:
  Հեղինակին հաջողվել է դուրս բերել այն հանելուկի պատասխանը, որ Չարենցն է ստեղծել իր կյանքով, իր ստեղծագործություններով, իր ողբերգականությամբ և կենսունակ ու կանսախինդ լավատեսությամբ:
   Այո՛, հերոսական էր Չարենցի և՛ գոյությունը, և՛ պայքարը, և´ կյանքը: Նրա մղած ճակատամարտը հերոսական էր, ինչպես ժողովրդի հերոսական պայքարի ցանկացած դրվագ:
   Հերոսական մարդ, պոետ ու քաղաքացի: Քեզ բաժին հասած ցավն անգամ հերոսական էր և հերոսություն էր պահանջում:
   Սիրելի՛ պոետ: Գիտեմ` մեծ բանաստեղծները մտածում են բարձրաձայն կամ խոսում են իրենք իրենց հետ, նրանց լսում է ամողջ աշխարհը, լսում ոչ միայն նրանց ժամանակներում, այլև երկրային կյանքին նրանց հրաժեշտ տալուց շատ ու շատ հետո:
   Պատերազմում հերոսանալը հեշտ է: Սխրագործություն կատարելու ասպարեզ` որքա՜ն ուզեք… Անձնազոհվել…
   Այո՛, եթե դրանով մանուկ ես փրկում, հող ու հայրենիք:
   Դժվարը  խաղաղ ժամանակ սխրանք կատարելն  է` ստի ու  կեղծիքի դեմքը խարազանելը, երեսպաշտներին դիմակազերծ անելը, ազգին ուրացողին ազգադավ կոչելն է, հերյուրանք տարածողի բերանը ծեփելն է …
   Քոնը փառքի դափնին էր, փոխարենը ստացար անարգանքի սյուն:
   Բայց անաչառ ու անկաշառ ժամանակը: Միջակությունների համար ժամանակը դաժան դատավոր է,  հանճարի համար` բարեհաճ: Ննջի´ր խաղաղությամբ, ողբերգակա´ն  հանճար, դու անմահացել ես մեր սրտերում քո «Տաղարանով», «Դանթեական առասպելով», «Երկիր Նաիրիով», «Խմբապետ Շավարշով»…
   Դուք… Տեսնես ինչպե՞ս է զգում իրեն այն թուփը հիմա, որի արմատները Ձեր ավիշով  սնվեցին, որի արմատների մոտ մի սրբազան աճյուն է պահ տված:
   Ո՞վ է գտնելու  այդ աճյունը, ո՞վ է տապանաքարիդ վրա գրելու.
                                       «Եղիշե Չարենց,
                                         Բանաստեղծ ծնված Մակու քաղաքում»:
   Գու՞ցե քո տապանաքարն է նաև այս գիրքը`«Փակ դռների գաղտնիքը»: Գու՞ցե անկախ ու զարգացող Հայաստանն է Ձեր շիրմաքարը`«Ով հայ ժողովուրդ, քո փրկությունը քո հավաքական ուժի մեջ է»:
   Չարենց… Մեր բոլոր ժամանակների ամենամեծ հանճար:
   Թռիչքդ ընդհատվեց ամենաբարձր կետում: Ոչ միայն քո, ամբողջ ժողովրդիդ թևերը կտրվեց թռիչքի կեսին… Դու գանգրահեր մանուկներ էիր երազում…
   Ես քո երազն եմ`«Երկիր Նաիրին»: Կյանքդ, որ և´ լեգենդ, և´ իրական,սովորեցնում է ապրել: Թևերը թռիչքի համար են, ոչ թե սողալու: Ես քո կյանքն եմ սիրում, թեկուզ կարճատև, թեկուզ ողբերգական:
    Ես բացել եմ «փակ դռները», գտել` կյանքիդ գաղտնիքը փուքրամարմին, արծվաքիթ; խոշոր, սև, թախծոտ, իմաստուն հայացքով իմ Չարենցը…
    Անավարտ կյանքդ անգամ հաղթանակ էր, հաղթական էր…
    Այս գիրքը սովորեցնում է ապրել, ճիշտ ապրել…
    Երբ առյուծասիրտ հայորդի եմ ուզում ինձ զգալ, Չարենց եմ կարդում:  Երբ կյանքի դժվարություններից չվախենալ եմ ուզում, Դավիթ Գասպարյանի «Փակ դռների գաղտնիքն» եմ կարդում:

Նյութը խմբագրված չէ.

Rate this posting:
{[['', '']]}
{["Useless", "Boring", "Need more details", "Perfect"]}

No comments:

Post a Comment